Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Եվրոպան կա, մենք Եվրոպայում չկանք, իսկ թե Շալանդը որտեղ կհայտնվի, միևնույն է

Եվրոպան կա, մենք Եվրոպայում չկանք, իսկ թե Շալանդը որտեղ կհայտնվի, միևնույն է
31.03.2015 | 14:03

Իրենց հերթական հանդիպումներում երեք օրվա մեջ տեղավորվեցին Եվրոպայի 2016 թ. առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար պայքարի ելած ծեր աշխարհամասի ընտրանիները, որոնք ուժերն առայժմ չափում են խմբայիններում: Նրանց մեջ է և I խումբը ներկայացնող Հայաստանի ազգայինը, որն ալբանացիների հետ հանդիպումից առաջ եզրափակիչ դուրս գալու աղոտ հույսեր էր դեռևս պահպանում, սակայն պայմանով, որ ալբանացիներով սկսվելու է մեր հաղթանակների շարքը, իսկ այնտեղ կերևա, թե ինչն ինչպես կլինի:

Հաղթանակ մենք այդպես էլ չունեցանք, թեպետ խաղասկիզբը հուսադրող էր: Մի քանի մրցակից հավաքած գլխին` Մխիթարյանը եզրից ճեղքեց պաշտպանությունը, կատարեց ոսկերչական փոխանցում, և վրա հասած Յուրա Մովսիսյանը, թե հյուրերի պաշտպանը գրավեց դարպասը: Գրավեցինք ու… մեռանք` հյուրերին ազատ թողնելով խաղադաշտի մեր հատվածում իրենց ազատ վար ու ցանքում:
Արդեն վաթսուներորդ րոպեից Հ1-ի խեղճ մեկնաբանը, ով գործնականում պիտի որ ֆուտբոլից ավելի պակաս հասկանա Բեռնար Շալանդ կոչված մեր հավաքականի վայ-գլխավորից, շնչակտուր եղավ փոփոխություններ մտցնելու, հոգնած ֆուտբոլիստներին փոխարինելու առաջարկներից, աղաչանք-պաղատանքներից, բայց այս ողջ ժամանակահատվածում հայերենին այդպես էլ չտիրապետած Շալանդն ի՜նչ պիտի հասկանար մեկնաբանի օտարահունչը:
Գլուխներդ ինչ ցավեցնեմ` պարտվեցինք, ու ինչ կապ ունի, թե 1:2 հաշվով:
Իսկ եթե կուզեք ճիշտը իմանալ, այս պարտությունը գալիս է տարիներ առաջ ռուսների հետ այն չարաբաստիկ ոչ-ոքիից, որ Եվրոպայի եզրափակչի դուռը քթներիս առաջ շրխկացրեց այն պարզ պատճառով, ինչ է թե մի քանի ես ինչ իմանամ ինչի տղա ֆուտբոլ խաղալու գաղափարը վերաձևեցին ժողովուրդների բարեկամության քարոզի ու այդ ապուշությամբ այս ազնվական տղաների մեջքը հիմնովին կոտրեցին:
Կարճ կապեմ` մենք Եվրոպա չենք գնում, իսկ Ասիա թե մեկ այլ աշխարհամաս ընդունող չկա, որովհետև այս պարագայում էլ հայի բախտ ունենք` խաչմերուկում ենք ու… խաչված ենք այնքան ժամանակ, մինչև հայկական ֆուտբոլում տեր հայտնվի:
Ինչ վերաբերում է խմբայինի մյուս հանդիպումներին, սերբերի նկատմամբ տարած հաղթանակից հետո Պորտուգալիայի ընտրանին 9 միավորով դուրս եկավ առաջին հորիզոնական, ալբանացիները յոթ միավորով միացան դանիացիներին, ովքեր այդ օրը ընկերական հանդիպում ունեին ֆրանսիացիների հետ ու պարտվեցին 0:2 հաշվով:
Արդ, զուտ ինֆորմատիվ մակարդակով, մյուս խմբայինների հանդիպումների մասին:
Ի հաշիվ Բեյլի հրաշալի խաղի (կրկնագոլի հեղինակ է դարձել), B խմբում ՈՒելսի ընտրանին արտագնայում 3:0 հաշվով առավելության հասավ` 5 խաղից 11 միավորով գլխավորելով աղյուսակը: Իսրայելցիները մնացին ունեցած 8-ով, իսկ ահա բելգիացիները բարձրացան երրորդ հորիզոնական այն բանից հետո, երբ 5 անպատասխան գոլ խփեցին կիպրոսցիների դարպասը: Խմբում հաղթանակ է տոնել նաև Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանին` երեք անգամ գրավելով Անդորրայի դարպասն ու սեփականը պահելով անառիկ: Ասենք, որ այն 5 խաղից հետո 5 միավորով 5-րդ տեղում է. ինչը ոչ մի կերպ չի տեղավորվում թիմի պոտենցիալի մասին ունեցած պատկերացումներում:
H խմբում Իտալիայի ընտրանին արտագնայում խիստ ծանր հանդիպում ունեցավ բուլղարացիների հետ ու մի կերպ փրկվեց պարտությունից` 2:2, մինչդեռ արագ գոլից հետո թվում էր, թե ամեն ինչ պիտի գնա հալած յուղի պես: Ինչպես և վայել է առաջատարին, Հորվաթիայի ընտրանին ավելի քան վստահ էր Նորվեգիայի հետ խաղում` 5:1: Հորվաթներն ունեն 13, իտալացիները` 11, նորվեգացիները` 9 միավոր:
A խմբի երկու հանդիպումներում էլ (Հոլանդիա-Թուրքիա, Չեխիա-Լիտվա) տանտերերի համար վճռորոշ եղավ նույն 92-րդ րոպեն: Երկուսում էլ տանտերերը փրկվեցին պարտությունից, երկուսում էլ գրանցվել է 1:1 հաշիվը: Իսկ ահա իսլանդացիներն ավելի քան անկաշկանդ էին ղազախական հողում: 3:0 հաշվով հաղթանակը 12 միավորով նրանց համար կայուն տեղ է պահպանել խմբայինի երկրորդ հորիզոնականում: Առջևում չեխերն են, երրորդ հորիզոնականում` հոլանդացիները: Նրանք համապատասխանաբար վաստակել են 13 և 7 միավոր:
C խմբում երեքական միավորով իրենց կուտակային հաշիվներն ավելացրին Սլովակիայի ու Իսպանիայի ընտրանիները` դրանք հասցնելով համապատասխանաբար 15-ի և 12-ի: Առաջինը 3:0 հաշվով առավելության հասավ Լյուքսեմբուրգի ընտրանու նկատմամբ, երկրորդն ուկրաինացիների հետ խաղում բավարարվեց դարպասի մեկանգամյա գրավումով: Ակնհայտ է, որ վերջիններիս համար ունեցած 9 միավորի բազայի վրա չափազանց դժվար կլինի հասնել խմբայինի առաջատարին, իսկ եթե իսպանացիները խմբայինից այնուամենայնիվ որոշեն դուրս գալ երկրորդ տեղով, ոչ մի պարագայում այն չեն զիջի ոչ մեկին:
Իռլանդիա-Լեհաստան դիմակայությունում (D խումբ) սկզբունքորեն դժվար է ասել` լեհերը միավորներ կորցրի՞ն, թե՞ միավոր վաստակեցին, որքան էլ տանտերերը հաշիվը հավասարեցրին խաղավարտին` 1:1: Վրաստանի ու Ջիբրալթարի հետ խաղերում երեքական միավոր վաստակեցին Գերմանիայի ու Շոտլանդիայի հավաքականները (առաջինը` 2:0, երկրորդը` 6:1 հաշվով), և 10-ական միավորով հետապնդում են Լեհաստանի ընտրանուն, որն ընդամենը մեկ ավելի միավոր ունի վաստակած: Այստեղ հարկավ տղայամտություն կլինի Իռլանդիայի ընտրանուն հաշվարկից դուրս համարելը, որքան էլ նրա ակտիվում 8 միավոր է:
F խմբում աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել Ռումինիայի ընտրանին (13 միավոր), որը զարմանալիորեն ժլատ եղավ Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղում` 1:0: Ի դեմս ֆինների, անհամեմատ ծանր հանդիպում ունեցավ Հյուսիսային Իռլանդիան` հաղթելով 2:1 հաշվով: Հյուսիսիռլանդացիների ակտիվում է 12 միավոր: Հույներին նույնիսկ հաղթելու դեպքում, ճիշտ է, երրորդ տեղից վեր չէր բարձրանա Հունգարիայի ընտրանին, սակայն Հյուսիսային Իռլանդիայի հավաքականից էլ հետ չէր մնա արդեն չորս միավորով, ինչին եկավ «օժանդակելու» տանը գոլազուրկ ոչ-ոքիով ավարտած խաղը:
ՈՒնենալով 15 միավոր` E խմբում անգլիացիներն ընթանում են առանց պարտության: Նրանց հերթական զոհը լիտվացիներն էին, ովքեր զիջեցին չորս չոր գոլի տարբերությամբ: Հաղթանակներով ավարտեցին հանդիպումները նաև 9-ական միավորով երկրորդ-երրորդ հորիզոնականներում գտնվող սլովենացիներն ու շվեյցարացիները: Առաջինն իրեն չզրկեց 6 անգամ Սան Մարինոյի դարպասը գրավելու հաճույքից, երկրորդն ուղիղ երկու անգամ պակաս գնդակ ուղարկեց Էստոնիայի հավաքականի դարպասը: Եվ սլովենացիները, և շվեյցարացիներն այդ խաղերում իրենց դարպասները պահել են անառիկ:
G խմբի առաջատար Ավստրիայի ընտրանին հյուրընկալվելիս հինգ անպատասխան գնդակ ուղարկեց Լիխտենշտայնի դարպասը` միավորների թիվը հասցնելով 13-ի, իսկ շվեդներին 9 միավորի տեր դարձրեց արտագնայում Մոլդովայի ընտրանու նկատմամբ տոնած 2:0 հաշվով հաղթանակը: Ինչ վերաբերում է չեռնոգորցիների հետ ռուսների խաղին, այն ավարտվել է 0:0: Այս խաղի մանրամասները տե՛ս «Ֆուտբոլային խուլիգանի սև գործը» նյութում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 747

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ