USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
 
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Նրա անունն ու գործունեությունը նոր են մտնում հայ ճարտարարվեստի գանձարան

Նրա անունն ու գործունեությունը նոր են  մտնում հայ ճարտարարվեստի գանձարան
17.03.2015 | 10:54

Ճարտարապետության ինստիտուտ-թանգարանում բացվել է նշանավոր ճարտարապետ ԼԵՎՈՆ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻ աշխատանքների ցուցահանդեսը: Ճարտարապետ, որի անունն ու գործունեությունը նոր են մտնում հայ ճարտարարվեստի գանձարան։ «Իրատես de facto» ակումբում հրավիրված ասուլիսում այդ մասին վկայեց նաև ՀՀ ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը։
«Մենք լիարժեք տեղեկություն չունեինք Լևոն Կյուրեղյանի գործունեության մասին: Կար ընդամենը մի պատմական փաստ. 50-ականներին նշանավոր ճարտարապետին հրավիրել են Հայաստան, և նա վատառողջ լինելու պատճառով մերժել է հրավերը»,- փաստեց բանախոսը։ Նա նաև ընդգծեց. «Պոլսահայ ճարտարապետներից Լևոն Կյուրեղյանն առանձնանում է նրանով, որ առաջին ճարտարապետն է, որ պաշտոնապես հրաժարվում է իր մասնագիտությունից։ Այս որոշումը նա կայացրել է, երբ ցեղասպանության զոհ են դարձել նրա 58 ազգականները, իսկ Ստամբուլում ավերվել են նրա նախագծած և կառուցած շինությունները»: «Զմյուռնիայի հրկիզումից հետո որոշեցի թողնել ճարտարապետի իմ մասնագիտությունը և դառնալ հողագործ»,- «Պատերազմի օրագրությունում» գրել է Լևոն Կյուրեղյանը։
«Լևոն Կյուրեղյանը ոչ միայն մեծ ճարտարապետ է, այլև եղել է Ազոլո քաղաքի կարևոր անձանցից մեկը: Նա քաղաքաշինական և ինժեներական լուրջ ուսումնասիրություններ էր կատարել, որի մեջ մտնում է նաև Հռոմի ջրամբարը: Հիմնել է Իտալիայի լեռնագնացության ակումբները, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գրառումներ է կատարել Ազոլո քաղաքի մասին, որի արդյունքում այսօր կա 65 հատոր օրագիր: Ոչ միայն Լևոն Կյուրեղյանը, այլև Կյուրեղյանների ամբողջ ընտանիքը լուրջ և ծանրակշիռ դեր ունեն մեր քաղաքի զարգացման գործընթացում: Հատկանշական է, որ այս ճարտարապետի ցուցահանդեսը Հայաստանում բացվեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում»,- «Իրատես de facto» ակումբում ասաց Ազոլո քաղաքի փոխքաղաքապետ Ֆրանկո Դալլա Ռոզանը, առանձնակի շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին:
Ի դեպ, Ազոլոյի փոխքաղաքապետը մի հետաքրքիր բացահայտում արեց. պարզվում է՝ Լևոն Կյուրեղյանի թոռ, իտալահայ ճարտարապետ Արմեն Կյուրեղյանը (որը ևս ակումբի բանախոսն էր) եղել է Ազոլոյի փոխքաղաքապետը: «Ինձնից առաջ Արմեն Կյուրեղյանն էր փոխքաղաքապետ»,- ասաց Ֆրանկո Դալլա Ռոզանը:
Եվ այսպես, ճարտարապետ, պատմաբան, ինժեներ, գրող, հասարակական-քաղաքական գործիչ Լևոն Կյուրեղյանը այդպես էլ չի հաստատվում Հայաստանում` ինչո՞ւ: «Հայկական հարցի լուծումը` անկախ Հայաստանի ստեղծումը, եղել է Լևոն Կյուրեղյանի մեծագույն նպատակը: Այդ ուղղությամբ նա բազմաթիվ աշխատանքներ է կատարում տարբեր տարիներին իտալացի և ֆրանսիացի իր գործընկերների հետ: Սակայն կենսուրախության մի կարճ ժամանակահատված է ապրում Հայաստանի անկախության համար, որը ձեռք էր բերվել Սևրի պայմանագրով: 1921-ին դեպի Կոստանդնուպոլիս կատարած կարճատև ուղևորության ժամանակ տեսնելով, որ Թուրքիան գրավել է Կոստանդնուպոլիսը, Զմյուռնիան և Անատոլիան, հասկանում է, որ այն նպատակը, որի համար միշտ պայքարել է, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության լիակատար անկախության իրագործումը, ձախողված է։ Դրանից հետո հաստատվում է Իտալիայում: 50-ականներին, երբ Խորհրդային Միությունից ժամանած պատվիրակությունը նրան հրավիրում է Հայաստան, նա մերժում է, քանի որ արդեն առողջություն չուներ»,- նշեց իտալահայ ճարտարապետ Լևոն Կյուրեղյանի թոռը` Արմեն Կյուրեղյանը:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1043

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ