«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Հայաստանը Մետաքսի մեծ ճանապարհն է «կառուցելու», ինչն Ալեքսանդր Մակեդոնացին չարեց»

«Հայաստանը Մետաքսի մեծ ճանապարհն է  «կառուցելու», ինչն Ալեքսանդր Մակեդոնացին չարեց»
31.03.2015 | 00:32

«Իրատեսի» զրուցակիցն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:

-Ձեր գնահատականով՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի ներքաղաքական դաշտում:
-Հայաստանի ներքաղաքական դաշտում այն գործընթացներն են ծավալվում, որ շատ ավելի վաղ պիտի տեղի ունենային: Իշխող կուսակցությունը հասկացել է, որ կառավարման որևէ հնարավորություն այլևս չունի և սկսել է կառավարման բարձրագույն աստիճանի իմիտացիա: Ներքաղաքական դաշտի մյուս մասնակիցներն ու անհատները փորձում են գտնել նոր տեսակետներ, գործողությունների նոր ծրագրեր, որովհետև իրավիճակ է փոխվել:
-Ինչո՞վ է արտահայտվում իրավիճակի փոփոխությունը:
-Քաղաքականությունից դուրս են բերվում օլիգարխները: Դեռ երկու տարի առաջ մենք այդ մասին խոսել ենք, դա համաշխարհային գործընթաց է: ՌԴ-ում կուսակցություն է փակում Պրոխորովը, ՈՒկրաինայում քաղաքականությունից դուրս է գալիս Կոլոմոյսկին, Պորոշենկոյի նկատմամբ վստահությունը նվազում է, Վրաստանում ժողովրդի մի ստվար հատված ցանկանում է Սաակաշվիլու վերադարձը, որ, ի տարբերություն միլիարդատեր Իվանիշվիլու, քաղաքական գործիչ է: Աշխարհը հստակ հասկացավ, որ օլիգարխիայով երկիր ղեկավարելը բացառվում է: Միֆը, թե օլիգարխիան ավելի հարուստ է, չի թալանի, ավելի շատ կմտածի երկրի մասին, ճիշտ է այն օլիգարխիաների դեպքում, որ 100 և ավելի տարվա պատմություն ունեն: Բլումբերգի նման օլիգարխներ Արևելյան Եվրոպայի որոշ երկրներում ու ԱՊՀ տարածքում դեռ երկար ժամանակ չեն լինի: Անհնար է օլիգարխիայով երկիրը դարձնել ժողովրդավար ու բարեկեցիկ: Փոխվել է համաշխարհային տրենդը: Քանի որ Հայաստան փոփոխությունները գալիս են Մոսկվայով, Գագիկ Ծառուկյանի մոսկովյան այցից հետո Սերժ Սարգսյանն իրեն երկրի «նախագահ» ու տեր զգաց: ՈՒ եղավ այն, ինչ եղավ: Գործնականում քաղաքական դաշտում օբյեկտիվ գործընթացներ են: Ի՞նչ է անելու իշխանությունը: Պատրաստվելու է 2017-2018-ի ընտրական ցիկլին: Հայաստանի իշխանությունը ուրիշ ոչնչի չի պատրաստվում:
-Ի՞նչ տրամաբանությամբ է պատրաստվում:
-Իշխանության մի մեծ հատված աշխատում է հիմնական՝ ինքնապահովման խնդրի վրա: Ըստ Սարգսյանի աշխատակազմի՝ իշխանությունը պրոռուսական է դեռ և պետք է ստեղծել արևմտամետ ընդդիմություն, որին ապագա ընտրություններում պետք է «հաղթի» իշխանության ներկայացուցիչը: Եթե նկատել եք, վերջին բոլոր ընտրությունները այդ շրջագծով են անցել։ Սերժ Սարգսյանը հաղթեց «արևմտամետ» Լևոն Տեր-Պետրոսյանին, երկրորդ անգամ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, հիմա, հասկանալով, որ սահմանադրական բարեփոխումները կարող են տապալվել, մտածում է հետնորդի մասին: Նա երեք մարդ ունի, որ հաճախ են լինում տարբեր մայրաքաղաքներում ու փորձում են գտնել արտաքին լոբբինգի հնարավորություններ: Այդ երեքը պիտի ներկայանան ռուսամետ, և նրանցից մեկը պետք է հաղթի «արևմտամետ» ընդդիմությանը։ Սա է մի խումբ մարդկանց մշտական աշխատանքը՝ կառուցել ընտրությունների փիլիսոփայությունը: Ռեա՞լ է: Կարծում եմ` ոչ այնքան: Ընտրություններին դեռ հասնել է պետք: Աշխարհում կատարվում են իրադարձություններ, որ արագ փոխում են աշխարհի պատկերը:
-Պատկերը կարող են փոխել, իսկ խնդի՞րը:
-Պատկերը փոխելով՝ փոխում են և խնդիրը, որովհետև այն հաշվարկները, որ անում է Հայաստանի իշխանական էլիտան, մի ելակետ ունեն՝ Հայաստանում ցայտնոտային կամ ֆորսմաժորային իրավիճակ չի լինի: Եթե նույնիսկ լինի էլ, կտնօրինվի ուժային կառույցների կողմից: Բայց հաշվի առեք, թե մի արտաքին խնդիր ու մի ներքին ողբերգություն ինչպես են ազդում ու ազդելու մեզ վրա: Ավետիսյանների ընտանիքի սպանությունը, ըստ հրապարակումների, ահավոր հակառուսական հետք է թողել հասարակության մեջ՝ սա ներքին: Արտաքինը՝ բացի նեղ մասնագետներից ո՞վ կարող էր կանխատեսել, որ Եմենում Սաուդյան Արաբիան և Իրանը կբախվեն: Հայաստանի համար շատ մեծ նշանակություն ունեցող հարևան Իրանը ներքաշվում է սուննի-շիական առաջին մեծ բախման մեջ, մինչ այդ ներքաշված լինելով Իրաքի, Սիրիայի խնդիրների մեջ:
-Ի՞նչը կարող է Հայաստանի քաղաքական կյանքի վրա ազդել:
-Ազդել և ազդում են կարևորագույն երեք-չորս խնդիրներ: Առաջինը՝ Հայաստանի տնտեսական կացությունը, երկրորդ՝ սոցիալական կացությունը, երրորդ՝ արտաքին քաղաքական վեկտորի շեղումները, որոնք կարող են քննարկման և փոփոխությունների լուրջ թեմա դառնալ, չորրորդը անվտանգության խնդիրներն են, որ թե ներքին անվտանգությանն են վերաբերում, թե արտաքին: Լուծման ուղիների որոնումների մեջ Հայաստանի իշխանությունները հակված են փող գտնելու ու հարցը փակելու: Ես լիովին համոզված եմ, որ ամեն ինչ համաձայնեցված է Մոսկվայի հետ: Բայց արտաքին պարտքը աճում է, ազատ փող չկա: Հայաստանն ինչ դերակատարություն ունի, որ փող տան: ՈՒկրաինային տալիս են, որովհետև հակառուսական պատվար է, բայց կան ուժեր, որ իսկապես ուզում են ՈՒկրաինան եվրոպական երկիր տեսնել: Հայաստանը խաղացող չէ, և լավ է, որ որևէ հակա խաղում Հայաստանը խաղացող չէ: Յոթ հազար տարեկան ազգը նման խաղերում չպիտի լիներ, բայց պիտի կարողանար ստեղծել սեփական տնտեսությունը, ունենալ սեփական խաղի ալգորիթմը, որ չի արվում ու չի արվելու այս իշխանության և այս էլիտայի պարագայում:
-Ինչո՞ւ չի արվում:
-Որովհետև չգիտեն՝ ինչպես: Կան, չէ՞, դպրոցում երեխաներ, որ մաթեմատիկա չեն հասկանում, ոչ թե չեն ուզում, ծուլանում են, չեն հասկանում, տրված չէ: Այսօրվա հայկական էլիտային աշխարհաքաղաքական այս իրադրության մեջ կառավարման համակարգի հմտություններ տրված չեն ու չեն տրվելու՝ հազար տարի էլ կառավարեն: Աշխարհը փոխվելու է, նրանք հետ են մնալու:
ՈՒ այսպիսի «էլիտայի» բնորոշումն է հանճարեղ Եղիշե Չարենցը չորս տողով տվել.
Ես հարց եմ տալիս հաճախ հիմա ինձ,
Նայելով ոմանց փառավոր դնչին,
Թե ինչո՞ւ է դարն այսքան վիթխարի,
Իսկ սրանք այսքան փոքրիկ ու չնչին:
Իրենք էլ են դա հասկանում և տնտեսությունը պահելու համար աշխարհով մեկ փող են ման գալիս, որ օրը օրին ճեղքերը փակեն: Սա՝ առաջինը: Երկրորդը՝ սոցիալական խնդիրները, անտեսվում են իսպառ: Երբ մարդիկ չեն հասկանում տնտեսության տրամաբանությունը, իրենցից վանում են բոլոր սոցիալական խնդիրները: Ասում ես՝ մարդիկ արտագաղթում են, հրաժարվում են քաղաքացիությունից, պատասխանում են՝ ո՞ր երկրում այդպես չէ: Վերջին երկու հարցերն ընդհանրապես մեզնից կախված չեն: Ե՞րբ Ադրբեջանը պատերազմ կսկսի, մեզնից կախված չէ: Դա ցույց են տալիս նաև դիվերսիաները: Եթե նկատել եք՝ այդ հարցում միշտ քննարկվում է Ռուսաստանի դերը, շատ քիչ՝ Թուրքիայի և Իսրայելի: Թեպետ հիմնական խաղացողները, ռուսներից բացի, Թուրքիան և Իսրայելն են, ադրբեջանական բանակը վարժեցնում են թուրքական բրիգադները և իսրայելական հրահանգիչները, բայց նրանց դերը չի քննարկվում: Եվ եթե ճիշտ է վարկածը, որ Ռուսաստանն էլ է ներքաշված այս ամենի մեջ, ուրեմն մեզնից առավել ևս ոչինչ կախված չէ, եթե ՀԱՊԿ-ի մեր գործընկերը մեզ հաշվի չառնելով՝ նման գործընթացների է գնում: Մոսկվայում Սերժ Սարգսյանին, իհարկե, պահում են՝ ներքին համոզմունք ունենալով, որ նա վիճակը վերահսկում է: Պահենք նրան, որ ուրիշը չգա: Հարգանքի, համատեղ աշխատանքի ալգորիթմների մասին խոսք չկա:
-Մոսկվայից բացի այլ մայրաքաղաքներ էլ կան:
-Եթե Հայաստանի իշխանությունն առանց Մոսկվայի չի արտաշնչում, եթե այնտեղ հարցերը չեն լուծում, մյուս մայրաքաղաքներում ի՞նչ հետաքրքրություն պիտի լինի: Եթե Հայաստանի իշխանությունը զբաղված է միայն իմիտացիայով և ռեալ խնդիրներին լուծումներ չի կարող տալ։ Ռեալ հարցերը դնում են մի կողմ՝ տնտեսություն, քաղաքականություն, սոցիալական վիճակ, անվտանգություն, զբաղվում են սահմանադրական բարեփոխումներով: Այսինքն՝ բարեփոխվում է այն, ինչով Հայաստանը չի ապրում:
-Արդյունքում կստանա՞նք՝ ինչով Հայաստանը կարող է ապրել:
-Ոչ, Սերժ Սարգսյանի այս բարեփոխումները հայ-թուրքական արձանագրությունների նման հերթական, ոչինչ չտվող նախաձեռնությունն են, հիասքանչ հերթական գաղափարը, որ նետվում է դաշտ: Մի օր արթնացանք ու իմացանք, որ Թուրքիայի հետ ենք բարեկամանում: Մի ուրիշ օր արթնացանք, որ իմանանք՝ Հայաստանը Եվրոպայի ու Ռուսաստանի մերանն է դառնում: Մի քանի օր առաջ իմացանք, որ Հայաստանը «Մետաքսի մեծ ճանապարհն» է «կառուցելու», ինչն Ալեքսանդր Մակեդոնացին չարեց: Չնայած այն պատմական իրողությանը, որ չինացիները, որպես հնագույն քաղաքակրթություն, իրենց շփումների ողջ պատմության մեջ ամենաքիչն են հարաբերվել մեր տարածաշրջանի հետ: Չեմ զարմանա, եթե հաջորդը լինի հայ-հնդկական դարակազմիկ որևէ նախագիծ:
Սահմանադրական բարեփոխումները նախ անցկացնել է պետք: Երբ հասարակությանը ռեալ կբացատրվի, թե կառավարման մոդելի փոփոխությունը ինչի է հանգեցնելու, կտեսնեք՝ դիմադրություն կլինի, թե ոչ, և ինչպիսի դիմադրություն կլինի: Միֆ է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից դուրս եկավ, ու ամեն ինչ տեղն ընկավ:
-Կոնսոլիդացիա չի՞ կայանալու:
-Ի՞նչ կոնսոլիդացիա: Այն կուսակցությունների՞, որ շարան-շարան հանդիպման էին գնացել: Սերժ Սարգսյանը իմիտացիոն վիթխարի փորձ ունի: Նա մտնում է գործընթացի մեջ, թիկունքում թողնելով բաց դուռ՝ ես խորհրդարանական կառավարմանը դեմ եմ: Ինչո՞ւ: Հայաստանի կառավարման համակարգի փոփոխությունը չի անցնելու, եթե նույնիսկ անցնի էլ, ավելի մեծ արագությամբ ելման դրություն է վերադառնալու:
-Հայաստանում հասարակությունը քաղաքականության մեջ երբեք չի ներգրավվում ամբողջությամբ, եթե խնդիրը անվտանգությանը չի վերաբերում և արտաքին թշնամու վտանգ չկա: Մեծ նշանակություն չե՞ք տալիս հասարակությանը:
-Ոչ: Սահմանադրական բարեփոխումներին դեմ է կանգնելու հասարակության շատ մեծ հատվածը, նաև սփյուռքի մի ստվար մասը, և դա դառնալու է երկրորդ հայ-թուրքականը:
-Քաղաքական վակուումը լցնելու միջո՞ց են սահմանադրական բարեփոխումները:
-Հերթական արկածախնդրությունը: Երբ ԽՍՀՄ-ում հացի խնդիրը չէր լուծվում, ասպարեզ էր գալիս հերթական ծրագիրը՝ օրինակ, շրջել սիբիրյան գետերի ընթացքը: Լեոնիդ Իլյիչը, երբ որևէ հարց չէր կարողանում լուծել, դարձնում էր մեծ քննարկման թեմա, ստեղծում էր հանձնաժողով: Մոսկվայում ևս որոշակի խմբեր երազում են Պուտինից հետո ունենալ խորհրդարանական պետություն: Ռուսական իշխանական խմբերի ներսում չկա երևացող առաջնորդ: Ընդդիմության լիդերների մի մասը արտաքսվեց, մի մասը խփվեց, մի մասը կախվեց, բայց նրանք գոնե կոնկրետ դեմքեր ունեին՝ Նեմցով, Խոդորկովսկի, Բերեզովսկի, իշխանության դեպքում կա մասսա, որը չունի Պուտինից բացի այլ առաջնորդ: Այնտեղ էլ ուզում են հետպուտինյան շրջանում վերադառնալ քաղբյուրոյին: Մոսկվայում չորս քաղաքական խմբեր կան, որոնցից մեկի աջակիցն է նաև Սերժ Սարգսյանը: Իսկ միակուսակցական համակարգից դուրս քաղբյուրո կարող է լինել միայն խորհրդարանական կառավարման դեպքում:
-Այսինքն՝ Ռուսաստանը Հայաստանում կառավարման համակա՞րգ է փորձարկում:
-Նաև: Փորձ է արվում գերմանական կառավարման տարբերակը ներդնել թե Ռուսաստանում, թե Հայաստանում: Սահմանադրական բարեփոխումները շատ դեպքերում Գերմանիայի Սահմանադրության copy paste են, որը խիստ վտանգավոր է այսօրվա Հայաստանի համար: Առաջին հերթին պետք է բարեփոխվեր Ընտրական օրենսգիրքը: Սահմանադրությունը ժողովրդավարացվում է, բայց դեմ են ընտրություններում քվեարկածների ցուցակների հրապարակմա՞նը: Հայաստանի ներքին խնդիրները հիմնականում ներքին են, ուստի ես խորհուրդ կտայի արևմտամետ վերլուծաբաններին, քաղաքական գործիչներին, կայքերի խմբագիրներին՝ շարունակաբար ամեն ինչի մեջ չտեսնել Մոսկվայի ձեռքը, ԱՄՆ-ի հետքը, Իրանի ստվերը:
-Այսինքն՝ աչքերը փակե՞լ:
-Ոչ, աչքերը չփակել, այլ ավելի լայն բացել: Այսպիսի քաղաքական «էլիտայով» եթե կարծում են, որ պոկվում ենք ռուսական կառավարման ձևից և դառնում ենք արևմտյան կառավարման համակարգի մաս, Հայաստանում ամեն ինչ լավ է լինելու, չարաչար սխալվում են: Վիկտոր Չեռնոմիրդինի խոսքերով՝ «ուզում էինք լավ, բայց ստացվեց ինչպես միշտ»:
-Բացառո՞ւմ եք, որ Հայաստանում կարող է լինել այնպիսի քաղաքական ուժ, որը չասի` պոկվենք ռուսներից, չասի` միանանք Արևմուտքին, ասի՝ մենք մենք ենք ու մենք մեզնով ենք երկիր ու պետություն:
-Նման քաղաքական ուժ պետք չէ ձևավորել, պետություն է պետք կառուցել:
-Եթե չկա այդ գիտակցությունը, պետությունն ինչպե՞ս է կառուցվելու:
-Հայրենական մեծ պատերազմում գերմանացիները Մոսկվայից 28 կիլոմետրի վրա էին, պատկերացրեք այդ պարագայում Ստալինը չի մտցնում Մոսկվայում շրջափակման կարգավիճակ, պաշտպանության պետական կոմիտե չի ստեղծում ու պետության գոյությունը պահպանելու համար կառավարման ամենախիստ կարգավիճակ չի ստանձնում, այլ ասում է՝ ամեն ինչ թողնենք Կալինինի վրա, գերմանացիներին էլ հրավիրենք ժողովրդավարություն կառուցեն մեր խորհրդարանում: Այսօրվա Հայաստանի դրությունը մոտավորապես պաշարված Մոսկվայի դրությունն է՝ թե արտաքին, թե ներքին խնդիրներով: Հայաստանի իշխանությունները ելքեր պիտի գտնեն խորացող կոլապսից ու համակարգային լուծումներ տան հարցերի լուծմանը, այլ ոչ թե զբաղվեն անիմաստ ու ապարդյուն պրոժեկտներով:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1617

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ