Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Այսպես սկսվեց

Այսպես սկսվեց
17.04.2015 | 12:00

Նվիրում եմ Մշո Գվարս գյուղում Ցեղասպանությանը զոհ գնացած Գալստյանների գերդաստանի հիշատակին, գերդաստանից միակ փրկված պապիս՝ ՌՈՒԲԵՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ հիշատակին, որն էլ դարձավ ստալինյան բռնապետության զոհը:

-Սաթենի՛կ։
Սաթենիկը գետնին դրեց ձեռքի խոտի խուրձը, զգուշորեն, ստուգող հայացքով նայեց շուրջն ու գնաց դեպի հաստաբուն, հարյուրամյա թթենին, որտեղից լսել էր իր անունը:
-Ահմա՞դ, ինչ գործ ունես այստեղ: Եղբայրներս, հայրս մեզ այստեղ միասին տեսնեն, ինձ կսպանեն, հեռացիր,- դողալով շշնջաց աղջիկը:
-Չէ՛, սպասիր, Սաթենիկ, կարևոր բան եմ ասելու։
-Ասա, արագ։
-Հիմա, այստեղ չեմ կարող, հենց մութը տա, արի մեր մասրենու մոտ, կասեմ,- նույնպես շշնջաց Ահմադն ու չքացավ:
Գյուղապետի գեղեցկուհի քույր Սաթենիկը վերադարձավ, վերցրեց խոտի խուրձն ու մտավ անասնագոմ, բայց հենց մոտեցավ նոր ծնված հորթերի մսուրքին, վախեցած նետեց խուրձն ու հետ ցատկեց; Մսուրքի մեջ մարդ կար:
-Մի վախեցիր, քույրիկ ջան, Ավագը տեղյակ է, որ ես այստեղ եմ։
Ավագը Սաթենիկի մեծ եղբայրն էր, գյուղի գյուղապետը: Նրանից առաջ հայրն էր գյուղապետը, բայց այս վերջին տարին հոր առողջությունը կտրուկ վատացավ, գյուղացիներն էլ որոշեցին, որ նրան պիտի փոխարինի իր որդի Ավագը, քանի որ տարիներ շարունակ Ավագն էր հոր հետ գյուղի հարցերով գնացել-շփվել թուրք պաշտոնյաների հետ, հորից սովորել էր նրանց հետ շփվելու, ասել-խոսելու ձևը, բացի այդ՝ Ավագը քաջ էր, համարձակ, արդարամիտ, թուրքերը նրա ահից հաճախ խուսափում էին գյուղ մտնելուց։ Գալիս, կանգնում էին գյուղի վերին աղբյուրի մոտ, լուր ուղարկում, Ավագն էլ գնում էր այնտեղ, նրանց հետ հա ու չէ անում:
Ավագի գոմի մսուրքում թաքնվողը հարևան գյուղացի Առաքելն էր, որ երկու օր առաջ թուրք սանձարձակ ոստիկանին սպանել էր, փախել, օգնության համար դիմել էր Ավագին։ Հենց գոմի դռների մեջ երես երեսի դեմ առավ եղբորը՝ Ավագին։
-Սաթենիկ, տնից հաց-մաց բեր, բայց զգույշ, որ Մոսոյի աղջիկը հանկարծ չնկատի, գլխի չընկնի,- պատվիրեց քրոջն ու գոմ մտավ:
Սաթենիկը մտավ տուն։ Մայրն ու Ավագի կինը իրիկվա հացի պատրաստություն էին տեսնում, փոքր եղբոր կինը՝ Մոսոյի աղջիկ Զարոն, երեք տարեկան աղջկա հետ մյուս սենյակում էր: Փոքր եղբորը՝ Մկրտիչին, մեկ ամիս առաջ թուրքական բանակ էին տարել, ու նրանից դեռ ոչ մի լուր չկար։ Մոտեցավ մորն ու ականջին շշնջաց.
-Ավագն ասաց, որ հաց-մաց տանեմ գոմ:
Մայրը նայեց աղջկան ու բազմանշանակալից գլխով արեց: Շորի մեջ փաթաթած հացը թևի տակ դնելով Սաթենիկը զգույշ անցավ Զարոյի սենյակի կիսաբաց դռան մոտով, նայեց ներս, բայց ներսից եկող խոսակցությունից գամվեց տեղում: Զարոն երեխայի շորերն էր ուղղում ու ասում.
-Հեսա Մոսո պապին մեզ կտանի Ստամբուլ, ու մենք կապրենք պապիի թուրք ընկերոջ մեծ տանը:
-Բա թուլքը մեզ չի սպանի՞,- թլոշ հարցրեց երեխան։
-Չէ՛, Եղսո ջան, թուրքերը շատ լավն են, մեզ չեն սպանի, քեզ շատ կոնֆետ կտան:
Սաթենիկը չհամբերեց, թևի տակի հացը թախտին դրեց ու ներս մտավ։
-Չէ, Եղսո ջան, դու մարեիդ մի՛ լսի, էստեղի թուրքն էլ, էնտեղի թուրքն էլ վատն են, քո հայրիկ Մկոն բանակից կգա, քեզ Ստամբուլ չի թողնի տանեն, տան թուրքի բերան։
Զարոն չարությամբ լի աչքերը ոլորեց տալոջ վրա ու հեգնանքով չարախնդաց.
-Հա՞, քո Ահմադը գիտի՞, որ դու թուրքին էդքան ատում ես։
Սաթենը մի պահ սարսռաց, երբ լսեց Ահմադի անունը: Փաստորեն, իր գաղտնիքը Զարոյին հայտնի էր։ Առանց պատասխանելու սենյակից դուրս եկավ։ Զարոն, ինքն իրենից գոհ, հը՛մ արեց: Սաթենիկը հացի կապոցը տվեց եղբորն ու ոտքը կախ գցեց, եղբայրն այդ զգաց։
-ՈՒրիշ ի՞նչ կա, Սաթեն:
-Ապեր, նոր Զարոն Եղսոյին ասում էր, որ հեսա Մոսո պապն իրենց Ստամբուլ է տանելու, իրա թուրք ընկերոջ տունը:
Ավագն ու մսուրքի մեջ թաքնվող Առաքելն իրար նայեցին։
-Ավագ, ծախու Մոսոյի աղջիկը էդ հենց էնպես չի ասել, Մոսոն մի բան գիտի, ուրեմն՝ էսօր-էգուց ա, թուրքը ձեր գյուղ էլ կմտնի:
-Առաքել, իմ սիրտն էլ էդ է վկայում, հարկավոր է շտապել, վաղը վայ թե ուշ լինի, ինչ անելու ենք, էսօր լուսադեմին պիտի անենք:- Ապա դարձավ քրոջը:- Դու գնա, մարեին ասա, թող արագացնի, հետո մտի մեր հարևան Կարոյին, Մինասին ասա, թող անձեն գան էստեղ։
Արդեն մթնել էր։ Սաթենիկը սրտատրոփ ու անհանգիստ էր, սիրտը վատ, շատ վատ բան էր գուշակում։ Ահմադը գալու էր մասրենու մոտ՝ իրենց հին, երեխա ժամանակվա գաղտնի ժամադրավայրը: Արդեն ժամն է, որոշել էր չգնալ, բայց պիտի գնա, պիտի պարզի այս շշուկների իրական լինելը։ Մի կերպ հաջողվեց մարեից աննկատ դուրս գալ տնից ու հասնել մասրենուն։ Ահմադը դեռ չկար։ Նստեց ծանոթ քարին։ Ահմա՜դը։ Սաթենիկը այս վերջին օրերին գլուխ չէր հանում իրարամերժ իր զգացումներից։ Հասկանում էր, որ պետք է խեղդի իր մեջ դեռ մանկական տարիներից նրա նկատմամբ ունեցած զգացմունքը, որը փոխադարձ էր, անկեղծ, գեղեցիկ։ Քանի՜-քանի անգամ հենց Ահմադի հետ խոսել են այդ մասին, որ ինքը հայ է, թուրքին սիրելու իրավունք չունի, չի կարող դավաճանել իր ազգին, ընտանիքին ու կրոնին։ Այնինչ Ահմադի համար այդ ամենը ոչ մի նշանակություն չուներ: Միշտ շեշտում էր, որ կարևորը սերն է: ՈՒ այդպես էլ աղջիկն ամեն գաղտնի հանդիպումից հետո որոշում էր՝ վերջ, այլևս երբեք նրա հետ չի հանդիպելու։ Բայց նորից գնում էր ժամադրության: Ահմադը, իր Ահմադը, իր սերը։ Սաթենիկը հիշեց Ահմադի շողշողացող աչքերը, երբ տղան իրեն էր նայում, հիշեց իրենց մանկական, անմեղ խաղերը, երբ դեռ հարևաններ էին, և Ահմադի ծնողները դեռ չէին տեղափոխվել թուրքի Վերի գյուղը, երբ իրենց մայրերն օրվա մեծ մասը իրար հետ էին՝ իրար օգնում էին հաց թխելիս, թոնիր վառելիս, կերակուր պատրաստելիս:
Հիշեց, մի անգամ ինքը հիվանդացել, ջերմում էր, Ահմադն էլ իր մոր հետ ողջ գիշեր մենակ չթողեցին մարեին, երբ հայրն ու եղբայրները գործով Մուշ էին գնացել ու գիշերը չէին վերադարձել:
Ոտնաձայն լսվեց: Սաթենը կանգնեց տեղում։ Ահմադն էր։
-Ահմա՞դ։
-Սաթենի՞կ, եկե՞լ ես արդեն, դե, արի, արի գնացինք,- միանգամից աղջկա ձեռքից քաշեց Ահմադը։
-Սպասիր, ո՞ւր, ո՞ւր գնացինք,- ձեռքը հետ քաշեց Սաթենիկը։
-Մեր տուն, գնում ենք մեր տուն։ Մերոնք գիտեն, որ քո հետևից եմ եկել, քեզ տանեմ մեր տուն, անունդ կփոխենք, կդառնաս իմ կինը, էլ ոչ մեկը քեզ ձեռք չի տա, կփրկվես:
-Սպասի՛ր, էդ ի՞նչ ես ասում, ումի՞ց պիտի ինձ փրկես, ո՞վ է ինձ ձեռք տալու,- զարմացավ աղջիկը:
-Մերոնք, Սաթեն, մերոնք,- արագ-արագ վրա տվեց թուրք երիտասարդը։- Բա չե՞ս լսել, հայերը դավաճանել են մեզ, միացել ռուսներին, հիմա մերոնք էլ վրեժ են լուծում, կոտորում են ձերոնց, վաղը առավոտ ձեր գյուղում էլ է կոտորած սկսվելու, ձերոնց էլ են կոտորելու, բայց քեզ ես կփրկեմ: Դե, արի, գնանք:
-Ահմադ, էս ինչե՞ր ես ասում, թող ինձ, ես պետք է տուն գնամ։
-Դու ոչ մի տեղ էլ չես գնա, ինձ հետ մեր տուն կգաս, իսկ մյուսներն արժանի են, պիտի մորթվեն,- իրենը պնդեց Ահմադն ու ուժով քաշեց աղջկա թևից։ Բայց Սաթենը երկու ձեռքով հրեց նրան ու վազեց դեպի տուն։ Ահմադն անսպասելի հրումից հավասարակշռությունը կորցրած՝ ընկավ մասրենու փշոտ ճյուղերին։ Սաթենը հասավ բակ, բայց դեռ տուն չմտավ։ Զգույշ մոտեցավ գոմի դռանը։ Ներսում արդեն վառվող լամպի շատ աղոտ լույսի տակ հավաքված համագյուղացիները զրուցում էին, բոլորն անհանգիստ էին: Լսեց Ավագի ձայնը. նա վերջին հրահանգները տվեց, ու գյուղացիները մեկ-մեկ, երկու-երկու դուրս եկան գոմից, գնացին իրենց տները պատրաստվելու, լուսադեմին հավաքվելու համապատասխան պայմանավորված տեղում։ Ավագն էլ դուրս եկավ գոմից, մտավ տուն։ Սաթենիկը դեռ ուշքի չէր գալիս լսածից։ Հեռացավ գոմից։ Մոտեցավ թթի մեծ ծառին, հիշեց մանկությունը, որ երբ տնեցիներից նեղանում էր կամ ցանկանում մենակ մնալ իր մտքերի հետ, բարձրանում էր թթենու վրա, ուր բարձր ճյուղերի արանքում մի հարմարավետ տեղ կար նստելու։ Վարժ շարժումներով բարձրացավ ծառը։ Մտքերը հավաքել էր պետք, ուշքի գալ լսածից։ Արդեն չէր հիշում, ինչքան էր նստել՝ երկու, հինգ, տասը, թե ավելի րոպեներ, երբ նկատեց, որ դարպասի դրսի կողմից մեկը զգույշ մոտեցավ տան հետնամասին ու ծեծեց պատուհաններից մեկը: Հաջորդ պահին տնից մի ստվեր դուրս եկավ ու սահելով դարպասից դուրս գնաց։ Մոսոյի աղջիկ Զարոն էր։ Սաթենը դանդաղ իջավ ծառից, ներսի կողմից մոտեցավ ցանկապատի պատին, որի մյուս կողմում հանդիպեցին երկու ստվերները: Լսողությունը լարեց։ Թուրքերեն էին խոսում։
-Աղջկադ վերցրու, գնա հորդ տուն։ Լույսը բացվի, սրանց հարցերը կլուծենք, կգամ քո հետևից։
Ծանոթ ձայն էր: Սաթենը սարսռաց, չկարողացավ հավատալ ականջներին։ Ահմադն էր։
-Ահմադ, ձերոնց ասա, որ մեր գոմում Ավագը մարդ է թաքցնում,- ասաց Զարոն։
-Դե, լավ, դու գնա։ Դրա հարցերն էլ կլուծենք։
-Բա մարդիցս ի՞նչ խաբար ունես,- շարունակեց Զարոն։
-Խաբարը ո՞րն է, բանակում ծառայող բոլոր հայ տղամարդկանց էլ, որպես թուրքական պետության դավաճանների, գնդակահարել են, դու հանգիստ մնա։ Մոռացիր, դու էլ մարդ չունես, ես եմ քո մարդը։ Դե, գնա։
Զարոն մի քայլ արեց, բայց իսկույն հետ դարձավ։
-Ահմադ, բա Սաթենիկն ի՞նչ ասաց, տարա՞ր:
-Սաթենիկը ինքն իր մահվան վճիռը կայացրեց։ Դու արագացրու, գնա, գնա, Սաթենիկի ժամանակը չէ,- նրան հրեց Ահմադը։
Սաթենիկը սեղմվեց պատի մոտ աճած թփին ու ձուլվեց խավարին։ Զարոյի ստվերը սահելով տուն մտավ:
Ահմադը, իր Ահմադը, որին անմեղ սիրով սիրել էր դեռ իր մանուկ հոգին, չգիտակցելով ազգամիջյան թշնամանքը: Հետո, տարիների հետ հասակ առնելով, գիտակցելով իր սիրո անթույլատրելիությունը, չկարողացավ, ուժ չունեցավ նրանից այլևս հրաժարվելու, մանավանդ որ Ահմադն էլ հավատացրել էր, որ առանց Սաթենիկի կյանք չունի, նույնիսկ մի անգամ, երբ դեռ բոլորովին պատանի էր, ասաց, որ պատրաստ է քրիստոնյա դառնալու, միայն թե Սաթենը շարունակի սիրել իրեն, չհրաժարվի իրենից։ ՈՒ հիմա շիվարել-մնացել է։ Ականջների մեջ հնչեց տարիներ առաջվա մոր զգուշացումը։
-Ահմադը թուրք է, աղջիկս, նրանից հեռու մնա, թուրքի կեղծավոր լեզվին չհավատա՜ս:
-Ախ, մարե ջան, ինչո՞ւ չլսեցի քեզ,- անձայն մղկտաց Սաթենիկը: Բայց հաջորդ պահին զգաստացավ։ Եղբայրը. իր սիրելի եղբորը թուրքական բանակում գնդակահարել են։ Ավագն ու տնեցիները այդ մասին ոչինչ չգիտեն։ Մարեն իմանա, կխելագարվի։ Հետո մտքերը գնացին նորից դեպի Ահմադը։ Ահմադը, իր Ահմադը պատրաստվում է Վերի գյուղի թուրքերի հետ լուսադեմին լուծելու հայերի ու «իր» Սաթենիկի ընտանիքի հարցերը: Իր Ահմադը, իր սերը, փաստորեն, կապ է ունեցել հարս Զարոյի հետ ու հիմա պատրաստվում է, որ Զարոյին իր տուն տանի, մի մատ Եղսոյին էլ թրքացնի։
Ահմա՜դ, բա ուր մնաց քո սիրո երդումը, Ահմադ, որ տվեցիր Վիրի վանքի դռանը, երդվեցիր, որ կփախչենք գյուղից ուրիշ աշխարհ, դու էլ հայ կդառնաս, չես թողնի, որ մեր սերը մեռնի իմ հայ, քո թուրք լինելու պատճառով, պատին սեղմված մղկտում էր Սաթենիկը: Մոտեցավ դարպասին, դուրս եկավ, նայեց չորս կողմը, փողոցի անկյունում նշմարեց արագ գնացող Ահմադի ստվերը: Աչքի առաջ եկան եղբայրները, թուրքական զինվորի հագուստով փոքր եղբայրը, որը գնալիս այնքա՜ն տխուր էր, աչքերը թաց։ Աչքի առաջ պատկերացավ թուրքերով լցված իրենց տունն ու լսեց երեխաների բղավոցները։ Ականջների մեջ նորից եկան Ահմադի մի վայրկյան առաջ ասված խոսքերը. «Լուսադեմին սրանց հարցերը կլուծենք»: Շոշափեց հագուստի տակ, գոտկատեղում պահած դանակն ու հիշեց փոքր եղբոր խոսքերը այդ դանակը նվիրելիս. «Այս դանակը միշտ մոտդ պահիր, ամեն հայ աղջիկ իր մոտ դանակ պետք է ունենա, թուրքի հետ ենք ապրում, Աստված չտա, բայց մի օր պետք կգա»: Վազեց Ահմադի հետևից։
-Ահմա՛դ, Ահմա՛դ,- ձայն տվեց: Ահմադը կանգ առավ, զարմացած դիմեց վազքից հևասպառ աղջկան։
-Սաթե՞ն, դու այստեղ ի՞նչ գործ ունես այս ժամին։
-Ահմադ, ձեր տուն էի գալիս։ Փոշմանեցի, առանց քեզ չեմ կարող,- ասաց ու փարվեց տղային:
-Հա՜… ա՜… Լավ է, խելքի եկար,- քմծիծաղեց Ահմադը, բայց հենց հաջորդ պահին թուլացած կախ ընկան աղջկան գրկած նրա թևերը:- Սաթեն, այս ի՞նչ արեցիր,- հազիվ կարողացավ ասել ու ընկավ գետնին: Սաթենիկը հետ-հետ գնաց, նայեց ձեռքի արնոտ դանակին։
-Վա՜յ, այս ի՞նչ արեցի,- դանակը արագ նետեց ձեռքից ու վազեց: Ինքն էլ չհասկացավ, չնկատեց, թե ինչպես տուն հասավ։ Հենց դռների մեջ դեմ առավ եղբորը։
-Սաթե՞ն, այս ո՞ւր ես կորել,- անհանգիստ վրա տվեց Ավագն ու միանգամից նկատեց, որ քույրը ողջ մարմնով դողում է։
-Սաթեն, ի՞նչ է պատահել,- ուսերից բռնած՝ թափ տվեց քրոջը:
-Ավագ, ես թուրք սպանեցի,- խուլ ձայնով շշնջաց Սաթենն ու եղբորը մեկնեց արյունոտ ձեռքերը: Շփոթված Ավագը քրոջը հրեց դեպի գոմը։
-Ո՞Ւմ, ո՞ւմ ես սպանել։
-Ահմադին,-շշնջաց աղջիկը և ուշաթափ փլվեց գետնին։ Նույն պահին տան կողմից լսվեց մոր բղավոցը.
-Ավա՜գ, հասիր, Զարոն Եղսոյին առած փախչում է տնից։- Սաթենիկին այդպես գետնին ընկած թողնելով՝ Ավագը վազեց դեպի մոր ձայնը։ Զարոն ճիգ էր թափում ազատվելու սկեսրոջ ձեռքերից, փոքրիկ Եղսոն, չհասկանալով բանն ինչ է, ճչում էր: Փոքրիկի ձայնն էլ ուշքի բերեց ուշագնաց ընկած Սաթենին։ Աղջիկն իսկույն հիշեց կատարվածը, հիշեց Ահմադի հանձնարարությունը Զարոյին ու վեր թռավ տեղից: Ավագը Եղսոյին հասցրեց խլել հարսի ձեռքից։ Զարոն վազեց դեպի դարպասը, ուր դռան մեջ արդեն կանգնած էր Սաթենիկը։
-Սաթենիկ, թող դրան, թող հեռանա,- ձայնեց Ավագը։ Սաթենիկը մի կողմ քաշվեց։ Զարոն դուրս վազեց դարպասից ու կորավ խավարի մեջ: Մի ժամ հետո խիստ անհրաժեշտ իրերով բեռնված սայլը դուրս եկավ դարպասից։ Ավագը ուղեկցեց սայլը մինչև գյուղի տակ, վերջին հրաժեշտը տվեց մորը, կնոջն ու երկու երեխաներին, դեռ կատարվածից ուշքի չեկած Սաթենիկին, որի գրկում քնած էր փոքրիկ Եղսոն։ Մոր ականջին շշնջաց, որ քրոջը լավ նայի, վերջին անգամ համբուրեց բոլորին ու դարձավ հորը.
-Հայրիկ, հենց տեղավորվեք, խաբար կուղարկես։ Քավորենց էլ իմ կողմից կբարևես: Ես էս երկու օրը, տեսնենք էստեղ ինչ ենք անում, կգամ, կմիանամ ձեզ:- Հետո կանգնած՝ երկար նայեց մթության մեջ հեռացող սայլի հետևից, մինչև աչքից անհետանալը: Ավագը խոր հառաչեց. ո՜վ գիտե, գուցե նրանց երբեք էլ չի տեսնելու:
-Ավա՛գ, Ավա՛գ,- լսվեց Առաքելի ձայնը:- Բոլորը հավաքվել են, արի տեսնենք, որտե՞ղ դիրք բռնենք։

Մելանյա ՊԵՏՐՈՍՅԱՆՑ

Դիտվել է՝ 155747

Մեկնաբանություններ