Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ծանրության կենտրոնը տեղափոխվել է տարածաշրջանի ամենախոշոր երկիր՝ Ղազախստան

Ծանրության կենտրոնը տեղափոխվել է տարածաշրջանի ամենախոշոր երկիր՝ Ղազախստան
06.03.2015 | 00:22

Թեև Չինաստանում կա շատ հին, բայց հաճախ օգտագործվող մի ասացվածք՝ «Լավ հարևանին ոսկով էլ չես փոխի», այդուամենայնիվ, այսօրվա գործնական աշխարհում չինական իշխանությունները նախընտրում են բարիդրացիական լավ հարաբերություններն ամրապնդել փողով։ Համենայն դեպս, ինչպես երևում է Զարգացման եվրասիական բանկի «ՈՒղղակի ներդրումների մոնիթորինգը Եվրասիայի երկրներում» զեկույցից, եթե ՉԺՀ-ից Եվրասիական միության երկրներ կատարվող ներդրումները վերջին ժամանակներս կազմել են 24,67 մլրդ դոլար, ապա դրանց առյուծի բաժինը՝ 22,57 մլրդ դոլարը կամ փաստորեն ամբողջ գումարի 91,5 %-ը, հասել է Ղազախստանին։ Ի դեպ, ինչպես նշում են փորձագետները, Աստանան էլ է ավելի ու ավելի ձգտում ամեն կարգի խնդիրներից պատսպարվել Չինաստանի «տնտեսական հովանոցի» ներքո։ Թեև չի տարփողում դա։ Ղազախստանի «Կուրսիվ» թերթը գրում է. «Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում Չինաստանը «մի կողմ է հրել» Ռուսաստանին՝ Ղազախստանի համար մղվող պայքարում։ Շատերը, համաժողովի արդյունքներից ելնելով, նշել են, որ Կենտրոնական Ասիայի երկրներին, ներառյալ Ղազախստանը, Չինաստանը կարող է առաջարկել շատ ավելին, քան Ռուսաստանը։ Դրանք ճեպընթաց գնացքներ են, ժողովրդական սպառման ապրանքներ, իսկ վերջին ժամանակներս նույնիսկ բարձր տեխնոլոգիաներ»։ Այս կապակցությամբ հանդեսը հնարավոր է համարում Կենտրոնական պետությունների միության ստեղծման գաղափարի նոր վերածնությունը, որը մի ժամանակ մերժեց Ղազախստանը և առայժմ «գտնվում է դարակում», բայց այս անգամ այդ միության մեջ ՉԺՀ-ի ներառմամբ։ Այնպես որ, «մտերմության, անկեղծության, փոխշահավետության և ներգրավվածության» սկզբունքը, որ ՉԺՀ-ում հռչակված է որպես Կենտրոնական Ասիայի երկրների հետ նրա դիվանագիտության գլխավոր գիծ, մեծ հաջողությամբ ու նույնիսկ ցուցադրաբար իրագործվում է։
Ընդ որում, հավանաբար պատահական չէ, որ ծանրության կենտրոնը վերջին ժամանակներս տեղափոխվել է տարածաշրջանի ամենախոշոր և շատ բաներով ամենահեղինակավոր երկիր՝ Ղազախստան։ Ավելին, բավական է նայել չինական լրատվամիջոցների միայն այս տարվա առաջին երկու ամիսների հոդվածները՝ համոզվելու համար, որ դա լուրջ է, երկար ժամանակով, և, գլխավորը, կողմերից ոչ մեկը միտք չունի բավարարվելու ձեռք բերվածով։ Այսպես, «Ժենմին ժիբաո» թերթը «Չինաստանի և Ղազախստանի վարչապետների 18 մլրդ ամերիկյան դոլար արժողությամբ նախաճաշը» զվարճալի վերնագրով հոդվածում գրում է. «Բուն նախաճաշը շատ պարզ էր, «բովանդակությունն» էր հարուստ։ Նրանք նախաճաշի սեղանի շուրջ նախնական պայմանավորվածության եկան «Չինաստանի ու Ղազախստանի արտադրական կարողությունների գծով համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագրի» շուրջ։ 18 մլրդ դոլար ընդհանուր արժողութամբ այդ գործարքը կապված է այնպիսի ոլորտների հետ, ինչպիսիք են ենթակառուցվածքը, ավտոճանապարհները, անշարժ գույքը և այլն»։ Եվ դա, պարզվում է, դեկտեմբերին ստորագրված 14-միլիարդանոց համաձայնագրի հավելում է լինելու։ Այստեղ նաև շատ կարևոր է ընդգծել, որ եթե առաջ Ղազախստանում չինական հիմնական ներդրումային նախագծերը կապված էին վառելիքային համալիրի հետ, նախ և առաջ նավթի ու բնական գազի արդյունահանման հետ, ապա հիմա պատկերը լրջորեն փոխվում է։ 2013 թ. չինացիներն ավելի քան 17,3 մլրդ դոլար էին ներդրել նավթի ու գազի արդյունահանման և 6,2 մլրդ դոլար՝ նավթամուղների շինարարության ասպարեզում։ Եվ դրանով այդ ոլորտներում ներդրումները, ըստ էության, վերջանում էին։ Մինչդեռ ներդրումներին ու զարգացմանը նվիրված ղազախա-չինական վերջին նիստում անցած տարվա վերջին արդեն քննարկվում էր Ղազախստանի վերամշակման արդյունաբերության տարբեր ճյուղերում նոր արտադրությունների ստեղծման 20-ից ավելի համատեղ նախագծերի իրացման հնարավորությունը։ Ընդ որում, շեշտը դրվում էր պատրաստի արտադրանքի կամ ավելացված բարձր արժեքով արտադրանքի թողարկման վրա։ Իսկ վերջերս Ղազախստանի կառավարության ընդունած նոր տնտեսական պլանում առանձնակի ուշադրություն է նվիրվում ենթակառուցվածքի շինարարությանը և ընդգծվում է, որ դա «հիանալի հնարավորություն է Չինաստանի հավելուրդային արտադրական կարողությունների համար»։
ՈՒ նորից անդրադառնանք չինական ԶԼՄ-ներին։ Հաղորդվում է, որ չինական Լյանյունգան քաղաքում հունվարին ավարտվեցին վերջին գործողությունները Չինաստանի ու Ղազախստանի միջև երկաթուղային գծի շինհրապարակում։ Հատուկ բեռնատար գծի երկարությունը 3,8 հազար կմ է, օրական միջին թողունակությունը՝ 10,2 շարժակազմ, տարեկան առավելագույն թողունակությունը՝ 410 հազար տոննա բեռ, իսկ փորձարկումը ծրագրվում է այս ամսվա կեսերին։ Բացումից հետո Լյանյունգանի նավահանգիստը Ղազախստանի համար կդառնա միակ բեռնային անդրսահմանային նավահանգիստը։ Բավական սենսացիոն է նաև մեկ այլ նորություն. Չինաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են փոխհաշվարկները կատարել ազգային արժույթներով՝ յուանով և թենգեով։ Բացի այդ, հուշագիր է ստորագրվել «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» ստեղծման համատեղ աշխատանքի մասին։ Ի դեպ, ծրագրի շրջանակներում ղազախա-չինական սահմանի երկու կողմերում կառուցվում է սահմանային համագործակցության «Հորգոս» միջազգային կենտրոն։ Ավելի վաղ մենք մանրամասնորեն պատմել ենք այդ հավակնոտ ծրագրի մասին, իսկ հիմա նշենք, որ «Հորգոսի» չինական մասը՝ 343 հա տարածքով, պատրաստ է, և այնտեղ արդեն ծառերն են տնկված։ Իսկ Ղազախստանում՝ 185 հա տարածության վրա, դեռ շինաշխատանքներ են կատարվում։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2018-ին։
Իսկ հիմա կցանկանայի ուշադրություն հրավիրել ևս մեկ, շատ կարևոր ու պերճախոս նախագծի վրա. անցած տարվա դեկտեմբերի կեսերին Ղազախստանը Չինաստանի հետ համաձայնագիր կնքեց իր տարածքում միջուկային վառելիքի արտադրության համատեղ ձեռնարկություններ ստեղծելու մասին։ Հետաքրքրական է, որ միջուկային վառելիքն արտադրվելու է ոչ միայն Չինաստանի (ղազախական ուրանը կազմում է ՉԺՀ ներմուծվող ամբողջ ուրանի 74-79 %-ը), այլև ուրիշ երկրների համար։ Հիշեցնենք, որ Ղազախստանն ունի ուրանի հանքաքարի զգալի պաշարներ, ըստ գնահատականների՝ առնվազն 629 հազար տոննա, զբաղեցնելով երկրորդ տեղը Ավստրալիայից հետո։ Առաջ Ռուսաստանը ղազախստանյան ուրանի ակտիվ յուրացման մեծ պլաններ էր հյուսում, ենթադրվում էր, որ այն կարդյունահանվի Ղազախստանում, կհարստացվի Ռուսաստանում։ Աստանան համառորեն հակառակվում էր դրան, բայց Պուտինի և Նազարբաևի տևական և բարդ բանակցություններից հետո «Ռոսատոմին» հաջողվեց այնուամենայնիվ գնել Ղազախստանի արդյունահանող ձեռնարկություններից մեկի՝ «Uranium One»-ի բաժնետոմսերը։ Այդ իրավիճակը, սակայն, դարձյալ ձեռնտու չէր ղազախական կողմին, որը կանադական և ֆրանսիական ֆիրմաների օգնությամբ շարունակեց տեխնոլոգիաների ձեռքբերումը միջուկային էներգետիկայի ոլորտում։ Սկսվեցին նաև Ղազախստանի տարածքում ՄԱԳԱՏԷ-ի միջուկային վառելիքի միջազգային բանկի տեղակայման աշխատանքները։ Այս բոլոր ծավալուն աշխատանքներին ջանում էին «Ռոսատոմին» չներգրավել։ Եվ ահա հիմա էլ Չինաստանը ներդրեց իր, ի դեպ, ոչ փոքր, ավանդն այն գործում, որ Ղազախստանը, փաստորեն, Ռուսաստանի հետ այլևս չհամագործակցի միջուկային տեխնոլոգիաների ոլորտում։
Ի դեպ, Պեկինի և Աստանայի միջև համագործակցությունը զարգանում է նաև այլ, տնտեսությունից հեռու ուղղություններում։ Այսպես, օրինակ, Ղազախստանում ՉԺՀ-ի դեսպան Չժան Հանհուեյը նշել է, որ Չինաստանը Ղազախստանին համարում է իր ռազմավարական գործընկերը, ընդ որում՝ բոլոր ուղղություններով։ Նրանց համար, ովքեր հիշում են Ղազախստանի պատմության առթիվ Մոսկվայի և Աստանայի միջև տեղի ունեցած տհաճ միջադեպը, հետաքրքիր կլինի իմանալ, որ Պեկինը, ինչպես առանձնահատուկ ընդգծել է դեսպանը, «մեծ կարևորություն է տալիս այս տարի Ղազախական պետականության 550-ամյակի տոնակատարությանը, դա համարելով առանձնապես նշանակալի իրադրություն»։ Ղազախստանում, հատկապես Պուտինից նեղանալուց հետո, այդ վերաբերմունքը չէին կարող չնկատել և շատ բարձր չգնահատել։ Եվ եթե հենց վերջերս ղազախստանցիները հաճախ անհանգստացած էին նայում «չինական էքսպանսիային», և նույնիսկ հակառակվում էին դրան, ապա հիմա տրամադրությունների փոփոխությունը վատից լավ դժվար է չնկատել։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 12748

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ