Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Տեսիլք երրորդ. Հերմասի հովիվը

Տեսիլք երրորդ. Հերմասի հովիվը
10.03.2015 | 12:16

1. Իսկ մի անգամ, եղբայրնե՛ր, ինձ հայտնվեց հետևյալ տեսիլքը։ Այն բանից հետո, երբ ես բազում անգամներ պահք էի պահել և աղաչել Աստծուն, որ Նա տար ինձ այն տարեց միանձնուհու միջոցով խոստացած հայտնությունը, այդ գիշեր հայտնվեց միանձնուհին և ասաց. «Քանի որ դու շատ ես խնդրում և ուզում ես ամեն բան իմանալ, ապա կգաս հովիտ ուզածդ տեղը, և մոտ վեցերորդ ժամին կհայտնվեմ քեզ և ցույց կտամ այն, ինչ որ քեզ պետք է տեսնել»։ Ես հարցրի նրան. «Հովտի ո՞ր մասը գամ»։ Նա ասաց. «Որտեղ ուզում ես»։ Եվ ես գեղատեսիլ ու առանձնացած մի տեղ ընտրեցի։ Բայց մինչև կսկսեի խոսել ու հայտնել նրան տեղը, նա ասաց ինձ. «Կգամ, ուր որ ուզում ես»։ Եվ այդպես, եղբայրներ, ես եկա հովիտ, որոշեցի ժամը և գնացի այն տեղը, որը նախապես ընտրել էի։ Եվ տեսնում եմ մի նստարան, վրան վուշե բարձ դրված, իսկ բարձին փռված էր քաթանե ծածկոց։ Տեսնելով այս պատրաստությունները, այն դեպքում, երբ ոչ ոք չկար այդ տեղում, ես ապշեցի, մազերս բիզ-բիզ կանգնեցին, և սարսափը ինձ պատեց այն բանից, որ ես մենակ էի։ Սակայն ուշքի գալով և մտաբերելով Աստծո փառքը, ես քաջալերվեցի՛ և ծունր դնելով՝ խոստովանեցի Աստծուն իմ մեղքերը, ինչպես անցյալներում։ Ահա եկավ տարեց միանձնուհին՝ վեց պատանիների հետ, որոնց մինչ այդ տեսել էի, և կանգնելով իմ հետևում՝ լսում էր, թե ինչպես եմ ես աղոթում ու մեղքերս խոստովանում Աստծուն։ Եվ դիպչելով ինձ՝ նա ասաց. «Վե՛րջ տուր միայն քո մեղքերի համար աղոթելուն, աղոթիր նաև ճշմարտության համար, որպեսզի դրանից բաժին ստանաս քո տան համար»։ Նա ինձ տեղիցս բարձրացրեց, և բռնելով ձեռքիցս, տարավ նստարանի մոտ և այն պատանիներին ասաց. «Գնացե՛ք և կառուցե՛ք»։ Պատանիների հեռանալուց հետո, երբ մենք մենակ մնացինք, նա ասաց ինձ. «Նստի՛ր այստեղ»: Ես ասացի նրան. «Տիրուհի, նախ թող երեցները նստեն»։ «Ես քեզ ասում եմ՝ նստի՛ր»,-ասաց նա։
Երբ ես ուզում էի նստել իր աջ կողմում, նա թույլ չտվեց, այլ ձեռքով նշան արեց, որ ես նստեմ ձախ կողմում։ Երբ ես մտածմունքների մեջ ընկնելով վշտացա, որ նա թույլ չտվեց նստել աջ կողմում, նա ինձ ասաց. «Ինչո՞ւ ես վշտանում, Հերմա՛ս։ Աջակողմյան տեղը պատկանում է նրանց, ովքեր արդեն գոհացրել են Աստծուն և տառապել են Նրա անվան համար, քեզ դեռ շա՜տ բան է պակաս, որպեսզի նստես նրանց հետ, բայց դու հարատևիր քո պարզության մեջ, ինչպես այժմ ես անում և կնստես նրանց հետ, նույնպես և շատ շատերը, որ կգործեն նրանց գործերը ու կկրեն նրանց կրածները»։

2. Ես ասում եմ նրան. «Տիրուհի, ես կցանկանայի իմանալ ի՞նչ են նրանք կրել»։ «Լսի՛ր,¬ ասում է նա,¬ արյունարբու գազաններ, խարազան, զնդան, խաչեր՝ հանուն Նրա անվան։ Դրա համար սրբության աջ կողմը նրանց է պատկանում և ամեն մեկին, ով կտառապի հանուն Աստծո անվան։ Իսկ մնացածներին՝ ձախ կողմը։ Դու շատ ես ուզում նստել աջ կողմում՝ նրանց հետ, սակայն դու շատ տկարություններ ունես։ Մաքրվիր քո տկարություններից, և նմանապես բոլոր աներկմիտները պետք է մինչ այն օրը մաքրվեն իրենց թուլություններից»։ Այս ասելուց հետո նա ուզում էր հեռանալ, բայց ես նրա ոտքերն ընկա և հանուն Տիրոջ խնդրեցի, որ ցույց տա խոստացված տեսիլքը։ Եվ նա կրկին բռնելով իմ ձեռքից, վեր հանեց ու նստեցրեց նստարանի ձախ կողմում և, բարձրացնելով ինչ-որ փայլուն գավազան, ասաց ինձ. «Տեսնո՞ւմ ես այս մեծ աշխատանքը»։ «Ոչինչ չեմ տեսնում, Տիրուհի՛»,- ասում եմ նրան։ «Մի՞թե քո առջև չես տեսնում այն մեծ աշտարակը, որը կառուցվում է ջրերի վրա՝ քառակուսի քարերից»։ Իսկապես, կառուցվում էր քառակուսի մի աշտարակ այն վեց պատանիների կողմից, որ եկել էին նրա հետ։ Հազարավոր ուրիշ այրեր քարեր էին բերում։ Ոմանք քարերը հանում էին խորքից, մյուսները՝ գետնի տակից և փոխանցում էին այն վեց պատանիներին, նրանք էլ ընդունում էին։ Քարերը, որոնք հանվում էին խորքից, անմիջապես տեղադրվում էին շինության մեջ, քանի որ նրանք հարթ էին և լավ էին հարմարվում մյուս քարերին, և այնքան կիպ էին նստում մեկը մյուսի վրա, որ անհնար էր նկատել նրանց միացման տեղերը։ ՈՒստի թվում էր, թե աշտարակը կերտված է մի քարից։ Իսկ մյուս քարերը, որ բերվում էին գետնից, ոմանք մի կողմ էին դրվում, մյուսները տեղադրվում շինության մեջ, իսկ ոմանց փշուր- փշուր էին անում և նետում աշտարակից շատ հեռու։ Արդ, շատ քարեր թափված էին աշտարակի շուրջը և չէին օգտագործվում շինության համար, քանի որ սրանցից որը ողորկ էր, որը ճեղքերով, իսկ որն էլ գունաթափ ու կլոր, և պիտանի չէին շինության համար։ Եվ ես տեսա, թե ինչպես մյուս քարերը, որոնք նետվում էին աշտարակից հեռու, ընկնում էին ճանապարհի վրա և այնտեղ չմնալով, ճանապարհից դուրս էին գլորվում. ոմանք անապատ տեղ, ոմանք ընկնում էին կրակի մեջ ու այրվում, ոմանք էլ գլորվում էին ջրի եզրը, բայց չէին կարողանում ջուրն ընկնել, թեև ջանում էին գլորվել և մեջն ընկնել։

3. Այս ինձ ցույց տալուց հետո ծեր միանձնուհին ուզում էր հեռանալ։ Ես ասում եմ նրան. «Տիրուհի՛, ի՞նչ օգուտ ինձ տեսնել ու չիմանալ ի՞նչ է նշանակում այդ»։ Նա պատասխանում է ինձ. «Դու հետաքրքրասեր մարդ ես, եթե ուզում ես իմանալ շինության իմաստը»։ «Այո՛, տիրուհի՛,¬ ասում եմ ես,¬ որպեսզի հաղորդեմ եղբայրներին, և նրանք ուրախանան ու այդ լսելով փառավորեն Տիրոջը»։ Եվ նա ասում է. «Շատերը պիտի լսեն, և լսելով ոմանք կուրախանան, իսկ ոմանք կողբան։ Սակայն վերջիններս էլ եթե լսելով ապաշխարեն, նույնպես կուրախանան։ Արդ՝ այժմ լսիր աշտարակի բացատրությունը. ես ամեն բան կհայտնեմ քեզ, և այլևս ինձ չանհանգստացնես հայտնություններ խնդրելով, որովհետև այդ հայտնությունները սահման ունեն, որովհետև ավարտվել են։ Իսկ դու չես դադարում հայտնություններ պահանջելուց, որովհետև համառ ես։ Եվ այսպես, կառուցվող աշտարակը, որ տեսնում ես, ես եմ՝ Եկեղեցին, որը քեզ երևացել է ինչպես այժմ, այնպես էլ առաջ։ Հարցրու աշտարակի մասին, ինչ որ ուզում ես, և ես կհայտնեմ քեզ, որ դու ցնծաս սրբերի հետ»։ Ես ասում եմ նրան. «Տիրուհի՛, եթե դու ինձ մի անգամ արժանի ես համարել հայտնելու ամեն բան, հայտնի՛ր»։ Նա ասում է ինձ. «Ինչ որ հարկավոր է քեզ հայտնել, կհայտնվի, միայն թե սիրտդ Աստծո հետ լինի, չերկմտես ինչ էլ որ տեսնես»։ Ես հարցրի նրան. «Տիրուհի, ինչո՞ւ է աշտարակը կառուցված ջրերի վրա»։ Նա պատասխանում է. «Ես առաջ էլ էի ասում, որ դու հետաքրքրասեր ես և ամեն ինչ մանրակրկիտորեն քննում ես, ահավասիկ փնտրելով կգտնես ճշմարտությունը։ Դե, լսի՛ր, թե ինչու է աշտարակը կառուցվում ջրերի վրա, քանի որ ձեր կյանքը փրկվել է ու պիտի փրկվի ջրի միջոցով։ Իսկ աշտարակը հիմնվել է Ամենակարող ու մեծափառ Անվան խոսքի միջոցով և կանգուն է Տիրոջ աներևույթ կարողությամբ»։

4. Ես, ի պատասխան ասում եմ նրան. «Մեծ ու հրաշալի գործ է, Տիրուհի. իսկ ովքե՞ր են այն վեց պատանիները, որ կառուցում են»։ «Նրանք Աստծո առաջնաստեղծ հրեշտակներն են, որոնց հանձնել է Տերը ողջ Իր արարածներին, որպեսզի բազմացնեն ու բարեկարգեն և կառավարեն իր արարածներին»։ «Իսկ ովքե՞ր են մյուսները, որ քարեր են բերում»։ «Սրանք էլ են Աստծո սուրբ հրեշտակներ, սակայն առաջինները բարձր են հետիններից և սրանցից։ Երբ կավարտվի աշտարակի շինությունը, սրանք բոլորը միասին աշտարակի շուրջը կցնծան ու կփառավորեն Տիրոջը, որ ավարտեց աշտարակի շինությունը»։ Ես հարցրի նրան. «Տիրուհի, ես կուզենայի իմանալ, որոնք են քարերի տարբերություններն ու իմաստը»։ Եվ նա ինձ պատասխանեց. «Մի՞թե դու մյուսներից ավելի լավն ես, որ այդ հայտնվի քեզ։ Մյուսները բարձր ու լավ են քեզնից, որոնց հարկ էր հայտնել այս տեսիլքները։ Սակայն, որպեսզի փառավորվի Աստծո անունը, քեզ դրանք հայտնել են և էլի պիտի հայտնվեն՝ կասկածամիտների, թերահավատների համար, որոնք իրենց սրտերում խորհում են, թե կլինի՞ այդ, թե՞ ոչ։ Ասա նրանց, որ այդ ամենը ճշմարիտ է և որ ոչ մի սուտ բան չկա, և ամեն բան հաստատ ու ամուր հիմնավորված է»։

5. «Արդ, հիմա լսիր շինության մեջ օգտագործվող քարերի մասին։ Քառակուսի ու սպիտակ քարերը, որոնք իրար հետ լավ են հարմարվում՝ առաքյալներն են, եպիսկոպոսներն են, վարդապետներն ու սարկավագներն են, որոնք ընթացել են Աստծո սուրբ ուսման մեջ, հսկել են և ուսուցանել և սրբորեն ու անարատորեն ծառայել Աստծո ընտրյալներին։ Ինչպես հանգուցյալները, նույնպես էլ մինչ այժմ ողջերը։ Եվ քանի որ նրանք միշտ համերաշխ ու միաբան են եղել, խաղաղություն են ունեցել միմյանց միջև, դրա համար էլ աշտարակի շինության մեջ ևս լավ են իրար միանում իրենց կցակապերով։ Իսկ խորքից հանած և շինության մեջ դրված քարերը, որոնք կցակապերով են հարմարվում մնացած քարերին, որոնք արդեն մեռել են տառապելով Տիրոջ անվան համար. արդեն շինության մեջ մտածը նրանք են»։
«Տիրուհի, ես ուզում եմ իմանալ այն մյուս քարերի նշանակությունը, որոնք դուրս բերվեցին հողից»։ Նա ասաց. «Նրանք, որ առանց մշակվելու դրվում են աշտարակի հիմքում, այն մարդիկ են որոնց Աստված հավանել է այն բանի համար, որ ուղիղ են մնացել Աստծո առաջ և կատարել են Նրա պատվիրանները։ Իսկ նրանք, որ բերվում ու տեղադրվում են աշտարակի շինության մեջ, նորադարձներն ու հավատարիմներն են։ Նրանց հրեշտակները համոզել են, որ բարություն գործեն, և դրա համար նրանց մեջ չարություն չկա»։ «Իսկ ովքե՞ր են այն քարերը, որ մի կողմ էին դրվում ու դիզվում էին աշտարակի մոտ»։ Նա ասաց. «Այդ նրանք են, որ մեղք են գործել, բայց ցանկանում են ապաշխարել, դրա համար էլ նրանք նետվել են աշտարակից ոչ հեռու և պիտանի կլինեն, եթե ապաշխարեն»։ ՈՒստի ապաշխարել ցանկացողները հավատով հաստատուն կլինեն, եթե միայն ապաշխարեն այժմ, քանի դեռ կառուցվում է աշտարակը։ Որովհետև, երբ ավարտվի շինությունը, նրանք արդեն տեղ չեն ունենա, ուր կկարողանային տեղավորվել, այլ մերժված լինելով, միայն ընկած կլինեն աշտարակի մոտ։
6. «ՈՒզո՞ւմ ես իմանալ, թե ովքեր են այն քարերը, որոնք փշուր-փշուր արվեցին ու նետվեցին աշտարակից հեռու»։ «ՈՒզում եմ, տիրուհի՛»,- ասում եմ ես։ «Նրանք ¥ըստ էության¤ անօրենության զավակներ են, որոնք կեղծավորությամբ են հավատացել և չեն հեռացել ամեն տեսակի ամբարշտություններից։ Դրա համար էլ նրանք փրկություն չունեն, քանի որ շինության համար պիտանի չեն իրենց անօրենությունների պատճառով։ Սրանք փշուր-փշուր են արվել ու հեռու են նետվել Տիրոջ բարկության պատճառով, այն բանի համար, որ անարգել են Իրեն։ Իսկ մյուսները, որ դու տեսար, մեծ քանակությամբ դիզված ու շինարարության մեջ չօգտագործվող քարերից, անողորկները իրականում նրանք են, որ ճանաչել են ճշմարտությունը, բայց չմնացին դրա մեջ, հեռացել են և սրբերի հետ շփման մեջ չեն գտնվում, դրա համար պիտանի չեն։ Ճեղքերով քարերը իրականում նրանք են, որոնք իրենց սրտերում թշնամություն ունեն միմյանց հանդեպ, խաղաղություն, համերաշխություն չունեն, միավորվելիս նրանք հաշտ են, սակայն երբ իրարից բաժանվում են, չարությունը մնում է իրենց սրտերում։ Այդ այն ճեղքերն են, որ ունեն քարերը։ Իսկ կարճեցված քարերը նրանք են, որոնք թեև հավատացել են, եկել, սակայն դեռ շատ անարդարություններ ունեն. դրա համար էլ կարճ են ու ոչ ամբողջական։ «Տիրուհի, իսկ ովքե՞ր են սպիտակ ու կլոր քարերը, որ չեն մտնում աշտարակի շինության մեջ»։ Նա ինձ պատասխանեց. «Մինչև ե՞րբ ես դու մնալու այդքան անմիտ, ամեն ինչի մասին հարցնում ես, բայց ոչինչ չես հասկանում։ Այդ նրանք են, որոնք հավատ ունեն, բայց և ունեն այս աշխարհի հարստությունները, և երբ կսկսվեն հալածանքները, նրանք իրենց հարստության ու շահի համար կուրանան Աստծուն»։ Ես դրա համար ասում եմ նրան. «Իսկ նրանք ե՞րբ հաճո կլինեն Տիրոջը»։ «Երբ հարստությունը, որ մխիթարում է նրանց, կկտրվի և կհեռացվի նրանցից, այն ժամանակ նրանք պիտանի կդառնան շինության համար։ Քանի որ, եթե կլոր քարը չհատվի և նրանից չհեռացվի ինչ-որ բան, չի կարող քառակուսի լինել. այդպես էլ այս աշխարհի հարուստները, եթե չհատվեն-չհեռացվեն նրանց հարստությունները, չեն կարող հաճո լինել Տիրոջը։ Ամենից առաջ այդ պետք է իմանաս ինքդ քո փորձից. երբ դու հարուստ էիր՝ օգտակար չէիր, իսկ այժմ օգտակար ես ու պիտանի կյանքի համար, և դու ինքդ էլ այդ քարերի թվում էիր»։
7. «Մյուս քարերը, որոնք տեսար, նետվում էին աշտարակից հեռու և գլորվում էին ճանապարհի վրա, ու ճանապարհից էլ գլորվում էին անապատ տեղեր, նրանք են, որ թեև դարձի են եկել, սակայն իրենց երկմտության պատճառով թողել են ճշմարիտ ուղին, կարծելով, թե կարող են գտնել ավելի լավ ճանապարհ։ Բայց նրանք մոլորված են ու թշվառություն են քաշում, թափառելով անապատի ճանապարհներով։ Իսկ այն քարերը, որ ընկնում էին կրակի մեջ ու այրվում, նրանք են, որոնք հավիտյան հեռացել են Աստծուց, և իրենց կատարած հանցավոր ցանկությունների պատճառով, մտքներով չի էլ անցնում ապաշխարել»։ «Իսկ ո՞ւմ են պատկերում այն քարերը, որ ընկնում էին ջրերի մոտ, բայց չէին կարողանում գլորվել ջուրը»։ «Այդ նրանք են, որ լսել են խոսքը և ուզում են մկրտվել, բայց հիշելով ճշմարտության սրբությունը, խուսափում են ու նորից քայլում են իրենց չար ցանկություններով»։ Այդպիսով, նա ավարտեց աշտարակի բացատրությունը։ Բայց ես տակավին համառելով, հարցրի նրան, թե՝ ապաշխարություն կա՞ այն քարերի համար, որոնք դեն են նետվել ու աշտարակի շինության համար պիտանի չեն եղել և տեղ կունենա՞ն նրանք այս աշտարակում, թե՞ ոչ։ Նա պատասխանեց. «Նրանց համար ապաշխարության հնարավորություն կա, բայց այս աշտարակում տեղ ունենալ չեն կարող։ Նրանք կտեղադրվեն ուրիշ, ավելի ստորին տեղում, այն էլ այն ժամանակ, երբ կտառապեն, և կլրանան նրանց մեղքերի օրերը։ Եվ այն բանի համար, որ ընդունել են ճշմարիտ խոսքը, կտեղափոխվեն։ Եվ այն դեպքում նրանք կազատվեն իրենց պատիժներից, եթե սրտերում հիշեն իրենց հանցավոր գործերը, որ կատարել են իրենք և ապաշխարեն։ Եթե նրանք չսթափվեն, իրենց սրտերի համառության պատճառով չեն փրկվի»։
(շարունակելի)

Հրապարակման պատրաստեց Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1876

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ