Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իսկ ի՞նչ ենք մենք ասելու ապրիլի 24-ին

Իսկ ի՞նչ ենք մենք ասելու ապրիլի 24-ին
30.03.2015 | 16:19

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն է հարցազրույց տվել France 24 հեռուստաընկերությանը և եթերում հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում միայն Անկարան է կառուցողական քայլեր անում. «Հայաստանը որևէ դրական քայլ չի ձեռնարկել: Մենք միշտ խաղաղ ցանկություններով պարզել ենք մեր ձեռքը, որ մշտապես մնացել է օդում: Անցած տարի ապրիլի 23-ին ես հանդես եկա ուղերձով, որը բավական դրական արձագանքներ ունեցավ: Հայաստանից, սակայն, այդ ուղերձը որևէ դրական արձագանքի այդպես էլ չարժանացավ»,- բողոքել է Թուրքիայի նախագահը: Թերևս՝ իրավացի: Ընդհանուր ցավի մասին խոսելով՝ նա նպատակ ուներ աշխարհին ասել (իսկ ուղերձը համաժամանակյա տարածվեց միջազգային հաղորդակցության բոլոր լեզուներով), որ ժամանակակից Թուրքիան ժողովրդավարական պետություն է և պատրաստ է քննարկել օրակարգի բոլոր հարցերը: Կային ներքաղաքական և արտաքին քաղաքական խնդիրներ և Էրդողանին շատ պետք էր միջազգային բարենպաստ մթնոլորտ ստեղծել Թուրքիայի շուրջ նախագահական ընտրությունների նախօրեին: Նրան գուցե թվում էր, որ Հայաստանը անմիջապես կներքաշվի իր խաղի մեջ ու իր «մշտապես պարզած» ձեռքը ոչ միայն կբռնի, այլև սրտին կտանի ու կասի՝ լավ, որ սիրտդ ցավում է, ցավում է՝ անցած լինի: Դիվանագիտական առումով այդպես էլ եղավ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը մեկնեց Անկարա և մասնակցեց Ռեջեփ Թայիբ Էրդողանի պաշտոնակալության արարողությանը: Շնորհավորեց նրան: Առաջին անգամ: Բայց Թուրքիայի նորընտիր նախագահը չէր սպասում, որ Հայաստանը այդպես «կբռնի» իր ձեռքը և անմիջապես կհրավիրի Երևան՝ մասնակցելու ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին ու համատեղ «ցավը» սփոփելու: Էրդողանը հայերից նման «ուխտադրուժ» քայլ չէր սպասում, դա թուրքական դիվանագիտության ոճն է:

Բայց Էրդողանի «ցավին» ևս մի «ցավ» ավելացավ՝ այս տարվա ապրիլի 24-ը, և նա հնարեց Գալիպոլին: Իսկապես աններելի կլիներ, եթե նեղուցների պատերազմի 100-ամյակը չօգտագործվեր: Մեկ դար անց՝ ո՞ւմ է հետաքրքրում՝ ե՞րբ է սկսվել նեղուցների համար պատերազմը, քանի՞ ճակատամարտ է եղել, ե՞րբ է ավարտվել՝ 1915-ի՞ն, թե՞ 1916-ին, 100 տարի է, ու՝ վերջ: Հաղթել են Թուրքիան ու Գերմանիան, իրենք էլ կարող են հաղթանակի տոնակատարության օրը սահմանել ժամանակի մեջ՝ երբ հարմար գտնեն: Գտան ապրիլի 24-ը, ինչո՞ւ ոչ, հակակշռել պե՞տք էր, պետք էր: Բայց և ռիսկային էր՝ արդեն 100 տարի ցեղասպանությունը կա, 1965-ից՝ 50 տարի ապրիլի 24-ը Հայաստանում նշվում է իբրև հիշատակի օր, ու աշխարհը դա գիտի, իսկ Գալիպոլիի ճակատամարտի օրը առաջին անգամ պիտի ապրիլի 24-ին նշվի՝ սա մեկ, երկրորդ՝ քանի՞ տոկոսի հավանականություն ուներ Թուրքիան և ինչ դիվանագիտական ու լոբբիստական աշխատանք պիտի տաներ, որ, բացի Ադրբեջանի նախագահից, այդ օրը Ստամբուլում լիներ համաշխարհային քաղաքականության առաջին դեմքերի այն փաղանգը, որը Էրդողանին հնարավորություն կտար արդեն նրանց ներկայության մակարդակով հաստատել՝ ցեղասպանություն չի եղել, եղել է Առաջին համաշխարհային պատերազմ, սպանվել են թե թուրքեր, թե հայեր, թե հույներ, թե քրդեր, ու՝ այդպես: Մենք մեղավոր չենք, մեղավորը դուք եք, որ մեզ դավաճանել եք ռուսներին միանալով: Գիտե՞ր ու կանխատեսե՞լ էր հայկական դիվանագիտությունն իրերի այս ընթացքը: Միանշանակ՝ այո: ՈՒ ի՞նչ էր ձեռնարկել: Առայժմ այս հարցը թողնենք անպատասխան, պատասխանը կերևա 25 օրից: Բայց խնդիրը դա չէ: Նույն հարցազրույցում «Ինչո՞ւ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյա տոնակատարությունների օր ընտրվեց հենց ապրիլի 24-ը և նպատակ չունե՞ր խանգարել հայերի նախաձեռնած հիշատակի միջոցառումներին» հարցին` Էրդողանը պատասխանել է. «Մենք չենք պատրաստվում հայերից թույլտվություն վերցնել այս կամ այն քայլին դիմելուց առաջ: Դա պատմական ամսաթիվ է, որը վերաբերում է Գալիպոլիի ցամաքային ճակատամարտի 100-րդ տարեդարձին: Որևէ կապ Հայաստանի նախաձեռնած միջոցառումների հետ չունի: Ավելին, հենց հայկական կողմն է իր միջոցառումները այնպես կազմակերպել, որ համընկնեն մեր օրերի հետ»: Էրդողանը, իհարկե, ստել է, ինչպես ստում է, որ ցեղասպանություն չի եղել: Նրա դեպքում դա կոչվում է դիվանագիտական ճկունություն: Ալլահն իր հետ:
Իսկ մենք ի՞նչ ենք այդ օրն ասելու աշխարհին: Միացեք մեզ, մեզ հետ հարգեք միլիոն ու կես զոհերի հիշատա՞կը: Լավ: Դատապարտեք ցեղասպանությունն ու ցեղասպանության ժխտողականությունը, որ չկրկնվի՞: Լավ: 100 տարին մեկ անգամ ստեղծված հնարավորություն է այդ օրը՝ աշխարհին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելու: Պատրա՞ստ ենք այդ օրվա հնարավորությունն օգտագործել ամբողջությամբ՝ ստանալու ոչ միայն անցյալի ողբերգության գնահատական, այլև՝ ներկայի ու առավել ևս ապագայի՝ Հայաստանին աջակցելու երաշխիքներ քաղաքական ու տնտեսական օրակարգի բոլոր հարցերով:
Ես մեղք չեմ գործում ցեղասպանության զոհերի հիշատակի առաջ՝ առաջարկելով հիշատակի օրը օգտագործել այլ նպատակներով: Այլ նպատակ չկա, կա մեկ նպատակ՝ Հայաստանի Հանրապետության զարգացումը, տարածաշրջանի խաղաղությունն ու տնտեսական առաջընթացը: Երբ մենք սպասում ենք, որ Թուրքիան ընդունի ցեղասպանությունը, կարծում ենք, որ դա միայն Անկարայի խնդիրն է, ոչ, դա նաև Երևանի միջազգային կշռի ու ազդեցիկության խնդիրն է: Ռեջեփ Թայիբ Էրդողանի համար դժվար օրեր են՝ Գալիպոլի նախաձեռնությունը ցանկալի ընթացքը չի ստանում, առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, Սիրիայի պատերազմը չավարտված, Եմենինն է սկսվում, ու ամեն տեղ Թուրքիան կա: Հավելեք՝ վեցյակը Իրանի հետ դանդաղ, բայց համաձայնության է գալիս, իսկ դա Իրանին դարձնում է տարածաշրջանային լիդեր, որ Թուրքիան համարում է իրեն, ու՝ այդպես: ՈՒ եթե մի քիչ էլ խորանանք այս համապատկերում, պիտի անպայման հարցնենք՝ Հայաստանը պատրա՞ստ է պատասխանել հարցին՝ իր տեղի ու դերի մասին տարածաշրջանում ու աշխարհում: Ապրիլի 24-ին բացի օրվա խորհուրդից, կա ավելի մեծ ու ավելի հեռագնա նշանակություն ունեցող հարց՝ ի՞նչ ենք մենք այդ օրն ասելու աշխարհին մեր մասին: Եթե ոչինչ, Թուրքիան ևս 100 տարի չի ճանաչելու ցեղասպանությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Կրկնում եմ՝ սրբապղծություն չէ ասածս՝ զգայական-պատմական հարթությունից դուրս գալը և ապագայի մասին մտածելը միայն կուժեղացնի մեզ հենց զգայական-պատմական հարթության վրա: Աշխարհում ընդունված է լսել ոչ միայն ԻՆՉ են ասում, այլև՝ ՈՎ է ասում:

Դիտվել է՝ 1784

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ