ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Կոստանդնուպոլիս-2

Կոստանդնուպոլիս-2
10.04.2015 | 00:13

Կաֆայի գրաւումէն ետք (6 յունիս 1475), բնակիչներուն մէկ մասը, իբր 40000 հոգի, Իսթանպուլ ղրկուեցան:

Տարագիրներու մէջ կը գտնուէին բազմաթիւ հրեաներ, յոյներ եւ հայեր: Հրեաները, որոնք ծանօթ էին Գարայի անունով, Խասքէօյ եւ յոյները Կալաթա հաստատուեցան: Հայերը, որոնք ըստ ճենովացի պատմագիրներու յոյներէն աւելի ստուարաթիւ էին Կաֆայի մէջ, Սուլումանասթըրի կողմերը բնակեցան եւ Ֆաթիհէն եկեղեցի մը խնդրեցին: Իրենց տրուեցաւ բիւզանդական Մանուէլի վանքը, որուն անունը Ս. Նիկողայոսի փոխեցին եւ զայն երկար ատեն իբրեւ աղօթատեղի գործածեցին: Այս եկեղեցին 16-րդ դարուն մզկիթի վերածուեցաւ ու կոչուեցաւ Քեֆելի մեսճիթ:

Իսթանպուլի գատը մեւլանա Մուհյիտտին եւ Իսթանպուլի զաիմ Մահմուտ Չելեպի Հիճրեթի 882 տարւոյն զիլհիճճէ ամսուն սկիզբը (1478 ապրիլ), այսինքն Ֆաթիհ Մեհմետ Բ-ի մահէն երեք տարի առաջ, պատրաստած են Իսթանպուլի եւ Կալաթայի տուներուն եւ խանութներուն վիճակագրութիւնը:

Վիճակագրութիւնը կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.

ԻՍԹԱՆՊՈՒԼ

8951 մահմետականի տուն

3151 յոյնի տուն

267 քեֆեցիի տուն

372 հայու տուն

384 գարամանցի հայերու տուն

31 գնչուի տուն

14803

ՏՈՒՆԵՐՈՒ ԵՒ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ԹԻՒ

Տուներ եւ խանութներ 18470

Մահմետականներու եւն տուներ 14803

Մահմետականներու եւն խանութներ 3667

ԿԱԼԱԹԱ

535 մահմետականի տուն

592 յոյնի տուն

332 եւրոպացիի տուն

62 հայու տուն

-------------

1521

ՏՈՒՆԵՐՈՒ ԵՒ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ԹԻՒ

Տուներ եւ խանութներ 1781

Մահմետականներու եւն տուներ 1521

Մահմետականներու եւն խանութներ 260

Իսթանպուլի եւ Կալաթայի տուներուն եւ խանութներուն համագումար թիւն է 21251

Իսթանպուլի եւ Կալաթայի տուներուն թիւը 16324

Իսթանպուլի եւ Կալաթայի խանութներուն թիւը 3927:

Ըստ այս վիճակագրութեան, 1478-ի սկիզբը Իսթանպուլի եւ Կալաթայի մէջ կար.

9486 տուն մահմետական

3743 տուն յոյն

1647 տուն հրեայ

817 տուն հայ

267 տուն քեֆեցի

332 տուն եւրոպացի

31 տուն գնչու:

Ֆաթիհի օրով Կալաթայի հայկական թաղերը, ինչպէս նաեւ հոն բնակող հայերէն ոմանք յիշուած են Ֆաթիհի երեք վագֆիյէներէն երկուքին մէջ:

Իրենց անուններով յիշուած են Ֆրենք Ֆիքրոնի թաղին մէջ հայ բժիշկ Նիքոլա, հացագործ Փաւլո, դերձակ Սթեֆեանո, Խոճա Կիր, Մանոլ Վերտի, հացագործ Անտրէաս: Այս անձերէն ոմանց անունով կոչուած են նաեւ թաղերէն ոմանք: Այսպէս, կար Մանոլ Վերտի մահալլէսի մը, հացագործ Անտրէաս մահալլէսի մը:

Կար նաեւ Հայոց թաղ մը (Էրմենիյան մահալլէսի), Էրմենի Փաղմենո մահալլէսի մը եւ Էրմենի Շատի պէյ մահալլէսի մը, Էրմենին Ֆենավիւն մահալլէսի մը, Էրմենի Խոճա Կիր մահալլէսի մը, Փափազօղլու մահալլէսի մը:

Այս բոլոր անձերն ու թաղերը յիշուած են Ֆաթիհի վագֆ ըրած շինութեանց սահմանները ճշտելու առթիւ:

Ըստ երեւոյթին, այս «թաղերը» փողոցներ են:

Իբրեւ հայ յիշուած բոլոր անձերը կը կրեն եւրոպականացած կամ յունական անուններ, ինչ որ կրնայ երկու ձեւով մեկնուիլ: Կա՛մ Կալաթայի հայերը ապրելով մեծամասնութեամբ եւրոպացիներէ եւ յոյներէ բնակուած քաղաքամասի մը մէջ իրենց անունները փոխած էին եւ կա՛մ կը պատկանէին կաթողիկէ եկեղեցիին եւ առաւել կամ նուազ եւրոպականացած էին:

Տապանաքարերի արձանագրություններից ծանոթանում ենք մի շարք արևելցի (պարսկահայ) վաճառականների, որոնք 16-րդ դարի առաջին քառորդում գտնվում էին Կ. Պոլսում։ Հիշեցնենք նրանցից մի քանիսի անունները` Ագուլեցի Մելքոն, Շոռոթեցի Հակոբ, Ջուղայեցի Աղաբաբ և սրա որդի Բաղդասար, Առաքելի որդի Ավդըլե (Աբդուլլա), Փիրնաղայի որդի Ճողեեցի (Ջուղայեցի) Ավետիք և այլն։

Բյուզանդական կայսրության անկումից հետո (1453) օսմանյան թուրքերի մայրաքաղաք դարձած Կոստանդնուպոլսին վիճակված էր հնամենի քաղաքակրթության փլատակների վրա ի նորո սկսել իր կենսագրությունը։ Բյուզանդական կայսրության անկմանը հաջորդող մի քանի տասնամյակների ընթացքում այստեղ, ի թիվս այլ հանրությունների, գոյացավ նաև հայ գաղթօջախ, որն իր կազմավորման գործընթացը պետք է ապրեր հիմնականում մինչև XVII դ. առաջին քառորդը` հանդես գալով իբրև ազգային որոշակի դավանանք, նկարագիր ու խառնվածք ունեցող հանրություն և դրան համապատասխան` ճանաչվելով իբրև առանձին ժողովուրդ (միլեթ) Օսմանյան կայսրության միլեթների համակարգում։

Պատմական ճակատագրի բերումով Կ. Պոլսի հայ համայնքը կազմավորվեց Հայաստանի արևմտյան և արևելյան հատվածների, ինչպես նաև Կիլիկիայի հայերի բազմություններից։ Այս գաղթօջախը, իբրև հայ ժողովրդի ընդհանրությունը ներկայացնող համայնք, բացառիկ նշանակություն պետք է ունենար միջնադարից մինչև նոր ժամանակները ձգվող դարաշրջաններում ազգային հոգևոր ու մտավոր արժեքների հայտնության և զարգացման ասպարեզում։ Առնչվելով ոչ միայն բնաշխարհի, այլև աշխարհասփյուռ հայության հետ` Կ. Պոլսի հայ գաղթօջախը իր կարևորագույն նպաստը բերեց ազգային-հոգևոր միասնության, ժողովրդի ինքնության պահպանության գործին` իր էական ազդեցությունը թողնելով ազգի կրոնական, մտավոր ու մշակութային զարգացման ընդհանուր օրինաչափությունների վրա։

Բուն Կ. Պոլսի մերձակայքում` ճենովական Ղալաթիայում, դեռևս XIII դարից այստեղ էին կայանել և հաջողությամբ գործառում էին Ղրիմից եկած հայ վաճառականները։ Հայտնի է 1281 թ. հուլիսի 7-ի թվակիր արձանագրությունը մի հայ դրամատիրոջ և երկու այլ անձանց երկկողմանի պայմանագրի վերաբերյալ, որով վերջիններս պարտավորվում էին Կ. Պոլսի նավահանգստում ծովի հատակից հանել դրամատիրոջ 120 ֆունտ արծաթը։

Ղալաթիայում ապաստանած հայ վաճառականները գործուն մասնակցություն էին բերում սևծովյան առևտրին` դուրս գալով Լևանտի միջազգային առևտրի ասպարեզ, կապեր ու հարաբերություններ հաստատելով ամենից առաջ իտալական առևտրական կենտրոնների հետ։

Կ. Պոլսի առման ժամանակ Ղալաթիայում ապրել են բավական թվով հայեր, որոնք արդեն առանձին թաղամասեր էին կազմել Ֆրենք Ֆիքրոն, Էրմիյան մահալլեսի, Էրմենո փաղմեն մահալեսի, Էրմենի շատի պեյ մահալլեսի և այլ անուններով։

Նշանավոր պոլսահայեր

ՏԱՏՅԱՆ ԱՌԱՔԵԼ ՆԻԿՈՂԱՅՈՍԻ

(1753, գ. Կամարակապ- 1812, Կ. Պոլիս)

Առաջին հայ վառոդապետն է, իրավունք ունենալով պաշտոնը ժառանգաբար փոխանցելու իր սերունդներին:

18 տարեկան հասակում մեկնել է Կ. Պոլիս և այդտեղ վախճանված սեղանավոր հորից ժառանգություն ստանալով մեկ ագարակ ու երկու տուն, դրանք վաճառել ու վերադարձել է ծննդավայր: Կառուցել է մի քանի ջրաղաց, կամուրջ ու ճամփաներ: Եղել է ոստայնանկ ու ժամագործ:

1787 թ. տեղափոխվել է Պոլիս, զբաղվել սեղանավորությամբ, ապա աշխատել ալյուրի արտադրության «Փայտոս» ընկերությունում։

Սուլթան Սելիմ III-ի օրոք 1794 թ. Պոլսի վառոդարանի համար նորոգել ու գործի է գցել ճախարակ։ 1795-ին Ազադլըի (Այ-Յորգի) վառոդարանի համար հորինել է ջրի ուժով գործող ճախարակ, ինչի համար նշանակվել է վառոդարանի ղեկավար` ազատվելով հարկերից ու տուրքերից։ Մի քանի տարի անց հորինել է վառոդի զանգվածը մանրացնող մեքենա, անվավոր նավակ, նավերի ջրհան պոմպ, 1800 թ.` գերանները սղոցող ու տախտակի վերածող մեքենա, 1802-ին` պղնձաձուլվածքները տափակեցնող մամլիչ, 1805-ին` չուխան նորովի գործելու 5 դազգահ։ Սուլթան Մահմուդի օրոք հորինել է ոսկու և արծաթի ձուլակտորները տափակեցնող գործիք, որն օգտագործվել է դրամահատարանում։

Ազադլըի մոտ գտնվող Փիլիպոս գյուղում XVIII դ. վերջին կառուցել է Սբ. Նշան եկեղեցին:

Ամիրա։

ՏԱՏՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՌԱՔԵԼԻ

(1789, Կ. Պոլիս-1869, Կ. Պոլիս)

Մեքենագետ, գյուտարար, արքունի վառոդապետ և բոլոր պետական գործարանների վերատեսուչ:

Նախնական կրթությունն ստացել է Ազադլը (Այ-Յորգի) գյուղի հունական դպրոցում, ապա մասնավոր ուսուցիչների մոտ ուսանել հայերեն, թվաբանություն, ֆրանսերեն: 1813 թ. աշխատանքի է անցել վառոդարանում, որի տնօրինությունը հորից ժառանգաբար ստացել էր ավագ եղբայր Սիմոնը:

1820-1822 թթ. Բեյքոզի թղթի գործարանի վերատեսուչ, 1826-ին՝ Էյուբի մանածի գործարանի տեսուչ:

1827-1828 թթ. հորինել է զանազան գործիքներ ու մեքենաներ, 3 մեքենա՝ հրացանագործության, 4 մեքենա՝ մանածագործության համար:

1832-ից, եղբոր մահից հետո, վառոդապետ:

Հիմնել է մի շարք պետական գործարաններ: Այսպես, 1840-ին՝ մետաքսի ու երկաթահալ, 1842-ին՝ կաշվի ու Նիկոմիդիայի (Իզմիտ) չուխայի, 1844-ին՝ Հերեքեի բամբակամշակման, 1844-1845-ին՝ ձուլարան, Զեյթին Բուռուի մետաղամշակման գործարանները:

1842-1848 թթ. երեք անգամ մեկնել է Եվրոպա, ուսումնասիրել առաջավոր փորձը և ներդրել օսմանյան Թուրքիայում:

1856 թ. ընտրվել է Արդարադատության բարձրագույն ատյանի (Ահքյամը Ադլիե) անդամ, 1857-ին նշանակվել է Հանրային կրթության ժողովի (Մեջլիսը Մեարիֆ) անդամ:

1826 թ. եղբոր հետ կառուցել է Սբ. Ստեփանոս եկեղեցին և մի աղոթատուն՝ հունաց համար: 1832-ին կառուցել է Մաքրիգյուղի Սբ. Սարգիս եկեղեցին, 1835-ին Ազադլըում՝ Սբ. Աստվածածին եկեղեցին և 15000 ղուրուշի զանազան գործիքներ նվիրել Զմյուռնիայի «Սյունյաց ընկերությանը»: 1844 թ. կառուցել է Յանուն Ծնունդ Ս. Աստուածածնայ եկեղեցին, կողքին՝ «Արծրունյաց» դպրոցը: Նույն թվականից եղել է Սբ. Փրկչյան ազգային հիվանդանոցի վերատեսուչը՝ ըստ ամենայնի նպաստելով հաստատության պարենային մատակարարմանը: Հոգացել է Ադաբազարի շրջակայքի մի քանի հայկական գյուղերում դպրոցների հիմնումը, Նիկոմիդիայի և Պարտիզակի հայկական դպրոցների ծախքը, Արմաշ գյուղում իր ծախքով պահել մեկ ուսուցիչ: 1846-ին Նառլը Գաբուում հիմնել է «Խորենյան» արական և «Վառվառյան» իգական դպրոցները՝ յուրաքանչյուրը 150 երեխայի համար: 1847-ին ֆինանսավորել է Վենետիկի Մխիթարյան միաբանության Ատլասի, իսկ 1849-ին՝ Հ. Գաթրճյանի «Տիեզերական պատմութիւն» երկհատորյակի հրատարակումը: 1852 թ. կառուցել է Էյուբի Սբ. Աստվածածին եկեղեցին:

1847-1855 թթ. եղել է Ազգային գերագույն ժողովի, 1860-ին՝ Ազգային քաղաքական ժողովի անդամ:

Ընտրվել է Փարիզի «Քաջալերության ընկերության» (Socie՛te՛ d’Encouragement) պատվո անդամ, Լոնդոնի և Էդինբուրգի ճարտարագիտության զարգացման ընկերությունների, Փարիզի «Արևելյան ընկերության» անդամ:

1838 թ. պարգևատրվել է «Իֆթիխար», 1841-ին՝ «Իմթիազ», 1856-ին՝ «ՈՒլա Նսըֆը» շքանշաններով և ստացել բեյության ժառանգական աստիճան:

Ամիրա։

Էջի պատասխանատու` Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 4090

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ