Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կալանատուն թիվ 13

Կալանատուն թիվ 13
27.03.2015 | 00:29

Ի՞նչ է հիմա կատարվում մեր փոքրիկ Հայաստանում։ Թվում է, թե ցեղախմբերի արշավանք է։ Գիշեր-ցերեկ գալիս ու գալիս են։ Գալիս ու անկախության դասեր են տալիս։ Ի՜նչ հրաշալի է եղել, երբ նորապսակները մատանիներ են փոխանակել, իսկ հիմա ոչ թե ոսկե սարեր են խոստանում, այլ միմյանց նվիրում են։
«Դառնամ ու չտամ ողորմի», ՀՐԱՉՕ

ՕՐԱՏՈՐԻԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻՆ

(նավակայանում բանտ է կառուցվում)

Ի՞նչ է օրատորիան, և ինչո՞ւ եմ ես այն հիշել։ Սա բազմամաս երաժշտական գործ է, որին մասնակցում են մեներգիչները, երգչախումբը և նվագախումբը։ Փառահեղ է օրատորիան, ունի դրամատիկական սյուժե։ Դրամատիկ և փառահեղ է նաև դրա լատիներեն անվանումը` oratorium, որ նշանակում է աղոթարան։ Այսինքն, երբ օրատորիա հնչի երկրի բոլոր ռադիոհեռուստակայաններով, կայքերով և այլնով` նշանակում է, որ մենք աղոթում ենք նրանց, այսինքն` քաղգործիչների արևշատության համար` ՀՀ բոլոր կալանատներում, ներառյալ կանանց գաղութը, բացառյալ մանկական բանտը։ Մի խոսքով, ելքը խորհրդարանական հանրապետությունն է, բայց առանց քաղաքական գործիչների։ Բնականաբար, նաև առանց քաղաքականացված կիսաքրեական «վոժդիկների» և ներանձնական կամքով ու քմայքով, նաև մանկության ոսկե երազանքով օրենսդիր մարմնում «պահածոյացված և քամելեոնացած» խոսրովագեղամյանականների։ Այսինքն, պիտի երկրի բարձրագույն մարմինը մաքրել-իստակել մեներգիչ-շմայսասարոյաններից, ընդդիմադիր-դավադիր ներկա երգչախմբից և իշխանական կայտառ նվագախմբից։ Մի խոսքով, սահմանադրական փոփոխություններում մի գաղափար պիտի կիրառել` քաղաքական գործունեությունը, գոնե մեկ հնգամյակ, համարել իշխանության բռնազավթման փորձ։ (Մեր Սահմանադրությունը հպարտ հրովարտակում է, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց մի՞թե քաղաքականությունը բթամատից մինչև քթարմատ չի բարոյազրկել իշխանությունը` Անկախության հռչակագրի ընթերցման հենց հաջորդ առավոտից)։ Ի՞նչ կկատարվի նրանց հետ, երևակայել է պետք։

«ՖԱՐՍ-ՄԱԺՈՐ»-1

Որոշ ընթերցողներ ինձ շարունակ մեղադրում են լիբերալիզմի մեջ, պնդելով, որ ես բավականաչափ արմատական չեմ ազգի և պետության երդվյալ հակառակորդների հանդեպ։ (Ի դեպ, նրանք, այսինքն` ընթերցողներս, ինձ շուրջկալում են միայն Մելիք-Ադամյան փողոցում։ Սա ի՞նչ խորհուրդ ունի, չեմ կռահում, գուցե դուք օգնեք)։ Բավականաչափ արմատական եմ և առաջարկում եմ բոլոր հակապետականների և ապազգայինների նկատմամբ կիրառել հետևյալ պատժամիջոցը։ Նրանց պարտադրում ենք 3 ամիս շարունակ ապրել նվազագույն զամբյուղի բարիքներով, ստիպում ենք հագնել բացառապես «second hand»-ային սպիտակեղեն և արգելում ենք դիտել հայկական հեռուստասերիալները։

ՏԵՂ ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ԿԻՍԱԼՈՒՍՆԻ ՏԱԿ

(նավաբեկության ջրափոսերում)

Տե՜ր երկնավոր, պարզվում է, որ գելխեղդ-գամփռ խաղացող յուղափթիթ փափկամազիկների ժամանակը նոր է գալիս, կարկուտին նախորդող պորտապարի կանչող մեղեդին նրանց շուրթերով ավետում է նոր քաղմարմինների ծնունդը, ազգադավ-հացկատակները իրենց «սապոգային» ոտնամանների համար հարմար տեղ են փնտրում երկնագույն կիսալուսնի տակ։ Սա փաստում ենք և առաջ ենք քայլարշավում, ընդ որում, հակագազերով զմռսած մեր քիթն ու բերանը, զի հայտարարագրերի գարշահոտը կարող է լրջորեն վտանգել մեր անապակ հոգին, խնդրեմ, որոշ քաղմարմիններ կազմ ու պատրաստ սպասում են վերին հրահանգին` անհապաղ նետվելու դեպի սահմանային խրամատներ, զի այնտեղ, հայ դիրքապահ զինվորի կողքին է ուրվագծվում նրանց ոտնատեղը` զի հայրենանվիրական աճպարարությունը նրանց գլխավոր զենքն է այսօր։ Սա պիտի վնասազերծել բարձրագույն մի հրովարտակով. «ՈՒշադրություն, ուշադրություն, մեր սուրբ հայրենիքը վտանգի մեջ է։ Այսօրվանից անխտիր բոլոր քաղաքականացված սուբյեկտների, իշխանաքսու շոումենների, մտավորական-սինլքորների և այլ ազգադավ թերմացքի մուտքը սահմանապահ դիրքեր կտրականապես արգելվում է, քանզի այն էապես նվազեցնում է ՀՀ զինուժի մարտունակությունը և փառավորում է թշնամական բանակների ասկյարների սրտերը»։

«ՖԱՐՍ-ՄԱԺՈՐ»-2

Կույր են բոլոր նրանք, ովքեր չեն տեսնում Հայաստանի իրական զարգացումը, որը մի ամբողջ ոդիսական է, անկախ հայկազյաններիս ֆինանսական մարտահրավերը հարևաններին, աշխարհին, բոլորին... բոլորին։

Խուլ են բոլոր նրանք, ովքեր չեն լսում ժողովրդի հիացական խանդավառությունը, որը իշխանությունների վարած ազգային քաղաքականության շնկշնկան արձագանքն է։

Տեսեք, Քուվեյթի հիմնադրամը ֆինանսավորում է հայոց ենթակառուցվածքների ծրագիրը (գուցե Սոմալի սովյալ պետությունն էլ վարչապետի նախաճաշի հոգսը քաշի)։

ՈՒշիմ եղեք, 500 միլիոն եվրաբոնդի թողարկմամբ մերոնք հերթական անգամ կանխում են աղետալի զարգացումները, երբ գլուխ կբարձրացնի հեղափոխական եղանը և կեղեքված ժողովուրդը կհեղեղի փողոցներն ու հրապարակները։ Հանրապետությունում սնանկություն է, տեսանելի ապագայում անհնար կլինի վճարել աշխատավարձ և կենսաթոշակ։ Եվ գտնվեց հերթական փրկօղակը` 500 մլն եվրաբոնդի պատկերով։ Կեցցե՛ք, զորացեք և երկրի գլխին հերթական պարտքային յաթաղանը բարձրացրեք հայրենի իշխանա-խանա-խամաճիկահոգի պետայրեր և պետտիկնայք։

Տե՜ր իմ Երկնավոր, մի՞թե չի գալու նրանց զորացրման ժամանակը։ Եվ ահա չարենցյան մի հարց է գլուխը ցցում, երկրի գլխին յաթաղանված տարասեռ պարտքը ո՞վ է մարելու։ Փաշայաբոշայական դաշինքի հետնորդնե՞րը։ Բնա՛վ։ Մարելու ենք մենք, ազգովին և ուս ուսի։ Մեր սերունդը և մեր սերնդի յոթերորդ պորտը թող երազի, որ ՀՀ անկախության 100-րդ տարելիցի օրը երկիրը միգուցե կձերբազատվի վերջին 1 լումա պարտքից։ Սա, եղեք ներողամիտ, ընդամենը երազախաբկանք է, իրականությունը այլ նրբանցքում է դարանակալում մեզ, ուր վստահ են, որ փրկօղակը երկրի սահմանադրական-արմատական փոփոխություններն են, օլիգարխիայի ամորձատումը սահմանադրորեն, խորհրդարանական ազատ, անկախ, ազգային 4-րդ հանրապետության ծնունդը և վե՛րջ։ Ի վերջո, ինչո՞ւ ենք մենք ակնկալում, որ բոշայափաշայական դաշինքի (իմա` քաղաքական վերնակույտի) «առաքյալները» ապրեն առաքինի կյանքով։ Վատ չէր լինի։ Բայց կարծում եմ, որ դա անհնար է։

ՀԷՑ-Ի ՄՂՁԱՎԱՆՋԸ

(դեպի Հաագա)

ՀԷՑ-ի կործանումը ուղղակի սարսափ ֆիլմի գաղափար է, քանի որ վաղուց ի վեր հանրապետությունում էլեկտրաէներգիայի ավելցուկ է, պետական էլեկտրաարտադրողի հետ հաջողությամբ մրցակցում են հարյուրավոր մասնավոր ՀԷԿ-երը, սակայն համակարգը ֆինանսական անբուժելի ճողվածք ունի և այն պիտի ապաքինել սպառողներիս գրպանի հաշվին։ Այս գործով, ըստ իս, պիտի որ զբաղվի Հաագայի դատարանը։

Ձեզ հետաքրքրո՞ւմ է 4-րդ հանրապետության խորհրդարանի պատկերը, ահավասիկ, նրանք, չվարկաբեկված, չեղած տեղը ինչ-որ բան ստեղծած, շրջապատի հարգանքը վայելող և երբևէ չկուսականացված մի քանի այրեր և տիկնայք։ Ահավասիկ, ներկայացնում եմ անխռով։ Կազմակերպություններ. ՀՀ ԳԱԱ, ստեղծագործական և հասարակական կառույցներ, ազատամարտի աննկուն վետերաններ, երկայնամիտ երիտասարդներ և անպախարակելի անհատներ... Եղիազարյան Գուրգեն, Մարգարյան Գառնիկ, Մանուկյան Վազգեն, Մանուչարյան Աշոտ, Խաչատրյան Վահագն, Կարապետյան Արամ, Աղամյան Կարեն, Շահնազարյան Արթուր, Արիստակեսյան Կարեն, Գինոսյան Գագիկ, Ենոքյան Գոհար և այլք։ Մի խոսքով, քաղգործիչների և օլիգարխների տեղը կիսալուսնի տակ է, մերը` Մասսյաց հայացքի տակ։

ՈՍԿԵ ՍԱՐԵՐԻՑ ԴԵՊԻ ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ ԱՊՈՒՐ

(նավահանգստում բացվել է բարեգործական ճաշարան)

Է՜հ, գրչի ֆիդայի պատվելի Հրաչօ, գուցե ցեղախմբերին մեկ տարի շարունակ նախ աշխատեցնենք քարհանքերում և օրը մեկ անգամ ճաշկերույթի հրավիրենք բարեգործական ճաշարանում։ Գուցե։ Ինչո՞ւ գուցե։ Անպատճառ։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1704

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ