ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

«Հարսանիքին երգեք հայկական հարսանեկան երգեր, որոնցից 108-ը փրկել է Կոմիտասը»

«Հարսանիքին երգեք հայկական հարսանեկան  երգեր, որոնցից 108-ը փրկել է Կոմիտասը»
31.03.2015 | 14:02

Հնագույն հայկական երաժշտության «Տաղարան» համույթի ծրագրերում նորովի մատուցմամբ հնչում են հոգևոր, ժողովրդական, ազգային-հայրենասիրական երգեր և մեղեդիներ: Համույթը մեծ տեղ է հատկացնում նաև եվրոպական մինչդասական և բարոկկո շրջանի երաժշտությանը, ներկայացվում են գերմանական, ֆրանսիական, իտալական և այլ երկրների հնագույն երաժշտության ամբողջական ծրագրեր: Իր գործունեության 34 տարում «Տաղարանը» հանդես է եկել Հայաստանում, նախկին Խորհրդային Միության երաժշտական կենտրոններում, Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Ռումինիայում, Լատինական Ամերիկայի երկրներում, Հունաստանում, Կիպրոսում, Լիբանանում և այլուր: «Իրատեսի» զրուցակիցը համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՍԵԴՐԱԿ ԵՐԿԱՆՅԱՆՆ է:

-Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ Ձեր` «Մարիա Վոլկոնսկայայի հուշագրությունները» մոնո-օպերայի բեմադրության պրեմիերան (հեղինակ՝ Էդուարդ Սադոյան, մենակատար` Էկա Հորստկա): Ճորտատիրության, ինքնակալության դեմ պայքարը, անձնուրաց ազնվական կնոջ կերպարը ի՞նչ կարող են հուշել 21-րդ դարի մարդուն: Ազատության համար պայքարն արդիական է նաև այսօ՞ր՝ առաջադեմ կոչված աշխարհում:
-Մարդկությունն անցել է դարավոր ճնշումների միջով` ստրկացման, ճորտացման, նվաստացման: Պատմության բոլոր հանգրվաններում նա պոռթկացել է, փորձել է ազատագրվել շղթաներից: Հիմա մենք դարձյալ մի հանգրվանի մեջ ենք. քաղաքացիական շարժումները, հակաօրինական իրականության դեմ բռնկումներն ազատ ու անկախ լինելու, օրենքի գերակայություն հաստատելու համար են: Այդ իմաստով մոնո-օպերան էական նշանակություն ունի նաև այսօր:
Ինչ վերաբերում է Մարիա Վոլկոնսկայային, մեր պատմությունից գիտենք՝ հայ կանայք ինչ քաջագործությունների կրողներ են եղել: Մարիան առանձնացավ ու տեղ գրավեց իմ իմացած կանանց շարքում: Նոր-նոր ամուսնացած, մանկամարդ կինը թողնում է ազնվականի իր կյանքը, երեխային հանձնում ծնողներին ու հետևում աքսորված ամուսնուն: Նման կինը կարող է ամենօրյա հետաքրքրության առարկա լինել: Ինչո՞ւ հիմա իրականացրի բեմադրությունը. պահը հասունացել էր, ականջներս, տեսիլներս ողողված էին Մարիայի կերպարով ու այն հնչյուններով, որոնց հեղինակը Էդուարդ Սադոյանն է:
-Այսօրվա հանդիսատեսը, կարծես, այլ բան է ուզում՝ նորություն, հեշտ ընկալելի երգ-երաժշտություն:
-Երբ 20 տարուց ավելի մարդուն միևնույն կերակուրն ես տալիս, որոշակի վերաբերմունք է ձևավորվում, նա այլ բան չի պատկերացնում: Մեր հասարակության վերջին տարիների երաժշտական ըմբռնումները հենց այդպիսին են: Երիցս մտրակված խորհրդային ժամանակաշրջանի կուլտուրան, որ լավ թե վատ ձեռք էինք բերել, անտեսվեց, խաղից դուրս համարվեց, և կուռքեր դարձան Թաթան, Նունեն, մականունավորները: Երբ դասական լուրջ նախագծերով ես հանդես գալիս, ասում են` դա առաջնահե՞րթ է, պետք է թարմացնել ծրագրերը: Հարցնում եմ` հայ ժողովուրդը, մեր այսօրվա հանդիսատեսը քանի՞ «Հորովել» գիտի: Ասում են` Լոռվա հորովելը, Ղարաբաղի հորովելը: Այսինքն` երկու: Բայց գիտե՞ք, որ հարյուրավոր հորովելներ կան: «Տաղարանը» կազմել է պատմական Հայաստանի հորովելների քարտեզը` Վասպուրականի, Մոկաց, Ղարաբաղի, Ապարանի, Արարատյան, Ջավախքի, կարող եմ երկար թվարկել: Սա մերը չէ՞: Մե՛րն է: Եթե այսօրվա հանդիսատեսին չներկայացնենք, վաղը թուրքը կամ ադրբեջանցին չի՞ ասի՝ սա մերն է, ինչպես կոմիտասյան փրկված երգերի համար են ասում: Տեր չենք կանգնում մեր ունեցածին, ընկնում ենք աղբի հետևից, կուռքեր ենք սարքում մարդկանց, որոնք խորհրդային ժամանակներում ելույթ էին ունենում հեռավոր «վետերոկներում»: Ասում են` հարսանիքին բա ի՞նչ երգենք, հո Մոցարտ չե՞նք երգելու: Չէ, հարսանիքին երգեք հայկական հարսանեկան երգեր, որոնցից 108-ը փրկել է Կոմիտասը:
-Հայկական հնագույն երաժշտությունն ի՞նչ արձագանք է գտնում օտարերկրյա հանդիսատեսի շրջանում:
-Մարդիկ խենթանում են, թե այս ի՜նչ է, որտեղի՞ց այս երաժշտությունը: Չգիտեմ ինչ բիոռիթմերով, ինչ ալգորիթմերով նախաստեղծ, արմատային մի բան են զգում: Նրանց մոտ ոչ թե թեթև գրգիռն է բոցկլտում` ծափ տալ, «ի՜նչ լավն է», ո՛չ, առաջին հերթին տարվում են քո կատարումով, երգով, լադով, մեղեդիական մոդելով և այնքան շնորհակալ են դրա համար: Նրանք նոր բան են բացահայտում, ոչ թե պարզապես հաճելի երեկո անցկացնում:
-Հայաստանյան հանդիսատեսի համար ի՞նչ կասեք, ավելի շատ հայկակա՞ն, թե՞ եվրոպական ծրագրերն են արձագանք գտնում մեզանում:
-Մեր համույթն ունի ծրագրային երկու առանցք` հայկական (հոգևոր և աշխարհիկ) և եվրոպական (միջնադար, բարոկկո շրջան): «Տաղարանն» այս տարիների ընթացքում, տարբեր գեղարվեստական ղեկավարների օրոք, հետամուտ է եղել այս երկու թևերի զարգացմանը, պրոպագանդմանը, մշտապես թարմացրել է երգացանկը` շարականից մինչև մեծածավալ ստեղծագործություններ: Խորհրդային ժամանակների հանդիսատեսին, ավաղ, այլևս տեր չենք, ոմանք գաղթեցին, մի մասը չկա, մի մասն էլ տնից դուրս չի գալիս, հիմա մենք ունենք նաև հանդիսատես ձևավորելու պարտականություն: Հայկական հին երգերը, որ մինչև այսօր հայտնաբերում, կատարում ենք, հիացնում են և՛ մերոնց, և՛ օտարներին: Մենք էլ հմայվում ենք օտարների հնարած երգ-երաժշտությամբ` մադրիգալներով, գործիքային պիեսներով, օպերային արիաներով: Կարող եմ հստակ ասել, որ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս «Տաղարանն» ունի իր լսարանը:
-Կրկին վերադառնալով մոնո-օպերային՝ ուզում եմ հարցնել` տարակարծությունների առիթ չի՞ տվել նախագիծը քաղաքական մերօրյա զարգացումների, Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին:
-Գիտե՞ք ինչ, ինձ կարող են մեղադրել, որ այս օրերին, երբ Գյումրիում, հայ-ադրբեջանական սահմանին ռուսական զենքերն են ճարճատում, ես ռուսական արվեստ եմ պրոպագանդում: Բայց ի՞նչ կապ ունի քաղաքականությունը մշակույթի հետ: Եթե 1700-ականներից մեր քաղաքական գործիչները մտածել են, թե ռուսական զենքը պիտի օգնի մեզ, ու մինչ այսօր ռուսական զենքի գերակայության գաղափարն իշխում է, պատմաբանները, քաղաքագետները պետք է ասեն՝ որքանո՞վ է դա օգնել մեզ` ազատ հայրենիքի տեսլականն իրականացնելու գործում: Համենայն դեպս, մշակութային առումով, Դոստոևսկին, Չայկովսկին, Պուշկինը հարստացրել են մեզ, մեր հոգին պարուրել են բարձր մշակույթով: Ես հայ-ռուսական ա՛յս մշակութային ծիրի մեջ եմ տեսնում իմ անելիքը, որովհետև դպրոցում սովորել եմ նվագել Չայկովսկի, մեծացել եմ, փորձել եմ Ռախմանինովի երաժշտությանը տիրապետել, Պուշկին արտասանել, Դոստոևսկու «խելագարություններին» մասնակից լինել: ՈՒնեմ ռուս ընկերներ, բարեկամներ, որոնք նույն կերպ են մտածում: Նրանց համար մշակույթը, Պուշկինը, Դոստոևսկին կապ չունեն քաղաքական իրադարձությունների հետ: Նույն այդ մշակութային մեծությունները, հասարակությունը զոհ են քաղաքականությանը, ինչպես մենք ենք զոհ օլիգարխիկ, «բազարային» իշխանություններին:
-Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ի՞նչ ծրագրեր ունեք:
-Ապրիլի 22-ին նախատեսում ենք համերգ, կհնչեն կոմիտասյան երգեր, նաև այլ հեղինակների` Եղեռնին առնչվող ստեղծագործություններ:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2896

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ