Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Քսանմեկերորդ դարում իրականացվեց այնպիսի ոճիր, որ ամենաահավոր երազներում հնարավոր չէ տեսնել»

«Քսանմեկերորդ  դարում իրականացվեց այնպիսի ոճիր,  որ ամենաահավոր երազներում հնարավոր չէ տեսնել»
21.04.2015 | 00:11

Երևանում կառուցվել է եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող աշխարհում առաջին հուշարձան-կոթողը: «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի խորհրդի նախագահ ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ հուշարձան-կոթողի հանդիսավոր բացումը տեղի կունենա ապրիլի 21-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի Օղակաձև զբոսայգում (երրորդ հատված, Նալբանդյան-Իսահակյան փողոցների հատույթ):
Հուշարձան-կոթողը կառուցվել է «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի նախաձեռնությամբ, ճարտարապետն Ասլան Մխիթարյանն է, հովանավորը՝ Կամչատկայում բնակվող եզդի բարերար Ռաշիդ Շամոյանը:


-Հուշակոթողը վկայում է, որ հայ, եզդի, հույն, ասորի ժողովուրդների ցեղասպանությունը ծրագրավորված քաղաքականության հետևանք է,- ասաց Ամո Շարոյանը։- Խոսքն Առաջին աշխարհամարտի տարիներին օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանության մասին է, որը պետք է ճանաչվի ու դատապարտվի: Հուշակոթողին կից փոքրիկ ցայտաղբյուրը հավերժացնում է Շանգալում «Իսլամական պետություն» խմբավորման զոհ դարձած եզդիների հիշատակը: 21-րդ դարում իրականացվեց այնպիսի ոճիր, որ ամենաահավոր երազներում հնարավոր չէ տեսնել: Մոր աչքի առաջ երեխային են սպանել, երեխայի աչքի առաջ՝ մորը: Վերջերս ազատագրված Շանգալի տարածքում գտել են գերեզմանոցներ, պարզվել է՝ մորը սպանել են, գրկի երեխային կենդանի-կենդանի թաղել հողի մեջ:
-Ինչո՞ւ որոշվեց Հայաստանում տեղադրել հուշակոթողը:
-Եզդիների մեծամասնությունն իր երկրորդ հայրենիքը համարում է Հայաստանը: Մեր մշակութային բոլոր հաջողությունները, ձեռքբերումները կապված են Հայաստանի հետ: Արմավիրի Ակնալիճ գյուղում կա «Եզդիների սրբատեղի» (Զիարատ), բայց որպես հուշակոթող` նվիրված եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակին, սա աշխարհում առաջինն է:
-Հուշակոթողի բացմանը դրսի՞ց էլ հյուրեր կլինեն:
-Այո, ժամանելու են Իրաքում մեր հոգևոր առաջնորդարանի ներկայացուցիչները` եզդիների հոգևոր առաջնորդ Միրե-Միրա Թահսին Բեգի ղեկավարությամբ, ինչպես նաև բարձրաստիճան հյուրեր` Ռուսաստանից, Գերմանիայից, Վրաստանից:
-Ազգային ժողովի «Ասորիների և հույների ցեղասպանությունը դատապարտող» օրինագծում տեղ չգտավ եզդիների դեմ գործված ցեղասպանությունը՝ պատմական փաստերի բացակայության պատճառով, սակայն հուշակոթողի տեղադրումը Հայաստանում չե՞ք կարծում, որ արդեն իսկ որոշակի վերաբերմունք է եզդի ժողովրդի և նրա դեմ իրագործված ցեղասպանության նկատմամբ:
-Կարծում եմ, եզդիների ցեղասպանությունը Հայաստանն ընդունել է դեռևս 1914-15 թվականներին, երբ մենք միասին կոտորածից փախել, լքել ենք մեր բնօրրանն ու անցել Արազի այս կողմը, երբ առջևում ջուր էր, հետևում` սուր, երբ հայ գաղթյալների հետ եզդի գաղթյալները հավաքվել էին Էջմիածնում:
-Կարելի՞ է ասել, որ դեռևս շարունակվում է եզդիների ցեղասպանությունը:
-Այո, Շանգալում շարունակվում է եզդիների ցեղասպանությունը: Դեռևս հինգ հազար եզդի աղջիկներ ու կանայք գերության մեջ են, և ԻՊ-ը հպարտանում է, որ նրանց վաճառում է ստրկության: Մենք դիմել ենք միջազգային ատյաններին, որ կանխվի ցեղասպանությունը, ազատագրեն մեր կանանց ու աղջիկներին և ամբողջ Շանգալը: Մխիթարական է այն, որ եզդիական ջոկատները զինված են և թույլ չեն տալիս այլևս գրավել մեր բնակավայրերը, եզդիներին արտաքսել իրենց բնօրրանից:
-Ի՞նչ կասեք զրույցի վերջում:
-Կոչ եմ անում թուրքական իշխանություններին առճակատ, ազնվորեն ընդունել իրենց անցյալը: Ցեղասպանություն իրականացրած երիտթուրքական կառավարության ներկայացուցիչները սովորական ռազմական հանցագործներ են: Պետք է ճանաչել ու դատապարտել եզդի, հայ, հույն, ասորի ժողովուրդների ցեղասպանությունը:


Ճեպազրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1182

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ