Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Րաֆֆի Հովհաննիսյանի ռեալիզմն ու ռոմանտիզմը

Րաֆֆի Հովհաննիսյանի ռեալիզմն ու ռոմանտիզմը
26.03.2015 | 11:50

Րաֆֆի Հովհաննիսյանը հաճախ է մեկնում ԱՄՆ՝ այնտեղ են նրա ծնողները: Երբեք դեռ նրա վերադարձին այդպես չէր սպասել «Ժառանգությունը»: Նա պիտի գար ու ասեր՝ ո՞վ է արդար, ո՞վ մեղավոր՝ ներկուսակցական վեճում կուսակցության փոխնախագահի ու ԱԺ խմբակցության ղեկավարի և ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի, որ մեղադրում էր Արմեն Մարտիրոսյանին ու Ռուբեն Հակոբյանին ՀՀ նախագահի հետ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումների շրջանակում հանդիպելու ու Բաղրամյան 26-ի «հաճախորդ» դառնալու մեջ: Մարտի 12-ից սպասում էին, Րաֆֆի Հովհաննիսյանը 24-ին վերադարձավ, վարչության նիստ արեց ու 25-ին ասուլիս տվեց: Հանրությանն ասվեց, որ «Ժառանգությունն» այսուհետ չի մասնակցելու Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների քննարկումներին՝ արդեն ակնհայտ է, որ իշխանությունները չեն կատարելու իրենց պահանջները: Բարեփոխումներից հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն լինելու՝ մինչ այդ համաձայնելով անցնել 100 -տոկոսանոց համամասնական ընտրակարգի, չեն հրապարակելու քվեարկածների ցուցակները, վերահսկողական լծակներ չեն տալու ընդդիմությանը: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց «Ժառանգության» տեսակետը. «Հետայսու մենք այս ինքնանպատակ խաղերին այլևս չենք մասնակցելու: Այնպես չէ, որ մենք տանը նստել ենք, խավարը անիծել, այլ տվել ենք կոնկրետ առաջարկներ և այդ առաջարկները հիմա արդեն արհամարհելով մտցրել են իմիտացիոն դաշտ»: Նա հիշեցրեց, որ անցումը խորհրդարանական համակարգի կա «Ժառանգության» ծրագրում, բայց կուսակցությունը կտրականապես դեմ է, որ Սերժ Սարգսյանը կյանքի կոչի այդ փոփոխությունը, որովհետև «Սերժ Սարգսյանը չունի քաղաքական և քաղաքացիական լեգիտիմություն, իրավակարգ վիճակ հայ ժողովրդին վստահության մթնոլորտում ներկայացնելու համար սահմանադրական փոփոխություններ»: Փաստորեն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտպանեց Զարուհի Փոստանջյանի տեսակետը՝ «Ժառանգությունը» դուրս դնելով սահմանադրական բարեփոխումների գործընթացից, և վստահեցրեց՝ հնարավոր բոլոր միջոցներով պայքարելու են հանրաքվեն կանխելու համար, նաև հույս հայտնեց, որ հանրաքվեն կարող է դառնալ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու միջոց: ՈՒ եթե Սահմանադրությունը բարեփոխելու գործընթացում «Ժառանգության» առաջարկներն ընդունելու անհնարինության մասին նա խոսում էր իբրև ռեալիստ, հանրաքվեն իշխանափոխության միջոց դարձնելու մասին խոսում էր իբրև ռոմանտիկ: Նրանից առաջ այդ մասին Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է խոսել, բայց դա շատ շուտ էր, երբ կար այլընտրանքային ԲՀԿ: ՈՒ գուցե նա էլ այլևս հրաժեշտ է տվել ռոմանտիզմին՝ շատ պրագմատիկ խնդիրների բախվելով: ՀԱԿ-ը հիմա էլ դեմ է սահմանադրական բարեփոխումներին, և գուցե դա այն հողն է, որտեղ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» կարող են համատեղ հանդես գալ: Մեկ կարճաժամկետ ու կոնկրետ խնդրի լուծման համար դաշինքները Հայաստանի քաղաքական դաշտում ավելի գործուն են համագործակցության որևէ այլ տարբերակից: Տեսականորեն տապալված հանրաքվեն կարող է դառնալ Սահմանադրության փոփոխության նախագիծը հանրաքվեի ներկայացրած նախագահի հրաժարականի պատճառ, բայց դա Հայաստանի դեպքը չէ, Հայաստանում ոչինչ չի տապալվում, ամեն ինչ իր ժամանակին ու իր տեղում կատարվում է՝ ինչպես ծրագրվել է:
Ո՞վ կարող է ասել, թե ի՞նչ կառավարում է պետք Հայաստանին՝ կիսանախագահակա՞ն, բայց կատարելագործված, թե՞ խորհրդարանական, բայց անկատար: Ո՞ր տարբերակը կընտրվի հանրաքվեից առաջ: Գուցե նույնիսկ Սերժ Սարգսյանը դեռ չունի այս հարցի պատասխանը, որ կախված է տասնյակ այլ հարցերից, որ չեն առնչվում Սահմանադրությանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսից նաև պարզվեց, որ Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը Բաղրամյան 26 գնացել են ոչ իր համաձայնությամբ, բայց Արմեն Մարտիրոսյանը կուսակցության փոխնախագահն է և ունի որոշման իրավունք՝
«Մարտիրոսյանը և Հակոբյանը լիազորությունից դուրս չէին, ես ինքս չէի գնա, բայց նաև տեղյակ էի այդ հանդիպման հնարավորության մասին», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը և հաստատ անկեղծ էր, որովհետև մի անգամ արդեն գնացել էր Բաղրամյան 26, ու՝ ի՞նչ: Չէ, ոչինչ, ոչ ոք հաճախորդ չէ՝ ոչ ոք. «Մեկ-մեկ մենք սխալ բաներ ասում ենք, ես էլ ասում եմ, Արմենը, Զարուհին․․․ Մենք նայում ենք առաջ և համարում ենք, որ սա կարևոր կենսափորձ էր մեզ համար»: Այսքանը: Առավել ևս, որ «Ժառանգությունը» նախագահի հետ հանդիպումը համարում է ոչ պաշտոնական, Սերժ Սարգսյանի անունից հրավեր չեն ստացել, Գալուստ Սահակյանն է բանավոր փոխանցել, թե նախագահը հանդիպման է կանչում, իսկ ո՞րն է տարբերությունը, հանդիպումը, միևնույն է, Սերժ Սարգսյանի հետ էր: Առավել ևս, որ Րաֆֆի Հովհաննիսյանը «2013 թվականին կեղծված ընտրություններից հետո այդ ընտրությունները ճանաչելու դիմաց» չի կարգվի «էդ հանձնաժողովի նախագահ»: Առավել ևս, որ նա ներում է Սերժ Սարգսյանին իր ընտրության գողությունը, ներում է Վեհափառին՝ Աստվածամոր Աստվածաշունչը կեղծ երդման ներկայացնելու համար՝ Մեծ պահք է ու ներումը քրիստոնեավայել արարք է: ՈՒ ռոմանտիկ Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է, որ «պարոն Սարգսյանն ու Վեհափառը արժանապատիվ ձևը գտնեն ներողություն հայցելու և ներողությունից հետևող քայլեր անելու»: Ամեն: Իսկ ո՞վ է ներելու նրան: Այս տարիքում ռեալիզմի ու ռոմանտիզմի տարբերությունը չհասկանալու համար: Բոլորին ներելու համար: Բարևելու ու բարևին իրավատեր չլինելու համար: Աստված օգնական:

Դիտվել է՝ 1048

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ