Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վտանգված է հայոց այբուբենը

Վտանգված է հայոց այբուբենը
08.04.2015 | 16:37

Աստվածարար մեր այբուբենը այսօր մենք արհամարհում ենք համացանցում ու չենք գրում ոսկեղենիկ հայոց տառերով: Որոշ երիտասարդներ, առավել բանիմաց երևալու համար, լատինատառ են գրում և անգամ միմյանց հետ անգլերեն են հաղորդակցվում։ Ազնիվ խոսք, անըմբռնելի է դա: Կարո՞ղ եք պատկերացնել, որ ֆրանսիացի, գերմանացի, իսպանացի, ռուս, վրացի և այլ ազգերի երիտասարդներ իրար հետ հաղորդակցվեն ոչ իրենց մայրենի լեզվով։ Բացառվում է։ Ի դեպ, ադրբեջանցիները հետևում են մեր համացանցային լատինատառ գրառումներին և կատարել են իրենց «գիտական եզրակացությունը»: Կովկասյան թաթար-ադրբեջանցի կոչված մի վայ գիտնական հայտարարում է, որ մեր սրբություն սրբոց այբուբենը Մեսրոպ Մաշտոցը «գողացել է ուրիշ ազգերից», փաստարկն ու ապացույցը նա համարում է հոգեբանական. այս այբուբենը երիտասարդներին խորթ է: Այդպե՞ս է արդյոք: Վստահաբար՝ ոչ: Սիրելի՛ երիտասարդներ, ձեր անհեռատես և անփույթ ծուլությամբ (վստահ եմ՝ ո՛չ միտումնավոր՝ որպես վնասարարություն մեր ազգին ու նրա պատմությանը), երբ հրաժարվում եք հայոց այբուբենից և լատինատառ եք գրում, մեր թշնամիներին հնարավորություն եք տալիս ոչ միայն յուրացնելու մեր մշակութային արժեքները, այլև հնարավորություն եք տալիս, որ մեզնից օտարեն դրանք՝ մեզ համարելով մշակութային հետամնաց մի ազգ, որ զբաղված է ուրիշի այբուբենը գողանալով: Սիրելի՛ երիտասարդներ, այսօր բնավ խնդիր չէ հայատառ գրելը, քանի որ և՛ համացանցում, և՛ հեռախոսների մեծ մասում կա հայատառ ծրագիր, դուք կարող եք ներբեռնել և գրել հայատառ հայերեն, օրինաչափություն. որքան հնարավոր է գրել հակիրճ, անգամ երկարաշունչ բառերի գրության համար ստեղծել են հապավումներ, օրինակ՝ բուժքույր, պետպլան, ԱՍԱԼԱ, ՄԱԿ, ՆԱՏՕ, OK և այլն: Իսկ դուք ի՞նչ եք անում մեր այս բազմազբաղ ու ժամանակի սուղ ժամանակներում. վատնում եք ձեր ոսկի ժամանակը ավելորդ տառեր գրելու համար: Օրինակ՝ հայերեն մեկ Չ տառը գրելու համար գրում եք երկու լատիներեն՝ CH, հայերեն Շ-SH, Ղ-GH, Ծ-TS և այլն: Անգլերենը չունի ՝ճ, պ, կ, տ, ր, ծ, ը, ժ, ձ, ղ, ո, է հնչյուններն ու տառերը։ Ի՞նչ եք գրում այդ հնչյուն-տառերի փոխարեն։ Անիմաստ տառակապակցություններ, որոնք աղճատում են մեր ոսկեղենիկ լեզուն, որի մասին անգլիացի և բոլոր ժամանակների մեծ բանաստեղծ Ջորջ Գորդոն Բայրոնն ասել է. «Հայոց լեզուն Աստծո հետ հաղորդակցվելու միակ լեզուն է»: Իսկ մեր հանճարներից մեկը՝ Պարույր Սևակն ասել է. «Դժվարամատույց է հայոց լեզուն իր քառակի պարիսպների մեջ (նկատի ունի քառաշարք հայոց այբուբենը): Նման ամրոցը գրոհով առնել անհնարին է. կարող է օգնել միայն տևական պաշարումը»: Սիրելի՛ երիտասարդներ, մեր լեզուն տևական պաշարման մեջ է։ Մեր բազմադարյա մաքառումներով լի պատմությունը մեզ ու ձեզ չի ների, եթե մի տասը տարի հետո մոռացության տրվի մեր այբուբենը և հայատառ հայերեն գրող այլևս չլինի։ Կարդացե՛ք մեր այբուբենի յուրաքանչյուր տառի խորհուրդը, և խնդրում եմ, մտածե՛ք ասածներիս կարևորության մասին: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպե՞ս կընթերցվի այս հրաշալի ձոնը՝ առ մեր ոսկեղենիկ այբուբենը։ Ցավոք, ՖԲ-ի իմ ընկերներն անգամ չարձագանքեցին իմ հորդոր-կոչին՝ համացանցում հայատառ գրելու համար: Մի քանի օր հետո ես գրառում արեցի՝ որպես մեկնաբանություն և ցավ ու ափսոսանք հայտնեցի, որ անգամ մեր մտավորականները, բանաստեղծներն ու գրողները անտարբեր անցան: Իմ՝ մոտ հինգ հարյուր ընկերներից միայն յոթ հոգո՞ւ է անհանգստացնում հայոց այբուբենի ճակատագիրը։ Սթափվել է պետք. մի քանի տարի հետո ընդհանրապես հայատառ գրող չի լինի։ Էսպիսի անտարբերություն ես չէի ակնկալում. Էլ ի՞նչ հայրենասիրական ճառեր ու բանաստեղծություններ ենք գրում ու ասում։ Ո՞վ է կարդալու լատինական տառերով և հնչյունաբանությամբ աղճատված և հույզ ու գգացմունքից զրկված մեր բանաստեղծություններն ու վեպերը։ Խորհել է պետք, սիրելի՛ հայեր. ի դեպ, համատարած համացանցային այս տարիներին, պարզվում է, մեկ տասնյակից ավելի ազգեր այլևս իրենց այբուբենով չեն գրում գրում են լատինատառ՝ անգլերեն ուղղագրությամբ։ Սա էքսպանսիայի մի ձև է, որը ռազմականից առավել վտանգավոր է, քանի որ վերջինիս դեպքում ազգն ու ժողովուրդը կենտրոնացնում են իրենց ռազմական ուժերն ու հակահարված հասցնում երկիր ներխուժողին, մինչդեռ մշակութային, կեղծ մշակութային և լեզվական ներխուժումը կատարվում է աննկատ՝ դեմոկրատիայի, գիտատեխնիկական առաջընթացի քողի տակ: Մեր երիտասարդները չեն տեսնում կամ չեն կռահում այս վտանգը, որովհետև երիտասարդ են ու անփորձ, իսկ միջին և ավագ սերնդի մարդիկ մի՞թե չեն կարող հորդորել իրենց աշակերտներին, ուսանողներին, զավակներին, որ նրանք հայատառ հայերեն գրեն։


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 7543

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ