Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սերժ Սարգսյանը կառուցում է հայկական Չինական պարիսպ

Սերժ Սարգսյանը կառուցում է հայկական Չինական պարիսպ
27.03.2015 | 10:46

Դուք նկատեցի՞ք, որ եվրոպական շաբաթին հաջորդեց չինականը: Մարտի 24-28-ը պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Պեկինում ավելի շատ համաձայնագրեր ստորագրեց, քան վերջին մեկ տարում էր ստորագրվել: ՉԺՀ նախագահ Սի Ձինպինի հետ հանդիպման ավարտին ստորագրվեց «ՀՀ և ՉԺՀ բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին» համատեղ հռչակագիր: Հավելեք՝ քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության պայմանագիրը, կառավարությունների տեխնիկատնտեսական համագործակցության, ՀՀ-ին ՉԺՀ-ի կողմից արտոնյալ վարկի տրամադրման, կառավարությունների մաքսային համագործակցության և փոխադարձ օգնության, կրթության և գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձաբար ճանաչման մասին, զբոսաշրջության բնագավառում համագործակցության համաձայնագրերը, «Մետաքսի ճանապարհի» տնտեսական գոտու ստեղծման գործում համագործակցության հուշագիրը, ՀՀ ոստիկանության և ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարության միջև հանցագործությունների կանխարգելման և բացահայտման համագործակցության համաձայնագիրը, ՀՀ Կենտրոնական բանկի և ՉԺՀ ժողովրդական բանկի միջև հայկական դրամ/չինական յուան երկկողմանի SWAP կարգավորումների, Ֆինանսների նախարարության, որպես վարկառու, և Չինաստանի ներմուծման-արտահանման բանկի, որպես վարկատու, միջև մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման ծրագիրը՝ կառավարության արտոնյալ պայմաններով, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Չինաստանի ազգային էներգետիկայի կազմակերպության միջև ատոմային էներգիայի ծրագրերում համագործակցության հուշագիրը:
Հռչակագիրը հաստատեց երկու պետությունների ջերմ, բարեկամական և փոխադարձ վստահության վերաբերմունքը միմյանց նկատմամբ, հաստատեց, որ Հայաստանի և Չինաստանի բարեկամական համագործակցությունը ոչ միայն համապատասխանում է երկու երկրների և ժողովուրդների արմատական և երկարաժամկետ շահերին, այլև նպաստում է համատեղ զարգացմանն ու բարգավաճմանը՝ ի նպաստ տարածաշրջանային խաղաղության և կայունության: Նաև սահմանեց, որ հայկական կողմը հաստատում է Չինաստանի քաղաքականությանն իր աջակցությունը, հանդես է գալիս որևէ ձևով «Թայվանի անկախության» դեմ, Թայվանի հետ պաշտոնական կապ չի հաստատում, աջակցում է Թայվանյան նեղուցի երկու ափերի միջև հարաբերությունների խաղաղ զարգացմանը, երկրի միավորմանն ուղղված՝ Չինաստանի կառավարության ջանքերին՝ համարելով, որ Թայվանը Չինաստանի անքակտելի մասն է, իսկ թայվանյան հարցը՝ Չինաստանի ներքին գործը, ի պատասխան՝ չինական կողմը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորման օգտին` ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական նպատակների ու սկզբունքների և միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի համաձայն։ Ավելին՝ կողմերը հայտարարեցին, որ չեն մասնակցի միությունների կամ դաշինքների, որոնք ուղղված են մեկնումեկի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության դեմ, կսատարեն երկու երկրների ժողովուրդներից յուրաքանչյուրի ընտրած զարգացման ճանապարհին, կաջակցեն միմյանց ջանքերին` ուղղված պետական անկախության, ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության ամրապնդմանը, սոցիալ-քաղաքական կայունության ապահովմանը և ազգային տնտեսության զարգացմանը։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպես է Հայաստանը պաշտպանում Չինաստանի անկախությունը, ինքնիշխանությունն ու անվտանգությունը:
Ավելին՝ կողմերը պատրաստ են ակտիվացնել երկու երկրների ղեկավարների փոխադարձ այցերը, ընդլայնել կառավարությունների, օրենսդիր մարմինների, կուսակցությունների, բանակների և հասարակական միավորումների կապերն ու համագործակցությունը, անցկացնել պետական կառավարման փորձի փոխանակում, ընդլայնել երկկողմ հարաբերությունների խորացմանը նպաստող ուղիներն ու խողովակները, օպտիմալացնել երկու երկրների միջև առևտրի կառուցվածքը, հարստացնել համագործակցության ձևերը և ընդլայնել ուղիները, բարելավել առևտրաներդրումային մթնոլորտը, փոխադարձ շահերի և իրավահավասարության հիման վրա միմյանց տրամադրել բարենպաստ պայմաններ` ապրանքների, ծառայությունների, տեխնոլոգիաների և կապիտալի ներմուծման համար։ Չինական կողմը խրախուսում և աջակցում է իր ձեռնարկություններին ՀՀ- ում ներդրումներ անելու և ձեռնարկություններ ստեղծելու հարցում՝ իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա և առևտրային օրինաչափություններին համապատասխան և, ելնելով տնտեսական և տեխնիկական նպատակահարմարությունից և հնարավորությունից, կմասնակցի գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, կապի, առողջապահության, ենթակառուցվածքների զարգացմանը, աջակցություն կցուցաբերի հայ ժողովրդի բարեկեցության բարձրացման համար կարևոր նախագծերի իրականացմանը:
Կողմերը պատրաստ են քննարկել ազգային արժույթների փոխադարձ փոխանակումների, ֆինանսավորման ճկուն և բազմազան մեթոդների և ֆինանսական աջակցության նախագծեր, աջակցել նահանգների, մարզերի և քաղաքների եղբայրական հարաբերությունների հաստատմանը՝ հաշվի առնելով տեղական արդյունաբերական կառույցները և նրանց առանձնահատկությունները: Ավելին՝ կողմերը կարևորեցին «Մետաքսի ճանապարհի» տնտեսական գոտու համատեղ ստեղծման նախաձեռնությունը, որ նոր պատմական հնարավորություններ է ընձեռում երկու երկրների բազմակողմ համագործակցության համար և համատեղ առաջ կտանեն «Մետաքսի ճանապարհի» տնտեսական գոտու ստեղծման նախագիծը՝ երկկողմ համագործակցության նոր լայն հեռանկարներ բացելով։ Հավելեք՝ կրթության, մշակույթի, գիտության և տեխնիկայի, շրջակա միջավայրի պահպանման, ԶԼՄ-ների, սպորտի, զբոսաշրջության և այլ բնագավառներում երկու երկրների համագործակցությունը: Հավելեք նաև քաղաքացիական ավիացիայի ոլորտում համագործակցությունը: Կողմերը ընդունեցին ահաբեկչության աճող վտանգները, դատապարտեցին և պատրաստակամություն հայտնեցին ակտիվացնել ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային հակաահաբեկչական փաստաթղթերի շրջանակներում երկու երկրների իրավապահ, անվտանգության և պաշտպանության մարմինների միջև կապերն ու համագործակցությունը, համատեղ պայքարել ահաբեկչության, փողերի լվացման, թմրանյութերի անօրինական շրջանառության և անդրազգային կազմակերպված հանցավորության այլ ձևերի դեմ։ Կողմերը պատրաստ են շարունակել պրակտիկ փոխգործակցությունը ռազմական պատվիրակությունների փոխայցելությունների, զինվորական կադրերի պատրաստման, ռազմական օգնության ցուցաբերման համար: Ավելին՝ արձանագրեցին, որ պետք է բարեփոխել ՄԱԿ-ը և նրա Անվտանգության խորհուրդը՝ ՄԱԿ-ի կանոնադրական պարտականություններն ավելի արդյունավետ կատարելու նպատակով, միակարծիք էին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումը պետք է իրականացվի առավելագույն կոնսենսուսի հիման վրա: Անհրաժեշտ է քննարկել զարգացող, միջին և փոքր պետությունների ներկայացուցչության և ձայնի իրավունքի ավելացման հնարավորությունը, նրանց՝ հերթականությամբ Անվտանգության խորհուրդ մտնելու, որոշումների ընդունմանը մասնակցելու և ավելի կարևոր դեր խաղալու ավելի շատ հնարավորությունների տրամադրումը: Սերժ Սարգսյանը ՉԺՀ նախագահ Սի Ձինպինին պետական այցով հրավիրեց Հայաստան, նա ընդունեց հրավերը երախտագիտությամբ և հաճույքով:
Հետո ՀՀ նախագահի հանդիպումներն էին խորհրդարանի և կառավարության ղեկավարների հետ: Ժողովրդական ներկայացուցիչների պալատում նրան սպասում էր Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Չանգ Դձյանը, հետո արդեն հանդիպումն էր ՉԺՀ պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանի հետ՝ բանակցությունների շրջանակում ներառեք էներգետիկա, տրանսպորտ, քիմիական արդյունաբերություն, կրթություն, գիտություն, մշակույթ, գյուղատնտեսություն, ավիացիա, զբոսաշրջություն, ենթակառուցվածքների զարգացում,
առևտրատնտեսական հարաբերություններ, ապրանքաշրջանառություն, Հայաստանից Չինաստան արտահանման մեծացում, Հայաստանի տնտեսության մեջ չինական ներդրումների ներգրավում և համատեղ ծրագրեր: Հավելեք՝
«Մետաքսի մեծ ճանապարհի» վերականգնման համատեքստում՝ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի, Հայաստանն ու Իրանը միացնող երկաթուղու, Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման ծրագրերին չինական ընկերությունների հնարավոր մասնակցությունը:
Ասեմ, որ կեսն եմ թվարկել: Չինացիք իմաստուն ժողովուրդ են, ու թվում է՝ Հայաստանի Հանրապետությունը շփոթել են ուրիշ պետության հետ: Կամ՝ հին անեկդոտի պես՝ Երևանը պատերազմ է հայտարարել Պեկինին ու մի տասը րոպեից հանձնվել: Ավելի ճիշտ՝ գրավել Պեկինը՝ դարձյալ շատ հին անեկդոտի պես, որ գիտեն ԵԽԽՎ բոլոր պատվիրակները և հատկապես ԵԽԽՎ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը: Չինաստանի պես երկրի հետ համագործակցության նման համաձայնագրեր կնքելուց հետո Հայաստանում առնվազն պիտի հեղափոխություն լինի մտածողության, տնտեսության կառուցվածքի ու տնտեսավարման տրամաբանության մեջ: Չինական ներդրումները, սակայն, չեն հոսելու Հայաստան հեշտ ու հանգիստ, չինացիք գիտեն յուանի գինը և յուանը ծախսելու ձևերը, նրանք մանրակրկիտ ուսումնասիրելու են ամեն ինչ, հետո նոր միայն որևէ ծրագիր սկսեն: ՈՒ՝ հեռանալու են դեռ չեկած, եթե իրենց որոնած պայմանները չլինեն: Իսկ նրանք ամեն տեղ օրենք են որոնում և աշխատում են օրենքի դաշտում՝ փոխադարձ շահավետության հիման վրա: Պատկերացրի՞ք՝ ի՞նչ փորձանքի մեջ ենք ընկել՝ վարչապետից մինչև վերջին հայը: Եթե հաջողվի այս ծրագրերի գոնե կեսը կյանքի կոչել, Հայաստանի Հանրապետությանը իսկապես սպառնում է ինքնիշխան պետություն դառնալու հեռանկարը՝ տնտեսական ու քաղաքական, ռազմական, ու՝ ընդհանրապես:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Սերժ Սարգսյանը կառուցում է հայկական Չինական պատը, որ Հայաստանի համար փրկօղակ կարող է դառնալ, բայց Պեկինի ինչի՞ն է պետք Հայաստանը, որ իր ողջ բնակչությամբ Չինաստանի մայրաքաղաքի արվարձաններից մեկը հազիվ բնակեցնի: Տարբերակներ չկան՝ Հայաստանը մասն է դառնում չինական մեծ ծրագրի, որը Հայաստանով ու Հարավկովկասյան տարածաշրջանով չի ավարտվում: «Մետաքսի ճանապարհ» վերականգնումը այդ ծրագրի ընդամենը մի հատվածն է, որ ամբողջանալու է Արևելքից Արևմուտք Պեկինի դանդաղ, բայց անշեղ ընթացքով: Ժամանակի մեջ խաղաղությունը տարածաշրջանում դառնում է պարտադիր պայման, որքան էլ Ադրբեջանն աղմկի, Թուրքիան ընդմիշտ կարող է սահմանը փակել, դա արդեն խնդիր չէ, նույնիսկ Ռուսաստանը այլևս դադարում է Հայաստանի համար միակն ու անփոխարինելին լինել սկսած ատոմակայանից մինչև զենքի վաճառք... Եթե համաձայնագրերին հավելվեր ևս մեկը, որով Հայաստանում հիմնվեր չինական գյուղ, մի քանի տարում կլուծվեր նաև ժողովրդագրական խնդիրը, մի քիչ շեղաչք կդառնայինք, բայց դա տեխնիկական մանրուք է:

Դիտվել է՝ 2143

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ