«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Տե՛ր, ես հոգնած ու բեռնավորված քեզ եմ գալիս, ինձ մի՛ մերժիր»

«Տե՛ր, ես հոգնած ու  բեռնավորված քեզ եմ գալիս, ինձ մի՛ մերժիր»
06.03.2015 | 12:39

ՈՒղիղ հազար տարի էր պետք, որ Քրիստոսի եկեղեցու առաջատար կաթոլիկ եղբայրները հասկանային և ընդունեին, որ իրենց կրտսեր եղբայր Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին տիեզերական վարդապետ ու սուրբ է ծնել, համամարդկային շատ արժեքներ գերազանցող մի սուրբ, ում աղոթքներով արդեն քանի՜ դար մի ամբողջ ազգ է բուժվում իր բազմաթիվ վերքերից ու հիվանդություններից, լինեն հոգևոր, թե մարմնավոր։

Եվ ահա վերջերս կաթոլիկ եկեղեցու հավատաքննության կոնգրեգացիան որոշել է 2015 թ. ապրիլի 24-ին ի լուր աշխարհի հայտարարել՝ Հայոց եկեղեցին տվել է 37-րդ տիեզերական վարդապետն ու ուսուցիչը։ Նշենք մի քանի անուններ, որոնք այդ երանելիների շարքում են. Հովհան Ոսկեբերան, Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Նյուսացի, Եփրեմ Ասորի, Դիոնիսիոս Արիսպագացի, Գրիգոր Աստվածաբան, Աթանաս Ալեքսանդրացի, Կյուրեղ Ալեքսանդրացի և մեծանուն ուրիշ սրբեր, ովքեր համարվում են Քրիստոսի տիեզերական Եկեղեցու սյուներ։
Դե, ինչ, Գրիգոր Նարեկացու օրհնանքն ու բարեխոսությունը թող լինեն համայն հայության հետ։ Ամեն։
Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում վկայություն, որը պատմել է աքսորյալ մի հայուհի քրիստոնյա, ում աքսորի դաժան տարիներին օգնել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթամատյանը։

ԱՔՍՈՐԻ ՏԱՐԻՆԵՐԸ
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո շատերին, մանավանդ արտասահմանից գաղթած հայերին, անարդար տեղը Սիբիր քշեցին. մեզ էլ չբացատրելով ոչինչ, նրանց հետ ընտանիքով աքսորեցին։ 1949 թ. մայիսի 13-ն էր, մոտ կես ամիս փակ, բեռնատար վագոններով գնացինք, գնացինք, հասանք համարյա Չինաստանի սահմանները՝ Բառնաուլ։ Առաջին օրը բոլորիս լցրին մի դպրոց, ռուսերեն գրված ինչ-որ թղթեր տվեցին, որ ստորագրենք։ Ասացի, որ չհասկացածս բաները չեմ ստորագրի, քանի որ ռուսերեն չգիտեմ։ Կոմենդանտը կանչեց մեծ աղջկաս և ասաց. «Կարդա՛, թե ինչ է այստեղ գրված»։ Նա էլ մի կերպ տառերը կապակցելով ինչ-որ բան կարդաց, բայց մենք ոչինչ չհասկացանք։ Այդ ժամանակ նա պատուհանից աջ ու ձախ նայելով և համոզվելով, որ լսող չկա, ասաց. «Այստեղ գրված է, որ մայրդ դաշնակցական է, այդ պատճառով են ձեզ աքսորել։ Հիմա պետք է ստորագրեք, որովհետև Ստալինի հրամանով այս ցուցակները պետք է Մոսկվա ուղարկենք»։ Ես, որ երբեք դաշնակցական չեմ եղել, ինչո՞ւ պետք է ստորագրեմ, զարմացա։ Նա պատասխանեց, որ իրեն դա չի հետաքրքրում, պետք է ստորագրեմ ու վերջ։ Ես հակաճառեցի՝ հնչակյան դպրոցում եմ պաշտոնավարել որպես ուսուցչուհի «ի՞նչ կապ ունեմ դաշնակցության հետ»։ Նա բարկացավ, բոլորին դուրս վռնդեց սենյակից, նստեց դիմացս, ատրճանակը՝ դրեց սեղանին ու ասաց. «Ստորագրի՛ր, եթե ոչ՝ տեղում կգնդակահարեմ։ Եթե սխալմունք կա, ապա վաղը Ստալինին նամակ գրիր, որ դու դաշնակցական չես»։ Իհարկե չէի ստորագրի, բայց քանի որ մանկահասակ երեխաներ ունեի, հասկացա, որ օտարության մեջ որբ կմնան, ստիպված ստորագրեցի։
Հետո բեռնատար մեքենայով այնտեղից մեզ մի գյուղ տարան՝ Կաստիլի էր անունը, շրջանի ամենախուլ գյուղերից մեկը, որտեղ ընդամենը մի քանի փայտաշեն տուն կար։ Մեզ տեղավորեցին խարխուլ խրճիթներից մեկում մի կնոջ մոտ։
Առաջին օրը դեռ անկողին¬մանկողին կարգին չբացած, առավոտյան լուսանալուն պես եկան արթնացրին ու ասացին, որ վեր կենանք, գնանք կոլխոզի համար աշխատելու։ Այնքան էի վշտացել ամեն ինչից, որ չգնացի։ Անդադար լաց էի լինում։ Իսկ երբ գործերիս մեջ կարդացին, որ դերձակուհի եմ, ասացին, թե ինձ կտանեն Բառնաուլ, կտեղավորեն արտելում աշխատելու։
Այդ գյուղում մնացինք երեք տարի։ Ամեն ամիս կենտրոնից գալիս էին ու ստորագրել էին տալիս ինչ-որ ցուցակներ, որ իմանան՝ չենք փախել։ Ամայի ու ցուրտ տափաստաններով ո՞ւր կարող էինք փախչել, որ նրանց ձեռքը չընկնենք։ Շուրջբոլորը խիտ տայգան էր, լիքը գայլերով, որոնք ձմեռները երբեմն մինչև խրճիթի դռան մոտ էին հասնում։
Նոր էի կորցրել աղջկաս՝ Ալիսին, ու անընդհատ լաց էի լինում։ Ամուսինս սաստում էր ինձ, այդ պատճառով էլ աշխատում էի գնալ անտառը։ Ճանապարհին ծառերի վրա նշաններ էի թողնում, որ վերադառնալիս չմոլորվեմ, ու այնտեղ բարձրաձայն ողբում էի աղջկաս կորստի, մեր թշվառ վիճակի համար։
Հետո մեզ այնտեղից տարան Զալեսովո ավանը, որտեղ պայմանները քիչ, թե շատ տանելի էին։
Այստեղ էր, որ հանդիպեցի ծերունի մի հայի։ Նա գրագետ, կարդացած մարդ էր։ Ինձ հաճելի էր նրա հետ զրուցել։ Մի օր հայրենակիցս ¥այդպես էի նրան կոչում¤ ասաց, որ իր հետ կարողացել է աքսորավայր հասցնել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը։ Իհարկե, գիտեի այդ գրքի մասին, բայց չէի կարդացել։ Գնացի նրանց տուն։ ՈՒ երբ «Նարեկը» ձեռքս վերցրի, իմ մեջ անդիմադրելի ցանկություն առաջացավ կարդալու այն։ Խնդրեցի, որ գոնե մի քանի օրով թույլ տա, որ վերցնեմ կարդալու։ Նա մերժեց խնդրանքս, պատճառաբանելով, որ «Նարեկը» տնից չեն հանում, որովհետև այն իրենց տան սրբությունն է։
Գիրքը հենց այնպես դրված էր պատուհանի գոգին։ Ժամանակի ընթացքում նկատեցի, որ նրանք ընդհանրապես ձեռք չեն տալիս գրքին, չեն կարդում։ Մի օր էլ, ինչ մեղքս թաքցնեմ, առանց թույլտվության, թաքուն վերցրի «Նարեկն» ու տարա ինձ հետ։ «Նարեկի» համը առնելուց հետո անդադար ուզում էի կարդալ։ Սկսեցի խնդրել, որ գոնե թույլ տա իրենց տուն գնամ ու կարդամ։ Նա համաձայնեց։ Ես էլ ազատ ժամանակ կորզելով վազում էի նրանց տուն ու ագահաբար կարդում էի մի քանի գլուխ և ուրախացած, թեթևացած տուն վերադառնում։ Մի քանի անգամ գնալուց հետո նա տեսավ, որ ես դեռ շատ պետք է գնամ ու գամ, որ գիրքը կարդամ, ավարտեմ, մի օր էլ ասաց. «Քանի որ հոգով ու սրտով այդքան ուզում ես կարդալ «Նարեկը», ապա մեղք է, որ ես չտամ այն», և, հուրախություն ինձ, ասաց, որ կարող եմ այս անգամ «Նարեկը» հետս վերցնել ու տանը կարդալ։
Գիրքն առած, թռչունի պես տուն վազեցի ու ամեն բան թողած ագահաբար ընթերցում էի, շատ ափսոսալով, որ երեկոն շուտ է ընկնում, քանի որ Սիբիրում օրերը կարճ են տևում։
Աքսորավայրում ես դերձակություն էի անում։ Երբ տեղի զինվորական գաղտնի բաժնի պետի կինը իմացավ, որ ես դերձակուհի եմ, շրջազգեստ պատվիրեց իր համար։ Գործս հավանեց ու միշտ գալիս էր ինձ մոտ, տարբեր բաներ էր կարել տալիս։ Այդ գյուղում, որտեղ մենք էինք ապրում, դեռևս էլեկտրական լույս չէին քաշել, ու երեկոյան մութն ընկնելիս մարդիկ վաղ պառկում էին քնելու և առավոտյան ծեգին արթնանում։ Մենք, որ ոչ մոմ ունեինք, ոչ էլ նավթ, նույնպես վաղ էինք պառկում քնելու։ Մի անգամ այդ կինը ինչ¬որ կարևոր տեղ գնալու առիթով ինձ հագուստ պատվիրեց, այն էլ շտապ կարելու պայմանով։ Ասացի, որ երեկոյան լույս չունենք, որ իր ուզած ժամանակին հասցնեմ կարել։ Մյուս օրը մի շիշ նավթ բերեց ու պատվիրեց երեկոներն էլ աշխատեմ, որ հասցնեմ։ Ես նրա հագուստը գիշերը կարեցի, և ուրախությունս այնքա՛ն մեծ էր, որ նավթ ունենք ու կարող եմ «Նարեկ» կարդալ, գիշերը լուսացրի գիրքը ձեռքիս, քանի որ խոստացել էի մի քանի օրից վերադարձնել։ Մեր սուրբ հոր՝ Նարեկացու աղոթքները այնքա՛ն սրտիս դիպան, որ որոշեցի անպայման արտագրել դրանք, որ միշտ մոտս ունենամ ու դրանցով աղոթեմ։ Ընթերցելուց, ավարտելուց հետո, խնդրեցի ծեր հային, որ թույլ տա այն արտագրեմ ինձ համար։ Նա, ի զարմանս ինձ, իսկույն համաձայնեց, ու ես մյուս օրը սկսեցի այդ դժվարին և մեծ գործը։ Դժվարին, որովհետև այնտեղ հարմարություն ու ամենակարևորը հնարավորություն չկար այդ երազանքս իրականացնելու, որովհետև ես փող չունեի, որ մի քանի տետրակ միանգամից գնեի, այդ պատճառով աշխատանքիս դիմաց մի քանի ձու ստանալով, վազելով տանում էի գյուղի խանութ, երեք կոպեկով հանձնում, տետրակ առնում ու գիշեր¬ցերեկ տքնաջանորեն արտագրում էի «Նարեկը»։ Ես նաև շտապում էի, որովհետև խանութում ոչ միշտ էին տետրակ ստանում, ու վախենում էի, որ դրանք կվերջանան և գործս կիսատ կմնա։ Շատ չերկարացնեմ, «Նարեկի» արտագրությունը տևեց մի տարի։ Զարմանալին այն էր, որ հայրենակիցս մի անգամ նույնիսկ չասաց, որ գիրքը վերադարձնեմ։ Գուցե և ծիծաղելի թվա, բայց ես հավատում եմ, որ Գրիգոր Նարեկացին բարեխոսում էր դրա համար։ Ավարտելուց հետո գիրքը իմ գրած տետրերի հետ տարա նրա մոտ, ցույց տվեցի և շնորհակալություն հայտնեցի իր համբերատարության համար։
(Մեր ժամանակների ձեռագիր այդ աղոթամատյանն ինքս եմ տեսել ու մի քիչ կարդացել. այն բաղկացած է 713 մանրագիր էջերից։ Հավատացնում եմ, որ մարգարտաշար այդ գրվածքը մագաղաթյա հին ձեռագրերի բուրմունքն ուներ, ինչը հատուկ է Սուրբ Հոգով կատարված Աստծո գործերին ¬ Մ. Բ.)։
«Նարեկի» մեջ ինձ հարազատ էին հատկապես այն աղոթքները, որոնք վերաբերում էին Տիրամորը։ Ես առանձնահատուկ ու մի անբացատրելի սեր ունեի սուրբ Աստվածածնի հանդեպ։ Ձեռագրամատյանս գանձի պես էի պահում ու ամեն երեկո անպայման մի գլուխ կարդում էի, երբեմն էլ տնից դուրս գալով՝ լուսնի լույսի տակ էի կարդում այն։ Քանի դեռ լավ տեսողություն ունեի, ամբողջ կյանքում «Նարեկով» աղոթում էի, բայց հիմա այլևս չեմ տեսնում, և մնում են միայն հիշողությանս ծալքերում մնացած տողերը։
Ես շատ սիրեցի ուսումն ու գրքերը, բայց ամենաշատը սիրեցի Տիրոջս, առանց Որի կյանքը սին է, ունայնություն։ Հիմա, փա՜ռք Աստծո, ես երջանիկ եմ (այս ասում էր երկարամյա անդամալույծ, կիսակույր, երկար տարիներ անկողնուն գամված մի էակ), որ ես իմ Տիրոջն եմ գտել և հույս ունեմ, Տերս էլ ինձ դուրս չի թողնի Իր ողորմությունից, որովհետև Նա գթառատ է։ Ինքը խոստում ունի, ասելով. «Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ ու ես ձեզ հանգիստ պիտի տամ»։ Տե՛ր, ես հոգնած ու բեռնավորված քեզ եմ գալիս, ինձ մի՛ մերժիր. իմ երկնային Հովիվ, Քո սուրբ ոտքերիդ առջև տարածվող ոչխարներիդ նման, ինձ մի՛ մերժիր։


Գրառեց
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1661

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ