Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հայերն ինչպես են պահպանել Սիոնը

Հայերն ինչպես են պահպանել Սիոնը
10.03.2015 | 13:27

Պատմական Երուսաղեմի կենտրոնում է Հայկական աշխարհը՝ Հայոց թաղը, Սրբոց Հակոբյանց մայր եկեղեցին, Հայոց Պատրիարքարանը, վարժարանը, հայկական տարածքում են Հիսուսի հետ կապված սրբավայրերը՝ նրա առաջին ու երկրորդ բանտախցերը, հնամենի ձիթենին, որ այսօր էլ պտղաբերում է, Պոնտացի Պիղատոսի տան ավերակները, Գեթսեմանի պարտեզները, վերջապես Հայոց Սիոնը, որի մասին հրեաներն ասում են՝ Սիոնը Աստծո աչքն է՝ Երուսաղեմի վրա բացված: Սուրբ Հարության տաճարի հայկական մասում է Գողգոթան, ու եթե թվարկումը շարունակեմ՝ շարունակվելու է: Հայկական Երուսաղեմի պատմական ու իրական արժեքները իրապես դրամական որևէ միավորով հնարավոր չէ գնահատել: Սուրբ հողում հոգևոր արժեքները նյութականացած են այնքան, որ կարող ես աչքով տեսնել, ականջով լսել, ձեռքով շոշափել, Սուրբ հողում աղոթքը հոգով ու հավատով արտաբերված բառաշար չէ առ Տերը, խոսակցություն է Աստծո հետ: Հայության, հայկականության, հայերի ներկայությունը քրիստոնեության ոստանում շատ ավելին է, քան տարածքների, մարդկանց ու տաճարների կամ պալատների գոյությունը: Միստիկա չկա, կա իրողություն: Եթե հրեաներն են Աստծո ընտրյալ ժողովուրդը, որոնց նա երկու հազար տարի հետո վերադարձրեց հայրենիք՝ իրենց ավերած Սողոմոնի տաճարի պատի տակ, որ լացեն ու հիշեն՝ իրենց արածներն ու չարածները, որ երազեն Սողոմոնի տաճարը կառուցել՝ իմանալով, որ երբեք չեն կառուցելու, հայերին պահեց ու պահպանեց ոչ թե նրանց կողքին, այլ՝ իր Տանը, իր հողի վրա ու իր սրտում: Մարդիկ չեն որոշում սահմանները, սահմանները գծվում են երկնքում ու փոխվում են, երբ մարդիկ պատրաստ են նոր սահմանների մեջ ապրելուն:

Տարածաշրջանային հարցերով փորձագետ, վերլուծաբան Սարգիս Հացպանյանին, որ Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության տարածքում համարում է սիոնիստական ծրագիր՝ իրագործված օսմանացած հրեաների ձեռքով, հարցրի.
-Երուսաղեմում Սիոն լեռան վրա հայերը ինչպե՞ս են պահպանվել:
-Հարցի պատասխանը պատմությունն է: Հույն, կաթոլիկ և հայ համայնքներ կան Երուսաղեմում: Քրիստոնյա երեք հատվածների գոյությունը թե իրավական, թե պատմական է: Հայերը, իբրև կոնֆլիկտին լոյալ կողմ՝ թուղթ ստորագրեցին, որ ոչ մի քառակուսի հող ոչ արաբներին, ոչ հրեաներին չպիտի ծախեն: Պայմանագիրը միայն մեկ անգամ խախտվեց՝ Շահե արքեպիսկոպոս Աճեմյանը, որ Երուսաղեմի պատրիարքն էր, Սիոն լեռան ներքևում հայկական հողերից մի հատված ծախեց հրեաներին: Պաղեստինցի արաբներն ընդվզեցին, հրեաները կոնֆլիկտը խաղաղացնելու համար խոստացան վերադարձնել, ոչինչ էլ չտվին: Շահե սրբազանը Հայաստան եկավ, որովհետև արաբները չէին հանդարտվում: Հայերն ու արաբները, կրոնի տարբերություն ունենալով հանդերձ, միշտ շատ լավ հարաբերությունների մեջ են եղել, որևէ խնդիր չի ծագել: Այդ փոքրիկ հողակտորի վաճառքը մեծ դաս եղավ, որ այլևս երբեք նման հարց չբարձրացվի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հանգուցյալ Շահե արքեպիսկոպոս Աճեմյանը, իհարկե, ապաշխարեց ու գուցե ներում ստացավ՝ Տերը բարեգութ է, բայց Տերը ինչքան կարո՞ղ է ներել մարդկային հիմարությունը: Մեր վերադարձը մեր պատմական հայրենիք չի կայանալու այնքան, քանի դեռ հրեաների պես Աստծո ամեն օրը չենք ապրում «Եկող տարի կհանդիպենք Երուսաղեմում» մտածելով ու ասելով: Մեր «Երուսաղեմը» մեր կողքին է, բայց մենք մեր կողքին չենք, մենք քանդել ենք մեր Լացի պատը մեր ներսում ու գերադասում ենք «լացել ու լացացնել» օտարներին, իսկ նրանք «լացում են»՝ երբ իրենց է պետք ու ծիծաղում են մեզ վրա, որ 700 տարի չենք հասկանում՝ ինչպես ու ինչից են կառուցվում պատերն ու պարիսպները: Մարդիկ չեն որոշում սահմանները, սահմանները գծվում են երկնքում ու փոխվում են, երբ մարդիկ պատրաստ են նոր սահմանների մեջ ապրելուն:

Դիտվել է՝ 1589

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ