Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հոգին ծախելն է անբարոյականություն

Հոգին ծախելն է անբարոյականություն
14.04.2015 | 00:37

Սիրելն անբարոյականություն չէ, ֆիզիկապես տրվելն էլ անբարոյականություն չէ, հոգին ծախելն է անբարոյականություն, և կասեմ` Ֆիլիպ Կիրկորովն է անբարոյական, բայց ոչ երբեք Քիմ Քարդաշյանը: Քիմը ֆիզիկապես հրաշք կին է, հրաշք գեղեցկությամբ օժտված, իսկ այդ գեղեցկությունը չցուցադրել և միշտ ծածկել շորով նշանակում է մեղք գործել: Մի՞թե նման մեղսագործության մեջ չէին մեղադրում իսպանացի հանճարեղ Գոյային «Մերկ մախան» կտավի համար: Ավելի խորանանք դեպի պատմության գիրկը: Ինչո՞ւ էր ամբոխը քարկոծում հրաշք գեղեցկությամբ օժտված Մարիամ Մագթաղենացուն, որի կանացիական մատները սիրով լվանում էին Քրիստոսի հոգնած ոտքերը: Մի՞թե այդ «անբարոյականին» չսիրեց Հիսուսն իր մարդկային խոսքով, և մի՞թե այդ խոսքերը դեպի բարոյական կյանք չմղեցին անչափ գեղեցիկ այդ կնոջը: Օրինակներ ազգերի բազմադարյան պատմությունից շատ կարելի է բերել և ասել, որ գեղեցկությունը համամարդկային երևույթ է, այդ գեղեցկությունից ամենքը չէ, որ կարող են օգտվել, քանզի բոլորին չի տրված այն ընկալելու և հասկանալու ունակությունը:
Բարոյականությունը փիլիսոփայական կատեգորիա է և ավելի լայն ընկալում ունի, ցավոք, բոլորին չի տրված այն ընկալելու կարողությունը: Եվ չընկալելու կարողությամբ օժտվածներն ավելի են, քան ընկալողները: Եվ այդ չընկալողներն օժտված են ատելությամբ, գեղեցկությունը ծաղրելու, բամբասելու, չարախոսելու բութ կարողությամբ: Այդպիսի բութ կարողության օրինակելի գնահատականը տվել է ժամանակի հանճարեղ առակաբանը. «Խաղողը աղվեսի դնչին չհասավ, ասաց` թթու է»: Քիմին բամբասող կանայք, ձեզնից ո՞վ չէր երազի նրա գեղեցիկ տվյալները, նրա գերող գեղեցկությունը, նրա կախարդական հայացքը, աչքերի խորությունը, շուրթերի կոշտությունը, մազերի բնական առատությունը, քթի նրբությունը, մի խոսքով` նրա հրաշք էությունը: Այդ հրաշք կինը, ունենալով համաշխարհային համբավ, չի ծախել իր հոգին, ոչ միայն չի ծախել, այլև հպարտանում է իր ազգային պատկանելությամբ (թեպետ 50 %-ով է հայ), և այսօր նա մենակ մի քանի օրում ավելի շատ բան տվեց աշխարհում մեր պատմության ողբերգական էջի պրոպագանդման համար, քան հարյուրավոր մարդիկ կամ հանձնաժողովներ:
Յուրաքանչյուր ոք կարող է կարծիք ունենալ, և այդ հատկությամբ է, որ մարդը տարբերվում է կենդանուց: Մարդը կենդանուց տարբերվում է նաև նրանով, որ պիտի կարողանա լռել (անգամ եթե լռելը իրեն ցավ պատճառի), եթե այդ լռելը բխում է ազգային շահից: Ի՞նչ անուն տաս այն լրագրողներին, մարդկանց, ովքեր փորձում են կույսից ավելի կույս երևալ, թերթերից մեկում ոմն լրագրող իր հոգու ողջ թույնը թափել է...
Ակամա հիշեցի «Հեղնար աղբյուր» ֆիլմը, որի դիտումից հետո գյումրեցիները, այն ժամանակ լենինականցիները, կեսկատակ, կեսլուրջ ասել էին. «Մի պոռնիկ ունեինք, էն էլ` բացահայտվելուց հետո սիրտը չդիմացավ, ամոթու մեռավ»:
Ի՞նչ անուն տաս XXI դարի այդ լրագրող կոչվածին, որը դեռևս XX դարի տափակ հումորի գերին է: Եթե այդ լրագրող կոչվածը առայսօր չի հասկացել «Հեղնար աղբյուր» գրողին, որտեղից հասկանա Քիմի նման հրաշք մի կնոջ:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ.- Հարգելի Քարդաշյան, ես սիրեցի քո վեհ հոգին: Հավանաբար, զգայական ճանաչողությամբ հասանելի է եղել քեզ «Շունը կհաչի, քարավանը կքայլի» արևելյան հայտնի ասացվածքը:
Շնորհակալություն քեզ քո ազգանվեր գործունեության համար:

Դիտվել է՝ 1652

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ