Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Նրանք կրեցին ցանկացած տանջանք միայն այն պատճառով, որ ուզում էին ապրել հայրենիքում»

«Նրանք կրեցին ցանկացած տանջանք միայն այն պատճառով, որ ուզում էին ապրել հայրենիքում»
21.04.2015 | 11:07

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված ներկայացումների տասնօրյակ է:
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, ՊՀԹ-ի գեղարվեստական ղեկավար ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ վերականգնել են Ռիչարդ Կալինովսկու «Հրեշը Լուսնի վրա» ներկայացումը: Նյու Յորքից բոլորովին վերջերս հրավիրել են Վարդան Հովհաննիսյանին, որը բեմադրել է Ադրիանա Սևան Նիքոլսի «Գիշեր Երզնկայի վրա» պիեսը: Տասնօրյակը կեզրափակի Անուշ Ասլիբեկյան-Արծրունու «Մերսեդես» պիեսը: Առաջնախաղը տեղի կունենա մայիսի 1-ին: Բեմադրիչն է Հակոբ Ղազանչյանը, ով գլխավոր դերի համար Միացյալ Նահանգներից հրավիրել է հայազգի դերասանուհի Նորա Արմանիին:

-«Մերսեդեսը» ներկայացնում է 20-րդ դարի մեր պատմության կարևոր կողմերից մեկը, որին քիչ են անդրադարձել գրողները: Խոսքը ցեղասպանությունից մազապուրծ մարդկանց զավակների մասին է,- ասաց Հակոբ Ղազանչյանը:- Աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցներն ամեն ինչ անում էին, որ իրենց երեխաները օտարության մեջ մեծանան որպես հայ մարդ, պահպանեն լեզուն, հիշեն իրենց պատմությունը: Դա էր պատճառը, որ շատերը ցանկություն հայտնեցին ապրելու Հայաստանում: Այդ մարդկանցից մեկի մասին է Անուշ Ասլիբեկյան-Արծրունու պիեսը: Այդ ճակատագրերը քիչ են ուսումնասիրված և ներկայացված մեր գրականության մեջ: Մարդիկ պայծառ երազներով եկան հայրենիք, տոգորված հայրենիքի սիրով, վառ երազներով փորձեցին նոր կյանք սկսել, բայց հանդիպեցին ստալինյան ռեպրեսիային: Նրանց ճակատագրերն աղճատվեցին, դուրս եկան բնական հունից: Նրանք կրեցին ցանկացած տանջանք միայն այն պատճառով, որ ուզում էին ապրել հայրենիքում: Այդպիսին էր նաև իմ տատի ու պապի ճակատագիրը: Հայրս մեկ տարեկան է եղել, երբ պապիս 17 տարով աքսորել են Սիբիր։ Կարդում էի պիեսը և ինձ թվում էր` դա նրանց պատմությունն է: Պիեսում հետաքրքիր է նաև ժամանակաշրջանների փոփոխությունը: Հերոսուհին աղջնակի տարիքում հայտնվում է Հայաստանում, անցնում է ստալինյան շրջանից մինչև գորբաչովյան «պերեստրոյկան»: «Մերսեդեսը» ինձ հետաքրքիր թվաց նաև թատերային առումով, որովհետև առնչվում է նաև մեր սերնդի ապրած ժամանակաշրջանին: Ինչո՞ւ ոչ, ես մասամբ ներկայացնում եմ նաև մեր սերնդի պատմությունը:

-Կա՞ հետաքրքրություն պատանի հանդիսատեսի շրջանում:
-Պատանի հանդիսատեսը մեծ ուշադրությամբ է դիտում դրանք: Ասեմ, որ բավականին ակտիվ համագործակցություն է սկսվել դպրոցների հետ: Դպրոցների տնօրենները, ուսուցիչները զանգահարում են, խնդրում, որ ցուցադրենք Ցեղասպանությանը նվիրված բեմադրություններ, թեև մենք դրանց անդրադառնում ենք ոչ միայն Ցեղասպանության մեկդարյա տարելիցի միջոցառումների շրջանակում, այլև մեր ընթացիկ խաղացանկում:
-Դրսում ներկայացվելո՞ւ են Եղեռնին նվիրված ներկայացումները:
-«Հրեշը Լուսնի վրա» ներկայացումը կցուցադրվի Լեհաստանում՝ այդ երկրի մշակույթի նախարարության հրավերով և մեր դեսպան Էդգար Ղազարյանի միջնորդությամբ: «Մերսեդեսը» նույնպես արտերկրում կներկայացնենք: Նպատակ ունենք նաև մարզեր տանելու դրանք: Ոչ միայն այն պատճառով, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցն է, Եղեռնին նվիրված ներկայացումներն ինքնին շատ հետաքրքիր են, կարելի է ասել` մեր թատրոնների հաջողված ներկայացումներից են:


-Կինոդիտումներ, երաժշտական ծրագրեր են կազմակերպվում մարզերում, սահմանամերձ գյուղերում: Թատրոնն անմա՞սն է մնում այդ ծրագրերից:
-Մեր թատրոնները հանդես են գալիս մարզերում սեփական նախաձեռնությամբ: Նպատակ ունենք Սյունիքում թատերական փառատոն անցկացնելու: Վայքում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված փառատոն ենք անցկացրել: Մասնակցեցին այն թատրոնները, որոնք իրենց խաղացանկում ունեին թեմային առնչվող ներկայացումներ: Չեք պատկերացնի, թե ինչ շնորհակալություններ էինք ստանում: Կարոտ կա, ցանկություն, և միլիոնների հետ կապված խնդիր չէ, կարելի է պետական ծրագիր մշակել և թատերական միջոցառումներ կազմակերպել հատկապես այն մարզերում, որտեղ չկա թատրոն: Կինոդիտումներ կազմակերպելն ավելի հեշտ է, քան թատերական բեմադրություն ներկայացնելը: Պետք է ձևավորում, լուսավորության տեխնիկա տանել, գոնե նվազագույն պայմաններ ապահովել, որովհետև մարզերում ամայի վիճակ է: «Խալտուրա» անելով հենց այնպես գնալ-ներկայանալը անթույլատրելի է: Կրկնում եմ` պետական ծրագիր է պետք և տեղի իշխանությունների ցանկությունը:


Զրույցը՝
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1331

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ