Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ներդրում, ոչնչացում, ունեզրկում

Ներդրում, ոչնչացում, ունեզրկում
06.03.2015 | 12:23

Տրապիզոն


Ազգերնուս Տրապիզոնի մէջ հաստատուն բնակելուն ժամանակը պատմաբաններէն ստուգելով՝ կը տեսնամք, որ ընդմէջ երեքտասաներորդ դարուն եղած է:

Հայոց տնտեսական վիճակը խիստ բարվոք էր։ Նրանք հույների մեծ մրցակիցներն էին, և հայերին հաջողվել էր գրավել քաղաքի առևտրական, արհեստավորական, արտադրական, գործակալական և արդյունաբերական գործառնությունները։ Նրանց թվում կային հացահատիկային կուլտուրաների, պտուղների, կաղինի, ինչպես նաև այլ մթերքների, արտադրանքի և ներմուծված ապրանքների առևտրով զբաղվող խոշոր վաճառականներ։ Նրանք արտահանման խոշոր գործարքներ էին կատարում, և ոմանք մասնաճյուղեր, ներկայացուցչություններ ունեին երկրի տարբեր քաղաքներում և արտասահմանում։ Այդպիսի վաճառականներից ամենանշանավորներն էին Պողոս Արապյանը, Կայծակ Արապյանը, Իբրանոսյանները, Մառանյանները, Հ. Թահմազյանը, Ա. Մինասյանը, Կյուրեղյանը, Եսայանը, Ասլանյանը, ինչպես նաև Ազնավորյան եղբայրները, որոնց ձեռքում էր Տրապիզոնի նահանգի կաղինի գրեթե ամբողջ առևտուրը։ Տիրատուրյաններն ունեին ալյուրի հսկա գործարան։ Հայոց թվում կային նաև ծխախոտի ու մետաքսի ֆաբրիկատերեր։ Իտալական շոգենավային ընկերության գործակալն էր «Գյումուշյան» ֆիրման, իսկ ֆրանսիական «Բաքե» ընկերության` «Մսրյան» ֆիրման։
Վերոհիշյալ անձանցից բացի, Տրապիզոնում կային հարուստ ու մեծատուն այլ գերդաստաններ ևս, ինչպիսիք էին Պալլարյան, Խուպեսերյան, Մուրադյան, Թյուրքյան, Ֆեթվաճյան, Մախոխյան, Վահանյան, Մարիմյան, Մութաֆյան, Փաչաճյան, Թիրաքյան, Յուսուֆյան ընտանիքները։
Տրապիզոնի հայությունն ուներ մի շարք հասութաբեր ազգային կալվածքներ, որոնց եկամտով պահպանվում էին վարժարաններն ու մշակութային հաստատությունները։


ՏՐԱՊԻԶՈՆԻ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐԸ
Ա. Մախոխյան (այս մարդը՝ Արիստակես Մախոխյանը, նշանավոր ծովանկարիչ Վարդան Մախոխյանի հայրն է - Խ. Դ.) - ընդարձակ գործառնութիւն և առեւտրական յարաբերութիւն Կարնոյ, Երզնկայի, Բաղէշի, Վանի հետ և այլն: Դրանզիդի փոխադրութեան գործեր:
«Ասլանեան - Տապաղեան» - ընդարձակ գործառնութիւն և առեւտրական յարաբերութիւն Կարնոյ, Երզնկայի, Բաղէշի, Խարբերդի, Վանի հետ և այլն:
Ս. Սարրաճեան - առեւտրական յարաբերութիւն Կարնոյ, Բաբերդի, Բաղէշի, Երզնկայի հետ և այլն:
Պ. Մարիմեան - դրանզիդի ընդարձակ գործառնութիւն:
Մ. Մինասեանց - գլխաւորաբար դրանզիդի փոխադրութեան գործեր:
Վ. Տէր-Օհանեան - առեւտրական յարաբերութիւն Կարնոյ, Երզնկայի հետ և այլն:
Ա. Քաջեան - առեւտրական յարաբերութիւն Կարնոյ, Երզնկայի, Խարբերդի հետ և այլն:
Յ. Խաչատուրեան - առեւտրական յարաբերութիւն Կարնոյ, Երզնկայի, Խարբերդի հետ և այլն:
Մ. Զաքարեան - գլխաւորաբար Կարնոյ հետ կը գործէ:
Մ. Քէլլէրեան - գլխաւորաբար Երզնկայի հետ կը գործէ:
Վերջերս «Իբրանոսեան եղբարք» ալ յանձնակատարութեան ճիւղ մը ունեցան:
«Օսմանեան» ապահովագրական ընկերութեան գործակալ Ա. Մախոխեան:
«Մուչուալ լայֆ» ապահովագրական ընկերութեան գործակալ Ա. Մախոխեան:
«Տրէզտ» ապահովագրական ընկերութեան գործակալ Ա. Մախոխեան:
«ՈՒնիվէրսօ» ծովային ապահովագրական ընկերութեան գործակալ Գ. Խանէտանեան:
«Լա Ֆրանք ֆօրթուազ», «Լա Ֆէտէրալ», «Էնդէռնասիօնալ» ծովային ապահովագրական ընկերութեան գործակալ «Ասլանեան - Տապաղեան»:
«ՈՒէսդրն» ապահովագրական ընկերութեան գործակալ «Ասլանեան - Տապաղեան»:
«Մանհայմ» ծովային ապահովագրական ընկերութեան գործակալ Պ. Մարիմեան:
«Ֆէնիքս Օթրիշիէն» ապահովագրական ընկերութեան գործակալ Մ. Մինասեանց:
«Ջերմանիա» ապահովագրական ընկերութեան գործակալ Սաաթճեան եղբարք:
«Տէօյչէր Լօյտ» ապահովագրական ընկերութեան գործակալ «Իբրանոսեան եղբարք»:
«Վիքթօրիա տը Պէռլէն» ապահովագրական ընկերութեան գործակալ Պ. Տէր-Բարսեղեան:

Տրապիզոնի մէջ քթանի վրայ առանձին իր հաշւոյն գործ ընող վաճառական չիկայ: Եղածներն ալ կը գործեն յանձնարարութիւններու վրայ, որոնք գլխաւորաբար Հալէպէ, Մարաշէ, Այնթապէ կուգան: Վաճառականները իրենց համար հաւաքիչներ ունին, որոնց միջոցաւ կը կատարեն իրենց եղած յանձնարարութիւնները: Մասնաւոր գործատուններ չիկան, այլ միայն տուներու մէջ կը պատրաստեն:
Գնողներն են հետեւեալները. Մոլլա զատէ եղբարք, Յովհաննէս Թահմազեան, Կարապետ Մակարեան, Ստեփան Նուրեան, Իլիա Վաֆիատիս:

1915 Թ.
9 հուլիսի
Տրապիզոնի գերմանական հյուպատոս Բերգֆելդը՝ ռայխսկանցլեր Բեթման-Հոլվեգին. «Հունիսի 26-ին Տրապիզոնի հայերից պահանջեցին հինգ օրից հետո պատրաստ լինել տեղափոխվելու երկրի խորքերը, և այդ ընթացքում հայերին որեւէ ապրանք արգելվում էր վաճառել: Խանութներն ու պահեստները պետք է կնքվեին և բնակարաններից բոլոր իրերը տարվեին որոշակի տեղեր և հանձնվեին պետական պահպանության, իսկ փողերը պետք է հանձնեին փոստատներին»:

28 հուլիսի
Տեղահանություններ ու ջարդեր են սկսվում Տրապիզոնում: Ինչպես դեսպան Մորգենթաուին գրում է տեղի ամերիկյան հյուպատոս Օսկար Հեյզերը, ժանդարմները հայերին դուրս հանելով իրենց տներից և կազմելով 2000-հոգանոց մի խումբ, քշում էին Գյումուշխանեի ուղղությամբ. «Այս մարդկանցից շատերը մեծահարուստներ էին: Հունիսի 25-ի տեղահանության հրահանգից հետո հայերին արգելվեց իրենց ունեցվածքը վաճառել և ով փորձեր նրանցից որևէ բան գնել՝ ենթակա էր պատժի:
... Մարդիկ ճանապարհ էին ընկնում դատարկ գրպաններով և շատ շուտով հյուծվում ու խմբից հետ էին ընկնում, որոնց հաճախ սպանում և գցում էին գետը: Ականատեսները պատմում են, որ դեպքերից 15 օր հետո տեսել են, թե ինչպես դիակները հավաքվել և կպել էին գետափնյա ծառաբներին, որտեղից գարշահոտ էր փչում...»:

1915 թ. օգոստոսի դրությամբ Տրապիզոնից սպանվել, անհետացել, իսլամացվել և առևանգվել էր 32700 հայ:

1921 թ. ապրիլի 1-ի դրությամբ Տրապիզոնի 35000 հայ բնակչությունից քաղաքում մնացել էր 10000 հոգի:

Տիվրիկ

Փոքր Հայքի այս քաղաքը թուրքերն անվանում են Դիվրիգ։ Գտնվում էր Զիմարայից Մալաթիա տանող ճանապարհին, պատմական Փոքր Հայքում, նրա և Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի սահմանագլխին, Եփրատի աջակողմյան վտակ Տևրիկ (Մելաս, Չալթ-սու) գետի ստորին հոսանքում, Սեբաստիայի և Կարինի միջև, Ակն քաղաքից մոտ 50 կմ հյուսիս-արևմուտք։
XVI դ. սկզբին տիրել են օսմանյան թուրքերը։
Տիվրիկը XIX դ. սկզբին ուներ 2000 տուն, որից միայն 100-ն էր հայկական, նախկինում ունեցած 2000 տան (մոտ 20 հազարը բնակչությամբ) փոխարեն: XIX դ. վերջերին նրա բնակչությունը հասնում էր 10 հազար մարդու, իսկ 1915-ին՝ մեծ եղեռնից առաջ, 12 հազարի, որից 4000-ը հայեր։
Բնակչությունը զբաղվում էր արհեստներով, առևտրով, այգեգործությամբ և երկրագործությամբ։ ՈՒներ 2-3 շուկա, տասնյակներով վաճառանոցներ ու արհեստանոցներ։


Տիվրիկի հայ բնակչությունը նույնպես ենթարկվել է թուրքական ցեղասպանների արհավիրքներին։ Նրա մի մասը բնաջնջվել է, իսկ մյուս մասը տեղահանվել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։
Ահա երևաց Տիվրիկը. որքա՜ն ցանկալի ես թվում, օ՜ քաղաք։ Շրջանաձև լեռներով պարսպված, հովտի մի կողմում կառուցված, ծառաստաններով զարդարված, մրգով ու ջրով առատ, վայելուչ մի քաղաք է Տիվրիկը։
Քաղաքը երկու մասի է բաժանված մի ձորակով, որտեղով աղտոտ ջուր է հոսում` Փոխլու չայ անվամբ։ Մի կողմում հին բերդն է` բարձր բլրի վրա, որի պարիսպները տեղ-տեղ քանդված են, բայց ամրաշեն աշտարակները դեռ կանգուն են։ Բերդի վրա ու ստորոտին տներ կան կառուցված. այս մասն անվանում են Բերդի տակ։ Իսկ մյուս կողմը ավելի բազմաբնակ է, թե հայոց և թե թրքաց տներով ու ընդարձակ պարտեզներով, ուր գտնվում են նաև շուկան, կառավարչատունը, բաղնիքներ, հրապարակներ և այլն։
Գ. ՍՐՎԱՆՁՏԵԱՆ,
«Թորոս Աղբար»

Տիվրիկցու համար պանդխտությունը սովորական երևույթ էր։ Առհասարակ պանդխտության էին մեկնում նրանք, ովքեր չէին կարողանում բարեկեցիկ ապրուստ ապահովել, իսկ ունևորները երբեք չէին լքում քաղաքը։ Նրանք, ովքեր պանդխտության մեջ հարստանում էին, նախընտրում էին ընտանիքները թողնել Տիվրիկում և բավարարվում էին մի քանի տարվա ընթացքում մեկ անգամ այցելության գալով։
Տիվրիկցին սիրում էր անկախ ապրելակերպը, նախընտրում էր ազատության մեջ ձեռք բերած չոր հացը, քան կարկանդակը` ուրիշին ծառայելով։ Կ. Պոլսից բացի, տիվրիկցի պանդուխտներ կային Բուլղարիայում, ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայում, Հունաստանում, Եգիպտոսում և այլ երկրներում. նրանց թվաքանակը հազիվ երեք հարյուր հոգի լիներ։
Առևտրական տեսակետից քաղաքը հետամնաց էր, որովհետև առավելապես հաղորդակցվում էր Սեբաստիայի հետ, իսկ իր ներսում և շրջակայքում առևտրային խոշոր կենտրոններ չկային։ Վերջում հայերը զարկ տվեցին գորգագործությանն ու շերամաբուծությանը։ Հայ առևտրականներն իրենց առևտրային գործառություններն անում էին մանուֆակտուրայի «Իբրանոսյան» մեծահամբավ վաճառատնից, երբեմն էլ ճանապարհվում էին Հալեպ` ապրանք գնելու։ Քաղաքում կային շատ հայ վաճառականներ, զանազան արհեստավորներ, բժիշկներ, փաստաբաններ, դեղագործներ, ուսուցիչներ և այլք։
Շուկայում թխվում էր թե թոնրի և թե փռի հաց։ Շուկայից հաց գնելը աղքատության նշան էր և ամոթ։
Տիվրիկն ուներ ամեն տեսակի ընտիր միրգ, բայց դրանցից ամենասիրվածը, ամենաթանկագինը, կարևորն ու օրհնվածը թութն էր։ Հենց որ թութը հասնում էր, տիվրիկցին այլևս որևէ բանի կարիք չուներ։ Թութը չորացնում էին և պատրաստում նշանավոր պաստեղը։ Շատ ընտանիքներ թթի օղիով այնքան դրամ էին վաստակում, որ վարում էին բարեկեցիկ կյանք և նույնիսկ հարստանում։

1915 թ. օգոստոսի դրությամբ Տիվրիկից սպանվել, անհետացել, իսլամացվել և առևանգվել էր 11300 հայ:

1921 թ. ապրիլի 1-ի դրությամբ Տիվրիկի 24000 հայ բնակչությունից քաղաքում ոչ մի հայ չէր մնացել:

Էջի պատասխանատու`
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2669

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ