Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ապրիլյան իրադարձությունների ներքաղաքական էֆեկտը

Ապրիլյան իրադարձությունների ներքաղաքական էֆեկտը
20.04.2015 | 15:14

Նկատեցի՞ք՝ ինչ սահուն քաղաքական ասպարեզում հաստատվեց «ստերիլ մաքրություն»: Ցեղասպանության և համահայկական հռչակագրի թեմաներով մի քիչ խոսեց ու հոգնեց առաջին նախագահը: Երկրորդ նախագահը խոսեց, որ հիշեցնի՝ ինքը կա ու նորից լռեց: Երրորդ նախագահը վերջնականապես քաղաքական հանգստի ուղարկեց երկուսին էլ ու դաշտում մնաց միայնակ՝ առանց խանգարողների, ինքն ու իր իրավահաջորդը: Ինքնաբերաբա՞ր ստացվեց, թե՞ լավ ծրագրված էր, արդյունքը դա է: Ընդ որում՝ առանց կորստի: Բայց՝ առանց որևէ ձեռքբերումի: ՀՀ նախագահը հիմնավորապես մաքրեց դաշտը՝ դեպի նախագահական տանող ուղեգորգը փռելու համար իր ժառանգորդի ոտքերի տակ միայն: Եվ՝ խլացուցիչ առարկություններ չեղան: Խորհրդարանական քաղաքական ուժերը ոչ զարմացան, ոչ զայրացան, նրանք այլ խնդիր ունեն՝ դու ինչ կանես՝ արա, մենք մեր տեղում մնանք: ՈՒ՝ բազմանանք: Անգամ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալությունները հասարակական մեծ ընդվզում չառաջացրին, ընդունվեցին իբրև օրինաչափ քայլ՝ «Օրն ու տեղը սխալ էին ընտրել, իրենք են մեղավոր» հիմնավորմամբ: Բայց և ՀԽ-ն փայլուն հնարավորություն տվեց Սերժ Սարգսյանին՝ վկայակոչելու Հայաստանում հակաիշխանական շարժումները և իր գործողությունների «կաշկանդածությունը»: Թեպետ որևէ կաշկանդվածություն չկա, ընդհանրապես որևէ դիմակայություն չկա մինչև 2017-2018-ը, իսկ որպեսզի այդ ժամանակ էլ չլինի և իշխանության իրավահաջորդի կամ ժառանգորդի առաջ կանաչ ուղեգորգ փռվի իբրև կանաչ ճանապարհ՝ Սերժ Սարգսյանը փորձելու է արտախորհրդարանական ուժերին ևս բերել իր հետ համագործակցության դաշտ՝ կհամաձայնե՞ն, նրանց առաջ էլ կփռվի կանաչ ուղեգորգ, լայնությունը՝ ըստ համագործակցության մակարդակի, չե՞ն համաձայնի, կմնան նույն վիճակում՝ արտախորհրդարանականից մղվելով դեպի արտաքաղաքական կարգավիճակ: Սա է հաշվարկը: Պարզ, բայց՝ Հայաստանում գործող: Գործող, որովհետև ոչ մի հաշվարկում, երբևէ հաշվի չի առնվում ընտրողի կամքը: Ընտրողը գործոն չէ՝ սա է քաղաքական համաձայնությունների ելակետը:

Քաղաքական այս հաշվարկներում մի կարևոր հարց, այնուամենայնիվ, կա՝ սահմանադրական բարեփոխումները: Եթե Սահմանադրություն է փոխվելու, դա գործող նախագահին նորից առաջադրվելու հնարավորություն կտա: Հետո ի՞նչ, որ նա հրապարակավ հրաժարվել է նախագահ ու վարչապետ լինելուց: Ցանկացած պահի տասնյակ հիմնավորումներ կգտնվեն նման որոշման՝ սկսած ներքաղաքական իրավիճակ փոխվելուց մինչև արտաքին քաղաքական մարտահրավերներ: Խոչընդոտ չկա: Ի վերջո, նա, ով կլինի նախագահականում կամ նա, ով կդառնա վարչապետ, կարող է գործել իր ղեկավարությամբ: Ոչ իրավական, իհարկե, բայց՝ իրական: ՈՒ դա հիմնական փաստարկն է Կրեմլին համոզելու, որ ինչ էլ փոխվի, ոչինչ չի փոխվելու, ուրեմն պետք է ընդունել իրավահաջորդի ցանկացած թեկնածուի: Եթե Սահմանադրություն չի փոխվելու, հարցը մի քիչ բարդանում է, բայց սխեման չի փոխվում:
Մինչև այդ կարող է նաև վարչապետ փոխվել՝ տնտեսական հիմնավորումներ՝ լիքը: Քաղաքական՝ նույնպես: ԲՀԿ-ի տրանսֆորմացիան Հովիկ Աբրահամյանի քաղաքական անհրաժեշտությունը զրոյացրեց՝ նույնիսկ ԲՀԿ-ի ներկա խնամակալի իրավասություններով հանդերձ: Եթե առաջին նախագահը գործնականում նախագահական հավակնություններ չի կարող ունենալ, եթե երկրորդ նախագահը գործնականում նախագահական հավակնությունների անհրաժեշտ նախադրյալներ չունի, երրորդ նախագահը ազատ տարածք է ստանում կոնֆիգուրացիաները փոխելու ու վերափոխելու՝ երբ ցանկանում է ու ինչպես ցանկանում է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ո՞վ է իրավահաջորդի առավել հավանական թեկնածուն: Դեռ մեր թվարկությունից առաջ է ասված՝ բոլոր ճանապարհները տանում են Հռոմ: Ավելի կոնկրետ՝ Վատիկան:

Դիտվել է՝ 1079

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ