Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հետահայաց Սիոնին

Հետահայաց Սիոնին
26.03.2015 | 17:19

Ի սկզբանե ասեմ՝ ինչ գրելու եմ, գրելու եմ մեծ ցավով, անգամ չցանկանալով, որովհետև լրագրողի իմ կյանքում միշտ խուսափել եմ մարդուն անվանարկող հրապարակումներից՝ հակառակ մասնագիտական պարտավորվածության՝ ճիշտ տեղեկատվություն փոխանցել: Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է հայտնի մարդու, որ վաղուց հեռացել է մեզնից: ՈՒ գրելուց առաջ երկար եմ մտածել՝ գրել, թե ոչ: Հակառակ ինձ ուղղված հեռախոսազանգերի, որ զարմանք ու գուցե նաև թաքնված զայրույթ էին արտահայտում: ՈՒ հիմա գրում եմ, որովհետև հիշում ու սիրում եմ Հայոց Երուսաղեմը, որովհետև Հայոց Երուսաղեմի ամեն թիզ հողը համարում եմ անձեռնմխելի արժեք ու ինձ պարտավորված եմ համարում սխալս ուղղել: Irates.am կայքում մարտի 10-ի «Հայերն ինչպես են պահպանել Սիոնը» հրապարակմանը հարկ եմ համարում հավելել՝ Շահե արքեպիսկոպոս Աճեմյանը երբեք չի եղել պատրիարք և 1982-ին հեռացել է Սրբոց Հակոբյանց միաբանությունից: 60-70-ական թթ. նա պատրիարքարանում եղել է կալվածքների տեսուչ և ինքն է տնօրինել վանքապատկան անշարժ գույքը: Չարաշահումներ ու շորթումներ նկատելով՝ միաբանությունը նրան տեսչի պաշտոնից հեռացրել է: Գործի բերումով՝ հողային առուծախի մեջ հմտանալով, նա արաբներից հողատարածքներ է գնել և վստահեցրել, որ կմնան քրիստոնյա համայնքի սեփականություն, սակայն հետո բարձր գնով վաճառել է հրեաներին՝ սերտ համագործակցելով հրեա բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Կառավարության փոփոխությունից հետո ձերբակալվել է ու բանտարկվել: 1990-ականների վերջերին իր անձնական կալվածքներից մեկը, որը ոչ թե Սիոնի, այլ Համբարձման լեռան վրա էր (ժամանակին գնված արաբներից) շատ բարձր գնով (նշվում է 5000000 ԱՄՆ դոլար) վաճառել է հրեա ծայրահեղականներին: Արաբները մեծ աղմուկ են բարձրացրել ու հայերին անվանել են դավաճան՝ հակառակ, որ պատրիարքարանը բացատրել է՝ գործարքը պատրիարքարանի հետ կապ չունի, անձնական է: Համբարձման լեռան հողատարածքի վաճառքից հետո Շահե արքեպիսկոպոս Աճեմյանը հեռացել է Իսրայելից, որտեղ արաբները մեծ գումար էին խոստացել նրա գլխի համար: Սրբազանը հետո ապրեց և վախճանվեց Հայաստանում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Սա պատմություն է՝ ինչպես հայերը չեն պահել «Սիոնը», որ միայն հողատարածք չէ, այլ՝ կենսատարածք: Իրավական օրենքներով որևէ մեկս, հարկավ, իրավունք ունենք գնել ու վաճառել, նաև՝ հող: Բայց կան չգրված օրենքներ, որ մարդկանց գրած օրենքներից վեր են: Դրամը՝ նյութը չի կարող ավելին լինել հոգենյութից՝ քանի հազար տարի մեզ ասում են՝ մենք չենք հասկանում:

Դիտվել է՝ 1303

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ