Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ինչո՞ւ է «կոշտացել» Սերժ Սարգսյանը

Ինչո՞ւ է «կոշտացել»  Սերժ Սարգսյանը
27.03.2015 | 01:28

Շատերին է այսօր հետաքրքրում, թե ինչու «եվրոպական շաբաթ» ապրող իշխանությունը, որ է` Սերժ Սարգսյանը, մեկ էլ ու այդքան կոշտ ռիտորիկա բանեցրեց Ռուսաստանի առնչությամբ:
Ամեն բառը կշռող Սերժ Սարգսյանը հենց այնպես չէր կարող հականե-հանվանե ասել, թե՝ Ռուսաստան, զենք ես վաճառում, դրանով մեր երիտասարդներին ես սպանում, որ ի՞նչ անես:
Նշանակում է, որ հայ-ռուսական հարաբերություններում խորքային զարգացումներ են ընթանում, որոնք առայժմ չեն հրապարակայնացվում, և Սերժ Սարգսյանը վա-բանկ է գնում` նախ Ռուսաստանի, ապա և` միջազգային հանրության «ականջի» համար:
Անչափ պրիմիտիվ կլինի հնչած այդքան կարևոր մտքերն առնչել այն չափաբանությանը, թե «խնդիրը» սահմանադրական բարեփոխումներին է առնչվում, և Ռուսաստանն առանձնապես չի ցանկանում, որ Հայաստանը գնա նման ինստիտուցիոնալ փոփոխությունների: Նախ, մեր անչափ հստակ ինֆորմացիայով, Ռուսաստանի համար դա երբեք էական հարց չի եղել, և հետո, չենք կարծում, թե Սերժ Սարգսյանն առանց այդ ամենը համաձայնեցնելու էնդշպիլի գնար և սահմանադրական բարեփոխումներն իրականացնելու համար դաշտը մաքրեր ԲՀԿ-ից և նրա առաջնորդից:
Բացառում ենք նաև, որ դա կարող է լինել նաև ստուգողական կրակոց Սերժ Սարգսյանի կողմից` Պուտինի` ապրիլի 24-ին Հայաստան գալ-չգալու, Գալիպոլիին մասնակցության «մասով»:
Հաստատապես համոզված ենք, որ խնդիրն առնչվում է Ղարաբաղին, ուր էլ կարծես ուղղված են թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Ռուսաստանի հայացքները: Դիտարկենք հարցը.
ա) Ղարաբաղում, ինչպես արդեն իսկ ասվել է, դանդաղ պատերազմ է ընթանում: Որոշ գնահատումներով` Ռուսաստանի դրդմամբ: Ընդ որում` ոչ թե որ ցանկացած հրացան` Ադրբեջանին վաճառված զենք, մի օր կրակում է, այլ որ սառեցված հակամարտությունը տաք է պահվում «կողմերի» համար, որպեսզի անվերջ զգացվի «արբիտրի» անհրաժեշտությունը: Եվ քանի որ թե զենքի, թե «մոտիկության», թե քաղաքական շահագրգռությունների առումով առաջնահերթ «շահառուն» Ռուսաստանն է, նա էլ կօգտվի այդ «տաքությունից»:
բ) Ղարաբաղում սեփական խաղաղապահների զետեղմամբ: Ինչի համար էլ, ճիշտ է, «չէր եկել» Բորդյուժան, սակայն առանց նրա էլ հասկանալի է, թե ռուս-ՀԱՊԿ-ական առաջնահերթությունները որոնք են:
գ) Ընդ որում, նույն Ռուսաստանը, որ արդեն մի «ֆրոնտով» պատերազմում է ՈՒկրաինայում, չի երկնչում մնացյալ «ֆրոնտների» մասին ևս հայտարարելուց. այն է` հնարավոր է «ՀԱՊԿ տարածքներում զարգացումների սրում, որոնց Ռուսաստանը պետք է պատրաստ լինի»:
դ) Սրան էլ զուգահեռ, մեջլիս է մտնում ոչ անհայտ Ժիրինովսկին և բարբառում, որպեսզի «սրում»-պատերազմ, խաղաղապահ-բան «չլինի», այն է` ամեն բան ավելի «հեշտ» ավարտվի, Ղարաբաղը պետք է մտնի Ռուսաստանի կազմի մեջ:
Ասել է` Ռուսաստանը «Ղրիմ-2» «մարշալ պլան է» ցանկանում իրականացնել:
Եթե իրենց Ժիրիկը, ի տարբերություն մերի, ցանկանում է ոչ թե Հայաստանում, այլ Ղարաբաղում փոխել իրերի «դրությունը», ուրեմն բարբառում է ոչ թե իր, այլ Կրեմլի անունից, որի փչացած խոսափողի համարումն ունի:
Սա է, կարծում ենք, պատճառը Սերժ Սարգսյանի «կոշտացման» ու միջազգային հանրության «լճակի» մեջ նայելու անհրաժեշտության:
Համատեղ ջանքով` «Ղրիմ-2»-ը կանխելու նպատակով:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1631

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ