Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Եվրոպան խաղում է ֆուտբոլ

Եվրոպան խաղում է ֆուտբոլ
21.04.2015 | 11:18

Ներքին առաջնությունում «Բավարիան» փորձեց մաքրել Չեմպիոնների լիգայում կրած պարտության ամոթի մուրը, իսպանական եռյակը կարծես իրար մեջ վերջնականապես որոշել է ամեն ինչ, «Չելսին» չափազանց սկզբունքային պայքարում «կոտրեց» «Մանչեստր Յունայթեդին» ու չեմպիոնության համար պայքարում դժվար թե որևէ մեկի նկատմամբ զիջող լինի, սկուդետոյում բացարձակապես պրոբլեմ չունի «Յուվենտուսը», իսկ ֆրանսիական դիվիզիոնում կենացները գնալով քաղցրանում են:

ԱՆԳԼԻԱ
Կարևոր հաղթանակ տարավ «Չելսին»` դժվարագույն պայքարում նվազագույն հաշվով առավելության հասնելով «Մանչեստր Յունայթեդի» նկատմամբ և ունեցած միավորների թիվը հասցրեց 76-ի: Այս հաղթանակից հետո Մոուրինյոյի սաները երկրորդ հորիզոնականում գտնվող Արսեն Վենգերի «Արսենալից» առաջ են արդեն տասը միավորով, ինչն ավարտին մոտեցող առաջնությունում չեմպիոնության համար մրցակցությունում գործնականում անհաղթահարելի բան է դառնում:
Հաղթանակն այս, ի դեպ, հավասարապես ձեռնտու էր ինչպես այդ օրը երկրի գավաթի կիսաեզրափակչում «Ռիդինգի» հետ մրցած «Արսենալին» (մեկ միավորով առաջ է «Մանչեստր Յունայթեդից»` գումարած պահուստում ունեցած խաղը), այնպես էլ մեկ օր ուշ առաջնությունում մրցելույթ ունեցող «Մանչեստր Սիթիին», որը հյուր ժամանող «Վեստ Հեմին» հաղթելու դեպքում հավաքում էր 64 միավոր ու տեղակայվում «Յունայթեդից» մեկ աստիճանի հեռավորության վրա` ստանալով մեդալների համար պայքարին նորից մասնակից դառնալու հնարավորություն: Շտապենք ասել, որ «քաղաքաբնակներին» հաջողվեց լուծել խնդիրը` 2:0: Ինչ վերաբերում է «Ռիդինգին» հյուր գնացած «Արսենալին», զինագործները դժվարին հաղթանակի հասան: Պահանջվեց հավելյալ ժամանակ, քանի որ հիմնականն ավարտվել էր 1:1: «Արսենալի» երկու գոլերի հեղինակն էլ Ալեքսիս Սանչեսն է, ով ընթացիկ մրցաշրջանում Բարսելոնից Լոնդոն տեղափոխվելուց հետո բացառիկ արդյունավետ ու բովանդակալից խաղ է ցուցադրում:
Նշենք, որ գավաթային մյուս խաղում հանդիպեցին «Աստոն Վիլան» ու «Լիվերպուլը»: Մերսիսայդցիները հանդիպումը սկսեցին հաջող ու երկար ժամանակ հաղթում էին 1:0 հաշվով, սակայն մրցակիցը ժամանակին սթափվեց ու, որպես արդյունք, հաղթանակ 2:1 հաշվով: Այնպես որ գավաթի եզրափակչում «Լիվերպուլը» չի լինի:

ԻՍՊԱՆԻԱ
32-րդ տուրը հաղթական եղավ առաջատար եռյակի համար: Հանդիպումներից թերևս ամենածանրը «Բարսելոն»-«Վալենսիա» դիմակայությունն էր, ու շատերն էին սպասում, որ մեդալային հավակնություններ ունեցող հյուրերն առաջատարին կստիպեն ընկրկել: Սակայն միսիան եղավ անհաղթահարելի: Վալենսիացիներին պարտության մատնելով երկու անպատասխան գնդակի առավելությամբ` կատալոնցիները ոչ միայն պահպանեցին «Ռեալից» ունեցած երկու միավորի պոկվածությունը, այլև «Աթլետիկոյին» օգնեցին ավելի վստահ զգալու բրոնզի համար պայքարում, քանի որ «Վալենսիան» արդեն հետ է չորս միավորով: 76 միավոր ունեցող «Ռեալը» սեփական հարկի տակ պարտության է մատնել «Մալագային»` 3:1, արքայականից յոթ միավորով հետ մնացող «Աթլետիկոն»` «Դեպորտիվոյին»` 2։1:

ԳԵՐՄԱՆԻԱ
«Բավարիան» ևս մեկ քայլ կատարեց դեպի չեմպիոնություն, որը, սթափ լինենք, արդեն իսկ կայացած փաստ է: Մյունխենցիները հերթական երեք միավորը վաստակեցին «Հոֆենհայմի» հետ մրցակցությունում` 2։0: Նրանց ակտիվում է 73 միավոր: Նույն օրը անչափ կարևոր հաղթանակ տարավ «Բայերը»` սեփական հարկի տակ 4:0 հաշվով առավելության հասնելով «Հանովերի» նկատմամբ ու 54 միավորով տեղափոխվելով երրորդ հորիզոնական, քանի որ նախօրեին Մյոնխենգլադբախի «Բորուսիան» Ֆրանկֆուրտում միավորներ կորցրեց «Այնտրախտի» հետ խաղում` բավարարվելով գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով: Մյոնխենգլադբախցիները նույնպես ունեն 54 միավոր:
«Վոլֆսբուրգ»-«Շալկե» մրցակցությունում հյուրերը կարողացան միավոր կորզել տանտերերից, սակայն «գայլերը» շարունակում են մնալ երկրորդ հորիզոնականում, քանի որ ընթացքում ստեղծել են միավորների բավական զգալի պաշար: «Վոլֆսբուրգն» ունի 61 միավոր:
Տուրը հաղթական եղավ «Պադերբոռնին» ընդունած Բորուսիայի «Դորտմունդի» համար: ՈՒրախալի է, որ դորտմունդցիների խփած երեք գոլերի մեջ էական մասնակցություն ունեցավ Հենրիխ Մխիթարյանը` դառնալով թե՛ գոլի, թե՛ գոլային փոխանցման հեղինակ: Հատկապես առաջինն էր շատ կարևոր, որովհետև մեր մարզիկն այս տարի էապես վատ է հանդես գալիս ու մինչ այժմ մեկ գոլ ուներ հեղինակած: Դե ինչ, հուսանք, որ սառույցը շարժվեց:


ԻՏԱԼԻԱ
2:0 հաշվով հաղթանակ տանելով 58 միավորով երկրորդ հորիզոնականում ընթացող «Լացիոյի» նկատմամբ` «Յուվենտուսն» ավելի ամրապնդեց առանց այն էլ ամուր դիրքերը` միավորների թիվը հասցնելով 73-ի: «Լացիոյի» այս պարտությունն ավելի քան տեղին կարող էր լինել «Ռոմայի» համար, որն ինչ-որ փուլից զիջել է երկրորդի իր դիրքերն ու հուսահատ փորձեր է անում երրորդ սանդղակից առաջաքայլ կատարելու համար: Շտապենք ասել, որ հերթական փորձն էլ հաջողությամբ չպսակվեց: «Ատալանտայի» հետ մրցակցությունում առավելագույնը, որ ստացվեց, միավոր վաստակելն էր: Ի դեպ, երկու թիմերն էլ դարպասները գրավել են տասնմեկմետրանոցներից: Իտալական «գայլերը» դարձյալ երրորդ հորիզոնականում են, քանի որ միավորներով ընդամենը կարողացան հավասարվել «Լացիոյին»:

ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնում շարունակում է վայրիվերումներով հանդես գալ «Մարսելը»: Այս անգամ այն «շռայլ» գտնվեց «Նանտի» նկատմամբ` հյուրընկալվելիս պարտություն կրելով 0։2 հաշվով: Այս սայթաքումից իսկույն օգտվեց Չեմպիոնների լիգայում հաճելիորեն զարմացնող «Մոնակոն»: Երրորդ հորիզոնական բարձրանալուն նրան միանգամայն բավարարեց «Ռենի» հետ սեփական հարկի տակ խաղացած ոչ-ոքին` 1:1: Մոնեգասկներն ունեն 59 միավոր ու մարսելցիներից առաջ են երկու միավորով:
Լարված մրցակցություն ծավալվեց «Լիոն»-«Սենտ Էտիեն» դիմակայությունում: Հաղթանակն առաջինին հնարավորություն կտար բարձրանալու առաջին հորիզոնական, սակայն հյուրերն էլ իրենց ամբիցիաներն ունեին ու կարողացան խաղը հասցնել խաղաղ հանգրվանի` չնայած հանդիպման ժամանակ արձանագրված դարպասի գրավման չորս փոթորկումներին: Նկատենք, որ ոչ-ոքին էլ «Լիոնին» հնարավորություն տվեց 65 միավորով հայտնվելու առաջին հորիզոնականում, սակայն նույնքան միավոր ունեցող «Պարի Սեն Ժերմենը» մեկ խաղ պակաս է անցկացրել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 762

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ