«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ներդրում, ոչնչացում, ունեզրկում

Ներդրում, ոչնչացում, ունեզրկում
20.03.2015 | 01:36

Մագնեսիա

Մաղնիսա կամ իր պատմական անունով Մագնեսիա, Զմիւռնիոյ հիւսիս-արեւմտեան կողմը, Սիպիլ լերան ստորոտը, Լիւդական տիրապետութեան վաղեմի քաղաքներէն մէկը, յաջորդաբար Պարսկական, Մակեդոնական, Հռովմէական, Բիւզանդական, Սելճուգեան տիրապետութեանց ենթարկուելէ ետքը, ԺԵ դարուն մէջ վերջնականապէս Օսմանեան կայսրութեան հպատակած է:


Հայ գաղութներ է Օսմանեան ասպնջականութենէն օգտուած, եկած ու հաստատուած են ինչպէս Զմիւռնիա, նոյնպէս և Մաղնիսա:
Մաղնիսայի հայ գաղթականութիւնը կը բաղկանայ երկու առանձին թաղերէ, մէկը՝ Վարի թաղ, քաղքին հարաւ-արեւմտեան կողմը, որ ունի այժմ իբր 400 տուն բնակիչ և Ս. Սիօն անուն եկեղեցի մը, իսկ միւսը Վերի թաղէ քաղքին հարաւային կողմը, որ ունի իբր 120 տուն և Ս. Լուսաւորիչ անուն եկեղեցի մը:
Կը կարծենք, թէ այս երկու գաղթականութեանց նախկին ծննդավայրը, թուականը և այլն իրենց արդի բնակավայրերուն պէս անջատ եղած է:
ԺԵ դարուն կիսուն արդէն երկու հայ գաղութ կար Մանիսայի մէջ Ս. Սիօն և Ս. Լուսաւորիչ անուն եկեղեցիներով: Վերի թաղի գաղթականութիւն կը կանխէ 20 տարուան միջոցով մը Վարի թաղինը:
Վարի թաղի այժմու եկեղեցին ունի 67 տարուան հնութիւն մը, շինուած ըլլալով 1831 ապրիլ 3-ին: Շինութեան համար արքունական ֆէրմանին աշխատած են վառօդապետ Սիմօն ամիրան և զմիւռնացի Էքիզեանք: Իսկ Վերի թաղի այժմու եկեղեցին շինուած է 1876-ին:

Մանուսան նախապէս Մանիսայի մէջ պատրաստուած ըլլալուն առաջին ապացոյցը իր անունով յորջորջուիլն է: Ժամանակին այս արհեստը Մանիսայի մէջ շատ ծաղկած էր: Երկու ժողովուրդներ միայն հետեւած կը տեսնենք այս արհեստին՝ թուրք և հայ: Տակաւին 100 տարի առաջ 10000 թէզկեահ ունինք եղեր, իսկ հիմա 1500 հատ հազիւ:

Մալկարա

Հինաւուրց քաղաք մըն է: Շինուած է բարձրաւանդակի մը վրայ: Շէնքերուն մէջ չեն պակսիր նաև նորագոյն ձեւերով բնակարաններ, խանութներ և հանրային հաստատութիւններ:
Մալկարայի մէջ կան երկու բաղնիք և 8 խան, 350-ի մօտ խանութ ու սրճարան, որոնց Է-ը հայոց կը վերաբերին:


Երկու սեռը միասին առնելով՝ հայոց թիւը կը հասնի 2200-ի: Գրեթէ երեք դար առաջ Երզնկայի շրջականերէն, մանաւանդ Քէմախէն, գաղթած են: Ընդհանրապէս մալկարացի հայը ընտանեսէր, կրթասէր ու բարեմիտ է:
Հայերը Մալկարայի մէջ կարեւոր դիրք մը բռնած են, կրնանք ըսել, թէ ամբողջ արհեստները իրենց ձեռքն են:
Ցաւալի է, որ Մալկարայի մէջ ալ հայերը տարուէ տարի նիւթապէս ետ երթալու վրայ են, հիմայ չեն տեսնուիր 40-50 տարի առաջուան հարուստները:
Թուրքերը ընդհանրապէս բարեբարոյ և աղօթասէր են, կը զբաղին մեծ մասով երկրագործութեամբ, փոքր մաս մըն ալ արհեստաւոր, վաճառական և պաշտօնեայ են:
Գլխաւորաբար Ռօտօսթոյ է Մալկարայի շտեմարանը և նաւահանգիստը:

Ռոդոսթոյից 57 կմ հյուսիս-արևելք ընկած Մալկարան արևելյան ոճի քաղաք էր` միհարկանի կամ երկհարկանի փայտաշեն տներով, անկանոն փողոցներով։ Լավագույն տները` պարտեզներով, երբեմն` քարաշեն, գտնվում էին հայոց թաղում։
Հայոց հիմնական զբաղմունքները արհեստներն էին ու շինարարությունը։ Սակայն կային նաև հողատեր վաճառականներ, որոնց անվանում էին չորբաջի. հայտնի էին Արթին Չորբաջին, Թորոս Չորբաջին և ուրիշներ։

Գաղութի տնտեսական վիճակը կարելի էր բավարար համարել։ Բացի արհեստներից, հայերն զբաղվում էին նաև մի քանի առևտրատնտեսական ճյուղերով։
Այսպես, նավթի մուտք գործելուց առաջ շահաբեր գործ էր կտավատի ձեթի (պեզիր յաղի) արտադրությունը։ Այն օգտագործվում էր թե լուսավորման համար և թե կերակրի մեջ, ինչպես նաև ներկ ստանալու նպատակով։ Հայերն ունեին 6 այդպիսի ձիթհաններ (պեզիրհանեներ), որոնց մամլիչներն աշխատեցնում էին գոմեշները։
Սրան հարակից էր շուշմայի ձեթը, որն արտահանվում էր Ռոդոսթո ու Կ. Պոլիս։ Մալկարայում կային 26 այդպիսի ձիթհաններ (յաղհանե), որոնցից 13-ը պատկանում էին հայերին, մնացածը` հույներին ու թուրքերին։
Հայոց թաղի երկու ծայրերին, ինչպես նաև հունաց թաղին կից կային շուրջ 20 հողմաղացներ, որոնց կեսից ավելին հայապատկան էին։ Հետո հիմնվեցին երկու մեքենայական աղացներ, որոնցից մեկը նախաձեռնեց Պետրոս Դևեջյանը, մյուսը` Շուբարալյան ու Վարդանյան ընտանիքները` հետագայում այն փոխանցելով Աճեմյան եղբայրներին։
Պանրագործության մեջ մեծ համբավ էին վայելում Փյուսկյուլյան եղբայրները, որոնք առևտրային տուն ունեին Սալոնիկում, ինչպես նաև իրենց արտադրանքն արտահանում էին Եգիպտոս ու Ֆրանսիա։
Հացահատիկային կուլտուրաների և ալյուրի առևտուրը գրեթե ամբողջությամբ հայերի ձեռքում էր։ Այս գործի առաջատարներն էին Պետրոս Տետեճյանը և Պարետ ու Հովհաննես Աճեմյան եղբայրները։ Վերջիններս իրենց ալյուրն արտահանում էին ծովեզրյա քաղաքներ։
Մալկարայում կային մանուֆակտուրայի 15 խանութներ, որոնցից 2-ը պատկանում էին հույներին, մնացածը` հայերին։ Առաջատարներ էին Հարություն ու Սերովբե Պողոսյան եղբայրները, Պետրոս Գավթանլյանը, Հակոբ Ոսկանյանը։ Այս ասպարեզում հայերն առհասարակ անմրցելի էին։
Նպարավաճառությունը բաժանված էր հայերի ու հույների միջև։ Այս ճյուղում լավագույն դիրք էին գրավում Գեղամ ու Կարապետ Տոմպազյան եղբայրները, Հակոբ Երամյանը, Մալխասյանը, Բարսեղյան եղբայրները։
Մետաղյա իրերի և փայտանյութի առևտուրն էլ էր բացառապես հայերի ձեռքում։ Առաջատարը «Կարապետ Պոտուճյան և որդիներ» ֆիրման էր։
Նախկինում Մալկարայում սպասքի և ապակեղենի առևտրով զբաղվում էր մեկ հրեա ընտանիք, սակայն հայերը, ի վերջո, այդ գործն էլ վերցրին իրենց ձեռքը։
Առևտրական եռուզեռը տեղի էր ունենում երկուշաբթի` Մալկարայի տոնավաճառային օրերին։ Շրջակա գյուղացիները թափվում էին քաղաք` բերելով հացահատիկային կուլտուրաներ, փայտ, ածուխ, կարագ, ընտանի կենդանիներ, բանջարեղեն և փոխարենը գնելով իրենց անհրաժեշտ ապրանքները։

Մերսին

Մէրսին անունը, կարծեմ, շրջականերն աճող մէրսին անուն վայրի ծառերէ առնուած է:
Սոյն քաղաքը Միջերկրականի հիւսիս-արեւելեան կողմը, Իսկէնտէրունի և Անթալիոյ ծոցերուն մէջտեղը կը գտնուի և Զմիւռնիայէն ետք Փոքր Ասիոյ կարեւորագոյն նաւահանգիստներէն մէկն է:


Բնակիչք մօտ երեք հազար տուն կը հաշուի, մեծ մասը Սուրիոյ ծովեզերքներէ գաղթած արաբ մահմետական և ֆէլլահ: Երկրորդ տարրը կը կազմեն դարձեալ Սուրոյ ծովեզերքներէ, Կիպրոսէ և Քիոսէ գաղթած քրիստոնեայ յոյներ: Երրորդ տարրը կը կազմեն Կեսարիայէն ու Հաճընէն գաղթած հայեր:
Մահմետական արաբացոց զբաղմունքը մանր-մունր առեւտուրներ և մավունաճիութիւն ու գայըգճիութիւն է: Ֆէլլահներն ընդհանրապէս պարտիզպանութեան կը պարապին: Դիտելի պարագայ մըն է, որ սոյն ժիր ու գործունեայ մարդիկ ինչպիսի գործունէութեամբ 50-60 տարուան ժամանակամիջոցի մէջ ճոխ պարտէզներ յարդարած ու յառաջ բերած են, որոնց մէջ ամէն տեսակ բանջարեղէնէ և պտուղներէ զատ, միմիայն Մէրսինի յատուկ եղող եէնի տիւնեա և շէքէր փարէ ըսուած տեսակ մը ամենաընտիր ծիրանին ախորժահամ պտուղներ են:
Յոյները, ինչպէս ծովեզերեայ տեղեր, հոս ալ կարեւոր դիրք մը բռնած են: 20-30 տարի առաջ ձեռնունայն Կիպրոսէն, Քիոսէն և Կեսարիայէն գաղթողները այսօր 10-20 և առնուազն 2-3 հազար ոսկիի տէր և ի Տարսոն բամպակէ թելի գործարան մը ունի:
Հայերը մեծ մասամբ գօմիսիօնճութեամբ և թօհաֆճիութեամբ կ’զբաղին, մէկ մասն ալ կօշկակար և այլ արհեստաւոր, ընդհանրապէս նիւթական ապահով վիճակ մը չունին:

Մէրսինի մէջ յանձնակատար վաճառականութեան գործերով կ’զբաղին հետեւեալ տուները.
«Մ. և Գ. Ս. Զէլվէեան» - ուղղակի եւրոպական գործարաններուն կը ծախէ քիթրէ ու ճէհրի և ընդարձակ գործառնութիւններ կ’ընէ իտալական և անգլիական կտաւեղինաց վրայ: Բուրդի գլխաւոր հաւաքողն ու առաքողն է և արմտիքի ու մորթի գործեր ունի Պոսթընի հրապարակին հետ: Հանքային յանձնառու է և գաղթաբերքի վրայ ալ ընդարձակ գործառնութիւն կ’ընէ:
«Եուսուֆեան և Գասապեան» - գլխաւոր գործառնութիւն երկաթի, գաղթաբերքի, արմտիքի, քապօթի, քարիւղի (մասնաւոր մթերանոց ունին), խուրտավաթի վրայ: Ներկայացուցիչ՝ շաքարի և պարկի եւրոպական գործարաններու: Մասնաճիւղեր ի Պոլիս, Կեսարիա, Ատանա և Տարսոն:
«Կիւլպէնկեան որդիք և Մանուկեան» - ընդարձակ գործառնութիւն արմտիքի և շուշմայի վրայ: Գաղթաբերքի գործեր Դրիէսդի իրենց Տան հետ: Արտածութիւն ոչխարի:
«Միսաք Քէշիշեան և ընկ.» - ընդարձակ գործեր արմտիքի, բամբակի, բամբակի կուտի, շուշմայի, գաղթաբերքի, երկաթեղէնի, ճէհրիի վրայ: Մասնաճիւղեր Ատանայի և Տարսոնի մէջ:
«Մ. Մ. Շիմշիրեան որդիք»- գաղթաբերք, չուխա, արմտիք, շուշմա, գորգ, դրամարկղ: Արտածութիւն ոչխարի: Համանուն տուներ Դրիէսդի և Կեսարիոյ մէջ:
«Մ. Կ. Գըլըճեան» - յանձնարարական գործեր Կեսարիոյ և շրջակայից հետ կտաւեղէնի, գաղթաբերքի և արմտիքի վրայ:
«Յովհաննէս Չէրչեան» - յանձնակատար և վաճառող ամէն տեսակ կտաւեղինաց, օճառի և արմտիքի: Յանձնարարական գործեր Կեսարիոյ, Իւրքիւպի, Էրէյլիի, Քարամանի, Նիյտէի, Գըրշէհրի, Մատէնի հետ:
«Պետրոս Ս. ՈՒրֆալեան» - կ’արտածէ և կը ներածէ մանիֆաթուրա, երկրագործական մեքենաներ, խուրտավաթ, խողովակ, գաղթաբերք, երկաթեղէն, ներկ: Կը հաւաքէ հնագիտական առարկաներ և գորգեր: Գորգի գործակալ համանուն տան յԱմերիկա: Եօքօհամայէն ուղղակի կը ներածէ ճաբոնական հնութիւններ: Յանձնարարական գործեր Ատանայի և Տարսոնի հետ:

Մէրսինի գլխաւոր վաճառականներն են.
«Եալընըզեան-Պախթիյարեան» - արմտիքի, շուշմայի, գաղթաբերքի գործեր: Գորգի վաճառում: Մասնաճիւղ ի Գըրշէհիր: Յանձնարարական գործառնութիւններ:
«Ն. Եսայեան և ընկ.» - մորթի, մեղրամոմի, արմտիքի գործեր: Արտածութիւն ապուխտի: Յանձնարարական գործեր Կեսարիոյ, Ատանայի, Իւրքիւպի, Գարամանի, Նիյտէի հետ:
Միհրան Քեահեաեան-արմտիքի, գաղթաբերքի, մորթեղէն ամէն տեսակ արտադրութեանց, կտաւեղէնի և այլ գործառնութիւններ:
Յակոբ Մանուէլեան - բուրդի, գաղթաբերքի, քիթրէի և այլնի գործառնութիւններ Կեսարիոյ և շրջակայից հետ:
Յակոբ Քալփաքեան - խուրտավաթ, գաղթաբերք, ներկ, ապուխտ, մորթ և գորգ:
«Կէրէքմէզեան և Խաչատուրեան» - Էվէրէկի և Կեսարիոյ հետ գործառնութիւններ բուրդի, մեղրամոմի, քիթրէի վրայ:
«Իսպէնչեան և Ճօլօլեան» - արմտիք և գորգ:

Սղերդ

Թուրքերն այն կոչում են Սիիրդ։ Գտնվում է Արևմտյան և Արևելյան Տիգրիսների միախառնվելու տեղից ոչ հեռու, Արևելյան Տիգրիսի աջակողմյան վտակ Բիթլիս (Բաղեշ) գետի ստորին հոսանքի շրջանում, Սղերդ գետակից 5-6 կմ հեռավորությամբ, սարավանդի վրա։
XVI-XVIII դդ. մտնում էր Դիարբեքիրի նահանգի (վիլայեթ), իսկ դրանից հետո՝ Բիթլիսի նահանգի մեջ, դարձյալ լինելով Սղերդ համանուն գավառի կենտրոնը։


Սղերդը XVIII դ. ունեցել է 5600 տուն հայ բնակիչ։ XIX դ. սկզբներին նրա ունեցած 2500 տուն բնակիչների մոտավորապես կեսը դարձյալ կազմում էին հայերը։ 1800-1830 թթ. ուներ մոտ 17 հազար բնակիչ, որից 10000-ը հայեր, 1830-1850 թթ.՝ 15 հազար բնակիչ, որից հայեր` 6000: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին այստեղ կար 13000 բնակիչ, որից հայերը դարձյալ 6000 էին, մնացածները թուրքեր, արաբներ, քրդեր և ասորիներ։ 1895-ի կոտորածի ժամանակ թուրքերը կողոպտել են այստեղի եկեղեցին, առաջնորդարանը և դպրոցը, հայ բնակչության մեծ մասին բռնությամբ մահմեդականացրել, հոգևորականներին՝ կոտորել, կանանց՝ անարգել: Իսկ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ երիտթուրքերը բնաջնջեցին այստեղի հայությանը, խնայելով միայն 100 արհեստավորների, որպեսզի աշխատեն թուրքերի համար։
Արհեստներով ու առևտրով գերազանցապես զբաղվում էին հայերը։ Առանձնապես մեծ համբավ ունեին այստեղ պատրաստված պղնձե ամանները, որոնց մի մասը վաճառվում էր գավառի և, նույնիսկ, նահանգի սահմաններից դուրս։ XIX դ. երկրորդ կեսից այստեղ աստիճանաբար առաջացել են նաև ավելի խոշոր տիպի ձեռնարկություններ՝ կաշվի, տեքստիլ, շալի «գործարաններ», որոնք սակայն քիչ են տարբերվել տնայնագործական և մանուֆակտուրային ձեռնարկություններից: Կրաքարով հարուստ Սղերդում գործում են կրի մի քանի գործարաններ, որոնց արտադրանքի մի մասը տարվում էր այլ վայրեր։
Քաղաքն ուներ իր շուկան, որտեղ XIX դ. վերջերին կային մինչև 100 խանութ ու կրպակ։

1915 թ. օգոստոսի դրությամբ Սղերդից սպանվել, անհետացել, իսլամացվել և առևանգվել էր 25000 հայ:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3922

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ