Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Տէ՛ր, ողորմութեամբ եւ գթութեամբ Քո բժշկեա՛ զամենայն բեկումն հոգւոց եւ մարմնոց մերոց»

«Տէ՛ր, ողորմութեամբ եւ գթութեամբ Քո  բժշկեա՛ զամենայն բեկումն  հոգւոց եւ մարմնոց մերոց»
13.03.2015 | 00:38

Որպես կարևոր անհրաժեշտություն յուրաքանչյուր հայ քրիստոնյայի համար, մեր պարտքն ենք համարում «Իրատես de facto»-ի ընթերցողներին հիշեցնելու, որ այս շաբաթ, այսինքն՝ մարտի 14-ին, հայոց եկեղեցիներում, առավոտյան ժամերգության ընթացքում հիշատակվելու է 40 զինվորյալ քրիստոնյաների նահատակության օրը՝ «Սրբոց Մանկանցն Քառասնից որք ի Սեբաստիա կատարեցան» անվանումով։ Այդ ընտիր քրիստոնյաների հիշատակի օրը միակն է, որ յուրաքանչյուր քրիստոնյայի հնարավորություն է ընձեռում եկեղեցի տանել մի շիշ ձեթ, և արարողությունից հետո այն օրհնված տանել տուն, ինչն ունի բժշկարար զորություն։

Բայց նախ ծանոթանանք այդ քառասուն սրբերի վկայաբանության հետ։
Ըստ Շնորհք պատրիարքի «Համաքրիստոնեական սուրբեր» գրքի, 316 թ., երբ իմանում են, որ Կապադովկիայի կայսերական բանակում քրիստոնյաներ կան, հարցաքննության են կանչում նրանց և ստիպում ուրանալ Հիսուսին: Տանջալի կտտանքներից հետո էլ նրանք հավատարիմ են մնում Հիսուսին: Վճռվում է բոլորին գցել Սեբաստիայի մոտ գտնվող սառչող լիճը, իսկ ափին բաղնիք տաքացնել, որ ով ուրանա Քրիստոսին, թույլ տրվի լճից դուրս գալ ու մտնել այնտեղ: Մեր շատ եկեղեցիներում այդ օրը հատուկ պատրաստված քառասուն կանթեղների մեջ լցնում են ժողովրդի ընծայաբերած ձեթից ու վառում պատրույգները՝ ի նշան այդ սրբերի ընտիր հավատի, որոնք, սառցե լճում ամբողջ գիշեր մնալով, համբերեցին՝ մինչ ի մահ (ասենք, որ, ըստ արդի բժշկագիտական տվյալների, սովորական մարդը սառցաջրում կարող է ողջ մնալ տասը րոպեից ոչ ավելի), բացի մեկից, որը, լճից դուրս գալով, մտնում է տաք բաղնիք և իսկույն մեռնում: Այդ պահին նահատակների համար երկնքից իջնում էին քառասուն պսակներ: Հսկող պահակներից մեկը, տեսնելով, թե ինչ է կատարվում, կամավոր նետվում է սառցալիճը և, իրեն նույնպես քրիստոնյա հայտարարելով, նահատակվում է մյուսների հետ՝ ստանալով քառասուներորդ պսակը: Ահա այս սրբերի տոնակատարության ժամանակ էլ օրհնվում է կանթեղների ձեթը, իսկ արարողության ավարտին բաժանվում է հավատացյալներին:
Որպես նախնյաց պատմական մասունք, Սեբաստիայի Քառասուն մանուկների տոնակատարության մասին պահպանվել է այս հինավուրց վկայությունը, որն առնչվում է սուրբ հայրերից մեկին՝ Գրիգոր Նյուսացուն։ Ինչպես շատերը գիտեն, նրա եղբայրն էր Բարսեղ Կեսարացին, որն այդ ժամանակ Կեսարիայի հոգևոր հոտի վերակացուն էր, այսինքն՝ եպիսկոպոսը, իսկ նրանց ընտանիքը, մանավանդ բարեպաշտ մայրը, Աստծուն անչափ սիրելով, իր զավակներին կրթել էր քրիստոնեական սիրով, իսկ իրենց ամբողջ գերդաստանը և ունեցվածքը ի սպաս էին դրել քրիստոնեության տարածման համար։ Ահա, երբ Քառասուն մանուկների նահատակություն լուրը Կեսարիա հասավ, իսկ շուտով նաև նրանց սուրբ մասունքները, առաջին անգամ բերեցին Բարսեղի և Գրիգորի հայրական տուն և հանդիսավոր տոնակատարության օր նշանակելով՝ հրավիրեցին բոլոր բարեպաշտ քրիստոնյաներին՝ սաղմոսներով ու աղոթքներով գիշերային հսկում կատարելու։ Այդ ժամանակ Գրիգոր Նյուսացին հեռու քաղաքում էր։ Նրան էլ կանչեցին այդ տոնակատարությանը։ Նա չմերժեց առաջարկը, ու չնայած մեծ զբաղվածությանը, երկար ճանապարհ կտրելով եկավ հասավ հայրական ոստան։ Բայց ճանապարհից շատ հոգնած լինելով, նա որոշեց ավելի ուշ մասնակցել գիշերային հսկմանը, ու քնեց տանը։ Երազում տեսավ, որ իբր ինքն ուզում է գնալ այդ հսկմանը, բայց իրենց տան այգու դռան մոտ կանգնած է մի ահեղատեսք ու խիստ զինվոր, որն արգելում է իրեն ներս մտնել, քանի որ ուշացել է բուն արարողությունից։ Գրիգորը իսկույն վեր թռավ քնից և շտապ հագնվելով գնաց հայրական տան այգին, որտեղ ճրագների ու ջահերի լույսի ներքո արդեն սկսել էին սրբերին նվիրված հանդիսությունը։ Մի կերպ խցկվելով ծնկաչոք հավատացյալների արանքները, ամեն գնով աշխատում էր մոտ լինել սրբերի մասունքներին, հասկանալով, թե ինչ մեծ սխրանք են կատարել Քրիստոսի այդ հավատարիմ զինվոր վկաները, իսկ ինքը իր փոքր-ինչ հոգնածությունը չէր կարողացել հաղթահարել, որ սրբերին պատվեր։ ՈՒ ամբողջ հսկման ժամանակ դեռևս երիտասարդ Գրիգորի աչքերից զղջման ու ապաշխարանքի արցունքներ էին հոսում, քանզի իր տկարություններն ու մեղքերն էր տեսնում։ Դրանից հետո նրա կյանքն այլ ընթացք ստացավ, իսկ սիրելի եղբոր՝ Բարսեղի անժամանակ մահից հետո դարձավ նրան փոխարինողն ու իր աստվածաբանական հոգելից աշխատություններով լիուլի լրացրեց այն, ինչ եղբայրը չհասցրեց կատարել։
Օրհնված ձեթը որպես մարդկանց զանազան հիվանդությունների բժշկության միջոց օգտագործում են նաև մյուս բոլոր առաքելահիմք եկեղեցիները, ինչը հիմնավորում են նախնիների սովորությամբ և ավետարանական վկայությամբ, որ բարի սամարացին ավազակներից վիրավորվածին բժշկելու համար գինի և ձեթ օգտագործեց, ու նաև Հակոբոս առաքյալի ուղերձի այս տողերից. «Ձեզնից մեկը վշտի մե՞ջ է ընկել, թող աղոթի. մեկը բերկրանքի՞ մէջ է, սաղմոս թող ասի. հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեցներին, և նրանք նրա վրա թող աղոթք անեն, թող յուղով օծեն նրան Տիրոջ անունով: Եվ հավատով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի: Եվ եթե մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներվի։ Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցե՛ք և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք. քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է» (Հակոբոս 3.13-16):
Միմյանց ներելով ու խոստովանելով մեր մեղքերը, իրար համար աղոթելով և օգտվելով օրհնված ձեթից, կարող ենք ինքներս էլ բժշկություն ստանալ։
Նաև ավելացնենք, որ այդ ձեթը մարմնի ցավոտ մասերին (իհարկե ոչ ծածուկ ու ինտիմ տեղերին) օծում են խաչանիշ ձևով, կամ էլ մի քանի կաթիլ ավելացնում են սովորական կերակուրներին։
Յուղի (ձեթի) հոսքի հրաշագործ ու զարմանալի խորհուրդը շարունակվում է նաև մեր օրերում, երբ աշխարհի զանազան վայրերում, լինի եկեղեցում, թե բարեպաշտ քրիստոնյայի տանը, հանկարծ Տիրոջ կամ Տիրամոր պատկերներն ու արձանիկները յուղ են դուրս տվել՝ որպես վկայություն և բժշկության միջոց հավատավոր անձանց համար:
Օրինակ, մեր եկեղեցու ծիսարանում, բացի մատաղի, աղի ու հացի, այգու և պտղի օրհնական խոսքերից, կան նաև հատուկ կանոններ սաստիկ ամպրոպի, կարկտի կամ տարերային այլ աղետների դեմ, անպտղաբեր այգու, նույնիսկ ջրհորի, թոնրի, հավի ու անասունի օրհնության կանոններ, որոնց շարքում է նաև ձեթի օրհնության կանոնը (Մայր մաշտոց, կանոն 67, տե՛ս նաև Նորայր արք. Պողարյան, Ծիսագիտություն), որտեղ կա «Տէ՛ր, ողորմութեամբ եւ գթութեամբ Քո բժշկեա՛ զամենայն բեկումն հոգւոց եւ մարմնոց մերոց» աղոթքը: Այս արտասանելով և կանթեղի ձեթն առնելով՝ քահանան օծում է հիվանդին: Թեև սա մոռացության է մատնվել, բայց մեր հավատավոր ժողովրդի մեջ դեռևս պահպանվել է օրհնված ձեթով հիվանդությունների բժշկման սովորույթը վերոհիշյալ 40 մանկանց նվիրյալ օրվա առավոտյան ժամերգության ընթացքում:
Ասեմ, որ Երուսաղեմում եղածս ժամանակ առաքելահիմք եկեղեցու իմ տեսած բոլոր հավատացյալներն անխտիր օգտվում էին եկեղեցիների կանթեղների ձեթից և, հատկապես, սուրբ Հարության տաճարում գտնվող մեր Տեր Հիսուսի սուրբ Գերեզմանի կանթեղների ձեթից, որոնց թիվն անցնում է հարյուրից:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1669

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ