Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կունենա՞ Բարաք Օբաման բավարար ազատություն

Կունենա՞ Բարաք Օբաման բավարար ազատություն
27.03.2015 | 10:44

Ինչքան քիչ ժամանակ է մնում ապրիլի 24-ին, այնքան Թուրքիան ակտիվացնում է հակահայկական քարոզչությունը: Հայոց ցեղասպանության 100-ամյակը Թուրքիայի Հանրապետությունը նշանավորում է բացարձակ ժխտողական քաղաքականությամբ: Դարդանելի նեղուցների հաղթական ճակատամարտերի 100-ամյակի տոնակատարությունը ապրիլի 24 տեղափոխելն ընդամենը մի դրվագ էր: Դեռ անցյալ տարի նախագահի մակարդակով բոլոր դեսպանները մանրամասն հրահանգավորվել էին ինչպես կանխել ցեղասպանության ճանաչումը և քարոզել իրադարձությունների թուրքական տարբերակը: Դիվանագիտական կորպուսը, սակայն, քիչ է համարվել հանձնարարված խնդիրը լուծելու համար, նրանց հավելել են ժողովրդական դիվանագիտության ուժերը՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավորներին: Կանխելու համար Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր՝ «Ճշմարտության և արդարության բանաձևի», ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի օրակարգում հայտնվելը, Վաշինգտոն էր մեկնել Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը: «Թուրքիան անկեղծ է, իսկ Հայաստանը Թուրքիայի դեմ միջոցառումներ է կազմակերպում»,- ասել էր նա: Վաշինգտոնում, «Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները 21-րդ դարում» համաժողովում Ջեմիլ Չիչեքը հայտարարել էր, որ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման համար իր ջանքերում Թուրքիան առաջվա պես անկեղծ և սրտաբաց է Հայաստանի առաջ, «սակայն դեպքերի 100-ամյակի՝ ապրիլի 24-ի մոտենալուն զուգահեռ Հայաստանը բարի կամքի դրսևորումներին դրական արձագանքելու փոխարեն իր էներգիան ծախսում է Թուրքիայի դեմ միջոցառումներ կազմակերպելու համար»: Իբրև ցեղասպանության արդարացում Ազգային մեծ ժողովի նախագահը բերել էր ստանդարտ ձևակերպումը. «1915-ին պատերազմ է եղել, տուժել են թե հայերը, թե քրդերը, թե արաբները: Թուրքիան պատրաստ է բացել արխիվները, բայց հայերը չեն համաձայնում պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը»:

Կկարողանա՞ն թուրք լոբբիստները հաջողության հասնել՝ կանխելու «Ճշմարտության և արդարության բանաձևի» ընդունումը, ինչպիսի՞ն է ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ցեղասպանության 100-րդ տարում, առաջիկա մեկ ամսում կպարզվի: Հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ցեղասպանության զոհերի հիշատակը Երևանում համատեղ ոգեկոչելու հրավերը: «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը նշում է տասը պատճառ, թե ինչո՞ւ պետք է ԱՄՆ-ի նախագահի ինքնաթիռը ապրիլի 24-ին վայրէջք կատարի Երևանում:
1. Նախագահ Բարաք Օբաման հարգանքի տուրք կմատուցի ԱՄՆ-ի հարյուր հազարավոր գթասիրտ քաղաքացիներին՝ ցեղասպանությունից հետո հայերին օգնելու նպատակով 117 միլիոն դոլար (այսօր 2 մլրդ դոլարին համարժեք գումար) հանգանակելու համար: Սասունյանը հիշեցնում է, որ դեսպան Հենրի Մորգենթաուի նախաձեռնությամբ և նախագահ Վուդրու Վիլսոնի աջակցությամբ, Մերձավոր Արևելքի նպաստամատույցը օգնեց փրկել և խնամել 132 հազար հայ որբերի: Դա առաջին միջազգային մարդասիրական օգնությունն էր ԱՄՆ-ի պատմության մեջ:
2. Նախագահ Բարաք Օբաման կվերահաստատի ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Ցեղասպանությունը որպես հաստատված պատմական փաստ ճանաչել են ԱՄՆ-ի կառավարությունը Միջազգային դատարան ներկայացրած փաստաթղթում, 1951-ին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 1975-ի և 1984-ի բանաձևերում, նախագահ Ռոնալդ Ռեյգանը նախագահական հռչակագրում 1981-ի ապրիլի 22-ին, ԱՄՆ-ի 50 նահանգներից 43-ը:
3. Նախագահ Բարաք Օբամայի վերջին հնարավորությունն է ՝ վերականգնելու ամերիկահայ համայնքի վստահությունը՝ հարգելով Հայոց ցեղասպանության ճանաչման խոստումները որպես սենատոր և նախագահի թեկնածու:
4. Նախագահ Օբաման կարող է հիմք դնել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը՝ հիմնված ճշմարտության և արդարության վրա, համահունչ Ներկայացուցիչների պալատում սպասվող բանաձևին և իր նախորդ ապրիլ24յան ուղերձներին՝ հայտարարելով, որ «փաստերի լիարժեք, անկեղծ ու արդարացի ճանաչումը բխում է բոլորիս շահերից»: Նրա այցը կխրախուսի մարդու իրավունքների թուրք պաշտպաններին՝ շարունակելու դժվարին աշխատանքը՝ օժանդակելու Թուրքիայի կառավարությանը՝ հաշվի նստելու իր անցյալի ամենամութ էջերի հետ:
5. ԱՄՆ-ի նախագահը Երևանից կարող է կոչ անել Թուրքիային վերացնել Հայաստանի շրջափակումը՝ հայացք նետելով փակ սահմանից այն կողմ գտնվող բիբլիական Արարատ լեռանը:
6. Ի պատասխան Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումների ակտիվացմանը՝ Բարաք Օբաման կարող է հատատել հակամարտության խաղաղ կարգավորմանը Վաշինգտոնի լուրջ աջակցությունը:
7. Նախագահ Օբամայի այցը կօգնի հավասարակշռել Հայաստանի հարաբերությունները Արևմուտքի հետ, հատկապես Ռուսաստանի գլխավորած ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո:
8. Քանի որ նախագահ Բարաք Օբաման ուկրաինական ճգնաժամի պատճառով չի պատրաստվում մեկնել Մոսկվա՝ մասնակցելու մայիսի 9-ին Երկրորդ աշխարհամարտում տարած Հաղթանակի օրվա տոնակատարություններին, Երևանում նա հնարավորություն կունենա հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ավելի հանգիստ պայմաններում:
9. Նախագահ Բարաք Օբամայի այցը Հայաստան բարի կամքի կարևոր դրսևորում կլինի ամերիկահայ համայնքի նկատմամբ՝ ի պատասխան 16 ամերիկահայ կազմակերպությունների նամակի՝ մասնակցել Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին Հայաստանում:
10. Նախագահ Բարաք Օբաման կկատարի ԱՄՆ-ի նախագահի առաջին պատմական այցը Հայաստան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.
Բնական է, որ Հարութ Սասունյանը քաղաքական կոռեկտության սահմաններից դուրս չգալով՝ չի նշում, թե ինչ կարող է Անկարան հակադրել ԱՄՆ-ի նախագահի այցին Հայաստանի Հանրապետություն 2015-ի ապրիլի 24-ին՝ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերությունները լավագույն ժամանակները չեն ապրում, երբ զարգանում են ռուս-թուրքական հարաբերությունները, երբ Ադրբեջանը պնդում է, որ հրադադարի պայմանագիրը թղթի կտոր է և ԵԱՀԿ Մինսկի խումբը անգործունակ է: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի այցը Հայաստանի Հանրապետություն կարող է դառնալ իսկապես պատմական և տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար կարևոր նշանակություն ունենալ: Բայց ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Հայաստան չի գա, նույնիսկ հաջորդ օրը Անկարա մեկնելու դեպքում: Դատելով Բարաք Օբամայի պահպանողական քաղաքականությունից՝ ԱՄՆ-ի նախագահի առաջին այցը Հայաստան կիրականացնի հաջորդ նախագահը, մինչդեռ սա հրաշալի առիթ է նրա համար իբրև նախագահ կատարելու խոստումը ԱՄՆ-ի հայ ընտրողներին, որ տվել է իբրև նախագահի թեկնածու: Նաև՝ իր նախագահության տարիների արտաքին քաղաքական ձեռքբերումներում հավելելու նոր կետ ու պակասեցնելու անելիքները հաջորդ նախագահի, որ կարող է և իր կուսակիցը լինել:
Բացի քաղաքական պրագմատիկ հաշվարկից՝ Հայաստան գալու համար Բարաք Օբամային պետք է քաղաքացիական դիրքորոշում ու մտածողության ազատություն: Գոնե այն կարճ ժամանակում, երբ նա դեռ ԱՄՆ-ի նախագահն է:

Դիտվել է՝ 1334

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ