Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հիսուսի մուտքը Երուսաղեմ կամ Ծաղկազարդ

Հիսուսի մուտքը Երուսաղեմ կամ Ծաղկազարդ
27.03.2015 | 00:03

Քրիստոնեական հավատի ամենակարևոր ու ամենախորհրդաշատ շաբաթն է սկսվում, որ կոչում են նաև Ավագ շաբաթ։ Ընդամենը յոթ օր, որոնց ընթացքում պետք է հանգուցալուծվեր մարդկության լինելն ու չլինելը, այսինքն` ադամական սերնդի հավիտենականության հարցը։ Այո, հենց այդպես, քանզի մինչ այդ ողջ մարդկությունը, Ադամից սկսած, մեղանչման պահից սկսած, մահով մարմինը վերադառնում էր հողին, իսկ հոգին տարվում սանդարամետ, այսինքն` դժոխք, քանի որ դեռևս երկնային դրախտի դռները փակ էին մարդկության առջև, քանզի մարմնավորներից ոչ մեկը չէր կարողացել խավարից դեպի լույս քայլ անել, քանզի մեղավոր էր, ու ինչպես խավարը դեպի լույս չի կարող գնալ, այդպես էլ մեղավոր մարդը չէր կարող սրբության դրախտ մտնել, բայց ահա գտնվեց Մեկը, Ով սրբասուրբ Կույսից մարմին առավ, 33 տարի ապրեց առանց մեղքի, ու հենց դրա համար էլ դատապարտեցին Խաչի մահվան, քանզի մեղավոր մարդկությունը չկարողացավ սրբությունն իր կողքին տանել, քանզի այն ամենօրյա հանդիմանանք էր իրենց կատարած մեղքերին։ Իսկ խաչելությունից հետո Հիսուսը իջավ դժոխք, ավերեց այն, արդարներին այնտեղից հանեց ու դրախտի պարտեզում տեղադրեց։

Իսկ Ավագ շաբաթվա սկիզբը այսպես դրվեց. «Եւ երբ մօտեցաւ Բեթփագէին և Բեթանիային, այն լերան մօտ, որ կոչւում է Ձիթենեաց, ուղարկեց իր աշակերտներից երկուսին և ասաց. «Գնացէ՛ք այն գիւղը, որ մեր դիմացն է. երբ այնտեղ մտնէք, կը գտնէք կապուած մի աւանակ, որի վրայ ոչ մի մարդ երբեք չի նստել. արձակեցէ՜ք այն և բերէ՜ք: Եւ եթէ մէկը ձեզ հարցնի, թէ ինչու էք արձակում, նրան այսպէս ասացէք. «Իր տիրոջը պէտք է»: Երբ գնացին նրանք, որ ուղարկուել էին, գտան այնպէս, ինչպէս ասել էր նրանց. աւանակը կար: Եւ մինչ աւանակն արձակում էին, նրա տէրերը ասացին նրանց. «Աւանակն ինչո՞ւ էք արձակում»: Եւ աշակերտները ասացին. «Իր տիրոջը պէտք է»: Եւ այն բերին Յիսուսի մօտ. զգեստներ գցեցին նրա վրայ և Յիսուսին նստեցրին: Եւ մինչ նա առաջանում էր, մարդիկ իրենց զգեստները փռում էին ճանապարհի վրայ: Եւ երբ նա մօտեցաւ Ձիթենեաց լերան զառիվայրին, աշակերտների ամբողջ բազմութիւնը ուրախութեամբ և բարձրաձայն սկսեց օրհնել Աստծուն՝ կատարուած բոլոր զօրութիւնների համար, որ տեսան: Եւ ասում էին. «Օրհնեա՛լ է այդ թագաւորը, որ գալիս է Տիրոջ անունով. խաղաղութի՛ւն երկնքում և փա՛ռք բարձունքներում»:
Իսկ փարիսեցիներից ոմանք ամբոխի միջից ասացին նրան. «Վարդապե՛տ, սաստի՛ր քո աշակերտներին»: Նա պատասխանեց և ասաց. «Ասում եմ ձեզ, որ եթէ դրանք լռեն էլ, այդ քարերը կաղաղակեն» (Ավետարան ըստ Ղուկասի 19 29-39)։
Ահա այս ամենը հիշելով, քրիստոնյաներն այդ օրը արմավենու ճյուղերի փոխարեն իրենց հետ եկեղեցի են բերում զանազան կանաչ ճյուղեր (մեծ մասամբ ուռենի, որպես խոնարհության նշան) և գույնզգույն ծաղիկներ են բերում, հոգով Քրիստոսին իրենց սրտերի մեջ ընդունելու ակնկալիքով։ Այդ պատճառով էլ Զատիկից առաջ վերջին կիրակին կոչվում է Ծաղկազարդ։
Իսկ Երուսաղեմի սուրբ Հակոբյանց վանքի մեր Հրեշտակապետաց եկեղեցուն մոտ դեռևս մինչև հիմա մի քար կա, որը նման է աղաղակող բերանի, ավանդությունն ասում է, թե դա Հիսուսի ժամանակներում աղաղակող հենց այդ քարերից մեկն է եղել։ Սա, իհարկե, ընդամենն ավանդություն է, իսկ իրականությունն այն է, որ հավատալով Աստծո Ավետարանի խոսքին` շատ քարացած սրտեր փշրվեցին ու Հիսուսին Տեր Փրկիչ ընդունեցին։
Հիմա փորձենք հասկանալ, թե մնացածներից ինչով է տարբերվում Հիսուսի այս վերջին մուտքը Երուսաղեմ, քանզի Նա մինչ այդ բազմիցս է այցելել Երուսաղեմ։ Եվ Հիսուսին շրջապատող աշակերտներն ու առաքյալները չգիտեին, որ այս վերջին այցելությունն է արդեն դատապարտված Երուսաղեմին, քանզի Տերը մինչ այդ մարգարեացավ Երուսաղեմի համար. «Եւ երբ մօտեցաւ, տեսնելով քաղաքը՝ լաց եղաւ նրա վրայ և ասաց. «Գոնէ այս օրերին գիտենայի՛ր դու քո խաղաղութիւնը. բայց այժմ ծածկուեց քո տեսողութիւնից. որովհետև օրեր պիտի գան վրադ, երբ թշնամիներդ քո շուրջը պատնեշ պիտի կանգնեն և պիտի պաշարեն քեզ, պիտի նեղեն քեզ բոլոր կողմերից ու հիմնայատակ պիտի անեն քեզ և սպանեն քո մէջ քո որդիներին. և քարը քարի վրայ բնաւ չպիտի թողնեն, քանի որ քո այցելութեան ժամանակը չճանաչեցիր» (Ավետարան ըստ Ղուկասի 19. 41-44)։ Այս մարգարեությունը կատարվեց բառիս բուն իմաստով, ու 70 թվականին Երուսաղեմի պարիսպը ճեղքեց, քաղաք մտավ Տիտոս կայսրն ու քարը քարի վրա չթողեց, իսկ Սողոմոնի վեհաշուք տաճարը նույնպես քարակույտի վերածվելով, դադարեց Իսրայելի երբեմնի փառքը, հրեաներին գերի տարան, ստրկության վաճառեցին, արգելելով նրանց մուտքը Ավետյաց երկիր։ ՈՒ այդ տևեց շուրջ 2000 տարի` մինչև մեր օրերը` 1948 թ.։
Իսկապես լացի արժանի վիճակ։ Այդ պատճառով Սողոմոնի տաճարի պարսպի միակ մնացած պատը, որ կոչվում է «Լացի պատ», հրեաների աղոթքի ու լացի տեղն է մնում մինչ այսօր։ Իսկ ինչո՞ւ։ Հարցի պատասխանը հենց այս տոնի խորհուրդն է բացատրում, Հիսուսին օվսաննաների ուրախության բացականչություններով ու ծառի դալար ճյուղերով դիմավորող ամբոխը կարծեց, թե Նա հիմա կհաղթի բոլոր թշնամիներին և հռոմեացիներին երկրից դուրս կվռնդի, կվերականգնի Դավթի աթոռը և հենց Ինքն էլ կնստի այդ գահին, քանզի Նրան նաև Դավթի որդի էին անվանում։ Սա մարմնավորների շնչավոր մտածելակերպն էր, իսկ հոգևորն այլ էր` մարդու մտքից վեր։ Եվ ընդհանրապես այդպես է։ ՈՒ նույն ամբոխը, երբ տեսավ, որ իր երազանքն ու նպատակը չեն կատարվում, սկսած Հուդայից, ուրացավ ու դավաճանեց Հիսուսին. նրան երկրավոր նպատակներն էին հետաքրքրում։
Այդպես չէ՞ արդյոք շատերիս համար. երբ հոգևորը խանգարում ու խոչընդոտում է մեր երկրավոր ծրագրերին ու նպատակներին, մենք հաճախ մերժում և ուրանում ենք ճշմարտությունը, ու խորամանկելով կամ ծամածռելով, փորձում ենք այն հարմարեցնել մեր երկրային ընթացքին։ Շատ պարզ օրինակներ բերեմ, թեկուզ և մեր առօրյա կենցաղից. քանի՞ անգամ է եղել, երբ քեզ զանգահարել են հեռախոսով, և դու, իմանալով, թե ով է զանգողը, հանգիստ խղճով ասել ես տնեցիներին. «Ասեք` տանը չեմ»։ Եթե տանը չես, ապա ո՞ւր ես։ Ասե՞մ ուր. խավարի մեջ, քանզի լույսի մեջ (որ է ճշմարտությունը) չեղողը խավարի մեջ է լինում։ Այլ տեղ չկա։ Տեսա՞ք, որ Հիսուսին օվսաննաներով, ասել կուզի` միայն շրթունքներով, Տեր ու Փրկիչ դավանելը հեշտ է, իսկ գործնականում բազմիցս ենք ուրանում Նրան։ Այդ պատճառով էր, որ Տերն ասաց. «Ոչ թե նրանք, որ Ինձ Տե՛ր, Տե՛ր կասեն ու կփրկվեն, այլ նրանք, ովքեր Իմ Խոսքը կլսեն ու կպահեն»։ Այսօր էլ նույնն է. Սուրբ պատարագ, ուռենու դալար ճյուղեր, որ ժողովուրդը ուրախությամբ տանում է տուն, հաճախ որպես հաջողության ու բարօրության թալիսման, բայց երբ գալիս է Ավետարանի խոսքը ապրելուն, նմանվում ենք «Խաչը հանի՛ր, խաչը հանի՛ր» գոռացող ամբոխից մեկին։ Ինչպես և արեցին Հիսուսին, երբ Պիղատոսը հարցրեց հավաքված հրեա ամբոխին. «Զատկի տոնի առթիվ ո՞ւմ ազատ արձակեմ, Բարաբբային, թե՞ Հիսուսին»։ ՈՒ ամբոխն ընտրեց մարդասպան Բարաբբային։ Նույն վիճակում էր և Աստծո տունը, երբ Հիսուսը վերջին անգամ Երուսաղեմ մտնելով, Իր Հոր Տունը մաքրեց առևտրականներից. «Եւ տաճար մտնելով՝ սկսեց դուրս հանել աղաւնեվաճառներին ու գնողներին և լումայափոխների սեղանները ցրեց ու ասաց նրանց. «Գրուած է՝ «Իմ տունը պէտք է աղօթքի տուն լինի», իսկ դուք աւազակների որջերի էք վերածել այդ»: Եւ նա ամէն օր նրանց ուսուցանում էր տաճարում, իսկ քահանայապետները, օրէնսգէտները և ժողովրդի գլխաւորները հնար էին փնտռում նրան կորստեան մատնելու, բայց չէին գտնում, թէ ինչ անեն, որովհետև ամբողջ ժողովուրդը, նրանով տարուած, լսում էր նրան»: ՈՒ հնարը գտան` Պիղատոսի ձեռքով և ժողովրդի աղաղակներով հասան նպատակին, և մեղավորները խաչը հանեցին Միակ Արդարին։ Եվ ընդամենն այդքան. քանզի ավելին չէին կարող։ Իսկ Աստված արեց ավելին ու անհնարը. Նա հարություն տվեց երեքօրյա մահացած Իր Որդուն. և սա արդեն կոչվում է Զատիկ, կամ Հարություն Տեառն։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2068

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ