Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անդեն (կամ ինչպես են ազգերը տեր կանգնում իրենց մեռելներին)

Անդեն (կամ ինչպես են ազգերը տեր կանգնում իրենց մեռելներին)
24.03.2015 | 11:54

Այո՛, ինչպես վերնագրեցինք, այդպես էլ պետք է վարվենք, այսինքն` մահվան վարագույրից այն կողմ պետք է անցնենք, քանի որ «անդեն» բառի բացատրությունը անդրաշխարհ կամ այնաշխարհ է նշանակում: Առայժմ այնտեղ կլինենք մտքով ու գրով՝ հիմնավորված Տիրոջ անսուտն խոսքով, ապա հոգով. երբ գա մեր ժամանակը, որովհետև Արարիչ Աստծո անբեկանելի հրամանը կա. «Մարդկանց համար մեկ անգամ մեռնել կա և այնուհետև դատաստան» (Եբր. 9.27):
Երբ սուրբ հայրերից մեկին հարցրել են, թե ով է իմաստուն, նա պատասխանել է. «Իմաստուն է այն մարդը, ով պատրաստվում է մահվան»: Սա կոչվում է մահվանը հաղթող իմաստնացնող հիշողություն:
Թող Արարիչ Տերը մեզ այդ իմաստությունը շնորհի, որ յուրաքանչյուր օրը որպես վերջին օր ապրելով, մահվանը պատրաստ դիմավորենք, երբ էլ որ այն գալու լինի: Սկսենք անդրաշխարհային ծանոթությունը հին ազգերի ավանդություններից:

ՓԱՐԱՎՈՆՆԵՐԻ «ՄԵՌՅԱԼՆԵՐԻ ԳԻՐՔԸ»
Որպես հինավուրց ազգերից մեկը, եգիպտացիներն ունեն իրենց յուրահատուկ, նույնիսկ կասեի, անկրկնելի երկյուղալից հարգանքն անդրաշխարհի իմացության հանդեպ։ Առաջինը, որ նրանք գրառել են մահվան խորհրդի վերաբերյալ, «Բուրգերի գիրք» կոչվող շինություններն են։ Այո՛, շինությունները, որովհետև այդ գրառումները կատարվել են բուրգերի ներքին պատերին։ Այդ արձանագրությունները, ըստ եգիպտական քրմերի, պետք է ապահովեին փարավոնի հոգու անարգել անցումը դեպի անդրաշխարհային այլագոյություն (Ամենթ), որ թարգմանվում է արևելք, ուր ըստ նրանց գտնվում է այն վայրը, որտեղ գտնվում են աստվածները, և ուր նա պետք է ստանա սպասված անմահությունը։
«Բուրգերի գիրք» կոչվող արձանագրությունները միայն փարավոնի համար էին նախատեսված, քանի որ, ըստ եգիպտացիների, միայն նա ունի հոգի, որն անմահանալու է Ամենթ-արևելքում։ Այդ գրքում կա մի ամբողջ կանոնակարգ, թե ինչպես պետք է հոգին հաղթահարի մարմնից դուրս՝ ելքի դժվարություններն ու ծուղակները, որ սպասում են նրան այդ ճանապարհին։ Սա ինչ-որ ձևով հիշեցնում է ուղղափառության մեջ ընդունված մեղսակայանների գոյությունը, որտեղ հոգիներին սպասում են օդի իշխանի՝ սատանայի ծառաները՝ դևերը, որոնք խոչընդոտում են հոգիների վերելքին դեպի հավիտենական հանգստավայր։
Մ.թ.ա. 17-րդ դարից հետո, երբ դադարում են բուրգեր կառուցելը, թագավորական տոհմի մահացածներին սկսում են թաղել շքեղ դամբարաններում՝ պահելով մումիացված վիճակում։ Դրանց պատերի արձանագրությունները, որը կոչվում են «Դամբարանների գիրք», դարձյալ իրենցից ներկայացնում են մահացածների թաղման մանրամասն ծեսերն ու վերջնական նպատակը՝ անմահացումը։ Ի տարբերություն «Բուրգերի գրքի», այստեղ տեղեկացվում է, որ, բացի փարավոնից, նաև նրա մերձավոր արյունակիցները հոգի ունեն, այսինքն` անմահանալու հնարավորություն։ Իսկ այլ մահկանացու հասարակ մարդիկ, ըստ նրանց կրոնի, հոգիներ ունենալու արժանի չեն։
Երրորդը «Սարկոֆագների գիրքն» է։ Այն հատուկ շքեղազարդ դագաղների՝ սարկոֆագների վրա արված արձանագրությունների ամբողջություն է, որտեղ մանրամասնորեն նկարագրված են դրանց նշանակությունն ու պահպանությունը, և իհարկե՝ նպատակը։
Իսկ «Մեռյալների գիրք»-ը գրված է պապիրուսների վրա, որտեղ զետեղված են անդրաշխարհի աստվածներին ուղղված գովաբանություններ, մաղթանքներ, ինչպես նաև աղերս-աղոթքներ։ Այս գիրքը գրվել, լրացվել, ու փոփոխվել է հազարամյակների ընթացքում, որն ըստ նրանց քրմերի ուսմունքի, ունի մուտքի բանալու նշանակություն, այսինքն, մինչև մարդ ձեռքում չունենա «Մեռյալների գիրքը», չի կարող մտնել եգիպտական հոգևոր տաճարից ներս ու գնալ սպասված անդրաշխարհ։
Ըստ այդ գրառումների՝ տիեզերքի գաղտնիքը կյանքն է, իսկ կյանքի գաղտնիքը՝ մահը։ Սրանք միմյանց շաղկապված են, ու մեկով կարելի է ճանաչել մյուսը։
Այս գիրքը մարդկանց մտքերը կյանքի ընթացքում նպատակաուղղում է արդար ու բարոյական ապրելակերպի, առանց որի այդ հանգուցյալի անարժան ու աղտոտված հոգին դիվային էության է վերածվում։
Այդ գրքում կան նաև մարդու անվան կարևորությունը հաստատող գրառումներ։ Բանն այն է, որ հնում եգիպտացիները մարդու անվանը չափազանց մեծ նշանակություն են տվել, նույնիսկ անունը մոգական բանաձև են համարել, քանի որ, ըստ նրանց, մարդու հոգին բնակվում է իր անվան մեջ, ու եթե ուզում ես մոտենալ հոգուն, ապա դա կարող ես անել նրա անվան միջոցով։ Այդպես էլ գրված է հետևյալ տողերում. «Բացահայտվի՛ր ինձ։ Ո՞վ ես դու։ Ո՞Ւր ես գնում։ Ի՞նչ է անունդ»։
Օրինակ, եթե այն արժանավոր հոգի է, ապա անվան միջոցով հանգուցյալը նրանից ստանում է դրական և օգտակար զորություն, որոնք պաշտպանում են նրան այն աշխարհի փորձություններում։ Իսկ անարժան ու մեղավոր հոգիները ստանում են դիվական ու չար էություն։ Այդ պատճառով, եգիպտական քրմերի ասելով, անունների հմայակներն օգնում են մարդուն։ Դա նույնպես հեռավոր կերպով հիշեցնում է քրիստոնեական սրբերի անվան բարեխոսություններն ու օգնությունները։
Ըստ եգիպական հավատալիքների, մարդու հոգու կրկնակը՝ Կաան, վերջին ուղևորությունից հետո պիտի վերադառնա աշխարհ, որ կենդանացնի հոգուն, ըստ նրա նախանշված ճակատագրի և բարոյական որակի, ինչը վճռվում է Օսիրիսի՝ այնկողմնային գերագույն աստծու կողմից։ Օսիրիսին նաև անվանում են «արքա անգոյության», այսինքն` յուրաքանչուր մարդու հոգու հետմահու դատավոր, որն արդարության «կշեռքով» չափում է մեռածի սիրտ-հոգին (Էբը), ու ըստ չարի և բարու «պարունակության» վճռում է այդ հոգու հետագա ճակատագիրը։
Իսկ հանգուցյալի հետ դրված իրերն ու ուտելիքները, ըստ եգիպտացիների, Կաային՝ հոգու կրկնակին, անհրաժեշտ պարագաներ են, որովհետև այն բնակվում է դամբարանում՝ հանգուցյալի մարմնի վրա, և սնվում է այդ նյութերի աննյութական էություններով (օրինակ` հացի հոգով)։ Նաև, ըստ նրանց, Կաան վերաբնակվում է հանգուցյալի պատկերի կամ քանդակի մեջ, իբրև կենդանի մարմին։ Այդ է պատճառը, որ Եգիպտոսը լեցուն է այդքան պատկերներով ու քանդակներով։ Իսկ երբ Կաան սննդի էություն չի ստանում, կամ դեպի սեփական մարմին վերադարձին այն անպատրաստ է գտնում, նա լցվում է մեծ չարությամբ և սկսում է հետապնդել հանգուցյալի հարազատներին կամ թաղման ծեսի պատասխանատուներին, որպեսզի այդ արարողակարգը կատարվի ճշգրտորեն։ Իսկ այն մասին, որ եգիպտացիները հավատացել են անդրշիրիմյան իրական կյանքին, կարդանք մի հատված նրանց «Մեռյալների գրքից».
Ես այնտեղ կլինեմ ոգի։
Ես այնտեղ կուտեմ։
Ես այնտեղ կխմեմ։
Ես այնտեղ կհերկեմ։
Ես այնտեղ կհնձեմ հասկերը։
Ես այնտեղ ուժեղ կլինեմ։
Ես այնտեղ սեր կանեմ։
Իմ բառերը այնտեղ կլինեն անխախտ։
Ես այնտեղ ոչ մեկին չեմ ենթարկվելու։
Ես այնտեղ կլինեմ հզորագույն մարդ։
Նպատակ չունենալով ավելի մանրամասնելու եգիպտական, ավելի ճիշտ, հին եգիպտական մշակույթի հետմահու խրթին լաբիրինթոսները, բավարարվենք այսքանով, բայց ավելացնենք հետևյալը. երբ տարիներ առաջ ինձ հաջողվեց լինել Եգիպտոսում և այցելել այդ մեծահռչակ դամբարաններն ու բուրգերը, ինչպես նաև նրանց քրմական քաղաք-կենտրոնները, ես չէի դադարում այդ ազգի հանճարով ու աշխատասիրությամբ զարմանալուց։ Մեծահռչակ բուրգերը մագնիսի նման դեպի իրենց են քաշում աշխարհի միլիոնավոր զբոսաշրջիկների։ Երբ մեր ավտոբուսը մոտեցավ այդ բուրգերից մեկին, ու քայլեցինք մինչև առաջին հիմնաքարերը, հասկացա, որ այդ ահռելիության առաջ մարդը հոգեպես վերածվում է մրջյունի, ավելի ճիշտ` փոշեհատիկի, եթե…։ Այո՛, այդպես է, եթե քո մեջ չկա ավելի Մեծը՝ Հիսուսը, Աստծո Որդին, ՈՒմ միջոցով են ստեղծվել տիեզերքն ու ահռելի համաստեղությունները։ ՈՒ երբ ներքնապես կապվում ես Տիրոջ հետ, իսկույն քեզ առավել մեծ ու զորավոր ես զգում, քան ամենամեծ բուրգերի փարավոններն ու թագավորները, քան ինքը տիեզերքը, քանի որ հավատով դու Աստծո որդի ես արդեն, ինչպես Տերն Ինքն ասաց. «Ովքեր Նրան (Հիսուսին) ընդունեցին, նրանց իշխանություն տվեց լինելու Աստծո որդիներ. նրանց, որոնք Իր անվանը կհավատան» (Հովհաննեսի Ավետարան 1.12)։
Եգիպտոսը սկզբում Հիսուսին չընդունեց որպես Աստծո Որդի և Նրա անվանը չհավատաց, ու մնացին հարատև գերության մեջ առավել ցածրակարգ ազգերի կողմից, քանի որ, ըստ ավանդության, երբ Հովսեփը, Մարիամը` մանուկ Հիսուսի հետ, Հերովդեսի ահից փախչում են Եգիպտոս, այստեղի կուռքերը սարսափից իրար են անցնում և, խոնարհվելով Աստծո Որդու առաջ, ընկնելով՝ փշուր-փշուր էին լինում, ինչպես Դագոն կուռքն է իսրայելացիների Տիրոջ ՈՒխտի տապանակի առջև ընկել, մասերի բաժանվելով։ Եվ ինչպես փղշտացիները դրանից հետո չընդունեցին Տիրոջ մեծությունը, այլ ընդամենը վախից ՈՒխտի տապանակը հետ ուղարկեցին իսրայելացիներին, քանի որ Տերը սաստիկ հիվանդություններով հարվածեց նրանց, այդպես էլ եգիպտացիները չընդունեցին Հիսուսին, և տարիներ անց ընկան մուսուլման արաբների իշխանության տակ։ Հիմա նրանք ահռելի գումարներ են ստանում Հին Եգիպտոսի գանձերն ու շինությունները աշխարհին ի տես ցուցադրելով, մինչդեռ իրենք ոչինչ չեն կարողացել ավելացնել դրանց վրա։ Իսկ բնիկ եգիպտացիների մնացորդներն այժմ իրենց իսկ երկրում որպես էթնիկ փոքրամասնություն են ապրում և հալածվում արաբների կողմից։ Նրանց հույսն ու փրկությունը քրիստոնեությունն է, քանի որ եգիպտացիների իմաստուն այրերից շատերը (Անտոն Մեծը, Մակարիոս Մեծը, Արսեն Մեծը, Շենուդան և այլք), հավատալով Հիսուսին, փրկեցին իրենց ազգի մնացորդը հետագա ուծացումից, այլապես հիմա նրանք որպես արաբներ կլինեին, բայց այժմ նրանք իրենց լեզուն ու ազգը պահպանում են միայն վանքերի ու եկեղեցիների պատերից ներս՝ քրիստոնեական հավատի շնորհիվ։
Երբ զբոսաշրջիկների մեր խումբը մտավ թագավորական դամբարաններից մեկը, բոլորս ապշել էինք հիացմունքից. պատերը նկարազարդված էին եգիպտական հազարավոր սքանչելի նկար-հիերոգլիֆներով, որտեղ մումիացված ու սարկոֆագի մեջ պառկած փարավոնը, ըստ «Մեռյալների գրքի», դեռ դարերով սպասում է իր աստվածացմանը, իսկ իր նմանակ «եղբայրները» աշխարհի մեծագույն թանգարանների ու պետությունների միջև ընդամենը առուծախի առարկաների են վերածվել։ Եվ երբ ես մոտիկից զննում էի պատերի գրվածքները, հանկարծ աչքովս ընկավ մեր Տեր Հիսուսի Խաչի պատկերը, որն իհարկե ավելացրել էին հետագայում, երբ եգիպտացիները հասկացան, որ առանց Հիսուսի մահվան ճիրաններից փրկություն չկա։ Այսինքն` փարավոնի քրիստոնյա հետնորդները իրենց նախնիների դամբարանների գրքում «ուղղում» են մտցրել, թե ինչպես կարող է փրկվել մարդը և հավիտենական կյանքը ժառանգել, քանզի առանց խաչի հաղթանակի մահվան դեմ այսպես ասած՝ «խաղ» չկա։
Այնպես որ, աշխարհի բոլոր ազգերի ու կրոնների մեռյալների գրքերը խմբագրման կարիք ունեն, որտեղ պետք է ավելացնել Պետրոս առաքյալի այս խոսքը. «ՈՒրիշ մեկի միջոցով փրկություն չկա՛, որովհետև երկնքի տակ, Նրա (Հիսուսի) անունից զատ, ուրիշ անուն չկա մարդոց մեջ տրված, որով կարելի լինի, որ փրկվենք» (Գործք 4.12)։
(շարունակելի)


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2780

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ