Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հակասությունների չորս ժամ Պուտինի հետ

Հակասությունների չորս ժամ Պուտինի հետ
21.04.2015 | 00:26

Ապրիլի 16-ին 4 ժամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ եթերում պատասխանում էր ռուսաստանցիների հարցերին: Գերազանցապես՝ տնտեսական, սոցիալական, առողջապահական, նաև՝ անձնական: Եվ իհարկե՝ քաղաքական: Համարյա մեկ ժամ հատկացվեց ՈՒկրաինային: ՌԴ նախագահը 13-րդ ուղիղ կապում, ի տարբերություն նախորդ բոլոր ուղիղ եթերների, հանդարտ էր, անգամ չէր ժպտում ու չէր կատակում: Նա նման էր ձանձրացած մարդու, որ հարկադրված էր ուղիղ նստել ու պատասխանել հարցերի, որ իրեն բնավ չէին հետաքրքրում՝ ինքն ուզում էր հանգստանալ, բայց բոլոր հարցերին պատասխանում էր հանգամանալից ու բարեխիղճ: ՈՒզում էր համոզել, որ ոչ պատժամիջոցները, ոչ նավթի գնանկումը, ոչ ՈՒկրաինան, ոչինչ չեն կարող սասանել Ռուսաստանի հզորությունը: Նրան ուղղվել էր 2 486 հազար հարց, պատասխանվեց 74-ը: Առաջին հայացքից՝ հարցերը ընդգրկում էին ռուսական ու միջազգային օրակարգի ողջ բազմազանությունը՝ Պուտինը խոսեց պատժամիջոցների, գնաճի, տնտեսական աճի, կենսամակարդակի, առողջապահության, կենսաթոշակների, դեղերի, հարկային քաղաքականության ու կովերի կաթնատվության, գնացքների չվերթերի ու Մոսկվայում փողոցների վերանվանման, Հաղթանակի 70-ամյակի՝ ամեն ինչի մասին: Նաև՝ ՈՒկրաինայի, Ղրիմի, Իրանի, ԱՄՆ-ի, Արևմուտքի, Արևելքի, Իսրայելի, Իսլամական պետության, գերտերությունների և Ռուսաստանի փոխհարաբերությունների ինտեգրային քաղաքականության մասին: Ավելի, քան երբևէ զգացվում էր, որ եթերում հնչում են քանիցս զտված հարցեր, որոնց իրական հասցեատերը ռուսաստանցիները չեն: Քննադատության հիմնական չափաբաժինը հարցերի ձևակերպումների մեջ էր, պատասխանները հավասարակշռում, նաև մեղմում էին հարցերի ագրեսիվությունը: ՈՒղիղ կապի շրջանակներում ՌԴ նախագահը, իհարկե, համոզիչ էր, բայց Ռուսաստանի քաղաքականության և ՌԴ նախագահի տեսակետների համադրումը հակառակն է ի հայտ բերում: Նա ներկայացնում էր տեսությունը և լռում իրականի մասին:
Իրանին վաճառվող զենիթային «C-300» համալիրների հարցին անդրադառնալով ՌԴ նախագահը երկար պատմում էր, թե ինչ զգույշ է գործում Ռուսաստանը զենքի վաճառքի դեպքում՝ «Մենք միշտ արտաքին շուկա զենքի արտահանման ժամանակ հաշվի ենք առնում իրավիճակը տարածաշրջանում», հետո պատմեց՝ ինչպես է կանխավճարը ստանալուց հետո բեկանվել մեծ գործարք արաբական երկրներից մեկի հետ, երբ փաստարկված առարկել է Իսրայելը: Եթե դա սկզբունք է, ինչո՞ւ այդ սկզբունքը չի գործում Հայաստանի համար, ինչո՞ւ հաշվի չի առնվում «իրավիճակը տարածաշրջանում», ինչո՞ւ են զենք վաճառում Ադրբեջանին, այն էլ՝ հարձակողական: Կամ՝ երբ ՈՒկրաինայի դեպքում ՌԴ նախագահը պնդում է, որ ՈՒկրաինան անկախ պետություն է, պետք է հարգել նրա սուվերենությունը, ինչո՞ւ նույն վերաբերմունքը չկա հետխորհրդային մյուս պետությունների նկատմամբ: ՈՒղիղ կապի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարց ուղղվեց՝ մենք չվրիպեցի՞նք պահը, երբ ՈՒկրաինան սկսեց անջատվել Ռուսաստանից: Հարցը տրվեց այն նկատառումով, որ նույնը կարող է կրկնվել Ղրղզստանում ու Հայաստանում, հետխորհրդային տարածքում, որտեղ չափազանց ակտիվ է Արևմուտքը: Պատասխանում նա հերքեց, որ Ռուսաստանը ՈՒկրաինայի անջատման պահը վրիպել է: Որևէ անջատում չի եղել: «ՈՒկրաինան անկախ պետություն է, և պետք է հարգանքով վերաբերվել այդ փաստին: Մենք ինքներս ենք անջատվել, երբ 90-ականի սկզբին ընդունեցինք Ռուսաստանի Դաշնության սուվերենության որոշումը: Մենք նրանց ազատեցինք մեզնից: Ինքներս, դա մեր որոշումն էր: ՈՒ եթե անջատվել ենք, պետք է հարգանքով վերաբերվենք նրանց անկախությանը»։ Հետո ՌԴ նախագահը ԵԱՏՄ-ի ստեղծման հուզիչ պատմություն ներկայացրեց, փաստորեն եվրասիական տնտեսական տարածքը Պուտինի համար դադարել է գերծրագիր ու գերխնդիր լինել՝ օվկիանոսից օվկիանոս, այլ դարձել է ընդամենը միջոց, «որ այդ երկրներում ապրող բոլոր մարդիկ սկսեն ավելի լավ ապրել, որ սահմանները բաց լինեն»: Պարզվեց՝ դա է ամենագլխավորը, ոչ թե «մեր ազդեցության ոլորտում պահելը»: ՌԴ նախագահը քանիցս կրկնեց՝ «Մենք չենք պատրաստվում կայսրությունը վերականգնել», իրականում, սակայն, գոնե Հայաստանի օրինակով ԵԱՏՄ-ի ստեղծման բոլորովին այլ պատմություն կա և այլ նպատակներ, «ազդեցության ոլորտում պահելու» այլ տարբերակ ու լծակներ: Նույն պատմությունն էր, երբ ՌԴ նախագահը պատասխանում էր՝ ի՞նչ պայմաններում կարող ենք նորմալացնել Արևմուտքի հետ հարաբերությունները հարցին: «Մենք Արևմուտքի հետ հարաբերությունները չենք փչացրել, մենք միշտ կողմ ենք բոլոր պետությունների հետ նորմալ հարաբերություններ ունենալուն՝ թե Արևմուտքում, թե Արևելքում: Նորմալ հարաբերությունների վերականգնման գլխավոր պայմանը հարգանքն է Ռուսաստանի ու նրա շահերի նկատմամբ: Որոշ խոշոր պետությունների, գերտերությունների, որ հավակնում են բացառիկության ու իրենց համարում են աշխարհում ուժի միակ կենտրոն, դաշնակիցներ պետք չեն, նրանց պետք են վասալներ»՝ ասաց Վլադիմիր Պուտինը և ճշտեց, որ խոսքն ԱՄՆ-ին է վերաբերում: Արդա՞ր էր նրա բողոքը, եթե այո, ինչո՞ւ Ռուսաստանը նույն՝ հարգանքի ու փոխզիջման վրա հիմնված հարաբերություններ չի ուզում ունենալ հետխորհրդային տարածքի երկրների հետ, թե՞ նրանք «դաշնակիցներ չեն, այլ՝ վասալներ»։ Տեսության ու իրական քաղաքականության այս հակասությունները, բնականաբար, որևէ հարցով ուղիղ կապի ժամանակ չարտահայտվեցին: ՈՒղիղ կապից հետո միայն՝ պատասխանելով լրագրողների հարցերին՝ ՌԴ նախագահն անդրադարձավ Հռոմի պապի՝ Սուրբ Պետրոս տաճարում պատարագի ժամանակ 1915-ի իրադարձությունները «ցեղասպանություն» անվանելուն և… խուսանավեց գնահատականից: «Ես չեմ ուզում խառնվել պապի ու Թուրքիայի բանավեճին: Պապն աշխարհում այնքան մեծ հեղինակություն ունի, որ միջոց կգտնի բացատրվելու մեր մոլորակի բոլոր մարդկանց հետ՝ անկախ նրանց կրոնական պատկանելությունից: Նա անկեղծ մարդ է և լավ գիտի նյութը՝ ինչի մասին խոսում է»՝ ասաց ՌԴ նախագահը, հետո ավելացրեց, որ չի տեսել վերջին հայտարարությունները, բայց վստահ է, որ Թուրքիայում կան խելացի և բավականաչափ ճկուն մարդիկ, որ հարցը լուծեն և, եթե պրոբլեմներ են ծագում, վերացնեն: Նա, իհարկե, անկեղծ չէր, լավ էլ տեղյակ էր Հռոմի պապի քարոզին, և իր նախորդ հարցերի պատասխաններում հենց պապին էր պատասխանում, որ չի կարելի նույն հարթության մեջ դնել նացիզմն ու ստալինիզմը: Ցեղասպանության թեմայից խուսափելը պատահական չէ: Ռուսական լրատվամիջոցները այս օրերին ցեղասպանությանն անդրադառնում են այնքանով, որքանով հարկադրված են հիշատակել Վատիկանում, Եվրախորհրդարանում, Անկարայում ու Երևանում տեղի ունեցողը: Ավելին՝ Անկարան ու Էրդողանը Ռուսաստանի բացարձակ պաշտպանության տակ են: Եղե՞լ է, չի՞ եղել ցեղասպանություն՝ չկա Մոսկվայի համար նման հարց, բայց կա Անկարային միջազգային մակարդակով «հանիրավի ներկայացվող մեղադրանք»: Եվ եթե սուբյեկտիվ եվրոպացիները քննադատվում են «հայերի ցեղասպանության» մեղադրանքը Անկարային ներկայացնելով՝ Թուրքիայի Հանրապետության վրա ստվեր գցելու, դեպի ԵՄ ճանապարհը խոչընդոտելու, տնտեսական ու քաղաքական առաջընթացը կանխելու մեջ, ԱՄՆ-ը ուղղակի քարկոծվում է, որ Բարաք Օբաման մինչև այսօր իր ուղերձներում «գենոցիդ» բառը չի ասել: Հայերիս համար սա գուցե տարօրինակ ու վիրավորական է, բայց Ռուսաստանի համար սովորական ու իրական քաղաքականություն է՝ ինչպե՞ս կարող են ինչ-որ հարցում ԵՄ-ը, ԱՄՆ-ը, ընդհանրապես Արևմուտքը ճիշտ լինել, եթե Ռուսաստանի հետ վատ հարաբերություններ ունեն, ինչպե՞ս կարող է Անկարան ինչ-որ հարցում սխալվել, եթե Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, եթե չի միացել Արևմուտքի պատժամիջոցներին, եթե «Թուրքական հոսք» են կառուցում ու ծրագրում են ապրանքաշրջանառությունը կրկնապատկել: Ինչո՞ւ է, ուրեմն, Պուտինը ապրիլի 24-ին գալու Երևան և ոչ թե Ստամբուլ է գնալու: Նախ՝ Երևան է գալու Ֆրանսուա Օլանդը, և հետո՝ Անկարային այդքան էլ պետք չէ այդ օրը Պուտինին ընդունելը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- ՈՒղիղ կապի ժամանակ ՌԴ նախագահը միանշանակ «ոչ» ասաց երկու հարցերի՝ «Չէի՞ք ցանկանա, որ Ձեզ կլոնավորեն» և «Չէի՞ք ցանկանա ապագայում դառնալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար»: Այսինքն՝ նախագահական երկրորդ ժամկետի Վլադիմիր Պուտինը գնալու է, եթե մինչև այդ երկիրը դիմանա: Իսկ ընդհանրապես մի քանի ժամ շարունակ Պուտինը համոզում էր հայրենակիցներին, որ եթե Ռուսաստանում կան խնդիրներ, ինքը մասը չէ այդ խնդիրների, այլ միակ մարդն է, որ կարող է լուծել խնդիրները:

Դիտվել է՝ 1340

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ