«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Տեսիլք չորրորդ (քրիստոնյաների գալիք հալածանքների մասին)

Տեսիլք չորրորդ (քրիստոնյաների գալիք հալածանքների մասին)
20.03.2015 | 00:09

1. Չորրորդ տեսիլքը, որ տեսա, եղբայրնե՛ր, նախորդից քսան օր անց, գալիք հալածանքների կերպարն էր։ Ես գնում էի Կամպանյան ճանապարհի մերձակա դաշտով։ Մեծ ճանապարհից մինչև դաշտը մոտ տասը ստադիա էր և այս տեղով ճանապարհ հազվադեպ էր լինում։ Միայնակ զբոսնելով, ես աղերսում էի Տիրոջը, որ Նա հաստատի այն հայտնություններն ու տեսիլքները, որ տվել էր Իր սուրբ Եկեղեցու միջոցով. որ զորացնի ինձ և ապաշխարություն շնորհի իր բոլոր ծառաներին, որոնք գայթակղվել են, որպեսզի փառավորվի Նրա մեծ ու պատվական անունը, որ ինձ արժանի է համարել ցույց տալ Իր հրաշքները։ Եվ այն ժամանակ, երբ ես փառաբանություն ու գոհություն էի մատուցում Նրան, ասես մի ձայն ինձ պատասխանեց. «Չերկմտե՛ս, Հերմաս»։ Ես սկսեցի ինքս ինձ մտածել ու ասել. «Ինչո՞ւ երկմտեմ, երբ այսքան զորացած եմ Աստծո կողմից և հրաշալի գործեր եմ տեսել»։ Ես մի փոքր առաջ անցա ու տեսա. մինչև երկինք բարձրացող փոշի, և ասում եմ ինքս ինձ. «Մի՞թե անասուններ են անցնում ու փոշի բարձրացնում». այն ինձնից մոտ մեկ ստադիա հեռավորության վրա էր։ Քանի որ փոշու ամպը ավելի ու ավելի էր թանձրանում, ես սկսեցի կարծել, թե այն ինչ-որ գերբնական բան է։ Հետո արևը մի փոքր դուրս եկավ, և ես տեսա կետաձկան նման մի հսկա հրեշի. նրա երախից հրե մորեխներ էին դուրս գալիս։ Այդ գազանը մոտ հարյուր ֆուտ երկարություն ուներ, իսկ գլուխը նման էր կավե անոթի։ Եվ սկսեցի լաց լինել ու թախանձել Տիրոջը, որ փրկի ինձ դրանից։ Հետո հիշեցի այն խոսքերը, որ լսել էի՝ «Չերկմտե՛ս, Հերմաս»։ Եվ այսպես, եղբայրնե՛ր, լցվելով առ Աստված հավատով ու հիշելով ինձ Նրա տված զարմանալի գործերը, ես անվախորեն գնացի դեպի գազանը։ Իսկ գազանը մռնչալով այնպիսի թափով էր մոտենում, որ հարձակման դեպքում կարող էր քաղաք ավերել։ Ես մոտեցա նրան, և այդքան հսկա գազանը փռվեց գետնին, ու բացի լեզվից, ոչինչ չէր ցույց տալիս. և ամբողջ այդ ընթացքում, երբ ես անցնում էի նրա մոտով, նա չշարժվեց։ Այդ գազանը իր գլխի վրա չորս գույն ուներ՝ սև, հետո՝ կարմիր կամ արնագույն, հետո՝ ոսկեգույն, և վերջապես՝ սպիտակ։
2. Այնուհետև, երբ ես անցա գազանի կողքով և մոտ երեսուն ֆուտ հեռացա, ինձ հանդիպեց զուգված մի կույս, ասես դուրս եկած ամուսնական առագաստից՝ ճերմակ հողաթափերով, մինչև ճակատը ծածկված ճերմակ զգեստներով, իսկ քղամիդը ծածկոց էր նրա համար, և ճերմակ էին նրա մազերը։ Նախկին տեսիլքներից ես գլխի ընկա, որ այդ եկեղեցին է, և ուրախացա։ Նա ողջունեց ինձ. «Ողջույն քեզ, մա՛րդ»։ Եվ ես նրան ողջունելով` պատասխանեցի. «Ողջույն, Տիրուհի»։ Ի պատասխան նա ասում է ինձ. «Քեզ ոչինչ չհանդիպե՞ց, մա՛րդ»։ Ես ասում եմ նրան. «Տիրուհի, ինձ մի այնպիսի գազան հանդիպեց, որը կարող էր երկրներ ոչնչացնել, սակայն Աստծո զորությամբ և Նրա մեծագույն ողորմությամբ ես փրկվեցի դրանից»։ «Դու լավ ես փրկվել,- ասում է նա,- որովհետև ապավինել ես Տիրոջը և սիրտդ բացել Նրա առջև, հավատալով որ ուրիշ ոչ մի բանի միջոցով չես կարող փրկվել, բացի Նրա մեծ ու փառավոր Անունից։ Դրա համար Տերն ուղարկեց գազանների վրա կարգված իր Հրեշտակին, որի անունն է Հետրին. և նա փակեց նրա երախը, որ քեզ չխժռի։ Մեծ փորձանքից դու խուսափեցիր հավատիդ շնորհիվ, քանի որ գազանի տեսքից չերկմտեցիր։ ՈՒրեմն, գնա՛ և ի լուր Աստծո բոլոր ընտրյալների հայտնիր Նրա ամենամեծ գործերը և ասա նրանց, որ այս գազանը վերահաս մեծ հալածանքների նախատիպարն է։ ՈՒստի, եթե պատրաստվեք և Տիրոջ առջև ամբողջ սրտով ապաշխարեք, կարող եք դրանից փրկվել, եթե ձեր սիրտը լինի մաքուր ու անարատ, և ձեր կյանքի մնացած օրերում անխոտոր ծառայեք Աստծուն։ Ձեր հոգսերը թողեք Տիրոջը, և Նա կբժշկի դրանք։ Դուք՝ երկմիտներդ, հավատացե՛ք Աստծուն, որ Նա ամենազոր է։ Նա կարող է ձեզնից Իր բարկությունը հեռացնել և՛ խարազան ուղարկել երկմիտների վրա։ Վա՛յ նրանց, որ կլսեն այս խոսքերն ու կարհամարհեն. լավ կլիներ նրանց, եթե ծնված չլինեիք անգամ»։
3. Ես նրան հարցրի այն չորս գույների մասին, որ գազանն ուներ իր գլխին։ Եվ նա պատասխանեց ինձ. «Դու կրկին հետաքրքրվում ես` հարցնելով նման բաների մասին»։ «Այո, Տիրուհի՛,- ասացի ես,- բացատրիր դրանց իմաստը»։ «Լսի՛ր,- ասում է նա,- սև գույնը խորհրդանշում է աշխարհը, ուր ապրում եք դուք, հրե արնագույնը՝ որ այս աշխարհը պիտի կործանվի կրակի ու արյան միջոցով, իսկ ոսկեգույն մասը դուք եք, որ փախչում եք այս աշխարհից։ Քանզի, ինչպես ոսկին կրակով է փորձվում և դառնում պիտանի, այդպես էլ փորձվում եք և դուք, որ ապրում եք նրանց մեջ։ Նրանք, որ հաստատուն կմնան ու կփորձվեն դրանցով, կմաքրվեն։ Եվ ինչպես ոսկին է թողնում իր անմաքրությունը, այնպես էլ դուք կթողնեք ձեր բոլոր հոգսերն ու վշտերը, կմաքրվեք և պիտանի կլինեք աշտարակի շինության համար։ Սպիտակ մասը գալիք դարն է, երբ պիտի ապրեն Աստծո ընտրյալները, որովհետև անարատ ու մաքուր պիտի լինեն նրանք, ովքեր Աստծո կողմից ընտրված են հավիտենական կյանքի համար։ Այսպիսով, մի՛ դադարիր սրբերի ականջներին այս ասելուց։ Արդ, դուք ունեք գալիք փորձությունների խորհրդանիշը։ Եթե ուզեք, այն ոչինչ կլինի ձեզ համար։ Հիշեցե՛ք ձեզ պատվիրածները»։ Այս ասելով նա հեռացավ, և ես չտեսա, թե նա ուր գնաց, երբ աղմուկ բարձրացավ, ու ես սարսափած շրջվեցի, կարծելով թե այն գազանն է մոտենում։


Հրապարակման պատրաստեց
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1776

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ