Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Զվիադ Գամսախուրդիայից՝ Գիորգի Մարգվելաշվիլի

Զվիադ Գամսախուրդիայից՝ Գիորգի Մարգվելաշվիլի
01.04.2015 | 12:29

Չնայած Վրաստանի նախագահի աշխատակազմի գործադրած բոլոր ջանքերին, կառավարության անդամներն այդպես էլ չժամանեցին Քութաիսում գտնվող խորհրդարանի շենք` ներկա գտնվելու Գիորգի Մարգվելաշվիլու ամենամյա ուղերձի հրապարակմանը:
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ կառավարման համակարգում շատ ավելի կարևոր խնդիրներ կան, քան երկրի ղեկավարի ամենամյա ուղերձը:
«Հավատացնում եմ ձեզ, Վրաստանի քաղաքացիներին այսօր բացարձակապես չի հետաքրքրում վարչապետ Ղարիբաշվիլին կգնա՞ Քութաիս` լսելու նախագահի ուղերձը, թե՞ ոչ: Իհարկե, ես մեծ հաճույքով կլսեմ նախագահ Մարգվելաշվիու ուղերձը, բայց ոչ թե տեղում, այլ հեռուստացույցով»,- հայտարարեց Ղարիբաշվիլին: Վարչապետի որոշումը շատերը մեկնաբանում են որպես նախագահի հետ անձնական լարված հարաբերությունների վկայություն: «Վրացական երազանք» դաշինքի հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին խզել է կապերը Մարգվելաշվիլու հետ և շարունակում է համագործակցել բացառապես կառավարության և վարչապետի հետ: Իրակլի Ղարիբաշվիլու որոշումը` չմեկնել Քութաիս, թերևս արդարացված էր: Նախագահ Մարգվելաշվիլին մեկժամանոց ելույթի զգալի մասը նվիրեց կառավարության տնտեսական քաղաքականության կոշտ քննադատությանը: «Լարիի փոխարժեքի վերջին անկումը և տնտեսական աճի տեմպերի նվազումը մեկ անգամ ևս վկայում են, որ Վրաստանը պատրաստ չէ դիմակայել միջազգային տնտեսական ռիսկերին»,- հայտարարեց Մարգվելաշվիլին: Նա կարծում է, որ կառավարման համակարգը ճգնաժամի շեմին է. «Գերատեսչություններին կից գործող բազմաթիվ խորհուրդների գոյությունը վտանգում է կառավարման համակարգի բնականոն գործունեությունը: Նման պրակտիկայի վառ օրինակը վարչապետին կից գործող խորհրդի գործունեությունն է: Նման կառույցները կրկնօրինակում են նախարարությունների գործառույթները»: Ղարիբաշվիլին խոսեց նաև արտաքին հարաբերությունների` նախ և առաջ Ռուսաստանի հետ կապերի հնարավոր բարելավման մասին:
«Մեր գլխավոր խնդիրներից մեկն այսօր Ռուսաստանի կողմից որպես իր առաջնահերթ հետաքրքրության տարածաշրջան որակված երկրների շրջանակից դուրս գալն է: Այս գաղափարը իր մեջ հակամարտության լուրջ ներուժ է պարունակում, ուստի մենք պետք է անենք ամեն ինչ Ռուսաստանի հետ իրավահավասարության հիմքի վրա հարաբերություններ հաստատելու և դրանք խորացնելու համար: Հարկ է սակայն հիշել, որ այսօր Ռուսաստանի կողմից գլոբալ մակարդակում իրականացվող քարոզչական արշավի հիմնական թիրախներից մեկը հենց Վրաստանն է: Ռուսական կողմի նպատակն է փափուկ ուժի կիրառմամբ Վրաստանին շեղել եվրոպական և եվրաատլանտյան ընտրությունից»,-հայտարարեց Մարգվելաշվիլին:
Գեորգի Մարգվելաշվիլու խոսքով՝ Վրաստանը սակայն չպետք է վերածվի սառեցված հակամարտությունների պատանդի: «Մենք շարունակելու ենք հետևողական քայլեր գործադրել` ուղղված երկրի ժողովրդավարացմանը»,- հայտարարեց Վրաստանի նախագահը` ընդգծելով, որ Թբիլիսին պատրաստ է ապահովել երկրում ապրող բոլոր ազգերի իրավունքները:
«Եվրոպական Վրաստանը աբխազների և օսերի ինքնության պահպանման, նրանց քաղաքական և մշակութային իրավունքների իրացման լավագույն երաշխիքն է»,-հայտարարեց Մարգվելաշլվին: Ազատական ոգով այս հայտարարություններին զուգահեռ Վրաստանի չորրորդ նախագահը իր նախորդներից հիշատակեց միայն մեկին՝ ազգայնական հայացքներով հայտնի Զվիադ Գամսախուրդիային:
«Ինձ համար շատ կարևոր է այս դահլիճում գտնվել հենց այսօր, երբ նշում ենք Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի ծնունդը: Բացի այդ, 24 տարի առաջ հենց այս օրը` մարտի 31-ին, Վրաստանի ժողովուրդը հանրաքվեի ընթացքում կողմ արտահայտվեց անկախ պետության հռչակմանը»,- ասաց նա։

Դիտվել է՝ 1172

Մեկնաբանություններ