Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Մերը հիմա միայն ապրելն ու ապրեցնելն է»

«Մերը հիմա միայն ապրելն ու ապրեցնելն է»
21.04.2015 | 00:18

«Իրատեսի» զրուցակիցն է ԱԺ պատգամավոր ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ:

-Երեք օրից ապրիլի 24-ն է, չունե՞ք զգացողություն, որ մոտենում ենք մարաթոնի ավարտին: Ի՞նչ եք անելու ապրիլի 25-ին:
-Մարաթո՞ն, ոչ, սա ավարտը չէ, սա սկիզբն է այն ինքնագնահատականի, ինքնաճանաչման և ինքնավերագտնման, որը չենք ունեցել նախորդ 100 տարիներին: Մենք 100 տարի սիրում էինք կրկնել, որ մեզ ցեղասպանել են, մորթել են, ոչնչացրել են, տեղահանել են ու կոտորել, ավերել են մեր տներն ու վանքերը, այսինքն՝ ասել ենք այն, ինչ եղել է, այո, մի քիչ նվնվացել ենք, ցավոք, բայց այսօր մենք ոչ թե զոհ ենք, այլ պահանջատեր, ոչ թե մորթվածն ենք, այլ բռունցքը, ուժը, պատմական ճշմարտության իրական գնահատական պահանջողը, և դա անելու ենք ոչ միայն հանուն մեզ, այլ‡ հանուն մարդկության, որ ոչ մի երկրում երբեք չկրկնվի այն, ինչ կատարվեց 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի ձեռքով։
-Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական Հռչակագիրը համարո՞ւմ եք ընդհանրական փաստաթուղթ, որ իրապես կարող է միավորել: Խոստացված «թղթածրարը», Ձեր կարծիքով, ե՞րբ պատրաստ կլինի ու ի՞նչ պիտի պարունակի:
-Հայերիս համար միավորվելը միշտ էլ բարդ ու դժվար է եղել և բարդ է նաև այսօր, մենք ամեն մեկս մեզ գերագնահատելով՝ կարծում ենք, թե տիեզերքի կենտրոնը հենց մենք ենք՝ միայն մենք, յուրաքանչյուրս, և դա էլ մեզ խանգարում է, օրինակ, ինչո՞ւ մեր ֆուտբոլը մեծ հաջողություններ չի գրանցում: Ամեն ֆուտբոլիստ դաշտում միայն իրեն է տեսնում, մեկ-մեկ էլ՝ գնդակը: Բոլորն անկրկնելի անհատականություն են, բայց քանի դեռ չեն ընկալել, որ անկրկնելին՝ անկրկնելի, բայց ամբողջի մաս պիտի դառնան, ոչինչ չի ստացվելու։ Թե երբ կլինի թղթածրարը, չգիտեմ՝ ինքս այդ գործընթացին հետևում եմ ինչպես բոլորը, մասնակիցը չեմ, բայց ուզում եմ, որ վերջապես բանաձևվի մեր պահանջատիրությունը, նաև կոնկրետ քայլերը, որ պիտի արվեն։
-Ապրիլի 12-ին Վատիկանում Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի քարոզը հոգևո՞ր գնահատական էր, թե՞ քաղաքական: Ինչո՞ւ Անկարան հայտարարեց, որ պապը կողմնակալ է:
-Հռոմի պապի ցանկացած քարոզ և հոգևոր, և քաղաքական գնահատական է՝ մի մոռացեք, որ նա պետության ղեկավար է: Մենք պատիվ ունեցանք ականատեսն ու վկան լինել ¥շատերս, ցավոք, հեռուստաէկրաններից¤ պատմական հզոր իրադարձության՝ համայն աշխարհի կաթոլիկների առաջնորդը դրոշմակնիք դրեց պատմական իրողության վրա, հնչեցրեց հայերիս հետ կատարվածի իրական անունը, որակեց ինչպես կա՝ Ցեղասպանություն, վերջ, քայլն արված է, սա ձեռնոց է Թուրքիայի ժխտողականությանը, սա ապագայի խաղաղության և համերաշխ ապրելու կոչ է, սա արդարությունը և պատմական ճշմարտությունները իրական քաղաքականություն վերադարձնելու կոնկրետ քայլ է և հետդարձի ճանապարհ չկա, հիմա ամեն ինչ կախված է ոչ միայն մեզնից՝ հայերից, Հայաստանից ու հայկական սփյուռքից, այլև աշխարհի հզորներից, և այս իրավիճակում Թուրքիայի դերակատությունը հավասարեցվեց զրոյի, ինչպես իրենց ձեռքով զրոյացվել էր «Հարևանների հետ զրո պրոբլեմներ» իրենց հռչակած քաղաքականությունը:
-Այս ընթացքում միջազգային կազմակերպություններն ու մի քանի երկրների խորհրդարաններ ևս դատապարտեցին ցեղասպանությունն ու ցեղասպանության ժխտողականությունը: Դա մեզ համար հերթական բարոյական հաղթանակների շարքի՞ց է, թե՞ գործնական հետևանքներ կլինեն:
-Ինքս, որպես քաղաքական գործիչ և ստեղծագործող անհատ, մինչև կոկորդս կուշտ եմ բարոյական հաղթանակներից և իմ կյանքի համար և ընդհանրապես։ Մենք՝ հայերս, որպես ամբողջություն, նույնպես բարոյական հաղթանակներից կուշտ ենք մինչև կոկորդներս, մենք այսուհետ պիտի ձգտենք իրական հաղթանակների և միջազգային կառույցներում աշխատող մեր քաղաքական, պետական գործիչները, պատգամավորներս պարտավոր ենք լինել առավել արժանապատիվ և պահանջատեր: Նավթադոլարների և միջազգայնորեն հաստատված կաշառքների համն ու հոտը այլևս արժեզրկված են, հիմա հերթը գործինն է, առաջ նայելու և առաջ գնալու համար մենք պարտավոր ենք լինել ուժեղ, մտածող և ինքնավստահ։
-Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը իր հայտարարության մեջ հայերի ու թուրքերի հաշտեցման կոչ էր անում: Ձեր գնահատմամբ՝ ե՞րբ կլինի այդ հնարավորությունը:
-Ֆրանկոֆոնիայի ԽՎ Եվրոպայի տարածաշրջանի խորհրդարանների սեկցիաների նախագահների հայտնի հայտարարությունը, որ մենք ընդունեցինք Երևանում այս տարվա մարտի 31-ին, այո, պատմական փաստ է և հպարտ եմ հաստատել, որ ֆրանկոֆոն գործընկերներս գնահատեցին իմ համառությունը ու իսկապես հայոց հողի վրա մի քիչ հայ դարձան՝ անելով հայտարարություն, որի մտադրությունը, երբ գալիս էին Երևան, չունեին: Երբ կլինի հայ-թուրքական հաշտեցո՞ւմը: Երբ թուրքերն ընդունեն իրենց պատմության ընթացքը՝ առանց անդամահատումների։
-Ո՞Ւմ ամենից շատ կցանկանայիք տեսնել ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում:
-Գյուլունյային: Երկու օր առաջ «Անտարես» հրատակչությունը ինձ հանձնեց իմ «Գյուլունյա» վեպը, որը ցեղասպանությունը վերապրած իմ և իմ ամուսնու տատերի ու պապերի կյանքի ոդիսականն է, հիշողությունների գիրքը, վերապրելու կոդը, վրեժ լուծելու բանաձևը, ահա, հենց իմ հերոսները՝ իրական, սիրելի մարդիկ, մեր մեծ մայրիկները և մեծ հայրիկները, բոլոր հայդուկները և ֆիդայիները լավ կլիներ գային ու շարվեին մեր վիլայեթները խորհրդանշող հուշարձանի բոլոր կողմերում, գային և լույս տային անմար կրակին, և մեզ բոլորիս կոչ անեին՝ խելքի գալու և էս մի բուռ երկիրը կարգին, իրենց կյանքին, իրենց արյանը, իրենց հիշողությանն արժանի երկիր դարձնելու:
-Դո՞ւք էլ եք սպասում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Երևան գալուն, կամ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի «գենոցիդ» ասելուն:
-Ես բացարձակապես անտարբեր եմ Պուտինի էլ, Օբամայի էլ նկատմամբ, կգա՝ կգա, չի գա՝ ինքը գիտի, կասի՝ կասի, չի ասի՝ ինքը գիտի: Գուցե ոմանց ապաքաղաքական թվամ, բայց ես համոզված եմ, որ քաղաքականը հենց ինքնորոշումն է, ոչ թե էս կամ էն կողմ կողմնորոշումը:
-Ձեզ չի՞ թվում, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մեջ գերիշխողը հանրայինն ու հրապարակայինն է, քիչ տեղ մնաց հոգևորին ու հոգուն: Մենք, կարծես, մոռացանք բուն խորհուրդը:
-Աստծունը՝ Աստծուն, Կեսարինը՝ Կեսարին: Մի մտահոգվեք, կա նաև հոգևոր խորհուրդը, բայց մյուս կողմից՝ եկեք հոգին թողնենք հոգուն և սկսենք զբաղվել կոնկրետ գործով։
-Մեկուկես միլիոն զոհերից բացի, ցեղասպանությունը հայրենազրկում ու միլիոնավոր հայերի արտագաղթ էր, ի՞նչ խնդիր ունի այսօր սփյուռքը հայապահպանությունից բացի:
-Սփյուռքը պիտի անի այն, ինչ անում են հրեաները իրենց ստեղծած երկրի և իրենց հայրենակիցների համար, հենց Սփյուռքը սա հասկացավ ու սկսեց գործել, իսկ մենք այստեղ՝ Հայաստանում օգնելու ենք այդ գործին սրտով ու սրտացավությամբ, հայապահպանության խնդիրը վերածվելու է հայրենիքաստեղծության խնդրի:
-Իր քարոզում Հռոմի Ֆրանցիսկոս պապն ասաց, որ մեր օրերում էլ Կայենը կա ու գործում է: Ձեր կարծիքով՝ Աբելի գործը մի՞շտ է սպանվելը:
-Հռոմի պապն ասաց, որ ոմանք իրավունք չունեն Կայենի պես անտարբեր լինել, մեր միջից հանենք անտարբերությունը, մենք մեր սպանվելու գործը գերակատարել ենք:
Մերը հիմա միայն ապրելն ու ապրեցնելն է:


Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1285

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ