«Եթե Պուտինը հաղթի ՈՒկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների համար, ուստի ՆԱՏՕ-ի դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում Պուտինի հաղթանակից խուսափելը։ Ես ողջունում եմ այն աջակցությունը, որն Ադրբեջանը ցուցաբերել է ՈՒկրաինային։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների ներդրումը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։               
 

Նարինե Կռոյանի «Ճարճատուկի ծաղիկը» ժողովածուն

Նարինե Կռոյանի «Ճարճատուկի ծաղիկը» ժողովածուն
10.04.2015 | 17:27

Վերջին շրջանում հաճախ են զատում «պատմողական արձակ» և «վերլուծական արձակ» հասկացությունները և սրանք հակադրում իրար, այնինչ նման հակադրությունը հաճախ տեղին չէ: Որևէ մեկը չի կարող դեմ լինել կարգին պատմողական արձակին, այլապես, ասենք, Վ. Հյուգոյի «Փարիզի աստվածամոր տաճարն» ընթերցողը չի կարդա Ֆ. Կաֆկայի «Դատավարությունը» կամ հակառակը: Սակայն զատել պետք է, այն իմաստով, որ դրանք լինեն լիարժեք արձակի արտահայտություն, այլ ոչ թե կիսատպռատություն կամ անփույթ շարադրանք: Այսօր մեր սեղանին է արձակագիր Ն. Կռոյանի «Ճարճատուկի ծաղիկը» ժողովածուն, որի առաջին` «ճարճատուկի ծաղիկը» շարքը թերևս պատմողական է, երկրորդ` «Rattus sapiens» շարքն էլ միտում է լինելու պատմողական-վերլուծական: Տեր ենք երկուսին էլ, միայն թե լինեն ձիգ ու հավաք, կառուցիկ` զերծ ավելորդություններից ու պակասություններից, որոնք, ցավոք, երբեմն տեղ են գտնում ամբողջության մեջ:

Հեղինակը թերևս չունի մեծ նպատակներ` պատկերելու և քննելու համար «ժամանակը և մարդը», «հասարակական աններդաշնությունը և մարդը» կամ այլ խնդիր: Նպատակն առավել քան պարզ է` պատկերել մարդուն, ըստ ոմանց պայմանականության` «փոքր մարդուն», իսկ ավելի ճշգրիտ` լուսանցքում հայտնված մարդուն, որ իր նմանների հետ կազմում է յուրահատուկ մարգինալ խումբ ու խավ, անտեսվածների դասակարգը: Ոչ ոք չի կարող իրեն ապահովագրել այնտեղ չհայտնվելու իմաստով. դա, թեկուզ ոչ ցանկալի, բայց պոտենցիալ ներկա (կամ ապագա) կարող ենք պատկերացնել բոլորի և բոլորիս համար: Ո՞րն է նրանց հետ մեր ազգակցության սահմանը, ու ինչպիսի՞ն է մեր մարդասիրության դրոշը. կամ ընդունո՞ւմ ենք «չլուտների եղբայրությունը» (Հր. Մաթևոսյանի խոսքն է), «արհամարհված մարդկանց» (ըստ Վ. Սարոյանի): Հեղինակի մարդկային ու գրողական թերևս ամենամեծ արժանիքն է, որ ինքը չի արհամարհում նրանց, ունի իր կարեկցությունը, նրանց ցավն ու հոգսը, դառնությունն ու վիշտը, նաև հոգում անթեղված թաքուն լույսը տեսնելու կարողությունը: Առանց սրա գրող չեն ծնվում, առավել ևս գրող չեն դառնում: Հիշենք Հր. Մաթևոսյանի խոսքը. գրողը «կարող է կատարել իր բարձրագույն պարտքը` պաշտպանել մարդուն մարդուց, պաշտպանել մինչև վերջ, նույնիսկ այն ժամանակ, երբ մտածում է` այլևս անօգուտ, այլևս անհնար է» : Իսկ Ն. Կռոյանը ձևակերպում է. «Առանց Սուլոների և Մայաների կյանքն անգույն ու համր մի կտավ է` ժամանակի գորշ ցեցի կեր, որի վրա չարժե դողալ: Այն ապրել է պետք»: Ահա և ապրում է հեղինակը` ապրեցնելով իր կերպարներին, բայց մահին մերձ: Այս իմաստով գիրքը կարելի էր կոչել նաև «Վերջին օրերի վկայություններ»: Փոքրիկ վիճակագրություն. ժողովածուի մեջ ներառված երկու շարքերի 28 պատմվածքներից 24-ում հանգուցալուծումն իրականացվում է մահվան միջոցով, կամ այն էական դեր ունի: Սա վտանգավոր թվաբանություն է հեղինակի համար, քանզի կարող է մահ բերել իր գրականությանը ու սպանել այն: Այնինչ այն կոչված է հաստատելու կյանքը` որպես անկրկնելի ու գիտակցելի բացառիկ ճշմարտություն, բայց փաստորեն նշված գործերի վեց յոթերորդը կյանքը հաստատում է մահով, երբ կյանքը պիտի հաստատվեր կյանքով: ճարճատուկ բառի հոմանիշ է եղերդակ բառը, բայց հեղինակ բառի հոմանիշը չի լինելու եղերգակը: Կա նաև այլ եզր. հեղինակը կարողացել է մահվան ու կյանքի հաստատումն իրականացնել նույն դետալի միջոցով. «Մահն ամենուր էր, և այրվող ֆաբրիկայի կրակների տակ դեռ փորձում էր իր գերանդու սրությունը:
Կյանքն էլ էր կրակներ վառել` իր շուրջը խմբելով անմխիթար և ինչով ասես փաթաթված արարածների» (էջ 49, «Երկրաշարժ էր»):
Կյանք-մահ հարաբերակցությունը հեղինակի համար պատկերման օբյեկտ կամ նպատակ չէ, այլ մարդաճանաչողության ու մարդաբացահայտման միջոց: Այս իմաստով այդ հարաբերակցությունը, ըստ իս, հեղինակի համար չի կարող գիտակցվել սահմանային իրավիճակ կամ նպատակ. նպատակը առտնինի մեջ անսպասելին բացահայտելու փորձն է, այն անսպասելին, որ թերևս տիպական է այս հասարակության ու ժամանակի համար, բայց կարող է նաև եզակի գիտակցվել: Այս իմաստով անսպասելիորեն դրսևորվում է մի պարադոքս. ինչքան աղքատ է ժամանակը, այնքան ավելի մեծ է գրողի ընտրության հնարավորությունը:
Ժողովածուն կարող է լուրջ խոսակցության սկիզբ դառնալ` կապված օտարման հետ. մարդու օտարումն իր միջավայրից, ինքն իրենից, իր ընտանիքից, որ ավելի ցայտուն տեսնում ենք «Փախուստ», «Մայրամուտին», «Կյանքի գին», այլ պատմվածքներում: Որո՞նք են այդ օտարման հիմքերը. սրանք պայմանավորենք միայն սոցիալակա՞ն հանգամանքներով. արդյո՞ք մարդու հոգեբանության մեջ չկան նախադրյալներ, որոնք բացահայտվում են գետնաքարշ գոյության պարտադրանքներով: Չէի ցանկանա, որ հեղինակն առաջ ընթանար էքզիստենցիալիզմի 70-ամյա տրորված պողոտայով, այլ գտներ իր զարտուղին ու սրանով իսկ հաստատեր իր ինքնատիպության իրավունքը: Նշված և այլ գործեր ունեն սկիզբ դառնալու երաշխիքը:
Փորձենք անդրադառնալ մի քանի պատմվածքի:
«Ճարճատուկի ծաղիկը» իրավամբ է իր վերնագիրը փոխանցել շարքին ու ժողովածուին, և կցանկանայինք այն իրոք անթերի տեսնել, սակայն վրիպումներ կարելի է նկատել: Կերտվել են հուզիչ կերպարներ` Անուշն ու Գոհարը` առնված կյանքից, կարեկցություն ծնող և ողբերգորեն ճշմարիտ: Ու պարզ է դառնում, որ Անուշի զբաղմունքը պարտադրված արհեստ է, ոչ բնավորություն ու էություն: Եվ սա մարդու ընտրություն չէ, այլ կեցության պարտադրանք, իսկ պատմվածքը գիտակցվում է որպես հասարակության մեջ դրսևորված արատն ու խոտելին դատապարտող վավերագիր:
«Ծառը» երկը դրսևորում է նովելիկ կառուցվածք: Այդտեղ հեղինակն ի ցույց է դնում և իրականացնում իր վարպետությունը` երկը կայացնելու, ամբողջացնելու իմաստով: Ժողովրդական առածն ասում է. «Անծուխ կրակ չի լինում»: Թերևս կարող ենք ասել նաև` անկրակ ծուխ չի լինում: Ահա և «Տանիքներից բարձրացող ծուխը եղանակի խոնավությունից վերև չէր բարձրանում, ծանրանում էր, նստում տների վրա` ասես դիտավորյալ ընդգծելով նրանց դժգույն ու խարխլված էությունը» (էջ 13): Բայց Ջիվանի տանը կրակ չկա, որովհետև փայտ չկա, և երկի ամբողջ ընթացքն ուղղված է տանը փայտ ունենալու ջանքի պատկերմանը: Ջիվանին օրերով ծառ է կտրում և օրեր շարունակ ծառ է քարշ տալիս` նպատակին հետամուտ: Ու վառելու համար նախատեսված ծառի գործառույթն է փոխվում. «Բիձիս տղին կասես` դագաղըս իմ ծառիցը շինի, աղջի՜... Ախչի՜... ծառս, ծառս չվառեք...» (էջ 19): Սակայն կա երկրորդ ավարտը, որով հեղինակը վեր է բարձրանում գետնաքարշ իրականությունից` գտնելով նոր պայմանաձև ու լուծում. «Ջիվանն աչքերը փակեց ու իր ծառի նման արմատախիլ եղավ` կյանքի անտառում կոճղ էլ չթողնելով: Որդին նրա արմատը չէր» (էջ 19):
Ժողովածուի զարդերից է «Մայրամուտին» երկը: Եթե ժողովածուի բոլոր գործերը լինեն այս մակարդակին և ավելի, թերևս կարելի կլիներ այլ ոգևորությամբ խոսել գրքի ու հեղինակի մասին, սակայն ի վերջո պահանջներն ու ակնկալիքը լինելու էին նույնը: Այդպես և չեմ ուզում անգամ մի փոքրիկ դիտողություն անել «Հալա-մոլա» պատմվածքի վերաբերյալ. այստեղ չկա կյանքի պատճենում, կա գրի ու պատկերի խաղ, և ընթերցողը երկի հանգուցալուծումը վայելում է վերջին տողի հետ` հավաստելով հեղինակի հաջողությունը:
Հարկ է, որ հեղինակը միշտ ուշադիր լինի հատկապես ժամանակի հարցում, քանի որ յուրաքանչյուր իրողություն իր ներսում ունի արձանագրվող, փաստվող ժամանակ: Զորօրինակ. «Բերանում մի ընկույզ բռնած` ագռավը թափով բարձրանում էր վեր, ցած էր նետում ընկույզը» (էջ 74) (կարող ենք հաստատապես ենթադրել` սեպտեմբեր-հոկտեմբերին) և «Գոհունակությամբ նայեց կարտոֆիլի արդեն բարձրացող թփերին» (էջ 75) (սա էլ պատկերացնենք մայիս-հունիսին, որովհետև սեպտեմբերին թփերը չորացած են): Դրսևորվող դետալները, փաստորեն, ամենաքիչը երեք ամսվա հեռավորություն ունեն, այնինչ պատկերվում և պատկերացվում են նույն օրվա մեջ` «Ագռավը» պատմվածքում, որ ժողովածուի հաջողված գործերից մեկն է: Հակադրության մեջ նրբորեն հյուսվում է հանգույցը: Ագռավի նետած ընկույզն ընկնում է ավտոբուսի անիվների տակ, «ագռավն իջավ մանրացած ընկույզի մոտ, կտուցով դեսդեն արեց ու ... թռավ-գնաց:
«Տեսնես ընչի՞ չկերավ», մտածեց մարդը» (էջ 74):
Եվ պատմվածքի վերջնամասում է հնչում հարց, բայց այս անգամ որպես հանգուցալուծում.
«Վագոնի ներսում անանդրադարձ աչքերով մի ագռավ էր նստած:
Նա նայում էր տարօրինակ այդ տղամարդուն ու զարմանում.
«Տեսնես ի՞նչ է կորցրել այս ավերակում...» (էջ 80):
Մարդ-ագռավ, ագռավ-մարդ փոխադարձ այս հարցումներն ունեն որոշակի պատասխան` ընկույզն այլևս ագռավինը չէ` որպես վաստակ, և գերմանուհու կտակածը այլևս Աշոտինը չէ` որպես վաստակ: Այս ձևակերպումն արդարացնում է կողմերից յուրաքանչյուրին, և ագռավն ու Աշոտը թերևս փոխադարձաբար կերպափոխվելու եզրին են:
Պատմվածքներում կարելի է տեսնել որոշ թերացումներ: Այսպես. «Արահետի կողքին բուսած ճարճատուկի թփերը խոչընդոտում էին հատուկենտ կենդանի արարածի անցուդարձին»: Հատուկենտի բառարանային մեկնաբանությունը սակավաթիվ-ը, մի քանի-ն են, որի հետ պարտադիր է լրացյալի հոգնակի թվով գործածությունը, խոչընդոտելը ներգործական սեռի բայ է, ուրեմն պահանջում է հայցականով ուղիղ խնդիր, բայց ոչ խոչընդոտել անցուդարձին: Ուրեմն` նախադասությունը խմբագրվելով կարող է լինել. «Արահետի կողքին բուսած ճարճատուկի թփերը խոչընդոտում էին հատուկենտ կենդանի արարածների անցուդարձը»: Կամ` «Երկիրը պտտվեց ու վերադարձավ հաջորդ պտույտի սկզբին» (էջ 92, «Սահման»): Կարելի է վերադառնալ արդեն հայտնի` ընկալելի սկզբին, բայց հասնել կարելի է հաջորդ պարունակի սկզբին, ուրեմն և` «Երկիրը պտտվեց ու վերադարձավ` հասնելով հաջորդ պտույտի սկզբին»:
Թերացում կարելի է գտնել, ասենք, վերնագրի հարցում: «Էն Լոռու ձորն է...» վերնագիրը միանշանակ հուշվել է Թումանյանից (Անուշն ակնարկվում է պատմվածքի վերջում), սակայն նկատվում է անհամապատասխանություն լավ պատմվածքի և անհաջող ընտրված վերնագրի միջև: Նույնը կարելի է դիտարկել «Քարերը շաղ տալու ժամանակը» պատմվածքի վերաբերմամբ: Աստվածաշնչյան «քարերը նետելու և քարերը հավաքելու ժամանակը» արտահայտության փոփոխակ է պատկերացվում այս վերնագիրը, երկը զարգացնելու ու ամբողջացնելու ինչպիսի՜ մանրամասներ են կուտակվել` նարդի, ուրեմն նաև նարդու քարեր, գողացված սրբապատկեր (մի՛ գողանար), նվիված «Աստվածաշունչ» մատյան և այլն, սակայն չենք շարունակում` հեղինակին նոր սյուժե ու պայմանականություն չպարտադրելու համար: Կամ հավասարարժեք չեն պատումն ու ավարտը, ինչպես, ասենք, «Երկրաշարժ էր» պատմվածքում: Կամ` «Ո՞ր մեղքի համար» վերնագիրը պատմվածքի վերևում է, բայց չի բարձրանում պատմվածքի մակարդակին: Եվ պատմվածքի հանգուցալուծումը: Այս վիճակում այն Ստ. Զորյանի «Խնձորի այգու» անհաջող փոփոխակ է և չի համոզում, այնինչ պատմվածքում հեղինակի գտածն ու սեփականն ավելին է, և պետք է գտնել Մարգո-Լենա ինտրիգի այլ տարբերակ գոնե վերջին` կարգին նախադասության համար. «Իսկ Սուլեյմանի գլխին ամպերը դարձյալ չէին կանգնում, գալիս էին ու գնում, ինչպես այս աշխարհի վշտերն ու ուրախությունները, ինչպես ժամանակը...» (էջ 67):
«Շահողը» պատմվածքը որոշակի ընդհանուր զգացողություններ է ձևավորում Ստ. Զորյանի «Ժամկոչ Անտոնի» հետ հոգեբանության առումով և հանգուցալուծման: Գտնելուց հետո կորցնելով` երկուսն էլ անվերադարձ հեռանում են:
«Հերթապահությունը» շատ է առարկայնորեն կոնկրետ, նատուրալիստական, ակնարկին մոտ, բայց ոչ պատմվածք: Չկա կառուցիկ ամբողջականություն, ամբողջացված չեն նաև կերպարները: Երկը տուժում է կոնկրետությունից. հայ, քահանա, ինքնասպան, մայր Թերեզայի քույրեր, խորվաթ հոգևորական... Այս ամենն ի՞նչ է հավելում մեր իմացությանն ու գեղագիտությանը, մեր պատկերացումներին ու զգայություններին: Միտքս պարզելուն միտված` ապավինեմ Հր. Մաթևոսյանին. «Գրականությունը ընդամենը բացատ է ջունգլիներում: Ջունգլիները մարդն է` իր բոլոր փոխկապակցություններով, մեծ անբացատրելին: Եվ յուրաքանչյուր լուրջ գրական գործչի խնդիրն է այդ բացատը գոնե մեկ քառակուսի սանտիմետրով մեծացնել, այլ ոչ թե խրախճանել Ջունգլիից ազատված տարածքում» : Ըստ իս` նշված պատմվածքը անգամ մեկ քառակուսի միլիմետր չի ընդարձակում Ն. Կռոյանի գրականության բացատը` նմանվելով արտասահմանյան ֆիլմի ձախորդ փոխադրություն-ռեմիքսի:
Կերպարների լեզուն պատճենվել է իրականությունից` իր հետ բերելով Լոռու խոսվածքի թերին, այնինչ նույն տարածքի ծնունդ Հովհ. Թումանյանի ու Հր. Մաթևոսյանի դեպքում այդ թերին ու կոպիտը մի կողմ է թողնվում` շեշտելու համար խոսվածքի առավելությունները, բարբառի գանձերը:
Հր. Մաթևոսյան. «Հա, ապին որ գնում էր` ինձ էլ պիտի տաներ, անիմաստ թողեց ինձ» : «Մեզ փափկացնողը խնդրողական վիճակն է, այսինքն` որ վիզները ծռում ու ասում են «երեխեքս» :
Հիմա էլ Ն. Կռոյանից. «Այ կնի՞կ, էդ լայաղ չե՞ս անըմ պատասխանես: Կարո՞ղ ա փախցըրել են...» (էջ 10): «Ու ընչի՞ հըմար, մի տեղ մի հավ, մի ճիվ... յա էլ մլիցի ա ուշունց տվել, յա ճամփին շռել ա, մի խոսքով` մի ախմախ գյադա յա» (էջ 39):
Մեկնաբանությունները թողնում ենք հեղինակին` չպարտադրելով, այլ ինքնակամ ընտրություն կատարելու հորդորով: Ի վերջո ինչի՞ է կոչված և ո՞ւր է հասցնելու հեղինակի լեզվական նատուրալիզմը, որ տեղ է գտել երկխոսություններում: Թե՞ մտածում ու կարծում է, որ իր գիրքը պիտի ընթերցեն միայն Վանաձորում ու Լոռու մարզի մի հատվածում (մի՛ մտածիր այդպես, այլապես կգիտակցվես գավառական ողբերգակ): Այս գրքում, մասնավորապես առանձին պատմվածքներում այնքան ջանք ու տաղանդ կա, որ չի կարելի սահմանափակվել ու սեփական գիրը մեկուսացնել այդպես (չանե՛ս այդ բանը), այլ հարկ է հղկել ու հղկվել, բարձրացնել ու բարձրանալ, աճել` չդոփելով տեղում (արա՛ այդ բանը):
Հեղինակը կարողանում է անգամ մի նախադասությամբ պատկեր ձևավորել, ասելիք ձևակերպել: Այսպես. «Իրար բան ասելու փոխարեն նրանք սովորել էին իրար հետ լռել, և ժամանակը ցած էր դրել իր զենքը» (էջ 28, Ճամբար): «Հրեն Լենինն էլ տրուդավոյ կնիժկա որ չուներ, պակաս մարդ դառա՞վ...» (էջ 35, «Քարերը շաղ տալու ժամանակը»): «Ընտանիքից մեկնեց` քանդված աշխարհում թողնելով մեռելներին` իրենց մեռելներին թաղելու համար» (էջ 36, Քարերը շաղ տալու ժամանակը): «Ծննդատան ելքն ու մուտքը շատացավ` ինչպես բոլոր մեծ աղետներից հետո է լինում» (էջ 61, »Ո՞ր մեղքի համար»):
«Երբ չորացած ոտքերն այլևս չէին կարողանում պահել ստվերանման մարմինը, ծեր կինը շրջվում էր, մտնելով անցյալի ստվերներից մթնած իր սենյակը, ու կողպում դուռը: Նրա վաղվա օրը դարձյալ անցյալում էր լինելու» (էջ 61, »Ո՞ր մեղքի համար»): «ժամանակը մոլորվել էր շիրմաքարերի լաբիրինթոսում» (էջ 77, Ագռավը) և այլն:
Կատարման տեխնիկայի իմաստով ավելի հասուն են «Rattus sapiens» շարքի պատմվածքները, բայց որոշ գործեր ասես միջնորդավորված, մտածված լինեն, և զգացողությունն այն է, թե սառնություն է արտածվում սրանցից: Թերևս պատճառն այն է, որ հեղինակը փորձել է իր նյութին ու ասելիքին տալ փոխառնված ձև, և արդյունքում ձևավորվածի հոգին ու մարմինը ներդաշն չեն:
Հեղինակն անպայմանորեն տաղանդավոր է, և բոլորիս ջանքը պիտի լինի նրան նեցուկ դառնալը, նաև ոչ տեղինն ու ոչ գեղագիտականը մատնանշելը, արատը մերժելը, այլ ոչ թե Նար Դոսին, Ստ. Զորյանին, Ակ. Բակունցին հավասարեցնող կույր գովքը, ինչին, ցավոք, երբեմն ականջալուր ենք, կամ գրքի տիտղոսաթերթին ձևական քավորի պես ներկայանալը:


Վալերի ՓԻԼՈՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Դիտվել է՝ 2121

Մեկնաբանություններ