Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թուրքին ինչպե՞ս ենք պատկերացնում. անկասկած՝ ֆեսով

Թուրքին ինչպե՞ս ենք պատկերացնում.  անկասկած՝ ֆեսով
21.04.2015 | 00:13

Մարդու հագուստը, նորաձև լինելը ստիպել են զարգացնել արտադրության ամբողջ ճյուղեր, իսկ տեքստիլ արդյունաբերությունը դարձավ համաշխարհային կապիտալիզմի առաջընթացի կարևորագույն ազդակներից մեկը: Նորաձևությունն իր ազդեցությունը ունեցավ նաև Թուրքիայում:
Թուրքին ինչպե՞ս ենք պատկերացնում, ինչպիսի՞ն է նրա դասական կերպարը. անկասկած՝ ֆեսով, որ կրեց գրեթե մեկ դար: Իսկ ո՞րն է դրա պատմությունը:
Եթե համացանցով որոնեք օսմանյան սուլթաններին, ապա գրեթե բոլորին կտեսնեք փաթթոցով, այսինքն՝ օսմանլուների գլխածածկը փաթթոցն էր: Բայց ահա 1808-ին Օսմանյան կայսրության վերջին փաթթոցավոր գահակալ Մուստաֆա IV-ին փոխարինեց Մահմուդ II-ը: Սա էր, որ կայսրության դրամահատարանի ժառանգական տնօրեններ Տյուզյաններից չորսին գլխատեց ու կախեց, մյուսներին աքսորեց, բայց նոր տնօրեն նշանակեց Հարություն Պեզճյանին, ով դարձավ արևմտահայության խոշորագույն բարերարը: Ահա այս սուլթանն էր, որ տուրք տալով եվրոպական նորաձևությանը՝ որոշեց հրաժարվել փաթթոցից և այդուհետ՝ 1826-ից կրել ֆես: Իսկ դա նշանակում էր, որ ֆես պիտի կրեին նաև պաշտոնյաները, զինվորականությունը և առհասարակ կայսրության բազմամիլիոն բնակիչները, այդ թվում, իհարկե, հայերը: Բայց ինչպե՞ս էր հնարավոր բավարարել պահանջարկը. Թուրքիան որևէ համապատասխան ձեռնարկություն չուներ:
Պատեհ առիթից, նախ, օգտվեցին ֆրանսիացիները. ֆես սկսեցին պատրաստել Լիոնի և Օռլեանի տեքստիլ մանուֆակտուրաները: Երևան եկան աղաջ մարկա, մեջիդիե, սաքըզ, օրթա սաքըզ տեսակի ֆեսեր, որոնք խիստ բարձր գին ունեին: Քսան տարի անց խաղի մեջ մտավ Ավստրո-Հունգարիան. Բոհեմիայում գործող «Վայլ» ու «Բոսի» ֆիրմաներն իրենց ֆաբրիկաներում սկսեցին ֆես արտադրել և այնքան հաջողեցին, որ ոչ միայն դուրս մղեցին մրցակիցներին, այլև շուրջ կես դար ֆեսարտադրությունը պահեցին իրենց ձեռքում: Թեպետ դրանք պատրաստում էին ընդամենը երկու տեսակի ֆես, բայց նվազագույն գինը 12 ղուրուշ էր, ինչն անչափ բարձր էր:
Թեև ֆեսի սպառումը օրըստօրե ավելանում էր, սակայն Ավստրո-Հունգարիայում ավելացավ նաև արտադրողների քանակը, իսկ դա անխուսափելիորեն հանգեցրեց մրցակցության, ինչի արդյունքում տեղի ունեցավ 40-50 % գնանկում:
Ֆեսը պատրաստում էին մահուդից, իսկ մահուդի հումքը բուրդն է: 1899 թ. եվրոպական շուկաներում բրդի գինն էապես ընկավ, ինչը ֆեսարտադրողներին դրդեց փոխելու բիզնեսավարումը: Կ. Պոլսում գործում էր «Օրոզդի Բաք» խոշորագույն առևտրային ֆիրման, որը նոր գաղափար հղացավ. նա ավստրիական ֆաբրիկատերերին առաջարկեց մրցակցելու փոխարեն միանալ և մենատիրական դիրք գրավել: Տասը ֆաբրիկաներ գաղափարն ընդունեցին և «Օստեռայխիշե կրեդիտ անշատալդ» բանկի աջակցությամբ հիմնեցին «Սոսիետե ժեներալ դը ֆես» բաժնետիրական ընկերությունը՝ 6 մլն ֆիորին ¥625000 թուրքական լիրա¤ դրամագլխով: Ստեղծվեց ֆեսարտադրական մի զորեղ մենատիրական ընկերություն, որի թողարկած ապրանքատեսակների վաճառքի բացառիկ իրավունքը Օսմանյան կայսրությունում վերապահվեց «Օրոզդի Բաքին»: Սա իր հերթին անմիջապես բարձրացրեց գները. թանկարժեք տեսակներինը՝ 20 %-ով, էժաններինը՝ 30-40 %-ով՝ ապահովելով վիթխարի գերշահույթ: Ավստրիական, ինչպես նաև իտալական մի քանի ֆիրմաներ, որոնք չէին միացել «Սոսիետեին», պարզապես անհետացան բիզնեսից:
Ո՞րն էր այս ամենի հետևանքը: Թուրքիայում տարեկան սպառվում էր 300000 լիրայի ¥օսմանյան ոսկի¤ ֆես, որից 100000-ը «Սոսիետեի» զուտ շահույթն էր: Բնականաբար, այս ահռելի գումարի կորուստը չէր կարող չմտահոգել կառավարությանը, և թուրքերը նախաձեռնեցին սեփական արտադրություն հիմնելու գործը:
Պետք է ասել, որ նրանք որոշ փորձառություն ունեին: Դեռևս 1835 թ. սուլթան Մահմուդի հրամանով Կ. Պոլսում՝ Ջինդի Մեյդանի մոտ, հիմնվել էր ֆեսի առաջին գործարանը, որը 1839-ին փոխադրվեց Դեֆտերդար, ուր պահանջարկի թելադրանքով կառուցվեց մանող, հյուսող արտադրամասերով ընդարձակ շենք: 1854-ին սուլթան Մեջիդի հրամանով այդ գործարանում հիմնվեց նաև չուխայի արտադրամաս: ¥«Չուխա» նշանակում է մահուդ, չուխաջի՝ մահուդագործ, այստեղից էլ՝ Չուխաջյան ազգանունը: Ի դեպ, չուխան ունի ևս մեկ իմաստ՝ մահուդից կարված վերարկու. հիշո՞ւմ եք Ղ. Աղայանի տողերը. «Գաբրիելըս չուխա չունի, Միշտ անում է սուգ ու լաց»¤։ Կ. Պոլսից զատ, 1842-ին Նիկոմեդիայում ¥Իզմիտ¤ չուխայի ֆաբրիկա էր բացել մեծահամբավ Հովհաննես Տատյանը, այդպիսիք կային նաև Երզնկայում, Մանաստրում ու Բաղդադում, որոնք կարող էին ֆես պատրաստել, սակայն դրանով չէին զբաղվում և հոգում էին միայն թուրքական բանակի հանդերձավորման կարիքները: Ի վերջո, 1909-ին Հերեքեում՝ բամբակամշակման ու բրդամշակման ֆաբրիկայում հիմնվեց նաև ֆեսարտադրություն:
Մենք ցույց տվեցինք դասական թուրքի կերպարի անքակտելի մասի՝ ֆեսի արտադրության պատմությունը և նորաձևության ազդեցությունը: Հավելենք միայն, որ 1923 թ. անցնելով իշխանության գլուխ, Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքը քրեական պատժի սպառնալիքի տակ արգելեց ֆես կրելը: Հանրապետական Թուրքիան հրաժարվեց արյունալի սուլթանական անցյալի խորհրդանիշից… Բայց ոչ իր էությունից:


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2022

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ