Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իր գլխավորած հանցախմբի հետ՝ հայոց Նյուրնբերգի թեկնածու

Իր գլխավորած հանցախմբի հետ՝ հայոց Նյուրնբերգի թեկնածու
24.03.2015 | 00:07

Գրելուս առիթը Մարի Բարսեղյան-Խանջյանի առաջարկած «Բանավեճի հրավերն» է («Իրատես de facto», թիվ 17)։ Եվ այսպես, ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը բարոյական չի համարում հանրապետության նախկին նախագահներին պետության հաշվին պատշաճ կենսաթոշակ չնշանակելը, նրանց հարմարավետ բնակարանով չապահովելը, նրանց անձնական անվտանգությունը չապահովելը, նրանց հետագա գործունեության համար գրասենյակ չտրամադրելը և այլ հարմարավետություններով չպատվելը։ Իհարկե, պետք է գնահատել, իհարկե, պետք է պատվել, բայց միայն նրանց, ովքեր իրենց գործունեության ընթացքում աշխատել են հանուն իրենց երկրի, ապրել երկրի և ժողովրդի դարդ ու ցավով։ Միանգամայն համամիտ եմ Մարի Բարսեղյան-Խանջյանի հարցադրման հետ. այս երկրի համար ի՞նչ է արել առաջին նախագահը, որին «մեծ պատիվներով հանգստի ու քաղաքական գործունեության ուղարկեցինք հրաժարականից հետո»։ Ոչի՛նչ, ասում եմ ու շարունակում՝ զարմանալի հորձանուտում ենք հայտնվել։ Ժամանակին դեռևս Ղազարոս Աղայանն է զգուշացրել մտավոր համաճարակի վտանգի մասին։ Այսօր մի այնպիսի համաճարակի մեջ ենք, որ ոչ միայն «շունը տիրոջը չի ճանաչում», այլև չի էլ կարող ճանաչել։ Փորձում ես հեռուստաէկրանից մի հուսադրող լուր լսել հայրենի կառավարությունից, գլխիդ են զարկում Լևոն Տեր-Պետրոսյանին տրվելիք անսահմանափակ բարիքները, փոխանակ նրան դատեն, ինչպես Նյուրնբերգում դատեցին ուրիշներին։ Ահա թե ինչու ես (սա զուտ իմ տեսակետն է) հանդես եմ գալիս նրան ու նրա հանցախմբին դատելու պահանջով։ Փորձեմ հիմնավորել իմ պահանջը։
Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը երբևէ մի ճիշտ բան է ասել, խոստովանությունն է, որ ինքը ստեղծել է ավազակապետություն ու անվանակոչել այն, որից արդեն քառորդ դար չի կարողանում ազատագրվել ողնաշարը ծռած մեր ժողովուրդը։ Իսկ թե ո՞վ էր հայոց ավազակապետության հիմնադիր Լևոն Տեր-Պետրոսյանը, ընթերցողը կարող է հանգամանորեն իմանալ Էդուարդ Հովհաննիսյանի սպառիչ բացահայտումներից, որ հրապարակել է 1992 թ. հուլիսին «Ազատամարտի» էջերում։ Այդտեղից մենք կհիշատակենք միայն այն, որ նա 1977-ից ընդգրկված է եղել ՊԱԿ-ի հատուկ զորամասերի կազմում, անհատական համարը եղել է Ժ-385298, 1982-ին արդեն ավագ լեյտենանտ էր՝ «զարդարված» գերդրական բնութագրերով։
Այն, որ ցանկացած իշխանության համար պետական անվտանգության ապահովումն անխուսափելի ու պարտադիր անհրաժեշտություն է, քննարկման ենթակա չէ։ Բայց խորհրդային ամենազոր ու սարսափելի ԿԳԲ-ն ինչ զարգացում ունեցավ մանավանդ այն պահից սկսած, երբ Խրուշչովը կոշիկով հարվածեց ՄԱԿ-ի ամբիոնին և պահանջեց խաղաղ մրցակցություն Ամերիկայի հետ, դա արդեն լուրջ ու համակողմանի հետազոտում է պահանջում։ Նշենք միայն, որ ԱՄՆ-ն անմիջապես ընդունեց մարտահրավերը. ստալինյան ռեժիմից ազատագրվող երկրի դերակատարներին՝ ներքևից վերև, հեշտությամբ հասկացրեց, որ սոցիալիստական սեփականությունը բնավ սրբազան չէ, այլ անտեր մի դիակ, որից հետո ուժգին թափով կյանք մտան թալանն ու կաշառակերությունը։ Խրուշչովից հետո Բրեժնևն արդեն երկրի առաջին կաշառակերն էր, ինչն էլ մեր Քոչինյանի ազգանվանն ավելացրեց Բրիլյանտիչ մականունը։ Զուգահեռաբար, ԿՀՎ-ի (ՃՀձ) հետևողական ջանքերով, 50-ականներին դեռևս սովից զկռտացող պատանիներից հավաքագրեցին գորբաչովյան թիմը, տասնամյակների ընթացքում աննահանջ բարձրացրին պետական կառույցներով՝ հասցնելով իշխանության գլուխ։ Հաջողությունն այնքան կատարյալ էր, որ վերջում իրենց կամքը թելադրում էին լակոնիկ շեշտակիությամբ։
Չեռնենկոյի դիակը դեռևս սեղանին՝ Լոնդոն գործուղված արտաքին գործերի պաշտոնյային այդ օրերի ԿՀՎ-ի ղեկավար Ավագ Բուշը հանդիպման է հրավիրում մի սրճարան։ Երբ հանդիպում են, Բուշն իրազեկում է. «Արևմուտքը պահանջում է, որ Գորբաչովը դառնա գլխավոր քարտուղար», և, գլխարկը վերցնելով, հեռանում է։ Երբ պաշտոնյան նույն նախադասությունը փոխանցում է արտաքին գործերի նախարար Գրոմիկոյին, վերջինս անմիջապես հարցնում է՝ Լոնդոնում անձրև՞ էր, թե՞ արև, այսինքն՝ խոսակցությունը վերջացած է, և Գորբաչովը դառնում է գլխավոր քարտուղար։ Ահա այդ թիմի՝ իշխանության հասած այդ համակարգի, այդ ՊԱԿ-ի անդամ է եղել Լևոն Տեր-Պետրոսյանը, այն էլ՝ հատուկ զորամասերի կազմում, և հետևողականորեն կատարել է դրսից ուղարկված հանձնարարությունները, որոնք միայն ավերածություններ ու չարագործություններ էին մեր ժողովրդի ու հայրենիքի դեմ։ Թերթենք այդ ավերումների ու չարագործությունների ցանկը։
1. Գորբաչովյան «перестройка»-ն ու «гласность»-ը այն որոնված առիթն էին, որ անխուսափելի անհրաժեշտությամբ հրապարակ էր դուրս բերելու մեր ազգային պահանջատիրությունը, բայց այդ հարցում առավել անհամբեր գտնվեց ԽՍՀՄ-ի կործանումը ծրագրավորած գորբաչովյան կենտրոնը։ 1987 թ. Գորբաչովն իր մերձավոր զինակից Աղամբեկյանին գործուղեց Փարիզ, որ «Յումանիտեի» էջերից հայտարարի, թե «перестройка»-ն լուծելու է նաև Ղարաբաղի ու Նախիջևանի հարցերը։ Զուգահեռաբար նույն օրերին Ադրբեջանի ղեկավարությունը Բաղրամյանի ու Բաբաջանյանի հայրենի գյուղ Չարդախլուից պահանջեց 500 հա զիջել թուրքերին և, մերժում ստանալով, միլիցիայի ջոկատով ծեծեց գյուղի կանանց, որոնք, արյունահեղությունից խուսափելու հույսով, իրենք էին դուրս եկել պատասխանելու։ Չուշացավ նաև Եվրախորհուրդը՝ հատուկ որոշմամբ ընդունելով Հայոց ցեղասպանությունը։ Անկախ դրանցից և նման կարգի արտաքին գրգռիչ քայլերից, «перестройка»-ի հռչակման պահից սկսած, Ղարաբաղի բնակչությունն արդեն ձեռնարկել էր քայլեր՝ զորավիգ ունենալով Երևանում գործող բազմաթիվ համակիրների աջակցությունը, որ, ըստ ամենայնի, ներկայացնի իր պահանջատիրությունը։ 1987-ի աշնանը և հաջորդ հունվարին Մոսկվան ընդունեց ղարաբաղցիների 3 պատվիրակություն, նրանց ոգևորեց կարմիր հույսերով (չկռահեցինք, որ այդ կարմիրը արյան գույնն է), և մենք ազգովին դուրս եկանք հրապարակ։
Երբ արդեն Երևանի փողոցներն ու հրապարակները լցվել էին միլիոնի հասնող ցուցարարներով, երբ շարժումն արդեն ընդունել էր համազգային կերպարանք, բայց տասնամյակներ շարունակ ղարաբաղյան հարցով Կրեմլի դռները ծեծող շրջանակները դեռևս չէին հասցրել մի ընդհանուր հունի մեջ դնել շարժումը, հանկարծ մի գիշերվա մեջ «երկնքից» օպերայի հրապարակ են իջեցնում մի տասնյակի չափ անձանց՝ ՊԱԿ-ի հատուկ զորամասերի ավագ լեյտենանտ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ՝ ձեռքները տալով հավասար ուժի 2 ծրագիր։ Առաջինը՝ պետք է ժողովրդի զգացմունքներն այն աստիճանի գրգռել, այնպիսի խառնաշփոթություն ստեղծել իրենց կազմակերպած սադրանքներով, որ արձագանքը տարածվի երկրագնդով մեկ։ Եվ «Պայքա՜ր, պայքա՜ր մինչև վերջ» գերհեղափոխական կարգախոսով «բարեխղճորեն» գործի անցան։ Ինքնաթիռների երթևեկությունը խափանելու նշանաբանով կազմակերպված սադրանքի պատճառով ունեցանք առաջին զոհը։ Կայարանում կազմակերպված սադրանքի ժամանակ «հերոսական» ջանքերով կանգնեցրին քաղաք մտնող տանկերը։ Նույնիսկ կարողացան ԳԽ պատգամավորներին հարկադրելու, ԳԽ նախագահ Ոսկանյանին ծեծելու գնով Ղարաբաղը «միացնել» Հայաստանին։ Բայց դրանք ընդամենը ծխածածկույթ էին իրենց տրված մյուս ծրագիրը հետևողականորեն իրականացնելու համար, որը շատ ավելի երկար ժամանակ էր պահանջում։
Երկրորդ ծրագիրը Հայաստանի հզոր արդյունաբերությունը և ընդհանրապես տնտեսությունը կազմաքանդելն էր։ Եվ պատահական չէ, որ իրենց տերերի պահանջով առաջին թիրախը դարձրին Բալկաններից մինչև Չինաստան, Կովկասյան լեռներից մինչև Արաբական թերակղզի մենաշնորհային դիրքում գտնվող արդյունաբերական հսկան՝ «Նաիրիտը», որն արդեն քառորդ դար է վերականգնել չի հաջողվում (փակագծում արձանագրենք, որ արտաքին այդ հզոր ուժերը մինչ օրս էլ, բիզը վզներիս դեմ տված, ստիպում են Անդրկովկասում ու Մերձավոր Արևելքում մեր միակ ատոմակայանն էլ փակել, որպեսզի իրենք գոնե մի-երկու գիշեր հանգիստ քնեն)։ Իսկ երբ իշխանության հասան, հետևողականորեն քանդուքարափ արեցին արդյունաբերական համալիրները, մետաղական ջարդոնը ծախծխեցին օտարներին՝ կուտակած միլիարդները պահեստավորելով արտասահմանյան բանկերում։ Այդքանը բավարար չհամարելով՝ Հայաստան մտնելիք բենզինն ու սալյարկան էլ դրսերում ծախծխեցին, երբ երկիրը ճակատագրական պատերազմի մեջ էր։ Արշակ Սադոյանի տարիների ջանքերը, այդ ոճրագործությունը բացահայտելու ուղղությամբ, որևէ արդյունք չարձանագրեցին, որովհետև իրենց դեմ «խաղ չկար»։ Նույնպիսի հետևողականությամբ խժռեցին գյուղատնտեսությունը՝ գյուղացուն թողնելով բահի հույսին, անհնար դարձրին բարիք ստեղծող աշխատանքով ապրելու հնարավորությունը՝ ժողովրդին մղելով արտագաղթի, որ շարունակվում է մինչ օրս։
Անհրաժեշտ է տնտեսագիտական հաշվարկներով պարզել նրանց ավերումների ու թալանի չափերը, համազգային դատի պարտադրանքով վերադարձնել այն և ծառայեցնել արտադրության վերականգնմանը։
2. Դեռևս լիարժեք իշխանության չհասած, սպանեցին իրենց հակառակորդներից երկուսին՝ պատգամավորներ Գեղազնիկ Միքայելյանին և Վիտյա Այվազյանին, որպեսզի կատարված ողբերգությունը ջարդեն ՀԱԲ-ի գլխին (կազմակերպություն, որն այդ օրերին պակաս հեղինակություն չուներ)։ Սպանություններն ու տեռորը դարձրին պետական քաղաքականության առաջնակարգ խնդիր՝ հասցնելով մինչև Մոսկվա և Պետերբուրգ։ Ոչնչացնում էին բոլոր նրանց, ովքեր խանգարում էին իրենց ազգադավ գործունեությանը, ովքեր իրենց համար վտանգավոր էին։
Աշխատանքի բերումով Յուզբաշյանը քաջ գիտեր, թե ՀՀՇ-ական «վերնախավի» պոչերը դրսի որ սյուներից են կապված, և հնարավոր վտանգը կանխելու նպատակով նրան վերացրին զբոսայգում՝ հանգստանալու պահին։ «Ոմն» Ղանդիլյանի, որը խանգարում էր նրանց ավազակային թալանին, վերացրին աշխատանքի գնալու ճանապարհին։ Իրենց կազմի ոչ երկրորդական դերակատար Համբարձում Գալստյանը ինչ-ինչ պատճառով փորձեց հետ կանգնել։ Մասոնական իրենց օրենքով նման անձը զրկվում է ապրելու իրավունքից, և... վերացրին։ Ընտրություններում պարտությո՞ւն էին կրել, պետք է հասարակական մթնոլորտը գերշիկացնեին, ստեղծեին այնպիսի քաոսային վիճակ, որ արյունահեղությունը, հրդեհումները, խանութների կողոպուտն անխուսափելի դառնային։ Կամ հասարակական կարգը պահպանող ոստիկանին ծեծեին և դառնային քաղաքական բանտարկյալ։ Եվ այսպես շարունակ։ Այդքանից հետո այնքան են լկտիացել, որ տարիներ շարունակ հանձնաժողով են պահանջում իրենց կատարածների մեղքը ուրիշների վզին փաթաթելու հույսով։
Նույնպիսի սանձարձակ հետևողականությամբ հաշվեհարդար տեսան նաև թուրքերի դեմ անհավասար մարտի ելած շատ ու շատ ազատամարտիկների նկատմամբ։ Արթուր Մկրտչյանը չկատարեց Լևոն Տեր-Պետրոսյանի պահանջը՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու հարցում, և հաջողությամբ դիմագրավում էր թշնամու գրոհներին, նույնիսկ արձանագրում հաջողություններ։ Արթուր Մկրտչյանին վերացրին սեփական բնակարանում։ Հայրենիքի համար մարտնչող Համլետ Մարտիրոսյանին, Սարո և Հովիկ Սարդարյաններին սպանեցին Հադրութում։ Հայրենի Մարտակերտը լիարժեքորեն ազատագրելու որոշում ընդունած Նորայր Դանիելյանին սպանեցին կես ճանապարհին, որ տեղ չհասնի, և Մարտակերտից 9 գյուղ՝ իրենց ջրարբի տարածքներով, թողեցին թշնամու ձեռքին։ Ո՞ր մեկը թվես, ո՞ր մեկը թողնես։
Անհրաժեշտ է արձանագրել տերպետրոսյանականների իրականացրած բոլոր սպանություններն ու հաշվեհարդարները և հաշիվ պահանջել կատարած ոճրագործությունների համար։
3. Երբ Ադրբեջանն ազդարարեց իր անկախության մասին, երկու օր հետո՝ սեպտեմբերի 2-ին, Ղարաբաղը ևս հանդես եկավ Ադրբեջանից տարանջատվելու հռչակագրով։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 3-ին, Լևոն Տեր-Պետրոսյանը հեռուստատեսությամբ ազդարարեց, որ Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում։ Եվ այդ կետից, մեր վզին փաթաթված պատերազմի ողջ ընթացքում, նա կռվել է մեր դեմ։ Հետևենք փաստական իրողությունների ընթացքին։
Ղարաբաղը շրջանցեց Լևոն Տեր-Պետրոսյանի պահանջը, հանրաքվեով ամրագրեց իր անկախությունը, ստեղծեց պետական կառույցներ։ Երբ ԳԽ նախագահ ընտրված Արթուր Մկրտչյանը եկավ Երևան՝ Լևոն Տեր-Պետրոսյանին հանդիպելու, վերջինս Մկրտչյանից պահանջեց հրաժարական տալ, բայց արդյունքի չհասավ։ Հակառակորդն արդեն սկսել էր կազմակերպված պատերազմ Ղարաբաղի դեմ։ Մեր ազատամարտիկները ոչ միայն կարողանում էին դիմագրավել թշնամուն, այլև արձանագրել առաջին լուրջ հաջողությունը՝ վերացնելով Խոջալուի կրակակետը։ Մի քանի օր հետո Արթուր Մկրտչյանը սպանվեց։ Այս ստոր ոճրագործությունը ևս «դաս» չեղավ մեր ազատամարտիկներին։ Կարճ ժամանակ հետո, տաղանդավոր զորավար Կոմանդոսի ղեկավարությամբ, նրանք ազատագրեցին հայոց Շուշի քաղաքը՝ այն անառիկ ամրոցը, որ 100-հազարանոց զորքով չի կարողացել գրավել Աղա Մահմեդ շահը և գնացել Թիֆլիսն է ավերել, թագաժառանգ Աբաս Միրզան 60-հազարանոց զորքով գլխիկոր հեռացել է Շուշիի փեշերից։
Այդ հերոսական մեծագործությունից օրեր անց մեր զավակները խոսում էին, որ շուտով նույն ձևով ազատագրելու են Գետաշենն ու հարակից հայկական գյուղերը, երբ Բաբկեն Արարքցյանը, մի խմբի գլուխ անցած, վայրէջք կատարեց Ստեփանակերտում, թե եկել են իշխանափոխություն կատարելու։ Արարքցյանի բորբոքած եռօրյա խժդժություններով, նույնիսկ «իրենց թեկնածուի օգտին չքվեարկելու դեպքում սալյարկա չեն տալու» սպառնալիքով արդյունքի հասնել չկարողանալով, ոտնահարեցին իրավական նորմերը, իշխանությունների գլխավերևը կանգնեցրին մի նոր կառույց, հանձնեցին իրենց թեկնածուին, որ առաջ տանեն իրենց սև գործը։ Առաջին զոհը դարձրին Շահումյանը։
Շահումյանի շրջանի Կարաչինար գյուղի հինգ դիրքապահ, որոնցից մեկն իմ հորեղբոր թոռան ամուսինն էր, առավոտ վաղ տեսնում են, որ տանկեր են շարժվում իրենց գյուղի ուղղությամբ։ Անհամբեր սպասում են, թե որոշակի տեղում տանկերը պայթելու են ականների վրա, բայց տանկերն այդտեղով անցնում են՝ փոշի բարձրացնելով։ Տանկիստները ռուսներ և ուկրաինացիներ էին, ովքեր գյուղի փողոցներով շրջելով, բղավում էին՝ փախեք, քանի դեռ թուրք խուժանը չի հասել գյուղ։ Խուճապահար ժողովուրդը փախչում է մերձակա անտառը, այնտեղից անտառներով ու լեռներով օրեր հետո հասնում Գորիս։ Ո՞Ւմ կարգադրությամբ և ովքե՞ր ականազերծեցին Կարաչինարի պաշտպանական գիծը։ Միգուցե հարցին պատասխաներ Մեղրյա՞նը, եթե նրան չոչնչացնեին օդում։
Նույնպիսի ստոր հետևողականությամբ, «Արաբոյի» ջոկատը ծուղակի մեջ գցելով և ոչնչացնելով, շատ ազատամարտիկների տեռորի զոհ դարձնելով, Մարտակերտի մեծ մասն էլ հանձնեցին թուրքերին։ Եվ եթե հաշվի առնենք, որ Շուշիի շրջանը և Հադրութի շրջանի մեծ մասը Գորբաչովն էր հայաթափել, Ասկերանի շրջանը խստագույնս տուժել էր Աղդամից կատարված հարձակումներից, մնում էին մի ռմբահարված Ստեփանակերտ և համարյա անզեն մի Մարտունի։ Այդ օրհասական օրերին երկնքից Մարտունի վայրէջք կատարեց մի ճշմարիտ հայրենասեր, մի անզուգական նվիրյալ՝ Մոնթե Մելքոնյանը, թշնամուց խլված տանկերով կազմակերպեց շրջանի ինքնապաշտպանությունը, կանխեց խուճապային տրամադրությունները, ինչն սկիզբ դարձավ ազատագրական պայքարի նոր շրջադարձի։
Մեր զավակներն իրենց հայրերի ստեղծած ռազմավարական ճանապարհով երկու անգամ հասան Դիզակի սահմանագլուխ, այնտեղ ցարի կառուցած Հորադիզ կայարանը ազատագրեցին թուրքերից, բայց երկու անգամ էլ տերպետրոսյանականներն այն վերադարձրին թուրքերին։ Ենթադրենք, թե առաջին անգամ մեր զավակների անփութության արդյունք է եղել այդ, բայց երկրորդ անգամ ազատագրելուց հետո Երևանի տրոլեյբուսներից ու այլ փոխադրամիջոցներից հավաքագրած, զենքի հետ առնչություն չունեցած պատանիների հասցրին Հորադիզ, ջարդի տակ դրին, դիակներն էլ այնպես պահեցին բաց դաշտում, որ որոշ ծնողներ չկարողացան ճանաչել իրենց զավակներին և մինչ օրս էլ մղկտում են, որ իրենց որդու փոխարեն ուրիշին են հուղարկավորել։ Դրանով հակաղարաբաղյան տրամադրություններ սերմանեցին, որ մինչև հիմա էլ շարունակվում են։
Երբ մեր զավակներն ազատագրեցին ցարի կառուցած Կարյագինոն, որ թուրքերը վերանվանել էին Բաղդադում կախաղան հանված Ֆիզուլու անունով, այդ տարածքներ խցկված թուրքերը, որոնց հիմնական մասը 1954 թ. Իրանից փախած զանգվածներ էին, միակամ լքեցին իրենց չպատկանող տարածքները, նույնիսկ մարտական գործողություններից 100 կմ հեռավորության վրա գտնվող Ժդանովի շրջանը դատարկեցին։ Ճակատի քրտինքով մի կտոր հաց վաստակող շարքային թուրքն այդքան նամուս ունեցավ։ Մեր մի քանի ազատամարտիկներ մի երկու տանկով հետախուզության դուրս եկան, հասան իրենց հայրերի ու պապերի կառուցած Ժդանովի շրջան, թուրքերից լքված այդ վայրերում երկու օր հանգստացան, բայց երրորդ օրը, Լևոն Տեր-Պետրոսյանի կարգադրությամբ, հետ դարձրին նրանց, որ սահմանն անցնի Մարտունու շրջանի վարելահողերի մեծ մասով և մարզի անասունների ձմեռանոցներով։
Մեծ պատերազմի տարիներին դեռևս 11-12 տարեկան սերնդակիցներս մեր ուսուցիչների գլխավորությամբ հարազատ գյուղից 60 կմ ներքև՝ դեպի Արաքս ձգվող տարածքում, հնձում էինք մեր գյուղի արտերը։ Այսօր լուրեր են պտտվում, թե թուրքերը ծրագրել են այնտեղ քաղաք կառուցել։ Մենք հաշիվ ենք պահանջում մեր հայրենական հողերը, մասնավոր կտրվածքով նաև մեր հողաբաժինը վաճառած Լևոն Տեր-Պետրոսյանից։
1994-ի գարնանը մեր և հակառակորդի ուժերի հարաբերակցությունն այնպիսին էր, որ հայ ազատամարտիկները կարող էին զինվորական քայլարշավով հասնել Կուր գետի ափերը, թշնամու հետ բանակցել Մոնթե Մելքոնյանի կանխագծած Եվլախ կայարանում, մանավանդ որ հակառակորդ կողմը ոտուձեռ ընկած միջնորդներ էր որոնում զինադադար կնքելու համար։ Բայց ոչ միայն վիժեցրին այդ ծրագիրը, այլև Նորայր Դանիելյանին սպանեցին՝ թույլ չտալով լիարժեք ազատագրել հարազատ շրջանը։
Մնում է հաշվարկել, թե հայրենական ինչ տարածքներ ծախեցին թուրքերին։ Առաջին զոհը դարձավ Գարդմանք-Շահումյանը՝ 558 քառակուսի կմ տարածքով ու 17 հազար բնակչությամբ՝ որպես փոխհատուցում Շուշիի ազատագրման դիմաց։ «Վաճառքի» հանված Ջրաբերդ-Մարտակերտի շրջանի 1705 քառ.կմ տարածքից 1430-ը փրկեցին մեր զավակները, 275 քառ. կմ-ն իրենց մեղքով մնաց թշնամուն՝ ջարդի ու բռնագաղթի զոհ դարձնելով 9252 բնակչի։
Անցած դարի 30-ական թվականներին մարզի բոլոր գյուղերից հավաքագրած աշխատուժով վերականգնեցինք Լենկթեմուրի ավերակ դարձրած մեր Բայլականը, դարձրինք եկամտաբեր գյուղատնտեսական տարածք։ Բաքուն վրան դաջեց Ժդանով անունը, խլեց մարզից ու դարձրեց հանրապետական ենթակայության շրջան։ Այն զբաղեցնում է 1131 քառ. կմ տարածք։ Դրանց միացրին նաև Մարտունու շրջանի վարելահողերն ու մարզի անասունների ձմեռանոց Հարամին՝ 550 քառ. կմ տարածքով ու ծախեցին թշնամուն։
Դեռևս 1923 թ. Բաքվի բոլշևիկամուսավաթական կառավարությանը հաջողվեց մարզ ձևավորել Արցախ-Ղարաբաղի տարածքի մեր երրորդ մասում միայն՝ դուրս թողնելով Հյուսիսային Արցախի Շամխոր, Քարհատ-Դաշքեսան, Ելենդորֆ-Խանլար, Գարդմանք-Շահումյան շրջանները, որտեղ բնակվում էին 86 հազար հայ, 7565 ռուս ու գերմանացի, բայց ոչ մի թուրքական բնակավայր չկար։ Մարզի կազմից դուրս թողեցին նաև Դիզակի տարածքի մեծ մասը, դարձրին Կարյագինո-Ֆիզուլու շրջան՝ իր 1386 քառ. կմ տարածքով։ Նորից ընդգծենք, որ Դիզակի տարածքում ցարի ստեղծած Կարյագինոն ազատագրելուց հետո այդ տարածքներ խցկված ազերթուրքերը մի մարդու պես կամավոր լքեցին իրենց չպատկանող տարածքները։
Իրար կողքի բերելով մեր հայրենական տարածքների կորուստների մի մասը, շրջանցելով Հյուսիսային Արցախի շրջանները, մեր Պարտավ մայրաքաղաքն ու Գանձակը՝ ճակատագրական հակամարտության ժամանակ տերպետրոսյանական հանցախումբը 3900 քառ. կմ տարածք է վաճառել հակառակորդ թուրքերին։
Մենք համազգային ընդգրկումով դատ ենք պահանջում Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած հանցախմբի հայադավ գործունեության դեմ։ Խորհրդային վերջին տասնամյակներին ունեինք Հայաստանի Հանրապետություն, որը արդյունաբերության զարգացման մակարդակով եվրոպական պետությունների ցանկում զբաղեցնում էր 8-րդ տեղը։ Լևոն Տեր-Պետրոսյանն ավերակ դարձրեց այդ ծաղկուն հանրապետության տնտեսությունը՝ բնակչությանը հարկադրելով արտագաղթի, որն անկասելի թափով շարունակվում է։
Լևոն Տեր-Պետրոսյանը ստեղծեց մի ավազակապետություն, որի քաղաքականության առանցքը դարձան տեռորն ու ֆիզիկական հաշվեհարդարը, ինչը շարունակվում է մինչ օրս։
Մեր վզին փաթաթված ճակատագրական պատերազմի ելման կետից սկսած՝ Լևոն Տեր-Պետրոսյանը մեր դեմ է գործել՝ ֆիզիկապես վերացնելով բազմաթիվ անկոտրում հայրենասերների՝ Արթուր Մկրտչյանից մինչև Նորայր Դանիելյան, կանգ չառնելով նույնիսկ թուրքերի ինքնակամ լքած մեր տարածքները նորից թուրքերին վերադարձնելու ոճրագործության առաջ։
Այս ամենի դեմ դատը պետք է համազգային ընդգրկում ունենա՝ սփյուռքի մեր իրավագետների գործուն ու վճռորոշ դերակատարմամբ՝ երկու կարևոր պատճառով։ Հանրապետության իրավական դաշտում վխտում են Լևոն Տեր-Պետրոսյանի դաստիարակած կադրերը, որոնց բնավ ձեռնտու չէ արդարության վերականգնումը։ Նրանք իրենց շատ լավ են զգում Լևոնի ստեղծած ավազակապետությունում։ Նրանց հախից ևս կարող են գալ սփյուռքի մեր իրավագետները և օրինականության պարտադրանքով ավազակապետությունը ապահով ու բարգավաճող հայրենիք դարձնելու ճանապարհ բացել։
Չի բացառվում նաև տերպետրոսյանականների թիկունքում կանգնած արտաքին գերհզոր ուժերի ճնշումը մեր իշխանությունների վրա, որպեսզի վճռական գործողությունների չդիմեն։ Արտաքին այդ ուժերը չեն կարող նույնը պարտադրել սփյուռքի մեր իրավագետներին, որոնք ազատ ու անկախ քաղաքացիներ են։
Եվ այսպես։ Համազգային դատարանի անբեկանելի վճիռն ավազակապետությունից դեպի ապահով ու բարգավաճող հայրենիք այն միակ ճանապարհն է, որը կապահովի մեր երկրի հարատևումը, մեր պանդուխտ դարձած զավակներին կվերադարձնի հայրենիք։

Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2445

Մեկնաբանություններ