Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ներդրում, ոչնչացում, ունեզրկում

Ներդրում, ոչնչացում, ունեզրկում
24.03.2015 | 12:06

ԿԱՄԱԽ


Արևմտյան Հայաստանի այս փոքրիկ գյուղաքաղաքը հնում ամրոց էր Անի անունով։ XII-XIII դարերից նրա մոտ աստիճանաբար առաջանում է Կամախը։ Թուրքերն այդ անունը պահպանել են Քեմախ ձևով։ Կամախը գտնվում է Արևմտյան Եփրատի (Ֆրատ, Կարա-սու) ձախ ափին, հին Անի ամրոցի ավերակների մոտ, Երզնկա քաղաքից 42-44 կմ հարավ-արևմուտք, թուրքերին է անցել 1515 թվականին։
Նոր ժամանակներում Կամախը վարչական կենտրոն էր՝ Էրզրումի նահանգի (վիլայեթի) Երզնկայի գավառի (սանջակի) Կամախի գավառակի (կազայի) կենտրոնը։
1872-1873 թթ. ուներ 2000 հայ և թուրք բնակիչ, XX դ. սկզբին նրա բնակչության թիվը հասնում էր 15000 մարդու, որի մոտավորապես կեսը կազմում էին հայերը: Այլ աղբյուրների համաձայն, 1914 թվականի դրությամբ գյուղաքաղաքն ունեցել է 7000 բնակիչ, որից 3000-ը՝ հայեր։ Կամախում հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը սկսվել էին 1915 թ. մայիսին։ Նրա բնակիչներից շատ քչերին է հաջողվել ազատվել և իրենց կյանքը փրկել` ապաստան գտնելով Դերսիմի քրդերի մոտ։ Նրանք հետագայում վերաբնակվել են Երզնկայում, իսկ Կամախում 1915 թ. Մեծ եղեռնից հետո այլևս հայեր չէին մնացել:
Քաղաքն առևտրական ճանապարհով կապված էր Երզնկայի և Ակնի հետ։ Այն ուներ իր փոքրիկ շուկան, որի շուրջը կային 100-ի հասնող կրպակներ և արհեստանոցներ։ Առևտուրը հիմնականում մանրածախ էր։ Նրա շուկայում վաճառվում էին գյուղատնտեսական մթերքներ, արհեստավորական շինվածքներ և մասամբ Երզնկայից ու Ակնից ստացվող զանազան ապրանքներ։ Քաղաքի առևտուրն ու արհեստագործությունը հիմնականում գտնվում էին հայերի ձեռքին։ Նրանք գյուղատնտեսությամբ համեմատաբար քիչ էին զբաղվում։


ՄԱՐԶՎԱՆ
Մարզուան Սեբաստիոյ կուսակալութեան Ամասիոյ գաւառակին իրաւասութեան ներքև քաղաք մþէ: Ծովեզրէն 20 ժամ հեռաւորութիւն ունի՝ Սամսոն իր նաւահանգիստն ըլլալով: Քաղաքը կրկնակ բլուրներու վրայ հաստատուած ըլլալով գեղեցիկ տեսարան մը կը պարզէ արեւելեան կողմէն. այս տեսարանը կը կրկնապատկուի հիւսիսային կողմը, ուր կառուցուած է Անաթոլիա գոլէճը:


Քաղաքը 4000-էն աւելի տներէ կը բաղկանայ, որուն 1500 տունը հայերուն կը վերաբերի, որոնք գրեթէ քաղաքին հիւսիսային և արեւելեան կողմերուն վրայ մասնաւոր թաղ մը կը կազմեն:
Հայերը երեք դասակարգերու կը բաժնուին՝ լուսաւորչական, բողոքական և կաթոլիկ: Լուսաւորչականները 1200-է աւելի տներէ կը բաղկանան և ունին երկսեռ դպրոց մը և եկեղեցի մը, որոնք գրեթէ քաղաքին մէջտեղը բլուրին գագաթը կենալով՝ քաղաքին գեղեցկութիւնը կը կրկնապատկեն: Բողոքականները 200-ի մօտ տուներէ կը բաղկանան, ունին երկսեռ դպրոց մը և ժողովարան մը: Կաթոլիկները 50-ի չափ տուներէ կը բաղկանան, ունին դպրոց մը և եկեղեցի մը:
Եշիլ Ըրմագ գետին վրայ 11 աղօրի (եւրոպական մեքենաներով շինուած) կան, ուր ընտիր ալիւր կþաղացուի՝ այլ և այլ տեղեր ղրկուելու համար:
Տուներէն քիչերը ճաշակով շինուած են, փողոցները աղտոտ և օձապտոյտ:
Շուկային մէջ կը գտնուին 5 պանդոկ, 1000-ի չափ խանութ, 2 պէզէստէն, 1 թաշ-խան:
Անուրանալի և բացայայտ ճշմարտութիւն մþէ, թէ վաճառականութիւնը հայերուն առաջին ու միակ արհեստն է, հետեւաբար այստեղ հայերն ալ մեծաւ մասամբ վաճառական են: Ընդհանրապէս տեղւոյս վաճառականները ուղղակի Եւրոպայի հետ կը գործակցին և ամբողջ վաճառականներ տարին 140000 ոսկիի չափ փոխանցում կրնան ընել:
Մարզուանի ամբողջ արտադրութիւնն 300000 ոսկիի չափ է:

*Մարզուանի մէջ մանիֆաթուրայի վրայ գործող վաճառականներն են Իբրանոսեան եղբարք, Գամպէրեան եղբարք, Յովհաննէս Գութնեան, Չէօքլէճի օղլու, Փալանճի օղլու և այլք:

*Թավշան Տաղի լերան հարաւ, ստորոտը և Սուլու Օվա բարեբեր և օդասուն դաշտին հիւսիսային ծայրը բլրակի մը վրայ կառուցուած է Մարզուան: Երեք աղբիւրներէ հոսող յստակ ու մաքուր ջուրը, մեղմ ու առողջարար կլիման և լեռնային բարձր դիրքը Ասիական Թուրքիոյ նշանաւոր քաղաքներէն մէկը դարձուցած են զայն: Կարեւոր գետ մը կամ վտակ մը չի հոսիր Մարզուանի մէջէն: Միայն Թէրս Ագան առուակը կայ, որ ջաղացքներու ահագին անիւները դարձնելէ վերջ կուգայ քաղաքէն երեք ժամ հարաւ գտնուող արտերն ու պարտէզները ոռոգել և օձապտոյտ ոլորումներէ վերջ կը թափի Եշիլ Ըրմագի մէջ: Քաղաքը ընդարձակ այգեստաններով շրջապատուած է, որոնք կարեւոր հասոյթներ կուտան տեղացիներուն: Սամսոնի, Ամասիոյ, Չորումի և Հաճի-Գիւղի հետ միացած է առանձին խճուղիներով և հեռագրերով: Մարզուան Ամասիոյ սանճագին ամէնէն բազմամարդ քաղաքն է: Գլխաւոր արտադրութիւններն են ցորեն, գարի, արմտիք, գինի, բուսեղէն, թիրէ, մետաքսեղէն և մանածեղէն գործուածներ: Ներածումները կը կազմեն մանած, մանիֆաթուրա, շաքար, օճառ և այլն: Տեղացիք կը զբաղին առհասարակ ցորենի, մանածի և մանիֆաթուրայի վաճառականութիւնով, թիրէի ու մետաքսեղէնի գործառնութիւններով և հասարակ արհեստներով:
Տեղացի վաճառականներ, զիրար գերազանցելու փոյթը ունենալով, մանիֆաթուրայի բոլոր տեսակները պատրաստ կþունենան իրենց քով և շատ անգամ գրեթէ բուն գնով ապրանք կը ծախեն, որով ուրիշ քաղաքացիներ փոխանակ հեռուներէ ապրանք բերել տալու, մեծ մասամբ իրենց գնումները հոսկէ կþընեն: Այս գործին մէջ կարեւոր դիրք ունին Իբրանոսեան եղբարք, Չէօմլէքճիօղլու, Գամպէրեան եղբարք և ուրիշներ: Ամէնէն ընդարձակ գործ ունին Իբրանոսեան եղբարք, և իրենց այս յաջողութեան գաղտնիքը չէ թէ միայն դրամն է, այլ գործին կանոնաւոր վարչութիւնը և խղճամիտ աջակցութիւնը վաճառատան տնօրէններուն: Գամպէրեան եղբարք ալ հետզհետէ մեծ յաջողութիւններ ձեռք ձգելու յոյսեր կը ներշնչեն, քանի որ իրենց ապրանքները ուղղակի Մանչէսդրէ բերել կուտան, ուր մասնաւոր տուն մը ունին և մասնաճիւղեր՝ Սամսոնի ու Պոլսոյ մէջ:
Ցորենի վաճառականութեան առաջնակարգ կեդրոն մ’է Մարզուան: Եոզղատի, Չորումի, Պողուգի և կարգ մը ուրիշ ցորենի նշանաւոր արտադրավայրերու և մօտակայ ու հեռաւոր քաղաքներու, աւաններու և բոլոր գիւղերու մէջ յառաջ եկած ցորենները Մարզուանի հրապարակին վրայ կը ծախուին: Այս վաճառականութեան ամէնէն կարեւոր ազդակներն են Փաշա Տէրէսիի ու Չէլթիկի ալիւրի ֆապրիգաները, ուր տարեկան մօտաւորապէս 250000-300000 պարկ ալիւր կը պատրաստուի և կ’արտածուի Սամսոն: Ցորենի մեծ վաճառականներն են «Թումաեան եղբարք և ընկ.», Պալագեան եղբարք, Կ. Գանճայեան, Կ. Ագըլլեան, Ագըլլեան եղբարք և դեռ շատեր, որոնք մասնաւոր տուներ ունին Սամսոնի մէջ և ներկայացուցիչներ կամ գօմիսիօնճիներ՝ Չորումի և Եոզղատի մէջ:
Մարզուան մեծ համբաւ հանած է իր թիրէի արտադրութեամբը, որ կը կոչուի նաեւ տուլուգ կամ մանուսա, և ժողովուրդին մեծամասնութիւնը անկէ կը ճարէ իր ապրուստը: Շատ տուներու մէջ տէզկեահներ բացուած են, ուր կիներ և աղջիկներ մանուսա կը գործեն, իսկ մասնաւոր գործարաններու մէջ այրեր հաւաքաբար լայն ապրանքներ կը պատրաստեն: Էիրէի մեծ գործարաններ ունին Իբրանոսեան եղբարք, Պետրոս Շահպէնտէրեան, Դ. Երեմեան, Յ. Թիւյսիւզեան, Էլպէկեան եղբարք և այլն, որոնք Թուրքիոյ բոլոր կողմերը ապրանքներ կը ղրկեն և օրըստօրէ աւելցած ապսպրանքներու վրայ աւելի կþընդարձակեն իրենց գործառնութիւնները: Վերջերս մետաքսեղէնի գործարան մը բացուած է, ուր պարսկական ապրանքներէ շատ աւելի ճաշակաւոր, տոկուն և աժան քէշաններ կը պատրաստուին: Այս մասին խնդրանքը հետզհետէ շատցած է և գոհացում տալու համար ջանքերը կը կրկնապատկուին: Մարզուան տարեկան 70000-80000 ոսկի արժողութեամբ թիրէ կ’արտածէ:
*Մարզվանն արտադրում էր ցորեն, հացահատիկային այլ կուլտուրաներ, պտուղներ ու գյուղատնտեսական մթերքներ։ Նշանավոր էր կարմիր գինին, որ լայն սպառում ուներ։ Քաղաքում կային արդիական ալրաղացներ, ինչպես նաև բազմաթիվ արտադրամասեր, ուր պատրաստում էին բամբակե, բրդե, մետաքսե կտորեղեն։
Շուկայի տերերը հիմնականում հայերն էին։

ԿԱՂԶՎԱՆ
Գտնվում է Անիի ավերակներից մոտ 22 կմ հարավ-արևմուտք, Արաքսի աջ ափին, Շատակն (կամ Կաղզվան) գետի վրա:


Կաղզվանի դիրքը նպաստավոր է ոչ միայն ռազմական, այլև տնտեսական առումով, այն գտնվում է Կարսից Վան տանող ճանապարհի վրա, որը գրեթե մշտապես բանուկ է եղել։ Քաղաքի շրջակայքում կան օգտակար հանածոների և բնական շինանյութերի հանքավայրեր։ Այստեղ կան քարածխի, նավթի, արծաթի, ոսկու, ծծմբի, կերակրի աղի, մարմարի, երկանքաքարի երևակումներ։ Առանձնապես հայտնի են կերակրի աղի հանքերը, որոնք շահագործման են ենթարկվել հնագույն ժամանակներից ի վեր։ Տնայնագործական եղանակով շահագործման են ենթարկվել նաև արծաթի ու ոսկու բովերը, բայց քանի որ ստացված օգուտները նույնիսկ չեն ծածկել հանույթի ու նախնական մշակման ծախսերը, ապա դադարեցրել են դրանց շահագործումը։
Թուրքիայի տիրապետության շրջանում այն Կարսի փաշայության Կաղզվանի սանջակի կենտրոնն էր։ Կարսի մարզը Ռուսաստանին միանալուց հետո (1878-1921) մինչև այն նորից Թուրքիային անցնելը Կարսի մարզի Կաղզվանի օկրուգի վարչական կենտրոնն էր։
Կաղզվանի բնակչության, նրա զբաղմունքների, մշակույթի և ներքին կյանքի մասին շատ թե քիչ արժանահավատ տվյալները վերաբերում են նոր ժամանակներին։ Նրա բնակչության մեծագույն մասը կազմում էին հայերը, իսկ մնացածը թուրքեր ու հույներ էին։ XIX դ. սկզբին ուներ շուրջ 500 տուն բնակիչ, 1877-ին՝ 8000 բնակիչ, 1906-ին՝ շուրջ 9400, իսկ առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ավելի քան 10 հազար բնակիչ, որից 7652-ը հայեր, իսկ 1920-ը թուրքեր։
Կաղզվանն առաջին հերթին այգեգործական խոշոր բնակավայր էր։ Նրա բնակիչները գրեթե բոլորն ունեին իրենց պտղատու այգիները, որոնց բերքի զգալի մասը վաճառքի էին հանում տեղի շուկայում։ Գյուղաքաղաքում կար բավական ընդարձակ վաճառանոց և ստեղծված էր վաճառականական հատուկ ակումբ։ Զգալի տեղ ունեին բամբակի ու խաղողի մշակությունը, գինեգործությունը։

*Տեղւոյս առուտուրը բաւական յաջող է: Ժողովրդեան թիւը 3500-ը կþանցնի, մեծ մասը հայ՝ իբր 2000 հոգի, թուրքերը՝ 1400 հոգի, կան նաեւ քիչ թուով յոյն և ռուս: Հայք ունին եկեղեցի և երկսեռ ուսումնարան մը՝ Թարգմանչաց անուամբ, բաւական յաջող վիճակի մէջ են: Հայք բնիկք են և նորեկք, բնիկք կը պարապին այգեպանութեամբ և պարտիզպանութեամբ, իսկ եկք գաղթած են Աղեքսանդրապոլի, Երեւանի, Կողբի, Տփղիսի և այլ կողմերէ և կը պարապին արհեստով ու վաճառականութեամբ:

ՅՈԹՄԻՇ
Քաղաք Զմիւռնիոյ կուսակալութեան և առաջնորդութեան ներքեւ, կառուցուած է Զմիւռնիոյ հարաւ-արեւելեան կողմը գեղեցիկ ու բարեբեր դաշտի մը վրայ: Աւանդաբար կ'ըսուի, թէ հին ատեն գեղեցիկ ագարակ մþէր այդ դաշտը, մօտակայ գիւղէ հետզհետէ գաղթականներ գալով՝ արտեր գներ և բնակութիւն հաստատեր են արտերու մէջ, և թէ այդ արտերու գիները վճարուելուն համար ժողովուրդն սկսած է այդ նոր բնակավայրը կոչել Էօտէմիշ (վճարեալ):

Բնակիչք 18000 են՝ թուրք, յոյն, հայ և աննշան թուով հրեայ: Յոյները 550 տուն կը հաշուին, վաճառականութիւնը ընդհանրապէս իրենց ձեռքն է: Հայերը 180 տուն են, որոնց նախնիք երեք հարիւր տարի յառաջ մայրենի երկրէն գաղթած են Պերկի անուն քաղաքաւանը, որ Էօտէմիշէն 1 զ ժամ հեռու է և յետոյ, գրեթէ 150 տարի յառաջ եկած հաստատած են քաղաքս: ՈՒնին Ս. Հռիփսիմէ եկեղեցի մը՝ կառուցուած 1805-ին, փոխանակ հնոյն՝ ՈՒզուն սօգագ անուն փողոցի ծայրը: Եկեղեցւոյն պարտէզին մէջ կը գտնուի աղջկանց վարժարանը Վարդուհեան անուամբ, ուր կը յաճախեն 100-ի չափ աշակերտուհիներ: Մանչերու Ս. Լուսաւորչեան դպրոցը կը գտնուի ՈՒզուն սօգագի միջավայրը, ունի 100-է աւելի աշակերտներ:
Այժմ սովորաբար կը զբաղին տեղական արուեստներով: Կը խօսին ընդհանրապէս մաքուր աշխարհաբար, ինչպէս նաեւ տաճկերէն, ալեւորները ունին խօսակցութեան յատուկ կերպ մը, որ պարսկահայոց և ռուսահայոց լեզուներու խառնուրդ մ'է: Նշանաւոր են տեղւոյս հայերը հիւրասիրութեան մէջ:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2916

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ