Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Անդեն (մահվան վարագույրից այն կողմ)

Անդեն (մահվան վարագույրից այն կողմ)
17.04.2015 | 11:54

(սկիզբը` այստեղ)

ԶԱՐԱԹՈՒՇԹՐԱ
Սա հայերենով կոչվում է նաև Զրադաշտ, որը հին իրանական կրոն է (մ.թ.ա. IX դար)։ Ժամանակին այն նախ երկրագնդի ասիական մասում տարածվեց, ապա նաև եվրոպական, ու այնուհետև ողջ աշխարհում, ու դեռևս փոքրաթիվ հետևորդները մինչև հիմա հրապուրվում են այդ հինավուրց կրոնով։
Ասենք, որ այդ կրոնի բուն «տերերը»՝ պարսիկները, հետագայում ուրացան իրենց այդ կրոնը և մուսուլմանություն ընդունեցին, իսկ նրանց ամենամոտ դրկիցներս՝ հայերս, այդպես էլ չտարվեցինք այդ կրոնով, համարելով այն զուտ պարսկական։ Չնայած մեր հայ գիտնականները պատմաբանասիրական առումով երբեմն-երբեմն անդրադարձել են այդ թեմային։ Եվ հիմա ինչ կարդաք դրա վերաբերյալ, քաղել եմ 1958 թ. մեր գիտությունների ակադեմիայի հրատարակած պրոֆեսոր Ռ. Աբրահամյանի «Արտա Վիրապ նամակ» գրքից։ Այն թարգմանված է հին պահլավերենից և հին միջնադարին հատուկ կրոնաբարոյական հավաքածու է, որտեղ նկարագրվում են մարդկանց հետմահու վիճակները որպես ուղղակի հետևանք-հատուցում իրենց ապրած երկրային կյանքի ու կատարած արարքների։
Կղեմես Ալեքսանդրացին Արտա Վիրապ անձի տեղը համարում էր, որ դա Էր անունով հայորդին է եղել։
Գիրքը սկսվում է նրանով, որ հռչակավոր ատրուշանի դռանը ազգի երևելիներն ընտրում են յոթ առաքինի անձնավորությունների, որոնց միջից առանձնացնում են երեքին, ապա վերջապես Արտա Վիրապ անունով մեկին։ Նա յոթ քույր ուներ, որոնք խեթկուդասի օրենքով, այսինքն` հին իրանական առաքինության չափանիշի համաձայն, նրա կանայք էին։ Բայց հետագայում պարսիկները համոզվելով դրա հոռի կողմերի մասին, ամուսնությունը թույլ տվեցին միայն եղբոր և քրոջ զավակների, և ավելի հեռու բարեկամների միջև։ Նաև բացատրության կարգով իմանանք, որ պահլավերենով Արտա թարգմանվում է՝ սուրբ, իսկ Վիրապ նշանակում է հոգևոր սուր իմացականություն ունեցող։
Եվ այսպես Արտա Վիրապ անունով առաքինի այրը համաձայնում է գնալու անդրաշխարհ և այնտեղից լուրեր բերելու մեռած հոգիների վիճակի մասին։ Այդ առաքելությունը իրականացնելու համար նա ընդունում է երեք բաժակ գինի՝ խառնված մանգ կոչվող թմրականի հետ, և իսկույն քնում է` անզգա։ Նրա վրա հսկում են իր քույր-կանայք և դաստուրները, այսինքն` հոգևորական մոգպետերը, Ավեստա կարդալով ու գաթաներ երգելով (գաթան նրանց սրբազան պոեմն է, ինչպես, օրինակ, մեր «Սասնա ծռեր» էպոսը)։ Յոթերորդ օրը Վիրապն արթնանում է և ճարտար գրիչ պահանջելով, սկսում է իր պատմությունն այն աշխարհի մասին։
Ըստ այդ պատմության, երկու ուղեկիցների հետ նա երեք քայլ անելով հասնում է Չինվաթ կամուրջը, որտեղ հավաքված էին բոլոր երեքօրյա մեռելները, ուր կշռվում էին նրանց գործերը։ Երբ դրանք առաքինությամբ են լեցուն լինում, կամուրջը լայն բացվում է, ու այդ հոգին անցնելով, երկինք է մտնում, իսկ երբ հոգին չարագործություններով բեռնված է լինում, կամուրջը նեղանալով դառնում է մազի չափ բարակ, և հոգին դրա վրայից գլորվելով ընկնում է դժոխք։ Վիրապը հաջողությամբ անցնելով կամուրջը, գալիս է առաջին վայրը, որ Համեստեգան է կոչվում, այսինքն` միասին կանգնելու տեղ։ Այստեղ այն հոգիների տեղն է, որոնց բարի և չար գործերը հավասարաչափ են, և նրանք այդ դրության մեջ պետք է մնան մինչև ապագա մարմին ընդունելը։ Սրանց պատիժն ընդամենը ցուրտն ու տաքն է։ Այնուհետև, քանի որ Վիրապի առաքինությունները շատ էին, նա անցնում է աստղերի կայանը, այսինքն` երեք դրախտները՝ Հումաթ, Հուխթ և Հուվարեշտ (այսինքն՝ բարի միտք, բարի խոսք և բարի գործ)։ Այդ երեք վայրերում նա տեսնում է երանություն վայելող ճշմարիտների հոգիներին, որոնց բարի գործերը բարիք են դարձել ուրիշների համար, ու դյուրընտել կանանց հոգիներին, որոնք խոնարհաբար իրենց ամուսիններին տեր են համարել։ Վիրապը այնտեղ հոտոտում է դրախտային մի երանելի բուրմունք, որը հեռու հարավային կողմի աստվածների գավառից էր գալիս, ապա այդտեղից անցնում է չորրորդ դրախտը՝ Գուրութմանը։ Այնտեղ նրան դիմավորում է Ոհուման Համշասանդը, որը զրադաշտական կրոնի բարձրագույն աստվածություններից մեկն է, ու դրանք թվով յոթն են։ Վիրապին նա տանում է Ահուրամազդի մոտ, որը համարվում է նրանց գլխավոր աստվածը՝ արարիչը բարի էակների։ Նա հրամայում է Վիրապին տանել ցույց տալ արքայությունն ու դժոխքը։ Դրախտում նա տեսնում է առաքինի իշխանավորների, ճշմարտախոսների հոգիները, նաև այն կանանց հոգիները, որոնք կենդանի ժամանակ հարգել են կրակը, ջուրը, բուսականությունը և այլ երանելիների հոգիները։ Այնուհետև նա տեսնում է արցունքի այն գետը, որը գոյացել է մեռածների հետևից լացուկոծ անողների արցունքներից։
Դրանից հետո Վիրապը նորից տարվում է Չինվաթ կամուրջը, որտեղ նա մազե կամրջից ընկնելով` հայտնվում է դժոխքում։ Այն մութ ու խավար, սառը ու միևնույն ժամանակ տոթ և ժահահոտ մի վայր է, որտեղ հոգիները իրար չեն տեսնում ու կարծում են, թե մենակ են։ Այստեղ իշխում է Ահրիմանը՝ դևերի դևը, Ահուրամազդի հակառակորդը, որն իր դրուջների և այլ տարատեսակ դև-ծառաների միջոցով աներևակայելի տանջանքների է ենթարկում այնտեղ ընկած մեղավորների հոգիներին։
Դժոխքի բնակիչների նկարագրությունը սկսում է սոդոմականներից, այսինքն` միասեռականներից, որոնք թույլ են տվել տղամարդկանց գալ իրենց մարմնի վրա, ապա շարունակում է նկարագրությունը դաշտանի ժամանակ կնոջ հետ հարաբերվողների, ուրիշի կանանց մոտ գնացողների, անվայել սեռական հարաբերություն ունեցողների, որովայնում երեխայասպան կանանց, անողորմ իշխանավորների, անազնիվ ճանապարհով հարստություն դիզողների, հորն ու մորը վշտացնողների, թույն ու ափիոն պատրաստողների աներևակայելի տանջանքները։ Այնուհետև ժամանակակից մարդկանց համար անհեթեթ հանցագործությունների մասին է նկարագրվում, այսինքն՝ առանց կոշիկի ու գոտու ման եկողների, ուտելու ժամանակ խոսողների, կանգնած վիճակում միզողների, մազերը և գլխի թեփը կրակի մեջ գցողների, շներին չկերակրողների, սրընթաց գետի կամուրջ քանդողների, դեմքերը ներկերով գեղեցկացողների, ուրիշի մազերը գործածողների, երեխաներին մոր կաթով չկերակրողների և այլ «հանցագործների» մասին։ Իսկ պատիժների նկարագրությունները մեկը մյուսից զարզանդելի են, օրինակ, սեփական միսը պոկել ու պատառաքաղով ուտեցնել, տաք հնոցը լիզել, մատի եղունգով սար փորել, կղկղանք, դիակ ու մոխիր ուտել, ստինքներից կախ տալ, ստինքները կտրել, կամ ստինքներով լեռ փորել, կամ ստինքները շիկացած տապակների վրա դնել (վերջին չորս պատիժներն իրենց մարմինները ուրիշ տղամարդկանց տված և ամուսիններին դավաճանած կանանց են վերաբերում)։
«Արտա Վիրապ նամակի» սյուժետային լայնածավալությունը այնքան ընդարձակ է եղել, որ դրանից օգտվել են շատ ազգեր ու ժողովուրդներ։ Իսկ Դանթեն իր «Աստվածային կատակերգություն»-ում կարծես որոշ տեղեր բառացիորեն կրկնել է Արտա Վիրապին, միայն թե անունների փոփոխումով։ Օրինակ, Համեստագան կոչվող վայրը շատ նման է քավարանին։ Արտա Վիրապը դրախտում տեսնում է Գայոմարտին, որը համարվում է առաջին մարդը։ Դանթեն այնտեղ տեսնում է Ադամին, իսկ դժոխքի Լյուցիֆերի փոխարեն այստեղ Ահրիմանն է իշխում, և այլն։


(շարունակելի)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2296

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ