Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Տեսիլք երրորդ. Հերմասի հովիվը

Տեսիլք երրորդ. Հերմասի հովիվը
17.03.2015 | 11:00

(սկիզբը՝ այստեղ)

8. Երբ ես դադարեցի նրան այս ամենի մասին հարցնելուց, նա ինձ ասաց. «Կցանկանայի՞ր այլ բաներ տեսնել»։ Եվ քանի որ շատ էի ուզում տեսնել, ուրախությունս արտահայտվեց դեմքիս վրա։ Նայելով ինձ, նա ժպտաց ու ասաց. «Տեսնո՞ւմ ես այն յոթ կանանց, աշտարակի շուրջը»։ «Տեսնում եմ, Տիրուհի»,- ասում եմ ես։ «Այս աշտարակը,- ասում է նա,- Տիրոջ հրամանով, նրանց միջոցով է պահվում։ Իսկ արդ, լսիր նրանց գործունեությունների մասին։ Նրանցից առաջինը, որն այն պահում է ձեռքերով, անվանվում է Հավատ։ Նրա միջնորդությամբ փրկվում են Աստծո ընտրյալները։ Մյուսը, որ գոտևորված է և առնական է գործում, կոչվում է Պահեցողություն. նա Հավատքի դուստրն է։ Եվ ով որ հետևի նրան, երանելի կլինի իր կյանքում, քանի որ, եթե զսպի իրեն ամեն մի չար ցանկություններից, ապա հավիտենական կյանք կժառանգի»։ «Տիրուհի, իսկ ովքե՞ր են մյուս հինգը»,- ասում եմ ես։ «Ամեն մեկը մյուսի դուստրն է։ Մեկն անվանվում է Պարզություն, մյուսը՝ Անմեղություն, երրորդը՝ Համեստություն, չորրորդը՝ Գիտություն, հինգերորդը՝ Սեր։ ՈՒստի, երբ դու կկատարես նրանց մոր գործերը, կկարողանաս և մյուսները պահել»։ «Տիրուհի, կուզենայի իմանալ, թե նրանցից յուրաքանչյուրն ի՞նչ ուժ ունի»։
«Լսի՛ր,- ասում է նա,- նրանք հավասարազոր են և կապված են իրար հետ ու հետևում են մեկը մյուսին՝ ըստ իրենց ծննդյան հաջորդականության։ Հավատքից ծնվում է պահեցողությունը, պահեցողությունից՝ պարզությունը, պարզությունից՝ անմեղությունը, անմեղությունից՝ համեստությունը, համեստությունից՝ գիտությունը, գիտությունից՝ սերը։ Նրանց գործերը ողջախոհ են, առաքինի ու սուրբ, ու ով որ կծառայի նրանց և ի զորու կլինի կատարելու նրանց գործերը, նա աշտարակում, Աստծո սրբերի հետ, հանգրվան կունենա»։ Ես նրան հարցրի ժամանակի մասին. «Արդյո՞ք ավարտին չի հասել այն»։ Եվ նա բարձրաձայն բացականչեց. «Անմիտ մարդ, մի՞թե դու չես տեսնում, որ աշտարակը տակավին շարունակում է կառուցվել։ Երբ կավարտվի աշտարակի շինությունը, այն ժամանակ էլ վերջը կլինի. և այն շուտով կավարտվի։ Ինձնից այլևս ոչինչ չհարցնես։ Այս հիշեցումը և ձեր սրտերի նորոգումը բավական են քեզ ու բոլոր սրբերի համար։ Սակայն միայն քեզ համար չէ այս բացահայտված, այլ որ դու այս ամենը հաղորդես բոլորին։ Եվ այսպես, Հերմա՛ս, երեք օրվա ընթացքում դու պետք է հասկանաս հետևյալ խոսքերը, որ պիտի ասեմ քեզ, որպեսզի հայտնես ի լուր սրբերի ականջներին, որ այն լսելով ու կատարելով, նրանք մաքրվեն իրենց անօրենություններից, և դու ինքդ էլ նրանց հետ»։

9. «Ինձ լսե՛ք, զավակներս, ես Տիրոջ ողորմությամբ մեծացրել եմ ձեզ անսահման պարզության, անմեղության ու առաքինության մեջ։ Եվ այդ ճշմարտությունը թափեցի ձեզ վրա, որպեսզի դուք արդարանաք և մաքրվեք ամեն անօրենությունից ու անարդարությունից, բայց դուք չեք ուզում հրաժարվել ձեր անարդարություններից։ Եվ արդ, ինձ լսեցե՛ք. միմյանց հետ խաղաղություն ունեցե՛ք, հսկեցե՛ք ուշադիր մեկդ մյուսին. փոխադարձաբար սատարեք միմյանց և Աստծո ստեղծածներից մեն և մենակ մի՛ օգտվեք, այլ առատաձեռն բաժանեք նրանց, ովքեր կարիքի մեջ են։ Ոմանք առատ կերակուրներից իրենց մարմիններին տկարություն են պատճառում և հյուծում են այն։ Իսկ սնունդ չունեցողների մարմինները նույնպես հյուծվում են այն պատճառով, որ չունեն բավարար սնունդ, և մեռնում են նրանց մարմինները։ Նման անժուժկալությունը վնասակար է ձեզ, որ ունեք և չեք կիսվում կարիքավորների հետ։ Մտածե՛ք վերահաս դատաստանի մասին։ Դուք, որ մյուսներից առավել եք հարստությամբ, փնտրե՛ք և գտե՛ք կարիքավորներին, քանի դեռ աշտարակի շինությունը չի ավարտվել։ Քանի որ հետո, երբ ավարտվի աշտարակը, թեև կցանկանաք բարեգործություն անել, բայց այլևս հնարավորություն չեք գտնի։
Այսպիսով, դո՛ւք, որ հպարտանում եք ձեր հարստություններով, տեսե՛ք, որ կարիքից տառապողները չհառաչեն. այլապես նրանց հառաչը կհասնի Տիրոջը, և դուք ձեր գանձերով աշտարակի դռներից դուրս կհանվենք։ Ասում եմ այժմ, ձեզ՝ Եկեղեցու ղեկավարներիդ, որ նախագահում եք, չարագործների նման մի եղեք։ Չարագործները գոնե իրենց թույնը կրում են սրվակներում, իսկ դուք ձեր դեղերն ու թույնը կրում եք ձեր սրտերում, և չեք ցանկանում մաքրել ձեր սրտերը ու մաքուր սրտերով միավորվել համախոհությամբ, որպեսզի ողորմություն գտնեք Մեծ Թագավորից։ Զավակներս, տեսե՛ք, որ այդպիսի երկպառակությունները ձեզ չզրկեն կյանքից։ Ինչպե՞ս եք դուք ցանկանում ուսուցանել Աստծո ընտրյալներին, երբ ինքներդ եք անուս։ ՈՒստի ուսուցանե՛ք միմյանց և միաբան եղեք, որպեսզի ես կարողանամ ուրախությամբ կանգնել ձեր Հոր առջև, և հաշվետու լինել Աստծո մոտ բոլորիդ համար»։

10. Երբ նա վերջացրեց ինձ հետ խոսելը, այն վեց պատանիները, որ կառուցում էին, եկան և նրան տարան աշտարակից ներս, իսկ մյուս չորսը վերցրին նստարանը և այն նույնպես տարան աշտարակից ներս։ Սրանց դեմքերը ես չտեսա, որովհետև շրջված էին մյուս կողմը։ Երբ նա հեռանում էր, ես խնդրեցի նրան բացատրել ինձ այն երեք կերպարանքների խորհուրդը, որոնցով նա երևացել էր ինձ։ Բայց նա ասաց. «Այդ մասին դու պետք է ուրիշին հարցնես, որ բացատրի քեզ»։ Իսկ նա, եղբայրներ, երևացել է ինձ անցյալ տարվա առաջին տեսիլքում, շատ ծեր էր և ամբիոնում նստած։ Երկրորդ տեսիլքում նրա դեմքը երիտասարդ էր, իսկ մարմինն ու մազերը՝ ծեր. և նա ինձ հետ զրուցում էր կանգնած, և ավելի զվարթ էր, քան առաջ։ Իսկ երրորդ տեսիլքում նա ամբողջովին երիտասարդ էր ու գեղեցկադեմ, և միայն մազերն էին ծեր։ Նա լիովին ուրախ էր և նստած էր նստարանին։ Այս մասին մտածելիս ես շատ էի վշտանում, մինչև որ ստացա հետևյալ հայտնությունը։ Գիշերվա երազում ես տեսա այն միանձնուհուն, և նա ինձ ասաց. «Ամեն մի աղոթք խոնարհության կարիք ունի. դրա համար ծոմ պահիր և Տիրոջից կստանաս խնդրածդ»։ Այսպիսով, ես մի օր ծոմ պահեցի, և նույն գիշեր ինձ հայտնվեց մի երիտասարդ ու ասաց. «Ի՞նչ ես այդքան հաճախ հայտնություն խնդրում քո աղոթքներում։ Տե՛ս, որ շատը ցանկանալով, չվնասես մարմինդ։ Այսքան հայտնություններն էլ բավական են քեզ։ Կկարողանա՞ս արդյոք, քո տեսածներից ավելի մեծ հայտնություններ տեսնել»։ Ես պատասխանեցի նրան. «Տե՛ր, ես միայն մի բան եմ խնդրում, որ ինձ տրվի միանձնուհու երեք կերպերի ամբողջական բացատրությունը»։ Նա ասաց ինձ. «Մինչև երբ եք այսքան անհասկացող լինելու։ Ձեր կասկածներն են ձեզ անհասկացող դարձնում, որովհետև առ Աստված ուղղված սրտեր չունեք»։ Ես պատասխանեցի նրան. «Քեզանից այդ մասին մենք ավելի ստույգ կիմանանք»։

11. «Լսի՛ր,- ասում է նա,- կերպարանքների վերաբերյալ, որոնց մասին խնդրում ես։ Ինչո՞ւ միանձնուհին առաջին տեսիլքում քեզ երևաց ծերացած ու ամբիոնին նստած։ Որովհետև ձեր հոգին ծերացած է ու թուլացած, և այլևս ուժ չունի ձեր մեղքերից ու սրտերի երկմտանքներից։ Քանզի ինչպես ծերերը, որ ուժերի վերականգման հույս չունեն, մահճում հանգստանալուց բացի, ուրիշ ոչինչ չեն ցանկանում, այդպես էլ դուք՝ ծանրաբեռնված այս աշխարհի զբաղմունքներով, ընկել եք անհոգության մեջ, և ձեր հույսերը կապված չեն Տիրոջ հետ, ձեր մտքերը զառամել են, և դուք ծերացել եք ձեր վշտերից»։ «Տե՛ր, ես ցանկանում եմ իմանալ, թե ինչո՞ւ էր նա նստած ամբիոնին»։ «Որովհետև,- պատասխանեց նա,- ամեն ուժասպառ նստում է նստարանին իր տկարության պատճառով, որպեսզի նրա թուլացած մարմինը նեցուկ ունենա։ Ահա քեզ առաջին տեսիլքի խորհուրդը»։

12. «Երկրորդ տեսիլքում դու նրան տեսար ոտքի վրա կանգնած, երիտասարդացած դեմքով և առավել զվարթ, քան առաջ, սակայն ծերացած մարմնով ու մազերով։ Լսիր այս առակը,- ասում է նա,- եթե մի մարդ խիստ ծերանա և հուսահատվի տկարության ու աղքատության պատճառով, բացի կյանքի իր վերջին օրվանից ուրիշ ոչ մի բան չի սպասում։ Բայց հանկարծ նրան ժառանգություն է թողնվում։ Լսելով այդ մասին, նա վեր է ցատկում և զվարթանալով լցվում է ուժով, և այլևս չի պառկում, այլ ոտքի է ելնում ու նախկին գործերից կոտրված նրա հոգին կրկին նորոգվում է։ Եվ նա այլևս չի նստում, այլ գործում է խիզախորեն։ Այդպես էլ եղավ և ձեզ հետ, երբ դուք լսեցիք հայտնության մասին, որն Աստված հայտնեց ձեզ։ Տերը ձեզ գթաց և նորոգեց ձեր հոգիները, և մի կողմ դրեցիք ձեր տկարությունները, լցվեցիք ուժով ու զորացաք հավատքով. և Տերը, տեսնելով ձեր զորությունը, ուրախացավ։ Դրա համար Նա ձեզ ցույց տվեց աշտարակի շինությունը և ուրիշ բաներ էլ ցույց կտա, եթե ամբողջ սրտով խաղաղություն ունենաք միմյանց հետ»։

13. «Երրորդ տեսիլքում դու նրան տեսար, երբ դեռ առավել երիտասարդ էր, գեղեցիկ ու զվարթ, և նրա դեմքը պայծառ էր։ Ինչպես, երբ մի սգավորի մոտ բարի ավետաբեր է գալիս, նա իսկույն մոռանում է իր նախկին վիշտը և ուրիշ ոչ մի բանի մասին չի մտածում, բացի իր ստացած բարի լուրից, նա սրտապնդվում է, ու նրա հոգին ստացված ուրախությունից նորոգվում է։ Ճիշտ այդպես, իմանալով այսքան բարի բաներ, դուք նույնպես ձեր հոգիներին նորոգություն ստացաք։ Իսկ այն, որ դու նրան տեսար նստարանին նստած, հաստատուն վիճակ է նշանակում, քանի որ նստարանը չորս ոտք ունի և կայուն է կանգնած, ինչպես աշխարհն էլ է պահպանվում չորս տարերքներով։ ՈՒստի և նրանք, որ լիովին ու ամբողջ սրտով կապաշխարեն, նորից կերիտասարդանան, կհաստատվեն և կմնան։ Այժմ դու ունես հայտնության լրիվ բացատրությունը։ Այլևս ոչինչ չհարցնես հայտնության վերաբերյալ, իսկ եթե որևէ բան պետք լինի, քեզ կհայտնվի»։

(շարունակելի)

Հրապարակման պատրաստեց Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1881

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ