Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Վերսիա» թերթը և ուկրաինացի Վերեմեևը` Հայաստանի ու Ռուսաստանի վարձու անվանարկիչներ

«Վերսիա» թերթը և ուկրաինացի Վերեմեևը` Հայաստանի ու Ռուսաստանի վարձու անվանարկիչներ
21.04.2015 | 00:08

Հիմա Նժդեհի կյանքի ամենավիճահարույց և ողբերգական տարիների մասին։ Իհարկե, հեշտ ճանապարհն այսօր կլիներ այն, որ լռության մատնեինք 1941-45 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակների փաստերը, երբ հիտլերականները փորձում էին իրենց նպատակների համար օգտագործել գերի ընկած հայ զինծառայողներին։ Թեև անկողմնակալ պատմությունն արձանագրել է, որ գերմանական ֆաշիզմը նույնպիսի փորձեր ձեռնարկել է ԽՍՀՄ փաստորեն բոլոր ժողովուրդների առնչությամբ, և գերմանական ուժերի կազմում ամեն կարգի «լեգեոնների» ի հայտ գալը Երրորդ ռայխի քաղաքականության արտացոլվածքն է, այն է` բոլոր ժողովուրդներին ցաքուցրիվ անել իրենց ազգային «բներում», նրանց ստիպել մոռանալու ընդհանուր նպատակը, որ միավորում էր «բազմազգ տարաձայնությունը» կարմիր, իսկ հետո Խորհրդային բանակի շարքերում։ Իրոք, նման էջ էլ է եղել։ Հիմարություն կլիներ հիմա թաքցնել դա։ Հայ լեգեոներները մտնում էին 11 գումարտակի և այլ ստորաբաժանումների կազմի մեջ։ Լեգեոներների ընդհանուր թիվը հասնում էր 18 հազարի (11 հազարը` մարտական զորամասերում, 7 հազարը` օժանդակ)։ Լեգեոնի զգալի մասը պահվում էր համակենտրոնացման ճամբարներում և օգտագործվում էր թիկունքի աշխատանքներում։ Այո, «Արմենիշե լեգեոնի» կազմակերպմանը մասնակցել են Դրոն, Նժդեհը։ Բայց, թող ներեն մեզ Մեծ հայրենականի վետերանները, չնեղանան նրանք, ովքեր համարում են, որ նացիոնալիզմի դրսևորումը և Հայաստանի անկախության համար պայքարը «կանգառ» չպետք է ունենային նաև 1941-45 թթ., Նժդեհի ու Դրոյի իսկական մտադրությունը գերմանացիների բարեհաճությանն արժանանալը չի եղել։ Ավելի շուտ նրանք ձգտում էին իրենց հայրենակիցներին ազատել գերությունից և խորհրդային ռազմագերիների համար նախատեսված կուտակարաններում ու մահասարսուռ համակենտրոնացման ճամբարներում իրենց մահկանացուն կնքելու հեռանկարից։ Զուր չէ, որ հայ լեգեոներների ստորաբաժանումների կազմակերպմանը գերմանացիները ձեռնամուխ են լինում միայն 1942 թ., այսինքն` Մոսկվայի մոտ մղված մարտերում վերմախտի առաջին լուրջ պարտությունից հետո։ Այն ժամանակ, երբ գերմանացիները հարկադրված էին վերաիմաստավորել իրենց «բլիցկրիգի» տապալումը, և արդեն զգացվում էր ֆելդմարշալ Պաուլյուսի բանակի ստալինգրադյան աղետի հոտը։
Այսօր որևէ մեկն իրավունք ունի՞, արդյոք, Նժդեհին ու Դրոյին դատապարտելու Գերմանիայի նացիստների հետ համագործակցության համար։ Չեմ կարծում։ Կարելի է մեղադրել անհեռատեսության մեջ, այն բանի մեջ, որ չէին հասկացել, որ գերմանացիները, միևնույն է, պատրաստվում էին Անդրկովկասը հանձնելու թուրքերին։ Իրոք, Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստական աշխատավորական կուսակցության (NSDAP) իշխանության գալուց հետո Նժդեհը կապեր է հաստատում Բեռլինի հետ, հուսալով գերմանացիներին համոզել հարձակվելու... Թուրքիայի վրա։ Հենց Թուրքիայի, ոչ թե ԽՍՀՄ-ի։ Հետագայում հանդիպում է ունենում նացիզմի գլխավոր գաղափարախոսներից մեկի` Ալֆրեդ Ռոզենբերգի հետ` միայն այն բանի համար, որ համոզի նրան, որ հայ ազգը «արիական ծագում» ունի։ Մասնակցում է կովկասյան ժողովուրդների (այդ թվում` «ադրբեջանցիների») վտարանդիական կազմակերպությունների ներկայացուցիչների կովկասյան բլոկին, Գերմանիայի` որպես «խորհրդային տիրապետությունից Կովկասի ապագա ազատագրողի» աջակցության պլատֆորմին։ 1942 թ. դեկտեմբերի 15-ին Նժդեհը դառնում է գերմանացիների ստեղծած հայ ազգային խորհրդի յոթ անդամներից մեկը և ազգային խորհրդի «Ազատ Հայաստան» թերթի խմբագրի տեղակալը։ Սակայն նույն Նժդեհը, փաստորեն, ինքն իրեն հանձնեց ԽՍՀՄ իշխանությունների ձեռքը, հենց իմացավ, որ Ստալինը Արևմտյան Հայաստանի ազատագրման ծրագրեր ունի։ Վերեմեևը ստում է, լկտիաբար, ճիշտ թուրքի նման, երբ գրում է, թե, իբր, «հիտլերյան մեղսագործին ձերբակալեցին և հանձնեցին խորհրդային հրամանատարությանը»։
Ճշմարտությունն այլ է, և ես ուզում եմ այդ մասին հիշեցնել թե՛ Երևանում ռուսական դեսպանությանը, թե՛ ռուսական լրատվամիջոցների գլխավոր խմբագիրներին։ Երբ խորհրդային զորքերը մոտենում էին Սոֆիային, Նժդեհը հրաժարվեց հեռանալ Բուլղարիայից, չցանկանալով հարվածի տակ դնել իր կազմակերպությունը։ Բացի այդ, նա հույս ուներ, որ ԽՍՀՄ-ը շուտով պատերազմ կհայտարարի Թուրքիային (դրա համար կային բոլոր հիմքերը` ամբողջ սփյուռքն էր խոսում այդ մասին), և ինքը կկարողանա այդ պատերազմին անմիջական մասնակցություն ունենալ։ Խորհրդային զորքերի մուտքից հետո նամակ գրեց գեներալ Տոլբուխինին իր այդ առաջարկությամբ։ Հոկտեմբերի 9-ին Նժդեհին կանչեցին խորհրդային ներկայացուցչություն, հաղորդեցին, որ պետք է մեկնի Մոսկվա և իր առաջարկությունն անձամբ ներկայացնի ղեկավարությանը։ Հոկտեմբերի 12-ին, «ՍՄԵՐՇ» զինվորական հետախուզության աշխատակիցների աջակցությամբ Նժդեհին ճանապարհում են Մոսկվա, և ահա այստեղ էլ նրան ձերբակալում են, բանտարկելով ԽՍՀՄ պետական անվտանգության նախարարության (ՊԱՆ) Լուբյանկայի ներքին բանտում, որտեղից 1946 թ. նա տեղափոխվում է Երևանի բանտ։ Նժդեհին մեղադրում էին հակահեղափոխական գործունեության, առաջին հերթին Զանգեզուրի «հակախորհրդային» ապստամբության և այդ ապստամբության ժամանակ կոմունիստների զանգվածային սպանություններին մասնակցելու մեջ (այդ մեղադրանքը ծայրաստիճան զայրացնում էր նրան, որովհետև դեռ 1921 թ. համաներում էր շնորհվել զանգեզուրցի ապստամբներին)։
Ահա թե հետագայում Ստալինին հասցեագրված նամակում նա ինչպես է բացատրում իր համագործակցությունը գերմանացիների հետ. նա առաջնորդվել է երկու շարժառիթով` հակաթուրքական և հրեաների բախտին արժանանալուց հայերին փրկելու ցանկությամբ։ Բանն այն է, որ, համաձայն Ռոզենբերգի «հրահանգների», Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին հայերին դասում էին «հրեական հանրության» շարքը, և հայերի նկատմամբ Բալկաններում գերմանացիները սկսել էին խտրական միջոցներ ձեռնարկել, ինչպիսիք գերմանացիները ձեռնարկում էին օկուպացված եվրոպական երկրների հրեա բնակչության նկատմամբ։ Հարկ եմ համարում Ստալինին Նժդեհի հասցեագրած նամակից մի քանի տող մեջբերել. «Փաստ է, որ ես ոչ միայն ինձ թշնամական գործողություններ թույլ չեմ տվել (և այն էլ իմ կարողության ու հնարավորությունների պարագայում), այլև, ընդհակառակը, կատարել եմ այնպիսի գործողություններ, որպիսիք իմ հակառակորդը, ծանոթ չլինելով իմ հոգեվիճակին, չէր սպասում ինձնից... Վտանգի ենթարկելով կյանքս, ես անհնարին եմ դարձրել Հայաստանի դեմ ուղղված նախաձեռնությունները։ Ես... դիվերսանտներին համոզել եմ չմեկնել Խորհրդային Հայաստան (իսկ նրանցից մեկին` մեղրեցի Հրայրին, օգնել եմ անցնելու Բուլղարիա, որպեսզի նրան չստիպեն մեկնել Հայաստան)։ Ես չեմ գնացել Արևելյան ճակատ, ես թույլ չեմ տվել, որ Թուրքիայի դեմ գործելու համար պատրաստված իմ տղաները օգտագործվեն հակախորհրդային ճակատում, ես չեմ երևացել լեգեոններում ու ճամբարներում, դրանով իսկ ռազմագերի հայերին հասկացնելով, որ պետք չէ կռվել Գերմանիայի օգտին... Այն հանգամանքը, որ Բուլղարիայում գտնվող հայերի պաշտպանության նպատակով դիմել ենք (ոչ միայն ես, այլև Բուլղարիայի մշակույթի գործիչները) Սոֆիայում գերմանական դեսպանին, ինքնին ապացուցում է, թե որքան լուրջ է եղել հայերին սպառնացող վտանգը։ Վկա եղած լինելով հակահրեական հալածանքներին, ես չէի կարող անտարբեր նայել Բալկաններում հայերին սպառնացող վտանգին... Այդ վտանգը և հայերի հանդեպ գործադրվող ռասայական խտրականությունը ստիպեցին, որ ես մեկնեմ Բեռլին և մտնեմ այդ շաբլոնային կոմիտեի մեջ, որը կարճատև անիմաստ գոյությունից հետո ինքնալուծարվեց... Իմ կապը գերմանացիների հետ ունեցել է հակաթուրքական հիմք»։ Եվ չմոռանանք. Եվրոպայի հայկական վտարանդիական շրջանակներում հիանալի գիտեին, որ պատերազմի մեջ Թուրքիայի մտնելու հարցը, փաստորեն, լուծված բան է, թուրքերը միշտ պատրաստ են եղել հանդես գալու որպես Գերմանիայի դաշնակիցներ։ Այնպես որ, այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Նժդեհը, նույն Դրոն և ուրիշներ, երկյուղներ են ունեցել և՛ հայ ռազմագերիների ճակատագրի, և՛ նույնիսկ Խորհրդային Հայաստանի ճակատագրի համար. ո՞վ էր կասկածում, թե ինչ կլինի նրա հետ, եթե թուրքերը մտնեին պատերազմի մեջ։
Էլի՞ ավելացնեմ։ Լավ, ասեմ նաև, թե ինչպես էր «ֆյուրեր» Հիտլերն ինքը վերաբերվում խորհրդային ռազմագերի լեգեոններին, հատկապես` հայերին։ Նա ծայրաստիճան անվստահություն ուներ այդ ստորաբաժանումների նկատմամբ և միայն մուսուլմաններին էր համարում շատ թե քիչ հուսալի հենարան։ 1942 թ. դեկտեմբերի խորհրդակցությունում Հիտլերն ասել է. «Ես չգիտեմ, թե այդ վրացիներն ինչպես իրենց կդրսևորեն... Նրանք թյուրքական ժողովուրդներից չեն... Ես հուսալի եմ համարում միայն մուսուլմաններին... Մնացածներին ես անհուսալի եմ համարում։ Այս պահին ես այդ զուտ կովկասյան գումարտակների կազմավորումը համարում եմ շատ վտանգավոր, այն դեպքում, երբ ոչ մի վտանգ չեմ տեսնում զուտ մուսուլմանական կազմավորումների ստեղծման գործում։ Չնայած Ռոզենբերգի ու զինվորականների հայտարարություններին, ես չեմ վստահում նաև հայերին»։ Եվ զուր չէ, որ առաջինը ստեղծվեց հենց «Թուրքեստանյան լեգեոնը», ինչը թվագրված է դեռ 1941 թ. նոյեմբերով։ Ալո՜, վերեմեևներ։ Դուք գիտե՞ք այս մասին։ Դե, մենք ձեզ հիշեցնում ենք։
Լեհաստանի համակենտրոնացման ճամբարներում կազմավորված հայկական լեգեոներների ընդամենը երկու գումարտակ է մասնակցել խորհրդային բանակի դեմ ուղղված մարտական գործողություններին։ Հայկական 808-րդ հետևակային գումարտակը Մայկոպ հասավ 1942 թ. օգոստոսի 25-ին։ Գումարտակում ընդհատակայինները նախապատրաստել էին անցում խորհրդային բանակի կամ պարտիզանների կողմը, սակայն մատնության հետևանքով պլանը բացահայտվեց, կազմակերպիչները ձերբակալվեցին։ Խորհրդային բանակի նախկին կապիտան և ՀամԿ(բ)Կ անդամ, գումարտակում ծառայած, ապա կարմիր բանակի կողմն անցած Բաբկեն Մանուկյանի խոսքերով, ապստամբության կազմակերպիչներից մեկի հարցաքննության ընթացքում կտրել են աջ ձեռքի երկու մատը։ 1942 թ. սեպտեմբերի 26-ին 15 լեգեոներներ փախել են Մայկոպի շրջանում գործող պարտիզանների մոտ։ Քիչ ավելի ուշ պարտիզանների կողմն են անցել Ն. Առուշանյանի դասակի լեգեոներները` ձեռքի երկու գնդացիրներով։ Դասալիք լեգեոներների ցուցմունքների համաձայն, ռազմաճակատ մեկնելու ճանապարհին գումարտակից, ընդհանուր առմամբ, մոտ 100 հայ է փախել։ Փախածների ասելով, «հայ լեգեոներները չեն ուզում կռվել կարմիր բանակի դեմ»։ Ի վերջո, անկայունության պատճառով գումարտակները վերակազմավորվել են ճանապարհաշինական զորամասի, լեգեոներների ձեռքից զենքը հավաքել են, բայց նրանց թողել են ռազմաճակատում։ Այնուհետև նրանց նետել են Նորվեգիա և Ֆրանսիա, ուր պատերազմի ավարտին փախել են անգլո-ամերիկյան զորքերի կողմը... Արևելյան լեգեոներների կարգավիճակի մասին խոսում է մի այսպիսի փաստ. 1942 թ. օգոստոսին Գերմանիայի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Ֆ. Գալդերը հրապարակեց «Արևելքի տեղական օժանդակ կազմավորումների մասին կանոնակարգը», որտեղ լեգեոներների կազմավորումները բաժանված էին կատեգորիաների` ըստ նրանց քաղաքական բարեհուսության և մարտական հատկանիշների։ Ամենահուսալիներն էին համարվել կովկասցի լեռնականները, Ղրիմի թաթարները և Միջին Ասիայի ժողովուրդները, ինչպես նաև կազակները։ Նրանց մտցվել էին առանձին կատեգորիայի մեջ, իբրև «իրավահավասար դաշնակիցներ, որոնք հատուկ մարտական զորամասերի կազմում գերմանական զորամասերի հետ ուս ուսի կռվում էին բոլշևիզմի դեմ»։ Եվ, բնականաբար, լեգեոներների հրամանատարները միայն գերմանացիներ էին. սա դարձյալ վկայում է «արևելյան լեգեոներներին» նացիստների վստահելու աստիճանի մասին։ Ինչպես տեսնում ենք, Գալդերը ոչ մի ակնարկ չի արել ո՛չ Դրոյի ու Նժդեհի, ո՛չ էլ ընդհանրապես հայերի մասին։
Երբեմն վեճեր են լինում` ի՞նչ կլիներ, եթե պատերազմում, այնուամենայնիվ, հաղթեին գերմանացիները։ Ռուս վտարանդի պատմաբան Ա. Ս. Կուզնեցովն այսպես է գրել կովկասյան ստորաբաժանումների մասին. «Բաժան-բաժան անելու (Ռուսաստանը- խմբ.) պլանների կատարման կարգով տարբեր ազգությունների ռազմագերիներից (և կամավորներից) ստեղծվում էին գումարտակներ, որոնք դաստիարակվում էին գազանաբարո ատելությամբ ոչ միայն և ոչ այնքան բոլշևիզմի նկատմամբ, որքան ամենայն ռուսականի... արհեստականորեն բորբոքվում էր այլանդակ, չարագույժ մի շովինիզմ»։ Իրոք, նման գումարտակներում կատարվում էր ոչ թե հակախորհրդային, այլ հենց հակառուսական քարոզչություն։ Ռուսներին անվանում էին ոչ այլ կերպ, եթե ոչ «օկուպանտներ» ու պատմական թշնամիներ։ Մյուս կողմից, ծրագրվում էր տարբեր ժողովուրդների գժտեցնել իրար հետ. Ա. Ռոզենբերգը գրում էր. «Կովկասի ցեղերի ու ժողովուրդների սահմանազատումն իրարից... կհեշտացներ նրանց նկատմամբ տիրապետություն հաստատելու գերմանական հրամանատարության գործը։ Տարբեր ժողովուրդների միջև հակասությունների վերածնության նպատակով զորամասի օգտագործման բուն փաստն արդեն քաղաքական հանգամանք է»։ Ահա թե ինչ էր սպասում մեզ, ընդ որում մեզ բոլորիս` Կովկասյան տարածաշրջանի բնակիչներիս, եթե, ասենք, գերմանացիները Թուրքիային հնարավորություն չտային օկուպացնելու տարածաշրջանը և, ասենք, փորձելու կրկնել մարդկության դեմ ուղղված իրենց զանգվածային հանցագործությունները, որպիսիք մինչ այդ կատարվել էին Արևմտյան Հայաստանի, Համշենի, Կիլիկիայի ոչ թուրք ժողովուրդների նկատմամբ։ Հայաստանին, ամբողջ Կովկասին սպասելու էին բազմաթիվ ու անհատնում «վեճերը», գուցե և պատերազմները, որոնցում գերմանացիները հանդես էին գալու իբրև «գերագույն իրավարարներ»։ Թյուրքերի հանդեպ Հիտլերի այն «սիրո» և վստահելու պարագայում, որոնց մասին նա չէր խորշում խոստովանել, դժվար չէ գուշակել, թե ինչ էր սպասելու մեր ժողովրդին։ Բայց փաստ է նաև այն, որ Ստալինգրադում հաղթանակ տանելու դեպքում գերմանացիները «կանաչ լույս» կվառեին հենց Թուրքիայի ճանապարհին` Անդրկովկասում հայերի սպանդով կզբաղվեին իրենք` թուրքերը։ Ավա՜ղ, այս բանը ո՛չ Դրոն, ո՛չ Նժդեհը չէին հասկանում։
Ոմանց կթվա, թե 2015 թվականին պետք չէ այսքան մանրամասնորեն պատմել Նժդեհի մասին։ Իսկ ես կարծում եմ` պետք է։ Որովհետև, եթե ինչ-որ մեկի խելքին փչել է Հայոց ցեղասպանության հարցի համատեքստից պոկված ինչ-որ տեղեկություն ներկայացնել Նժդեհի մասին և այսօր վայնասուն բարձրացնել հայերի ու այն ռուսների կողմից սպառնացող «նացիզմի վտանգի» մասին, որոնք որոշել են ժամանակակիցներին հիշեցնել Նժդեհի մասին, ապա դա գլխովին մատնում է վարձու սադրիչներին, և կարևոր չէ, թե ում են նրանք ծառայում, նրանք հանցավոր են արդեն այն բանում, որ «նրբորեն» ու «հանդուրժողաբար» աղավաղում են պատմական ճշմարտությունը։ Մարդու կյանքը գոյություն չունի նրա ծննդից, մանկությունից, պատանեկությունից, երիտասարդությունից կտրված։ Նժդեհն սկսել է ապրել ոչ 1942 թվականից` Գերմանիայում։ Լուրջ խոսակցությո՞ւն եք ուզում, ուրեմն հետազոտեք նրա իրական կյանքը, առանց նենգափոխումների։ Հասկացեք, թե ինչու են տասնամյակներ շարունակ Նժդեհին համարել և համարում Զանգեզուրի «Փրկիչ», ու պարզապես համեմատեք այն բանի հետ, ինչ եկել է Նախիջևանի ու Արցախի հայերի գլխին հենց այն նույն 1921 թվականից հետո։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճիշտ է, երբ գլխավորում է գերմանական և ուկրաինական նացիստների հանցագործությունները մոռացության մատնելու փորձերի դեմ մղվող պայքարը, հանցագործություններ, որոնց օրինակներն են օսվենցիմները, մայդանեկները, բուխենվալդները, դահաուները, բաբի յարերը, խատինները, վոլինյան կոտորածները։ Ռուսաստանի նախագահը ճիշտ է նաև իր գնահատականով. «Այդ իրադարձությունները լռության մատնելու, աղավաղելու, պատմությունը կեղծելու ցանկացած փորձ անթույլատրելի է ու անբարո»։ Բայց նույն բանը արդարացի է նաև Հայոց ցեղասպանության առնչությամբ, այն հայերի կյանքի առնչությամբ, ովքեր զենքը ձեռքներին պայքարել են թուրքերի ու Անդրկովկասում նրանց մեղսակիցների` կովկասյան թաթարներից սերված մուսավաթականների` ժամանակակից «ադրբեջանցիների» դեմ։ Ափսոս որ «Վերսիայի» «վերեմեևները», ըստ էության, թքած ունեն ՌԴ նախագահի խորհրդի վրա։ «Այդ իրադարձությունները լռության մատնելու, աղավաղելու, պատմությունը կեղծելու ցանկացած փորձ անթույլատրելի է ու անբարո» խոսքերը հենց այնպես արտաբերված լոզունգ չեն, դրանք պետք է լինեն բոլորի սրտում և վերաբերեն մարդկության դեմ ուղղված բոլոր դաժանագույն հանցագործություններին։ «Վերեմեևներ», Հայոց ցեղասպանությունը հենց մարդկության դեմ ուղղված հանցագործություն է որ կա, և վաղեմության ժամկետ չունի։
Հայրենական մեծ պատերազմը` կարմիր-խորհրդային բանակի հայ զինծառայողների անձնվեր խիզախության օրինակներով, չի կարող և չպետք է «ջնջի» հայ ժողովրդի ամբողջ անցյալը, չպետք է թելադրի, թե Թուրքիայի դեմ մղված ազգային ազատագրական պատերազմի հերոսները Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսներից «պակաս հերոսներ» են։ Եվ, ի վերջո, նույն Նժդեհն ու Դրոն ռուսական բանակի հերոսներ են, ճիշտ է, այն Մեծ հայրենականի` 1914-1919 թթ.։ Ի՞նչ կարող էին և պետք է այդ երկուսը մտածեին իրենց ժողովրդի ճակատագրի մասին, որն ընդամենը մի 20-25 տարի առաջ մեծագույն ողբերգություն էր ապրել։ Ինչպես կարողացել են, այնպես էլ փորձել են կանխել նոր ցեղասպանությունը։ Մեկը` նախկին «խորհրդային» հեղկոմական, երկրորդը` հավերժ անհաշտ, որին նույնիսկ իր կուսակցությունն էր հեռացրել սեփական շարքերից։ «Վերեմեևները», նույնիսկ ժամանակակից հայերը չէ, որ պետք է նրանց դատապարտեն, նրանց կարող է միայն Աստված դատապարտել։ Լավ կլիներ, իհարկե, որ այս բանը հասկանար յուրաքանչյուր ոք, ում խելքին կփչի 30 արծաթով կամ թյուրիմացաբար դատապարտել ու անարգել Նժդեհին ու Դրոյին, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր կցանկանան հիշեցնել հայ ժողովրդի` ծայրաստիճան բարդ ճակատագիր ունեցած այդ երկու հերոսների մասին։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2559

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ