Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Է՛ն, ինչ ինձ պատահեց, թշնամո՛ւս անգամ չպատահի»

«Է՛ն, ինչ ինձ պատահեց, թշնամո՛ւս անգամ չպատահի»
21.04.2015 | 10:57

-Ես աչքս բացել, եղեռնոտ աչք եմ տեսել,- Արուսյակ Սահակյանն է` բանագետ, բանահավաք, բանասիրական գիտությունների թեկնածու: Միասին Ծիծեռնակաբերդ ենք բարձրանում. ապուպապերի երկրի մասին զրուցելու ամենալավ վայրը Ծիծեռնակաբերդի ճանապարհն է:
Արուսյակի նախնիք մշեցի են, եղեռնից մազապուրծ եկել-հասել են Շիրակ` Երազգավորս գյուղում տնավորվել:
Գարեգին Սրվանձտյանցին ենք հիշում, ով հրաշալի բնութագիր է տվել մշեցիներին. «…Ասոնց բնակիչները ի՜նչպես կայտառ, ի՜նչպես զվարթադեմ մարդիկ են…»:
-Մուշը մշեցիների աչքերի մեջ եմ տեսել` Սրվանձտյանցի հետ «գնալով» Մուշ,- ասում է Արուսյակը,- հեռավոր երեկ հորթ են մորթել, կաշին օրերով կոկել, մագաղաթը ձեռքով են գրել-ծաղկել, մոտավոր երեկ ու այսօր Կոմիտաս ու Սրվանձտյանց հրատարակելու թուղթ չի ճարվի: Երեկն ու այսօրը միշտ էլ իրար հետ կռիվ են ունեցել: Հնի ու նորի, գնացողի ու եկողի մեջտեղում բախման ձայն կա, ձայնն էլ լսողի կարիքն ունի…
-Հիշո՞ւմ ես, Արուսյակ, Մուշից էի վերադարձել: Առավոտ ժամը 4-ին հասանք Երևան: Ժամ, պատարագ չնայեցի` զանգահարեցի: «Խե՞նթ ես,- ասացիր,- լուսումութին զանգում ես»: «Արուսյակ, ես քո Մուշը տեսա»: Ձայն չէիր հանում` լաց էիր լինում: Երկար տևեց դա: Հետո ասացիր. «Արի, աչքերդ տեսնեմ»:
-Բան է, թե երթամ Արևմտահայաստան, չեմ խոսի ոչ այնտեղ, ոչ այստեղ, երջանիկ կլինեմ, եթե հողը լայեղ անի, ինձ հետ խոսի: Անլեզու կռունկի պես կգնամ, հետ կգամ… ես իմ պապոնց տանը զբոսաշրջիկ չեմ:
Լավ գիտեմ Արուսյակին. նրա հետ զրուցելը հաճելի է ու հետաքրքիր, զրույցը հսկայական նյութ է, մանավանդ եթե թեման կորուսյալ երկիրն է ու արևմտահայ ժողովուրդը: Այդ օրը, Ծիծեռնակաբերդի ճանապարհին, ինձ թվաց, թե մեր այդ զրույցը ո՛չ սկիզբ ունի, ո՛չ վերջ, ո՛չ հիմնադրույթ, ո՛չ երկրորդական ելակետ: Այդպես կարող է զրուցել ինքն իր հետ ամեն հայ, զրուցել իր ողջ կյանքի ընթացքում: Զրուցել անկեղծ, անսեթևեթ, անկեցվածք, հոգու ու մտքի ինչ-որ անթեղված պրկումով:
Ես այն տպավորությունն ունեի, թե Արուսյակի մշեցի պապի ու տատի համար Երազգավորս գյուղի փոքրիկ բարձունքը նույն խորհուրդն ունի, ինչ Եղեռնի հուշարձանը Երևանում: Ամեն ճամփա տանում է դեպի մանկություն: Եվ հետո, չգիտես բախտի որ անհեթեթ լուծումով, դառնում է գաղթի ճամփա: Եվ ամեն բարձունքի հետ անհույս հայացքը Մշո դաշտ է որոնել: Մտովի ամեն ինչ կյանքի մանրամասների ճամփա է դառնում` մանկության ճամփեքից մինչև գաղթի ճամփեք: Բարձրաձայնված իմ այս մտորումին Արուսյակն արձագանքեց.
-Հայրս պատմում էր, որ մեր գյուղի մշեցիները՝ նախկին արտոնքցիները, 18-20-ականներին, գեհենից փրկված, գետնափոր տներ շինեցին, մտան մեջը և ամեն շաբաթ, առիթ-անառիթ արտոնքցի հանրահայտ զուռնահար Ավիկին փչել էին տալիս զուռնան, շուրջպար բռնում, մինչև լույս պարում: Կորուստը մեղմելու միակ ձևը և հզոր, առնական ոգու առհավատչյան: Ես էլ իմ տատ ու պապին գիտեմ որպես անընկճելի ֆիդայի: Երկուստեք տուն, մեծ գերդաստան, կին, ամուսին, զավակ կորցնելուց հետո նորից ամուսնացան, գաղթի դաժան ճանապարհներին նորից զուգավորվեցին, որ 19-ի ձմռանը, բաց երկնքի տակ և ձյան վրա ծնվի հայրս, որ գծվի մշեցիների նոր շառավիղ: Ազգի շարունակական գոյատևման զինվորագրյալ էր տատս, ուրեմն: Ես այդ առնական արգանդի ուժն ու ոգին, հավիտենական կյանքի լայն հայացքն եմ ցանկանում իմ նեղյալ ժողովրդին: Շատ դժվար, գրեթե անբնական բան է ապրել իր շինվածքը կազմող հող ու ջրից բաժան և մնալ կամ զարգանալ ներդաշնակ: Այնուամենայնիվ, պիտի ներդաշնակ ապրելու ուժ ու կարողություն ունենա իմ ժողովուրդը: Ճակատագրի երեկվա, այսօրվա պահանջը սա է:
-Եվ այն հիմնական պահանջը՝ ճանաչել Եղեռնի փաստը, ավելի շուտ ապագայում նման ոճրագործությունների կանխման միտում ունի:
-Անշուշտ: Եվ Աստված ո՛չ անի, որ որևէ ժողովրդի պատահի այն, ինչ մեզ պատահեց 1915-ին: Ես մարդասիրություն չեմ հայտնագործում, որ ասում եմ՝ Աստված չանի: Դա հայտնագործել ու հազարամյակներով կիրառել է հայ ժողովուրդը, երբ բանաձևված ասում է. «Է՛ն, ինչ ինձ պատահեց, թշնամո՛ւս անգամ չպատահի»: Ա՛յ, սա ողբերգականության իսկական զգացողություն է՝ թշնամուս չպատահի: ՈՒ հիմա, իմ ժողովրդի դարավոր հոգեբանության հետքը բռնած՝ մտածում եմ. այն ժողովուրդները, ովքեր մնացին մեր ողբերգության դիտորդի դերում, և ողբերգություն իրականացնող ժողովուրդն արդյո՞ք չունեն այն վախը, որ մի օր էլ իրենց հետ կպատահի նման մի բան: Այս վախը սնոտի սարսափ չէ, սա պետք է ընկած լինի ժողովուրդների համակեցության, պետությունների դիվանագիտական հարաբերությունների հիմքում:
-Երևի թե այդ վախը նրանց մոտ պիտի արթնանա խղճի թելադրանքով, որ գալու է գոնե ամեն տարվա ժողովրդի հոծ բազմությունը տեսնելով Ծիծեռնակաբերդի այս բարձունքում:
-Գոհանամ Աստծուն, որ այդքան շատ հայ` ծեր ու ջահել, մայր ու մանուկ, հոծ շարքերով ամեն ապրիլի 24-ին հոսում է դեպի Ծիծեռնակաբերդ: Այդ հոսքն ինձ անվերջ է թվում, միլիոններ են թվում հայերը՝ ի հեճուկս հայոց շարքերը նոսրացած տեսնելու դիվանագիտական գազանացանկության, ի հեճուկս իբրև սածիլ թողնված արևմտահայության: Ծիծեռնակաբերդն ինձ համար խորհրդանիշ-համալիր չէ, սա իմ նախնիների գերեզմանոցն է, իսկ գերեզմանոց գնալը շատ ծանր բան է, որքան էլ սուրբ ցանկություն ու պարտականություն, ողբերգականորեն ծանր է: Մեզ համար ավելի քաղցր, ավելի դառնակսկիծ, ավելի տարողունակ-կենսական գաղափար չկա, քան Հայաստան երկիրը: Այդ երջանկությունը, այդ կսկիծը, այդ գաղափարը հետներս վերցրած՝ որպես տոհմական ամենաթանկ ժառանգություն, որպես խորհրդանիշ, գնո՜ւմ ենք ու գնո՜ւմ Հայաստան երկրից: Օտար ափերին հիվանդանում ենք հայրենաբաղձությամբ: Իմանալով, որ մեր միակ դարմանը մեր երկրի տան պատերի քարերը համբուրելն է, էլի գնո՜ւմ ենք ու գնո՜ւմ Հայաստան երկրից: Բերանս չի բացվում ասեմ՝ ծաղիկ ենք առնում, որ ելնենք Ծիծեռնակաբերդ, և ոչ մի հայ ծաղկավաճառի մտքով չի անցնում այդ օրը ծաղիկն ավելի ցածր գնով վաճառել, չեմ ասում անվճար բաժանել:
-Քո տատը երբևէ Մշո դաշտի ծառ ու ծաղկից խոսո՞ւմ էր. ի՞նչ հրապույրներ է ունեցել այդ դաշտը:
-Տատիս պատմածները Մշո դաշտի ծառ ու ծաղկունքի մասին... մեզ անծանոթ անուններով, քաղցրահո՜ւնչ, հազա՜ր տեսակ: Երևի մանկամտորեն շատ էի զմայլվում Էրգրի մասին պատմածներով, և տատս ասում էր. «Շաքար էր, շան բերան էր»: Տատս ոչ մեկին վիրավորելու ցանկություն չուներ: Բանահավաքությանս ընթացքում ինձ հանդիպած արևմտահայ բոլոր ծերուկները աստվածավայել լայնախոհ էին, երբ խոսք էր լինում նրանց հարևանների մասին, ասում էին. «Ամեն ազգի մեջ լա՛վն էլ կա, վա՛տն էլ» և եզրափակում. «Երուսաղեմում էլ շուն կա»: Պարզապես տատս պատմական փաստն էր արձանագրում, որ իրենց հրաշք երկիրը, հրաշք էլ չլիներ, նրանց աչքին հրաշք պիտի երևար, երկրագնդի այդ ամենաքաղցր պատառը օտարի ձեռքին էր, օտարի բերանում. և՛ իրենցն էր, որպես հայրենի հող, և՛ իրենցը չէր, որպես պատկանելիք: Այս անհասկանալի, այս անտրամաբանական տրամաբանության թելադրանքն էր այդ ասացվածքը՝ «Շաքար՝ շան բերանում»: Երբ տատս ինձնից խնդրում էր Մշո դաշտի հողից բերել, նրա այդ ցանկությունը շատ բնական էր, ինչպես և իր հող-հայրենիի ընկալումը. մի ափ ծննդավայրի հող, որպես իր հողանյութ շինվածքի հողեղեն ավարտ:
-Արևմտահայության փրկված անհատներն այստեղ` իրենց Հայաստան երկրի մեկ այլ հատվածում, տուն ու տեղ էլ շինեցին, զավակ ու ժառանգ էլ ծնեցին, բայց մեռան Էրգրի կարոտով:
-Կարոտն անբաժան է: Փրկվածները սփռվեցին աշխարհով մեկ, ապահովեցին կենսական ապրելաձևի հիանալի պայմաններ, բայց Հայաստան երկիր կարճատև այցին միայն մեկ ափ հող են վերցնում հետները: Հոգեկան աններդաշնակ գոյության գիտակցումն է, վերջին հոգոց, կորցրած հայրենիի ծուխ ծխանիի անթեղված կսկիծ: ՈՒ տատիս հոգու ամենաբնական պահանջ-խնդիրքը դարձել է ինձ համար դաժան, անիրականանալի պատգամ:
-Դու մի անգամ առիթ ունեցար վրդովմունք ապրելու, երբ անգետի մեկն ուզեց, այսպես ասած, հանդիմանել քեզ, թե` «Գուցե բավական է, Արուսյակ, «Քելե, լաո» երգել: Հերիք չէր դա, դեռ ավելացրել էր. «Մեր երակներում հիմա ուրիշ արյուն պիտի հոսի»: ՈՒզում եմ հիշենք, թե սրան ի՞նչ պատասխան ես տվել:
-Եթե հարցնեի, թե ո՞րն է «այդ ուրիշ արյունը», չպիտի կարողանար բացատրել, և ես ասացի. «Երգի ուժով եկող արյունը դեպի Արցախ հոսեց, «Քելե լաո» երգով Մուշ չգնացինք, Արցախ գնացինք»: Ո՞րն է երեկվա արյունը, ո՞րն է այսօրվա արյունը: Ովքե՞ր, նախնյաց ծագումով ո՞ր տեղացիները գնացին ու կռվեցին Արցախի համար։
-«Նարոյի» միջոցով ժողովրդի երգը երգելով, արդյո՞ք փորձում էիք սփոփել Էրգրի կարոտով ապրած ու ապրող մարդկանց:
-Հային հատուկ գեղեցիկ շրջանակի մեջ դրեցիր իմ մի պտղունց գործը: Երբևէ այդպես չեմ մտածել. ինչպես կա ենթագիտակցություն, այնպես էլ, երևի, կա ենթահոգի, որ զգում է, բայց որը հստակ գիտակցություն չի դառնում: Ես բանահավաք էի, բանագետ, ես չէի ուզում, որ այդ երգերը մնան լռած ժառանգություն, ես չէի կարող չգիտակցել նաև դրանց փոխանցման արժեքը: Ես նկատում էի նաև, որ մեր տարեց սերունդը, իմ ծերուկները, ում հետ զրուցել եմ որպես բանահավաք, մեզնից մի քիչ նեղացած էին, մեզ հետ մի քիչ խռով էին ապրում:
-Մի՞թե վախ ունեին կամ ունեն, թե իրենց ունեցած ժառանգությունը չի փոխանցվի հաջորդող սերունդներին:
-Ո՛չ, համոզված էին, որ կփոխանցվի, վստահ էին ծագումնաբանական օրենքների ուժին, գիտեին, որ ինչպես թոռան աչք ու հոնքն է նման պապի աչք ու հոնքին, այնպես էլ թոռը մի օր պապի աչքով պիտի նայի աշխարհին: Հայրիկս նկատել է, որ պապս ամեն առավոտ շատ վաղ արթնացել է, որ գնա գոմ, անասուններին կեր տա: Եվ գոմում, անլեզու անասունների կողքին, կիսաձայն երգել է իր հետ բերած երգերը: Հայրս, մանուկ, պապիցս առաջ գնացել է գոմ, պառկել է մսուրի մեջ, խոտով ծածկվել, որ լսի իր հոր երգերը: Այդպես է սովորել: Մի քանի երգի բառերը, երգատները կիսատ գիտեր. երգարաններից հանում էի երգի լրիվ բառերը, տալիս հայրիկիս, երեխայի պես ուրախանում էր, օրերով հենց այդ երգերն էր երգում, և երգը նորոգվում էր: Ժամանակի մասին եմ ասում, ո՛չ անհատի. ժամանակը, եթե անգամ մոլորեցնող քամի է փչում, լռում է, երբ ծագումնաբանությունն է ուզում խոսել:
-70-80-ականներին ազգային ժառանգության մասին Ձեր հաղորդումները, հոդվածները իր ժամանակի համար բավականին համարձակ էին. ես այդ ժամանակների արգելքները լավ գիտեմ: Այն օրերին մասնագե՞տն էր Ձեր մեջ խոսում, թե՞ մշեցին:
-Խոսում էր մշեցին, հսկում էր մասնագետը: Արգելքներն անհեթեթ էին` եկեղեցու նկար չպիտի ցույց տայի, 1915 թիվ, եղեռն բառերը չպիտի ասեի, ես պիտի Բարձր Հայքի ու Բագրատունյաց թագավորական հարստության մասին խոսեի, էկրանը պիտի ձևավորեին տրեխով, կուժ ու կուլայով. կարծես մեզ վայել չէր, գոնե պատմականորեն, թագավոր ու թագավորական ծիրանի, վայել էր, որ դիվանագիտորեն շրջանցեինք Եղեռնի փաստն անգամ:
Այդ տարիներին ես մի ուրիշ տեղ համարձակ գտնվեցի. համարձակվեցի զանց առնել իմ ձայն չունենալու փաստը և երգել պապենական երգերը, որ հավաքել էի ժողովրդից: Երգել, սովորեցնել այլոց, ջահելների ձայնով լսել ծերուկներիս երգերը, հաշտ պահել խռոված երեկն ու այսօրը: Երկրորդ խնդիրն էլ ունեի. մեծ մասամբ հայրիկիս հետ էի երգում և երգում էի իբրև ֆոլկլորիկ ձայն ու երգեցողություն:
-Հայրենիքի զգացողություն. սա ինչպե՞ս ես բացատրում:
-Հայրենին գոյաձև՛ է և ոչ պետական սահմանների մեջ շնչահեղձ հողակտոր: Ամենօրյա գոյաձև և ոչ էլ վեհ գաղափար միայն կամ խորհրդանիշ. «Էրգիր» բառը դարձել է կորցրած Արևմտահայաստանի խորհրդանիշ: Բայց Էրգիր տեսած ամեն մի արևմտահայի համար դա ոչ թե խորհրդանիշ էր, այլ վերջին շունչ, վերջին հոգոց. «Ա՜խ, Էրգիր»: Ամեն արևմտահայի հետ ամեն հանդիպման ընթացքում վեր էր խոյանում մի հզոր ազգային կերտվածք. ո՛չ մի անգամ բերան չբացեց և չպատմեց, թե իր ո՛ր հարազատին որտեղ և ինչպես կորցրեց, ասում էր՝ «Ա՜խ, Էրգիր, կորավ մըր վրեն»: Էրգիրը և՛ հարազատ էր, և՛ ժառանգ՝ ծնված ու չծնված, շեն տուն, օջախ, կայք, կարողություն, ոգի, կյանք, ամե՛ն, ամե՛ն ինչ: Անպարագիծ ու հստակ իմաստ միաժամանակ՝ հող հայրենի, ջուր կենարար:
-Ամեն մեկս էլ հիշատակի խնկարկումի մի եղանակ ունի:
-Հասկացա ասածիդ իմաստը, որ հարց չէ, բայց հարցի ձևով է ասվում: Ես, օրինակ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում շատ կուզենայի մի քարի կտոր գտնել, այդ քարի կտորի վրա մեր տոհմի` Սահակ պապիս ու մյուս նահատակների անունները շոշափել: Սա ի՛մը, միայն ի՛մը ունենալու, շոշափելու անձնապաստան սին ցանկություն չէ... Սա այն է, երբ ամեն մարդ իր ցավի հետ հաշտ ապրելու իր ձևն է գտնում, վշտի հետ համակերպվելու իր ձևը, և միայն մեկ նպատակով, որ իր վիշտը չավելացնի աշխարհի վշտին: Սա մարդասիրություն է և ո՛չ անձնասիրություն: Եղեռնի հուշահամալիրը կա, բայց ամեն մի արևմտահայ եղեռնական այս վերհուշի հետ հաշտ ապրելու ի՛ր ձևն է գտնում. մեկն իր գյուղում տուն է կառուցում՝ Գևորգ Չավուշի բարձրաքանդակով, մյուսը որդու անունը դնում է Անդրանիկ, թոռան անունը՝ Արաբո: Հայրս իր հոգու պարտքն էր համարում մեր ընտանեկան գերեզմանատան անկյունում իրար վրա հավաքել անտաշ քարեր, վրան դնել անտաշ ժայռաբեկոր՝ ի հիշատակ Մշո դաշտի Արտոնք գյուղի բոլոր նահատակների...
...Արուսյակի հետ մեր այս զրույցն ավարտ չունի, շարունակություն ունի՝ երբեմն հեռախոսազրույցով, երբեմն հեռուստաէկրանից կամ ռադիոյի եթերից: Այս զրույցը բոլորի հետ կա, այս թեման ամեն հայի մտորումն է, ցավի, ափսոսանքի բարձրաձայնումը:


Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 156932

Մեկնաբանություններ