Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թոփրակը հող պիտի դառնա

Թոփրակը  հող պիտի դառնա
21.04.2015 | 00:37

«Հանգեք իմ որբեր, իզուր են հուզմունք, իզուր և անշահ»՝ Հովհաննես Թումանյանի 1915-ին գրված այս տողերը ինձ քանի օր է՝ հանգիստ չեն տալիս: Ամենայն Հայոց բանաստեղծի ձեռամբ հայոց «Հոգեհանգիստը» 100 տարի առաջ հասկանալի ու բացատրելի էր: «Մի՞թե վերջին պոետն եմ ես/Վերջին երգիչն իմ երկրի»՝ իր «յոթնապատիկ խոցված Տիրամայր» հայրենիքին էր դիմում Վահան Տերյանը: «Մեր կյանքի հիմներն անդունդը ընկան»՝ հաստատում էր Եղիշե Չարենցը: Սահմանի այն կողմում հեթանոս երգեր էր հնչեցնում Դանիել Վարուժանը՝ ջանալով արթնացնել «Ցեղին սիրտը»: Կոստան Զարյանը, Հակոբ Օշականը, Դանիել Վարուժանը «Մեհյան» գրական շարժում էին սկսել՝ հազարամյա արմատներին վերադարձի ու ազգային վերածննդի: Անկախ պետականության վերականգնման գաղափարը սավառնում էր օդում՝ «Շուռ է եկել ծանր քարը»՝ բանաձևում էր Հովհաննես Թումանյանը: Բալկանյան պատերազմները Օսմանյան կայսրությունը կրճատում էին՝ ի հաշիվ ազգային պետությունների, բայց նրանք իրենց շրջապատում ունեին նույնադավան Եվրոպա: Մեր վեց վիլայեթները Օսմանյան կայսրության գոյության հարյուրամյակներում բնակեցվել էին այլադավան քրդերով, թուրքերով, չերքեզներով: Մենք լավագույն դեպքում ունեինք բարենորոգումների ծրագիր, որը Եվրոպան այդպես էլ չպարտադրեց Օսմանյան կայսրությանը, որովհետև ինքը միասնական չէր, որովհետև երկու տարուց սկսվելու էր Առաջին համաշխարհային պատերազմը: ՈՒ մինչ հայոց աստվածները հայոց լեռներում քայլում էին բարկացած, ալլահը զորակոչում էր մարդասպանների ու ենիչարների իր բանակը: Բայց բախումը հիմքում չուներ կրոնական սկիզբ՝ օսմանները «գյավուրներին» սպանում էին ոչ իրենց Աստծո պատճառով, օսմաններին պետք էին «գյավուրների» հողը, տունը, գույքը, փողը: Գլխավորը հողն էր՝ թոփրակը, որի վրայից պետք է վերանային քրիստոնեության հազարամյա հուշարձանները ոչ այն պատճառով, որ ալլահը նեղանում էր, այլ այն պատճառով, որ երբևէ այլևս այդ տարածքներում հայ չպիտի լիներ: Թուրքական պետություն չէր կարող ստեղծվել՝ հենվելով այլադավանների վրա, որ ամեն պահ անկախություն էին ուզում: Թոփրակն էր թելադրում անելիքը: Այսօր էլ ցեղասպանության ժխտողականության հիմքում նույնն է՝ թոփրակը: Հողը, որի վրա հայրենիք է կառուցվում: Մարդկանց սխալներն ընդունելը հնարավոր է, հողի կորուստը՝ ոչ:
Մեր պայծառ ոգևորության մեջ գրեթե աննկատ մնաց, որ Եվրախորհրդարանը ցեղասպանությունը դատապարտող բանաձևում՝ Թուրքիային ու Հայաստանին հաշտության կոչելով՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրում է ակնկալում: Արձանագրություններ, որոնց վավերացման համար Անկարան նախապայմաններ դրեց, իսկ 2011-ին Երևանը սառեցրեց, այս տարի ՀՀ նախագահը ԱԺ-ից հետ կանչեց, բայց արձանագրությունների տակ կողմերից որևէ մեկը իր ստորագրությունը չի չեղարկել: Բացի պատմաբանների հանձնաժողովից, արձանագրություններում ամրագրվում է սահմանների փոխադարձ ճանաչումը: Պե՞տք է մեզ դա: Բնականաբար՝ ոչ: Դիվանագիտական հարաբերությունների պրակտիկայում բազմաթիվ դեպքեր կան, երբ պետությունները հարաբերվում են միմյանց հետ՝ առանց սահմանների փոխճանաչման: Եթե ի վերջո անդրադարձ է լինելու 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին՝ որպես փոխհարաբերություններ կառուցելու հիմք, անհրաժեշտ է արձանագրությունների վերախմբագրում՝ սահմանների փոխադարձ ճանաչման կետը հանելով: Այդ կետով մենք ոչ միայն ճանաչում ենք Թուրքիայի սահմանները՝ հաստատված Կարսի պայմանագրով, այլև Թուրքիան է ճանաչում մեր սահմանը՝ առանց Լեռնային Ղարաբաղի:

Եթե արձանագրությունները մեզ պետք են դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանի բացման համար, պետք է հստակեցվեն նաև սահմանային անցուդարձի պայմանները: Վա՞ղ է խոսել այս ամենի մասին: Գուցե, բայց պե՞տք է, չէ, հետևանք ունենան ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համաեվրոպական բանաձևերն ու Վատիկանի պատարագը: Պե՞տք է, չէ, բարոյական հաղթանակներից գործնական օգուտ ունենալ: Թուրքիան կարող է Վատիկանից հետ կանչել իր դեսպանին, բայց դեռ Եվրախորհրդարանի անդամ երկրներից որևէ դեսպանի հետ չի կանչել, որովհետև դա ինքնամեկուսացում է: Թուրքիան կարող է իրեն թույլ տալ առաջին դեմքերի մակարդակով հոխորտալ Հռոմի պապի վրա, բայց չի կարող դեմ դուրս գալ մեկ միլիարդից ավելի կաթոլիկ աշխարհին: Թուրքիան անգամ չի կարողանում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարությանն ապահովել Առաջին աշխարհամարտում դաշնակից Գերմանիայի նախագահի կամ կանցլերի մասնակցությունը, հիմա ի՞նչ, Էրդողանը պիտի անպատվի Գաուկի՞ն, Դավութօղլուն՝ Մերկելի՞ն: ՈՒ այդպես, ցուցակո՞վ: Աբսուրդ է, չէ՞: Խորհրդարանական ընտրություններից առաջ Անկարան շատ չի կարող երկար ճոճել իշխանական նավակը, առավել ևս, որ ըստ Սահմանադրության երկրի առաջին դեմքը վարչապետ Ահմեդ Դավութօղլուն է, իսկ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը իր վրա է վերցրել առաջնորդի քղամիդը՝ սահմանադրական փոփոխությունների ակնկալիքով, որ խորհրդարանականից նախագահական երկիր են դարձնելու Թուրքիան: Բայց ե՞րբ է փոխվելու Սահմանադրությունը, մի՞շտ է վարչապետը հնազանդվելու նախագահին՝ հակառակ գործող Սահմանադրության: Ներքաղաքական խնդիրները՝ ներքաղաքական, արտաքին քաղաքական խնդիրները Թուրքիայում միայն Հայոց ցեղասպանության ճանաչման հետ չեն կապվում: Կա Իրանը, որ պատժամիջոցներից ազատվելով՝ պատրաստվում է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական նոր դերի: Հարյուրամյակներով Պարսկական և Օսմանյան կայսրությունները մրցակցել են նախ միմյանց հետ, հետո նաև տարածաշրջանում այլ պետությունների վրա իրենց ներգործությունը տարածելու մեջ: Իրանի հետ մրցակցությունը էներգակիրների արտահանման մրցակցություն է, որտեղ Իրանը միանշանակ առաջատար է բնական պաշարներով, Թուրքիան՝ տրանզիտ երկրի դիրքով և տարբեր ալյանսներ կազմելու հնարավորություններով: Բացի Իրանից՝ Թուրքիայի համար դժվար մարտահրավեր է Իսլամական պետությունը: Մի կողմից` Թուրքիան ներկայանում է որպես ահաբեկչության դեմ պայքարող երկիր, մյուս կողմից՝ Անկարային մեղադրում են ԻՊ-ի ահաբեկիչների հետ կապերի մեջ: Թուրքիան արաբական գարնանից հետո հայտնվել է արաբական աշխարհի հետ փոխադարձ անհասկացողության մթնոլորտում՝ մի քանի տարում տրամագծորեն հակառակ ուղղությամբ զարգացան թուրք-սիրիական, թուրք-եգիպտական հարաբերությունները, խնդրահարույց են թուրք-իսրայելական հարաբերությունները: Հավելեք ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները, կապված ՆԱՏՕ-ի ռազմաբազաները օգտագործելու թուրքական արգելքի և այլ խնդիրների հետ: Թուրք-ռուսական մերձեցումը այս կտրվածքով չի կարող համարժեք փոխհատուցում լինել տարածաշրջանում ու աշխարհում նախկին դիրքերի կորստին: Թուրքիայի Հանրապետությունը հզոր պետություն է, ոմանց գնահատականով՝ ինքնաբավ, բայց գլոբալ աշխարհում, եթե նույնիսկ տնտեսապես հնարավոր է ինքնաբավ լինել, ինչպես ավատատիրական դարաշրջանում էր, քաղաքական ինքնաբավություն գոյություն չունի: ՈՒ Անկարան դա հիանալի հասկանում է: Անկարան նաև հիանալի հասկանում է, որ հայկական ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը Երևանի հզորության հետևանք չեն, հետևաբար, ապրիլի 24-ից հետո ալիքը կարող է չիջնել և որոշակի հանգրվան պահանջել հայ-թուրքական հարաբերություններում: ՈՒ դա է Անկարայի բուռն, անհաշտ, անհանդուրժող, հակադիվանագիտական ու հակաքաղաքակրթական արձագանքի բուն պատճառը: Եվ Էրդողանը, և Դավութօղլուն, և Չավուշօղլուն փորձում են հիմնավորել, որ Թուրքիան ոչինչ պարտք չէ ոչ հայերին, ոչ աշխարհին, ավելին՝ եթե հանկարծ ու փոխհատուցման հարց բարձրացվի, Անկարան արդեն իսկ ասպարեզ է նետել իրեն մեղադրող երկրների «մեղքերի» փաստարկը: Երբ անգլիացիների ճնշման տակ 1919-1921 թթ. Ստամբուլում երիտթուրքերի, «Միություն և առաջադիմություն» կուսակցության, «Թեշքիլաթը մահսուսե» գաղտնի կազմակերպության անդամների դատավարություններն էին ընթանում, երբ թուրքական դատարանը մահվան էր դատապարտում ցեղասպանության կազմակերպիչներին, կատարողներին ցմահ դատապարտում կամ Մալթա էր աքսորում, Անկարային հողային պահանջ ներկայացնելու առաջին կորսված պահն էր: Հայաստանի առաջին Հանրապետությունը չկարողացավ, երկրորդը ոչ միայն չցանկացավ, այլև կենդանություն տվեց Թուրքիայի Հանրապետությանը: Օսմանյան կայսրության փլուզումից հետո կործանված Ռուսական կայսրությունը դարձավ Թուրքիայի Հանրապետության փրկօղակը՝ Պետրոգրադրում իշխանության եկած բոլշևիկյան կուսակցությունը մեկը մյուսից հետո պայմանագրեր էր կնքում ու հանձնում Ռուսական կայսրության տարածքները «հեղափոխական թուրք ասկյարներին»՝ զրոյացնելով Առաջին համաշխարհային պատերազմում ռուսական բանակի հաղթանակները: Իսկ այդ ընթացքում ցեղասպանությունը շարունակվում էր Վանում, Էրզրումում, Կարսում: Հայաստանը կորցնում էր իր պատմական տարածքները ոչ միայն արևմտյան կողմում, այլև արևելյան: Մենք իրավացի մեղադրում ենք թուրքերին, նրանց դաշնակից գերմանացիներին, բայց լռելով լռում ենք ցեղասպանության մեջ ռուսների դերի մասին: Ինչպես նաև՝ հայկական քաղաքական կուսակցությունների, մասնավորապես ՀՅԴ-ի, որ 1908-ին օգնեց իշխանության գալ երիտթուրքերին, նրանց հրամանով զինաթափեց հայերին ու համառորեն հավատում էր երիտթուրքերին՝ նույնիսկ ցեղասպանությունը սկսվելուց հետո: Պատմությունն այն ուսուցիչն է, որ միշտ է ներկա-բացակա անում, և ոչինչ չի մոռանում, և ոչինչ չի ներում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ապրիլի 25-ին մենք արթնանալու ենք նույն երկրում, որտեղից արևոտ օրերին երևում է Արարատը, իսկ մշուշոտ օրերին անգամ Նիկոլայ Առաջինը, երբ Հայաստան էր եկել, բիբլիական լեռը չտեսավ և մխիթարվեց, որ Արարատն էլ իրեն չտեսավ: Մենք չենք կարող նրա նման մտածել՝ մենք մեր երկրում եկվոր ու անցվոր չենք: ՈՒ եթե 1919-1921 թթ. մենք չկարողացանք օգտագործել միջազգային բարենպաստ մթնոլորտը մեր պահանջատիրության համար, հիմա ստեղծվում է երկրորդ բարենպաստ հնարավորությունը՝ աշխարհին ընտելացնելու այն մտքին, որ հայկական հարցը լուծված չէ: Թուրքիան կմասնատվի, թե ոչ, Քրդական պետություն կստեղծվի, թե ոչ, հայկական հողերի հարցը փակված չէ: Առաջին համաշխարհայինում պարտված Թուրքիան թոփրակը պաշտպանեց թղթի վրա, մենք կորցրինք արյունով, ժամանակն է, որ գրվեն ուրիշ «Թղթեր», որտեղ հողը և տերը գտնեն իրար: Ես ազգայնական չեմ, ուտոպիստ չեմ, ես լավ հասկանում եմ Թուրքիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարբերությունները՝ ժողովրդագրական, տարածքային, տնտեսական, սոցիալական, ռազմական, քաղաքական, բոլոր «ականներով» հանդերձ, այնուամենայնիվ, ոչ Վահան Տերյանը դարձավ իր երկրի վերջին պոետը, ոչ Հովհաննես Թումանյանը իր շուրթերը անեծքով պղծեց, ոչ Եղիշե Չարենցը հանձնվեց Դանթեական դժոխքին, ոչ Դանել Վարուժանի Ցեղին սիրտը սպանվեց, ու քանի կան Հայաստանն ու հայը, հայկական հարցը ունենալու է իր օրակարգում՝ հազար Թուրքիա ու Ադրբեջան պնդեն հակառակը: Ազգային երազի իրականացման երկհազարամյա պատմություն ունեցող հրեաները աշխարհի որ անկյունում իրարից բաժանվեին, ասում էին՝ «Եկող տարի հանդիպենք Երուսաղեմում»: Հոլոքոստից հետո հրեաները ստեղծեցին Իսրայել ոչ այն պատճառով, որ իրենք շատ էին ուզում, աշխարհն էր արդեն համաձայն:

Դիտվել է՝ 1535

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ