Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կբեմականացվի «Առաջին սիրո երգը» ֆիլմը

Կբեմականացվի «Առաջին սիրո երգը» ֆիլմը
22.04.2015 | 00:04

«Խորապես ներողություն խնդրելով` մի խոստովանություն անեմ. միայն մի տեղ կա` որ սպանեն, սուտ չեմ ասի` թատրոնն է: Թատրոնն ամեն ինչ է` մեկ դաժան ու սոսկալի, մեկ` տոն»,- ասում է Խորեն Աբրահամյանը: Այս տարի անվանի դերասանը կլիներ 85 տարեկան:

«Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար ՄԽԻԹԱՐ ՄՈՍ-ՄՈՒՇԵՂՅԱՆԸ մեզ հետ զրույցում պատմեց Խորեն Աբրահամյան-ուսուցչի մասին, նշելով, որ դժվար է առանձնացնել Խորեն Աբրահամյան դերասանին, ուսուցչին, մարդուն. «Շատ խիստ էր, պահանջկոտ, ու համոզված էր, որ իր սաների միջոցով իրեն դեռ կհիշեն: Սիրում էր կրկնել` եթե ես չլինեմ, դուք ժամանակի ընթացքում կանհետանաք, եթե դուք չլինեք, ես կանհետանամ»:
«Յանուս»-ի գեղարվեստական ղեկավարը մի դրվագ հիշեց: Խորեն Աբրահամյանը շնչակտուր մոտենում է ուսանողներին ու ասում` տղաներ, ծխախոտ տվեք, թողել եմ մեքենայիս մեջ: Դասախոսին ակամա ծխախոտ են մեկնում` մոռանալով, որ նրանից թաքուն են ծխում: «Մի անգամ հարցրել էր` ծխո՞ւմ եք, չէինք խոստովանել, ու ձևը գտավ,- ասաց զրուցակիցս ու հավելեց, որ նրա բացակայությունը շատ նկատելի է:- Երբ նա կար, մենք վստահ էինք, որ եթե մասնագիտական, անձնական որևէ խնդիր ունենանք, անպայման կօգնի մեզ: Իր մարդկային տեսակն այդպիսին էր: Եթե ինչ-որ մեկը խնդիր ուներ ու ինքը տեղյակ էր, կարող էր օրը հազար անգամ զանգել-հարցնել` լուծվե՞ց խնդիրը: Դասախոս-ուսանող հարաբերության մեջ պարտադիր չէ, որ դասախոսը հետաքրքրվի ուսանողի անձնական կյանքով: Ինքն այդպիսին էր»:
Մխիթար Մոս-Մուշեղյանը տեղեկացրեց նաև անավարտ մնացած նախագծի մասին: Նրա խոսքով` Խորեն Աբրահամյանն իր օգնականին` դրամատուրգ Գևորգ Սարգսյանին պատվիրել է պիես գրել: Դա պետք է լիներ «Առաջին սիրո երգը» հանրահայտ ֆիլմի բեմականացումը: Արսեն Վարունցի անկրկնելի դերասանն այս անգամ մարմնավորելու էր հոր կերպարը, որ ժամանակին ֆիլմային տարբերակում խաղացել է Հրաչյա Ներսիսյանը: Արսեն Վարունցի դերը առաջարկվելու էր Արամոյին: «Պիեսը պատրաստ էր, նախապատրաստական փուլ էր ընթանում, ցավոք չհասցրին: Կյանքից հեռացավ արտիստը»,-ասաց Մխիթար Մոս-Մուշեղյանը, նշելով, որ Գևորգ Սարգսյանից թույլտվություն է խնդրելու պիեսը բեմադրելու: Ներկայացումը կնվիրվի Խորեն Աբրահամյանի 85-ամյակին:
Տեղին է հիշատակել Խորեն Աբրահամյանի մտորումները թատրոնի մասին. «Ես հաջողություններ ունեցել եմ, անհաջողություններ` ինչքան ասես, բայց երբեք թատրոնն ինձ չի թողել»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2426

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ