«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Թատրոն չկա միայն թատրոնում

Թատրոն չկա  միայն թատրոնում
27.03.2015 | 01:30

Շնորհավորում եմ բոլորիս՝ այսօր ԹԱՏՐՈՆԻ համաշխարհային օրն է՝ թատրոնի աշխատողների մասնագիտական տոնը: 1961-ի մարտի 27-ից: Տոնը սահմանել են Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսում: Սահմանել են իբրև թատրոնի բոլոր աշխատողների՝ դերասանների, հեղինակների, ռեժիսորների, պրոդյուսերների, լուսարարների, ձայնային ինժեներների, դեկորացիաները մոնտաժողների, տոմսավաճառների ու հանդերձապահների տոն: Ասել է՝ թատերական գործում երկրորդական դերեր ու մասնագիտություններ չկան՝ բոլորն են ներկայացման մասնակից: Կոնստանտին Ստանիսլավսկու ձևակերպմամբ՝ «Թատրոնը սկսվում է հանդերձարանից»: Նա, սակայն, իրականում ասել է. «Ներկայացումը սկսվում է թատրոնի շենք մտնելու պահից, որտեղ առաջին անգամ հանդիպում եք հանդիսատեսին»: Իրենց տոնին թատրոնները երբեմն նոր ներկայացումներ են բեմադրում, իսկ պետությունը այդ օրը թատրոնի աշխարհի մարդկանց պարգևատրում է: Ըստ ավանդույթի: Թատրոնի տոնը համաշխարհային է, բայց՝ աշխատանքային:
Թատրոնի համաշխարհային օրվա 54-րդ տարում համարձակ կարող ենք հայտարարել՝ Հայաստանն ամենաթատերական երկիրն է ու պետք է գրանցվի Գինեսի ռեկորդների համաշխարհային գրքում իբրև միակ երկիր, որ թատրոնը դարձրել է կենսակերպ, գոյության հիմք և քաղաքականության առանցք: Թատրոնը մեզ համար չի սկսվում հանդերձարանից ու չի ավարտվում վարագույրը իջնելուց հետո: Մենք ներկայացման ընդհանրական մասնակիցներն ենք, մենք վերացրել ենք բեմ-հանդիսասրահ բաժանումը, մենք վերացրել ենք պիեսների բաժանումն արարների, մենք խաղում ենք մեկ և ընդհանրական ներկայացում, որտեղ բոլորն առանց բացառության ունեն իրենց դերերը ու, լավագույն թատերական ավանդույթներով, բոլորը դժգոհ են դերաբաշխումից, հանդիսատեսն էլ՝ ներկայացումից, բայց ոչ ոք թատրոնից դուրս գալու մտադրություն չունի: Սա ֆենոմեն է, որ արժանի է ուսումնասիրության մի քանի բնագավառներում՝ քաղաքական, տնտեսական, պատմական, մշակութային, հոգեբանական, ֆինանսական, առողջապահական, գրական: Նոբելյան մրցանակը երաշխավորված է ուսումնասիրության ավարտին: Այս ֆենոմենը խոստումնալից ասպարեզ է գիտնականների համար, նրանց աշխատանքի արդյունքները մահուդի տակ չեն մնա, գզրոցներում չեն մոռացվի, համաշխարհային մակարդակի ներդրում կդառնան մարդագիտության բնագավառում:
ՈՒրի՞շ որտեղ, եթե ոչ Հայաստանում հնարավոր կլիներ թատրոնով փոխարինել տնտեսությունը: Ամբողջ աշխարհում տնտեսությունն է որոշում պետության տեղն ու դերը, Հայաստանում տնտեսությունը փորձադաշտ է՝ անվերջ բարեփոխումների, միշտ նույն խնդիրների, որոնք ունեն պարզ լուծումներ, բայց չեն լուծվում, որովհետև լուծման դեպքում քանդելու են քաղաքական համակարգը: Հայաստանի տնտեսության ֆենոմենը՝ ամեն ինչ վատ է, բայց առանձին-առանձին բոլորը լավ են: Աշխատանք չկա, աշխատողներ կան: Հին պարտքերը մնում են, արտաքին պարտքը 500 միլիոն դոլարով ավելացվում է՝ 7,5 տոկոսով: Ռուսական տրանսֆերտները նվազել են 170 միլիոն դոլարով, արտագնա աշխատանքի մեկնողների թիվը Ռուսաստան ավելանում է: Ռեֆորմ ռեֆորմի հետևից է հայտարարվում ու հետաձգվում կամ կատարման ընթացքում այնքան փոխվում, որ կարող էր միանգամից որոշում ընդունվել՝ այսքան-այսքան մարդուց գանձել այսքան-այսքան գումար, ու՝ վերջ: Տնտեսական հզորությունները փրկելու ճանապարհ է ընտրվում ձեռնարկությունների արտադրական գույքի վաճառքը: ՈՒ այդպես: Իսկ կառավարությունը աշխատում է անդուլ, արդյունավետ ու օպերատիվ:

Դիվանագիտության մեջ թատրոնը պարտադիր է, բոլորը միշտ ժպտում են: Բոլոր դիվանագետները հոգով բանաստեղծ են՝ Մաքիավելիից Լավրով, նոտաներ գրելուց առաջ ու հետո բանաստեղծություններ են գրում, հետո գնում են բանակցությունների, որտեղ լեզուն մտքերը թաքցնելու, ոչ թե արտահայտելու միջոց է: Հայկական դիվանագիտությունը բացարձակ ռեկորդակիր է՝ ամեն ինչ կարող է հիմնավորել, հետո հիմնավորել նույնի հակառակը: Ինչո՞ւ էինք ԵՄ-ին ասոցացվում, ինչո՞ւ չասոցացվեցինք: Ինչո՞ւ մտանք ԵԱՏՄ ու գնում ենք ԵՄ: Ինչո՞ւ բոլոր դռների տակ կանգնած ենք, բայց ներս չենք մտնում: Սոփեստների աստվածները նախանձից ինքնասպան կլինեին: Բայց 21-րդ դարում արագությունները փոխվել են, գործընթացից կարևոր են արդյունքները: Հայ դիվանագիտության գերագույն արդյունքը պիտի լիներ հաղթական պատերազմից հետո խաղաղության ամրագրումը համաձայնագրով: Չկա: Խաղաղությունն ամեն օր վիճարկվում է սահմաններին: Եթե պահպանվում է, ներսում զինվորի սվինով, դրսից՝ հանուն այլ պետությունների շահերի: Հայ դիվանագետները խաղում են անվերջ մի ներկայացում, որի գլխավոր դերակատարը արագ փոխվող դեկորացիաների պարագայում՝ Երևան, Մոսկվա, Փարիզ, Վիեննա, Բրյուսել, Մյունխեն ու այլուր, արտաբերում է նույն խոսքերը: Ծափեր չկան, հանդիսատեսն այլ տեքստ է սպասում, իսկ գլխավոր ռեժիսորն անընդհատ նույն տեքստն է տալիս, որը ստացել է պիեսի հեղինակից: Մյուսները հարկադրված են թիվ մեկ դիվանագետի ելույթները համաժողովներում ու հակաժողովներում կրկնել ու նրա պես ժպտալ, դիվանագիտության ոսկե կանոնն է՝ ժպտա, նույնիսկ եթե գլխիդ աղյուս է ընկնում, ու դու տեսնում ես: Հայտարարված է քաղաքական ուղեգիծ, ու՝ գնացինք: Օրը մեկ տեսակետ փոխելը ճկունություն է, մեկ կետում խրվել-մնալը՝ հետևողականություն: Ամեն ինչ ունի բացատրություն, կարևորը փողկապն է: Պիտի անթերի կապված լինի, այդ հանգույցը ավելին է, քան բանակցությունների սեղանի շուրջ հանգուցվող ու հանգուցալուծվող հարցերը: Նրանք ունեն փայլուն բառապաշար, առանց ոսկորների լեզու, չեն կակազում, երբ պատասխանում են հարցերին, որոնք պատասխան չունեն:
Քաղաքականության մեջ թատրոնը բացարձակապես պարտադիր պայման է՝ կարևոր չէ` ինչ է ասվում, կարևոր է՝ ով է ասում: Ասողի կարգավիճակից է կախված` ասվածի նշանակությունը կհասկանա՞ն, թե՞ ոչ: Կկատարե՞ն, թե՞ ոչ: Նույն, բացարձակապես նույն տեքստը կարող է արտաբերել շարքային հանդիսատեսը, ու՝ ոչ մի ազդեցություն, ոչ մի հետևանք: Տեքստը տվեք գլխավոր դերակատարին, դահլիճում ծափեր կորոտան, երջանկությունից, հպարտությունից, հուզմունքից լաց կլինեն հանդիսատեսների խիտ շարքերը: Որովհետև շարքայինից մինչև Առաջին ճանապարհը հազարներից անցնում են տասնյակները, ավելի քչերը տեղ են հասնում ու դառնում Առաջին: Իսկ Առաջին դառնալուց հետո երկար-բարակ վերադասավորում են շքախումբը, եթե նրանք զբաղված չլինեն միմյանցով, ձգտելու են Առաջին դառնալ: Կառավարման մոդել, Սահմանադրություն, իշխանության թևեր, լիազորությունների, իրավունքների, պատասխանատվության հավասարակշռություն, կշիռ ու հակակշիռ, ընտրություններ, համագումարներ, հրաժարականներ, նշանակումներ ու պաշտոնանկություններ՝ հանդիսատեսին տեղում պահելու միջոց են: Եթե հանդիսատեսը թատրոնից դուրս եկավ, ներկայացումն ավարտվելու է:
Ցանկացած կուսակցություն մեկ խնդիր ունի իրական ու մեկ խնդիր հրապարակային: Իրականում՝ առաջ դեպի իշխանություն, հրապարակային՝ ամեն ինչ ժողովրդի համար: Ստեղծվում են, ցրվում, միանում, բաժանվում: Դավաճանում են իրար ու իրենք իրենց, ու՝ ի՞նչ: Փակ շրջանակից դուրս գալու հնարավորություն չունեն: Շրջանակից դուրս իրական կյանքն է, որտեղ անելիք չունեն: Իրական կյանքում բոլորը զբաղված են գործով՝ տուն-տեղ, աշխատանք, ընտանիք, հարևան, բարեկամ, խանութ, շուկա, թանկ, էժան, հիվանդանոց, կյանք, մահ, ամուսնություն, երեխաներ, թոռներ, հոգսեր, գործեր, դու չանես, ոչ ոք չի անի: Նրանք կան, որովհետև միշտ ինչ-որ մեկը բեմից պիտի բացատրի, թե հանդիսատեսն ինչ է անում, ասի՝ հաջողության չես հասնում, որովհետև այսպիսին ես ու այսպիսին՝ սխալ ես ոտքից գլուխ, հաջողությո՞ւն ես ուզում, դարձիր այսպիսին ու այսպիսին, կդառնաս մեզ նման: Եթե ոչ Առաջին, մեկը նրանցից, ովքեր Առաջինի շքախմբում են, մի նախանձիր, որ նրանք ունեն ամեն ինչ: Նախ՝ ամեն ինչ չունեն, հետո էլ՝ դու ի՞նչ ես արել, որ արժանի լինես բեմ՝ իշխանական հարթակ բարձրանալու: Ստե՞լ ես: Հանուն ինչի՞: Հենց այնպես, ստացվե՞լ է: Խակ ես, գնա, ստել սովորիր հանուն գաղափարի: Շողոքորթե՞լ ես: Ո՞Ւմ: Շրջապատի՞դ: Խակ ես, շրջապատ ընտրել սովորիր: Գողություն արե՞լ ես: Ի՞նչ: Հավատ, գաղափար, ֆինանս, հույս, իդեալ, հեռանկար: Չի՞ ստացվել, ընդհանրապես անհույս ես, քաղաքականության դպրոցի այբուբենը չգիտես, եկել՝ հա՞յտ ես ներկայացնում: Գնա աղքատությանդ շեմը հաղթահարիր, սպառողական զամբյուղդ դատարկիր, կհասունանաս՝ կմտածենք: Հեռու չգնաս՝ ընտրությունների ժամանակ պետք կլինես:
Մշակույթը ընդհանրապես թատրոնի պատմություն է: Դարեդար պատմիչից բանաստեղծ, պատմաբանից փիլիսոփա ժողովրդին ինքնություն են վերադարձրել, իսկ նրանց աքսորել, թունավորել, սպանել են, գործից կտրել, իրենց ծառայել են ստիպել: Չեն ծառայել, հալածել են: Ծառայել են՝ դադարել են լինել՝ ինչ կային: Սոկրատեսին ցիկուտայով գավաթ մեկնող նույն ձեռքը դարեդար պարզվել է մտածողության անկախություն ու ազատության ընկալում ունեցողներին, որ կամ ըմպեն՝ մեռնեն, կամ դադարեն ջուր պղտորել ու բոլորի նման լինեն: Ֆլորենցիայից աքսորված Դանտեին ու Մաքիավելիին մոռանանք, Նարեկացուն հիշենք, որ մի ձեռքով «Մատյան ողբերգության»-ն էր գրում, մի ձեռքով պայքարում էր իրեն համարյա աղանդավոր հռչակողների դեմ: Խաչատուր Աբովյանին հիշենք, որ հայրենասերի ողբը ողբաց «Վերք Հայաստանի»-ով ու անհետացավ: Անցյալ դարասկզբի Հայոց հեթանոս շարժումը հիշենք ու Վարուժանին, Սիամանթոյին, Ռուբեն Սևակին, Մեջլիսի պատգամավոր Գրիգոր Զոհրապին, որ ցեղասպանվեցին: Կոմիտասին, որ խելագարվեց: Տերյանին, որ Օրենբուրգ աքսորվեց ու ճանապարհին վախճանվեց: Չարենցին, որ դանդաղ մահվան դատապարտվեց ու գերեզման չունի: Իսկ մենք նրանց ժառանգությունը առիթից առիթ հիշում ու նրանց մոռանում ենք հասկանալ: Բայց թատրոնի օրենքով՝ նրանք կան մեր կողքին ու հոբելյաններին ծափեր են ստանում, որովհետև սիրում ենք նրանց ստվերում մեզ արժևորել: Նրանցով՝ փառավորվել: Բայց ոչ մի դեպքում նրանց չկարդալ, չլսել, չհասկանալ: Արվեստի պատմությունը արվեստագետների կամ դանդաղ ոչնչացման, կամ դանդաղ ինքնասպանության մղելու պատմություն է՝ փայլուն ներկայացում մարդու էության: «Գրողին սպանել ե՞ք ուզում, մի կարդացեք նրա գիրքը»՝ Էռնեստ Հեմինգուեյն ավելի «մարդասիրական» սպանություն էր առաջարկում, հետո ինքն իրեն սպանեց:
Բայց վերադառնանք Գինեսի գրքին ու մեր ռեկորդներին: Թատրոնի մահը հայտարարում էին ամեն մեռնող դերասանի հետ, հեռուստատեսության ծնունդով, նոր տեխնոլոգիաների ի հայտ գալով՝ մեր թվարկությունից առաջ մինչև հիմա, իսկ թատրոնը կա ու նոր ասպարեզներ է նվաճում: Ինչո՞ւ: Մարդուն հաց ու զվարճա՞նք է ¥panem et circenses¤ պետք, զվարճանք՝ հատկապես, երբ հաց չկա՞: Ոչ, որովհետև թատրոնը ծնվում է մարդու հետ ու հասարակության հետ համակեցության անհրաժեշտության նրան պարտադրված դերով: Եվ միայն ինքն է որոշում` խաղա՞ պարտադրված դերը, թե՞ թատրոնը փոխի: Փոփոխական է հաջողությունը երկու դեպքում էլ: Երբ բոլորը նման են իրար, նմանների մեջ ամենանմանը լինելը և՛ հեշտ չէ, և՛ անիմաստ է: Թատրոնը փոխելուն էլ կարող է ուժդ չպատի, հետո էլ՝ ինչ իմանաս, ինչ կստացվի: ՈՒ մենք բոլորս դառնում ենք թատրոնի աշխատողներ՝ պիեսի հեղինակ, հանդիսատես, դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, լուսարար, ձայնային ինժեներ, դեկորացիա մոնտաժող, տոմսավաճառ ու հանդերձապահ, բայց եթե թատրոնում երկրորդական դերեր ու մասնագիտություններ չկան, կյանքում կան, ու դա է խնդիրը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Թատրոն չկա միայն թատրոնում, այնտեղ կյանքն է:

Դիտվել է՝ 1398

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ