Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԱԳ նախարարն իրավունք չունի վրիպելու (հայ զինվորի արյունը միշտ վեր է որևէ մեկի վիրավորանքից)

ԱԳ նախարարն  իրավունք չունի վրիպելու (հայ զինվորի արյունը  միշտ վեր է որևէ մեկի վիրավորանքից)
03.04.2015 | 00:11

Պարոն նախարար, Դուք Մոսկվայի հայտնի ինստիտուտն ավարտած դիվանագետ եք, միջազգային իրավունքին քաջատեղյակ անձնավորություն և ներկայումս էլ զբաղեցնում եք չափազանց կարևոր պաշտոն: Ոչ թե ենթադրում, այլ հաստատ համոզված եմ, որ Դուք որպես միջազգային իրավունքի մասնագետ, առավել քան որևէ մեկը, լավ եք պատկերացնում այդ բնագավառը: Միևնույն ժամանակ համոզված եմ՝ երբ կառավարական բարձր պատվիրակություն է մեկնում որևէ երկիր, որքան էլ ո՛չ առաջին ջութակ, այնուամենայնիվ, այդ գործերում առաջին լուր տվողն արտաքին գործերի նախարարն է: Այդ Դուք եք հրամցնում նախագահին տվյալ երկրի համառոտ պատմությունը, ներկայացնում տվյալ երկրի հետ մեր ժողովրդի կապերը, անցյալը և շատ այլ հարցեր:
ՀՀ նախագահի այցը Չինաստան ես կհամարեի բարձր կազմակերպված և վերին աստիճանի հաջողված այց: Միլիարդից ավելի ժողովուրդ ունեցող երկիրը միանգամից լսեց մեր նախագահի ելույթը, ճանաչեց մեր երկիրը: Բայց Ձեզ ուղղվելիք խոսքս պատվիրակության այցի վերլուծությունը չէ:
Տարիներ առաջ, երբ Ճապոնիայի գործող վարչապետ Սինձո Աբեն այց կատարեց իր երկրի հայտնի տաճարը, որտեղ թաղված են Ճապոնիայի, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմում, այնպես էլ դրանից առաջ ու հետո արարած հայտնի պետական ու քաղաքական գործիչները, և ծաղիկներ դրեց նրանց գերեզմանին, Չինաստանի կառավարությունն իր բողոքը հայտնեց։ Իսկ Հայաստանում Չինաստանի դեսպանը այդ նույն օրերին տեղական ռուսական թերթերից մեկում հանդես եկավ լայնածավալ անդրադարձ-հոդվածով։ Ո՞րն էր կարևորը ինձ համար որպես հայ մարդու. ա՛յն, որ դեսպանը մտաբերում էր Կարմիր բանակի շարքերում Չինաստանի ազատագրության համար զոհված հայ զինվորներին և հարգանքի տուրք տածում նրանց հիշատակին:
Դուք, որպես նախարար, պարտավոր էիք ՀՀ պատվիրակության այցելությունների գրաֆիկում մտցնել ՀՀ նախագահի այցը Չինաստանի ազատագրության համար զոհված հայ զինվորների գերեզման: Այդ արարողությամբ ոչ միայն Չինաստանը, այլև ողջ աշխարհը կտեսներ- կիմանար, որ մի փոքրիկ ազգի զավակներն իրենց կյանքն են տվել Արևելյան ճակատում մի մեծ ժողովրդի ազատագրման համար: Այսօր, երբ առաջավոր մարդկությունը պատրաստվում է տոնելու խորհրդային մարդու տարած մեծ հաղթանակի 70-ամյակը, մենք իրավունք չունենք հրաժարվելու այդ փառավոր հաղթանակում մեր ազգի ներդրած մեծ ավանդից: Ասեմ, որ ազգային և ոչ մի դիվիզիա Բեռլին չի մտել ու ռայխստագի մոտ քոչարի չի պարել:
Վերջում կուզեի հիշել Ֆրանսիայի մեծ զավակ Ժակ Դյուկլոյի խոսքերը. «Հայաստանի ազատության համար Ֆրանսիան թուղթ ու թանաք չի խնայել, իսկ Ֆրանսիայի ազատության համար հայ ժողովուրդն իր արյունն է տվել»: Մենք արյուն ենք տվել նաև չին ժողովրդի ազատության համար, և ինչո՞ւ չհպարտանալ դրանով ու չպրոպագանդել այդ փաստը:
Հանուն մեր վաղվա հաղթանակի, պարտավոր ենք հարգել այդ արյունը։


Հարգանքով`
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ.- Ով ով, բայց արտաքին գործերի նախարարը երբեք իրավունք չունի վրիպելու, առավել ևս սխալվելու: Չեմ կարծում, թե ծաղիկներ դնելով մեր զինվորների գերեզմանին, կվիրավորեինք ինչ-որ մեկին: Իմ կարծիքով` հայ զինվորի արյունը միշտ վեր է որևէ մեկի վիրավորանքից:

Դիտվել է՝ 1475

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ