Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

DEMYC-ն Ադրբեջանին հրավիրել է մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին

DEMYC-ն Ադրբեջանին հրավիրել է մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին
27.03.2015 | 00:47

«Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC-ի) գործադիր մարմինն օրերս ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաշտոնական հայտարարություն: Նշենք, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը (ԵԿ) եվրոպական այս կառույցի լիիրավ անդամ է, և ՀՀԿ ներկայացուցիչը 2015 թ. հունվարից զբաղեցնում է DEMYC-ի փոխնախագահի պաշտոնը: Հենց ՀՀԿ երիտասարդների ջանքերով էլ եվրոպական այս կառույցը ճանաչեց և դատապարտեց Հայոց ցեղասպանությունը:
DEMYC-ի փոխնախագահ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ ԼԻԼԻԹ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ նշեց, որ եվրոպական այս կազմակերպության նոր խորհուրդն ընտրվել է հունվարին, և ընտրվելուց անմիջապես հետո ՀՀԿ (ԵԿ) անունից նրանց է ներկայացվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Ընդ որում, DEMYC-ի անդամների նախաձեռնությամբ որոշվել է մինչև խորհրդի հավաքի անցկացումը, որը տեղի է ունենալու ապրիլին՝ Երևանում, հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ: Ծանոթանալով ներկայացված բանաձևին՝ եվրոպացի երիտասարդները կազմել և ընդունել են պաշտոնական հայտարարության տեքստը: DEMYC-ի անդամները նույնպես միանում են միջազգային հանրության՝ Թուրքիային ուղղված բոլոր կոչերին՝ առերեսվել պատմության հետ, ճանաչել իր իրականացրած ոճիրը, հարգել և լիովին գիտակցել իր ստանձնած իրավական պարտավորությունները:
Լիլիթ Բեգլարյանը նշում է, որ խորհրդի անդամները հիմնականում տեղյակ են Հայոց ցեղասպանությանը, սակայն այս բանաձևը ևս մեկ առիթ էր առավել մանրամասն ծանոթանալու հայոց պատմությանը, Թուրքիայի կողմից հայ և այլ ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանություններին: DEMYC-ը միավորում է մոտ 50 երկրի երիտասարդական կազմակերպություններ, այս կառույցի տեղեկատվական հարթակներում հրապարակված ցեղասպանությունը դատապարտող և ճանաչող հայտարարությանը ծանոթանում են DEMYC-ի բոլոր անդամ կառույցներն ու նրանց շրջանակներում ներգրավված երիտասարդները:
«Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության ներկայացուցիչներն ապրիլի 23-26-ին լինելու են Երևանում, անցկացվելու է DEMYC-ի նորընտիր խորհրդի հավաքը: Եվրոպացի պատվիրակները պատրաստակամություն են հայտնել մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին և ոգեկոչելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Ընդ որում, Հայաստան ժամանելու օրերը պատահական չէին ընտրված, դա նրանք քաղաքական կարևոր քայլ են համարում և որոշել են աշխարհին հասցնել հայերի վիշտն ու պահանջատիրությունը:
Լիլիթ Բեգլարյանը տեղեկացնում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան չեն անդամակցում DEMYC-ին: Ադրբեջանը DEMYC-ի հյուր երկրների թվում է, փորձում է անդամակցել կառույցին: Եվրոպական երիտասարդական այս կազմակերպությունը պաշտոնապես հրավիրել է Ադրբեջանին և մյուս հյուր երկրներին ու կազմակերպություններին մասնակցելու Երևանում կայանալիք խորհրդի հավաքին, ադրբեջանցիները, սակայն, մերժել են հրավերը: Հավելենք, որ Ադրբեջանը հրավիրել է DEMYC-ին՝ աշնանը ծրագիր անցկացնելու իրենց երկրում: Որոշում առայժմ կայացված չէ:
Լիլիթ Բեգլարյանը հավելեց, որ ապրիլին DEMYC-ի խորհրդի նիստին մասնակցելու համար Երևան են ժամանելու նաև տարբեր երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ ու պատվիրակներ միջազգային երիտասարդական կազմակերպություններից:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1808

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ