Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Շատ ափսոս, որ գնաց, մի լավ գույն պակասեց Երևանից»

«Շատ ափսոս, որ գնաց, մի լավ գույն պակասեց Երևանից»
27.03.2015 | 00:14

Սիրված դերասան, ժողովրդական արտիստ ԿԱՐԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆՆ այլևս մեզ հետ չէ:
«Դա ինքնատիպ, շատ փնտրված, շատ սիրված դերասանի կորուստ էր: Նա առանձին մի գույն էր թատերական և կինեմատոգրաֆիստական աշխարհում: Ոչ ոք այդ գույնը չուներ,- այսպես բնորոշեց անվանի դերասանին գրող, կինոգետ, մշակույթի վաստակավոր գործիչ ՍԵՐԳԵՅ ԳԱԼՍՏՅԱՆԸ:- Ես նայել եմ նրա վերջին աշխատանքը Սունդուկյանի բեմում. «Սարերում կյանք կա» ներկայացման մեջ նա կարծես խաղում էր ինքն իրեն: Իսկ «Աշնան արևի» նրա Սիմոնը մեր կինոյի ամենահաջողված դերակատարումներից է»:
Խոսելով հայր և որդի Ջանիբեկյանների մասին, կինոգետն ասաց, որ նրանք բավական նմանություններ ունեին. «Գուրգեն Ջանիբեկյանը հիրավի ժայռ էր հայ բեմում: Կարեն Ջանիբեկյանը չէր զիջում հորը, ժառանգել էր նրա դերասանական մաներան և հայ դերասանական արվեստում նոր երանգ բերեց: Նրա խոսքը հնչում էր նորովի` և՛ բեմից, և՛ էկրանից»:
Գեղանկարիչ, լուսանկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՍԱՄՎԵԼ ՍԵՎԱԴԱՆ մեզ հետ զրույցում ասաց, որ Կարեն Ջանիբեկյանը որպես դերասան, երևանցի, հայ մարդ հետաքրքիր կերպար էր. «Շատ ափսոս, որ գնաց, մի լավ գույն պակասեց Երևանից: Նրան ճանաչել եմ վաղուց, երբ դեռ երեխա էի»: Հետաքրքրվեցի` առիթ ունեցե՞լ է լուսանկարելու: «2012 թվականի մայիսին էր: Առավոտները միշտ դուրս եմ գալիս, նկարում: Մենք հարևաններ ենք: Տեսա, որ նստած է, մոտեցա, զրուցեցինք, հետո սկսեցի լուսանկարել,- պատմեց լուսանկարիչը:- Ասաց՝ «Սամո ջան, նկարելու բան չեմ առավոտ շուտ, արի կողքս նստի»: Ասացի` «Ի՞նչ ես խոսում, դու քաղաքի ամենասիմպո տղեն ես, տեսքդ էլ լյուքս է»: «Հա՞,- ասաց, ակնոցը հանելով,- դե նկարի, որ տենց ա»: Լուսանկարեցի տարբեր դիրքերից, հիշատակի համար»:
«Գոյ» և Հենրիկ Մալյանի անվան թատրոնների դերասան ՍԱՄՎԵԼ ԹՈՓԱԼՅԱՆԸ Կարեն Ջանիբեկյանի հետ խաղացել է «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմում: Հետաքրքրվեցի` ինչպիսի՞ն էր դերասանը որպես ավագ խաղընկեր:
«Մինչ խաղընկեր դառնալը, ես նրան ավելի շատ կողքից եմ հետևել: Իր տեսակը, շարժուձևը, էքսցենտրիկությունը հետաքրքիր էին, արտիստին բնորոշ: Շատերն ասում էին` բարդ խաղընկեր է, համենայն դեպս, իմանալով, որ ես առաջին անգամ եմ ֆիլմում նկարահանվում, շատ զգույշ էր, ամեն ինչ անում էր, որ ինձ հարմար լինի, հանգիստ լինեմ, ջերմ ու լավ մթնոլորտում է անցել նկարահանման երեք օրը»,- ասաց Սամվել Թոփալյանը: Հարցին` որևէ բան սովորել-վերցրե՞լ է դերասանից` պատասխանեց. «Անկեղծ չեմ լինի, եթե ասեմ՝ հատուկ մի բան եմ սովորել: Թաքուն մի հետք է գուցե թողել, որ երևան կգա հետագայում»:
«Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար ՄԽԻԹԱՐ ՄՈՍ-ՄՈՒՇԵՂՅԱՆՆ ասաց, որ վերջերս գրած «Լեոնարդո դա Վինչիի այցը դեպի սրբազան հողեր» պիեսի գլխավոր դերում պատկերացնում էր միայն Կարեն Ջանիբեկյանին, բայց արդեն առողջական վիճակը լավ չէր, չէր կարող խաղալ նման երկար, ծավալուն դեր. «Երկու տարի շարունակ պիեսների ընտրության հարցում օգնել է, խորհուրդներ տվել, միասին քննարկում էինք: Նույնիսկ մի պիեսի համար այնպես վիճեցինք, որ երկար ժամանակ չէինք խոսում իրար հետ: Բարկացել էր, որ պիեսը վերածվել էր սատիրայի: Ասում էր, որ ժամանակին այդ դերը խաղացել է, լուրջ կերպար է ու պետք չէր կոմեդիայի վերածել: Իսկ առհասարակ նրա տեսակետները շատ դիպուկ էին: Նման մեծության, հնարավորությունների տեր արվեստագետի խորհուրդները չէին կարող անարդյունք անցնել: Նա 60 տարի բեմում է եղել, հանդես է եկել ամենատարբեր ժանրերում: Մասնագիտությամբ նաև բեմադրիչ էր»:
Կարեն Ջանիբեկյանը ծնվել է 1937-ին, Երևանում: Տոհմիկ երևանցի էր: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Աշխատել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում, Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: 1970-ականներից խաղացել է նաև հեռուստաթատրոնում: Նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում` «Չախ-չախ թագավորը», «Մորգանի խնամին», «Քաոս», «Աշնան արև», «Արևիկ», «Խոշոր շահում», «Մեզնից երեքը», «Ընկեր Փանջունի», «Երևան ջան», «Լովեմբեր», «Արահետ», «Անառակ որդու վերադարձը» և այլն: 1982-ին կրկին վերադարձել է Սունդուկյանի անվան թատրոն և աշխատել մինչև կյանքի վերջը:
Կարեն Ջանիբեկյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, միութենական և հանրապետական պարգևների, այդ թվում` ՀՀ մշակույթի նախարարության և ՀԹԳՄ ոսկե մեդալների:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը՝ Սամվել ՍԵՎԱԴԱՅԻ

Դիտվել է՝ 1524

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ