Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վերջինը

Վերջինը
10.03.2015 | 12:26

Սկսան իրար պատառել դըժխեմ,
Ամենքն իրար հետ, զավակը հոր դեմ…
«Իրենց պատմությունը»
Ռուբեն ՍԵՎԱԿ

Իր նախնիների վիճակը հեշտ էր: Նրանք տասը միլիոն էին, նույնիսկ ավելին: Թշնամիներ ընտրելու անսահման հնարավորություններ կային ցեղի ներսում և անթի՜վ ու անհամար պատճառներ: Ստեղծվում էին խմբավորումներ, միություններ, կուսակցություններ, որոնք փրփուրն ի բերան պաշտպանում էին իրենց սկզբունքները՝ անկախ այն բանից, թե դրանք որքան էին ճշմարիտ ու օգտակար ընդհանուրի համար: Կարծիքների բնական տարբերությունները դառնում էին սուր անհամաձայնություն, որն այնուհետև աննկատ ու անխուսափելիորեն վերաճում էր մահացու թշնամության: Իսկ որտեղ թշնամություն, այնտեղ՝ կռիվ, արյունահեղություն և մահ:
Պառակտումի պատճառները գնալով շատանում էին և դառնում ավելի ու ավելի անհեթեթ, ատելությունն էլ խորանում էր, և քանի որ դիմակայող կողմերից մեկն ավելի ուժեղ էր լինում մյուսից, ապա թույլը հայտարարվում էր օրենքից դուրս, դավաճան, արտաքսվում երկրից կամ նույնիսկ ոչնչացվում անգթորեն: Ատելությունն առավել անհաշտ ու հետևողական էր լինում հատկապես լավագույնների, նվիրյալների ու հայրենասերների հանդեպ, և այդպիսով լայնարձակ հնարավորություններ էին բացվում ոչնչությունների ու տականքների համար, որոնք չէին հապաղում գրավել ասպարեզը: Դարավոր ու մահացու թշնամու դեմ այդքան հետևողական ու անզիջում չէին, որքան իրար դեմ և մանավանդ լավերի դեմ: Իսկ խորամանկ հարևանները համբերատար սպասում էին, թե երբ է վերջնականապես դատարկվելու երկիրը, որպեսզի առանց մի կրակոցի իրար մեջ անեն:
Եվ այսպիսով, տասը միլիոնն աստիճանաբար դարձավ հինգ, հետո՝ երկուսուկես, հետո՝ մեկ… և շարունակ կիսվելով ու կրճատվելով մնացին վերջում երկու հոգի՝ մի մորից ու մի հորից ծնված, նույն արյունը կրող, նույն լեզվով խոսող, նույն հավատը դավանող երկվորյակ եղբայրներ:
Կատաղի կռիվ սկսվեց նրանց միջև, դեռևս օրորոցից, որ տարիների հետ գնալով խորացավ և ահավոր դրսևորումներ ունեցավ: Ոչ մի հարցում չէին կարող համաձայնության գալ: Եթե նրանցից մեկն ասեր, որ շաքարն սպիտակ է, ապա մյուսը, խորապես համոզված, որ իսկապես սպիտակ է, կասեր սև է և ամեն ինչ կաներ, որ իր սխալ կարծիքը լինի վերջնական: Գործը հասավ նրան, որ եղբայրներից մեկը մյուսին չնմանվելու համար պլաստիկ գործողություն արեց և ամբողջովին փոխեց դեմքը՝ այն աստիճանի, որ ոչ մեկը չէր ասի, թե նրանք երկվորյակներ են:
Սակայն դրանով չբավարարվեց. հրաժարվեց ծնողներից, ուրիշ ազգություն ընդունեց, փոխեց անուն-ազգանունը, մաշկի գույնը, երկիրը, լեզուն և անգամ հավատը:
Բայց ատելությունը եղբոր հանդեպ նվազելու և անհետանալու փոխարեն ավելի շատացավ: Անգամ հազարավոր մղոնների վրա չէր հանդուրժում, որ այս աշխարհում, ինչ-որ տեղ կա մեկը, որի հետ ոչ մի հարցում չի կարող համաձայնել, որի գոյությունը մահացու վտանգից ավելին է: Քուն ու դադարը կորցրած մտածում էր, թե ինչպես անի, որ վերջ դնի նրա կյանքին, և արդեն գործնական քայլերի էր ուզում դիմել, երբ լուր հասավ, որ իր միամորիկ ու միահորիկ եղբայրն այլևս ողջ չէ:
Տառապանքի մի նոր շրջան սկսվեց: Ներել չէր կարող իրեն, որ հապաղեց, որ ժամանակին ոչինչ չձեռնարկեց, և որ իր համար այդքան ատելի արարածն այս աշխարհից հեռացավ իր բնական մահով: Այս բացթողումն անջնջելի սպի թողեց նրա հոգում:
Կյանքը նրան սկսեց թվալ չափազանց տխուր ու անհետաքրքիր: Ըստ էության, դժգոհելու որևէ պատճառ չուներ որևէ բանից, բայց կարծես ոչինչ չէր կատարվում և, ամենասոսկալին, իր շուրջը չկար մեկը, որին կարողանար ատել: Ոչ, նա անապատում չէր, մարդիկ կային, ծանոթներ, նույնիսկ բարեկամներ, բայց դրանք բոլորը կարծես դուրս էին չարի և բարու իր կայքերից, նա օտարասեր էր, ուստի այդ զգացմունքները նրանց համար չէին, ուրիշ մեկն էր պետք՝ իր արյունից, իր միջից, միայն այդպես՝ իր հարազատին ատելով կարող էր ինքնահաստատվել, բայց դրանք չկային, վաղուց այլևս գոյություն չունեին և մասամբ էլ իր անդուլ ջանքերի շնորհիվ: Անհասկանալի մի եռանդ էր կուտակվել ներսում, որի հետ չգիտեր, թե ինչ անել, որտեղ և ինչպես ծախսել: Ինչպես թունդ քացախն է իր ամանն ուտում, այնպես էլ այդ եռանդն ասես քայքայում էր նրան, և նա ապարդյուն ասպարեզ էր փնտրում ծախսելու:
Հայտնությունն անսպասելի արվեց, երբ ածիլվում էր: Հայելու մեջ տեսավ մեկին, որը հենց սկզբից դուր չեկավ նրան, միանգամից հակակրանք առաջացրեց, ավելին՝ դարձավ իր թշնամին: Պատճա՞ռը: Ինքը սովորաբար սկսում էր ածիլվել աջ կողմից, կզակի տակից դեպի վեր, մինչդեռ դիմացինն անում էր նույնը, բայց ձախից: Հրաշալի իմանալով հայելային արտացոլման օրինաչափությունները (տվյալ դեպքում դա անկարևոր էր, երկրորդական, երրորդական), միանգամից ատեց նրան, որովհետև կանգնել է դեմը և ցուցադրաբար անում է ճիշտ հակառակը, իր ջգրու, հունից հանելու, կատաղեցնելու համար։ Հետո՞, մտքինն ի՞նչ է, ինչո՞ւ է ձախից ածիլվում, ի՞նչ է ուզում դրանով ասել:
Ցանկություն ունեցավ ջարդել հայելին, բայց չարեց, քանի որ սնահավատ էր: Բազմիցս լսել էր, որ ջարդված հայելին մահ է բերում: Խնդիրն ուրիշ կերպ լուծվեց. դադարեց ածիլվել և մորուք թողեց, և աշխատեց օրվա ընթացքում հնարավորինս քիչ նայել հայելուն, վախենալով, որ կարող է չդիմանալ ջարդելու գայթակղությանը:
Ինքն էլ չզգաց, թե ինչպես խախտվեցին քնի և արթնության սահմանները: Նա արթուն էր քնի մեջ և քնած արթնության պահերին: Արթնության երազներում հանդիպում էր իր ազգակիցներին, որոնք պիտի վաղուց մեռած լինեին, բայց միս ու արյունով գալիս կանգնում էին առջևը, շոշափում էր նրանց, համոզվում, որ տեսիլք չէ, ուստի արյունն աչքերը կոխած մորթում էր նրանց, բզկտում, այրում, տունը դառնում էր սպանդանոց, այրված մսի և ոսկորի հոտը տարածվում էր թաղով մեկ։ Հետո, խոր քնի արթնության պահերին հիշում էր նախճիրը և հանդարտվելու փոխարեն ավելի մոլեգնում, վճռում, որ հաջորդ անգամ ավելի անգութ կլինի: Եվ գալիս էին նրանք տասնյակներով, հարյուրներով, ու մորթվում, մորթվո՜ւմ: Կային համառները, որոնք մի քանի անգամ եկան: Մորթվում էին, կտոր-կտոր լինում, այրվում, բայց հաջորդ օրը հայտնվում էին նորից:
Դրանց մեջ հատկապես մեկը կար, որն սկսեց դիմադրել՝ անգամ սրտին դաշույնի մի քանի հարված ստանալուց հետո: Հազիվ կարողացավ օձիքն ազատել նրանից: Փախավ ու փակվեց զուգարանում և մի քանի ժամ վախենում էր դուրս գալ: Վերջապես, համոզվելով, որ բնակարանում բացարձակ լռություն է տիրում, զգուշորեն բացեց դուռը, դուրս եկավ միջանցք և տեղնուտեղը նրա առջև հայտնվեց իր՝ մեռնող-հառնող ոսոխը, որ դարձել էր հսկայամարմին, իսկ դեմքին գազանային մի կատաղություն կար: Անկոչ հյուրը փետուրի պես բարձրացրեց տանտիրոջը, տարավ ներս և սկսեց պատառաքաղով ծակծկել: Հետո մազակալած զույգ թաթերով բռնեց կոկորդը և, քստմնելի ժպիտը դեմքին, սկսեց դանդաղ խեղդել: Բայց մի հրաշքով կարողացավ ազատվել նրա ճիրաններից և վազեց դեպի…
Մայթին մի ջախջախված մարմին էր ընկել: Նա մորեմերկ էր և ոտից գլուխ ծակոտված, իսկ պարանոցին կապտուկներ կային և արյունածոր ճանկռվածքներ: Ոստիկանները թարմ հետքերով մանրակրկիտ զննեցին նրա բնակարանը, սակայն երկրորդ անձի ներկայությունը հաստատող ոչ մի հետք չգտան:

Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ
Փարիզ, հունվար, 2015 թ.

Դիտվել է՝ 153448

Մեկնաբանություններ