Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կարևորը մենք ենք ու Ավստրիան

Կարևորը մենք ենք ու Ավստրիան
22.04.2015 | 20:03

Հրանտ Մաթևոսյանը գիտեր խոսքի արժեքը, որ ասում էր՝ կարևորը մենք ենք ու Ավստրիան: Ավստրիայի Ազգային խորհուրդը այսօր առավոտյան ընդունել է խորհրդարանի բոլոր վեց խմբակցությունների հավանությանն արժանացած հայտարարություն Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ազգային խորհրդի նախագահ Դորիս Բյուրեսը հրապարակել է հայտարարությունը, ավստրիացի խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Վիեննայի այս քայլն իրապես անակնկալ էր, մինչև այժմ Ավստրիան համարում էր, որ զանգվածային սպանությունները կատարվել էին 1948 թ. ՄԱԿ-ի Կոնվենցիայի ընդունումից առաջ։ Դա, իհարկե, պատրվակ էր, և դիրքորոշման փոփոխություն է եղել: Փոփոխություն, որ հատկապես կարևոր է՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ավստրո-Հունգարիան եղել է Թուրքիայի դաշնակիցը և Ազգային խորհրդի վեց խմբակցությունների ներկայացրած համատեղ հայտարարության մեջ արձանագրված է նաև այդ իրողությունը. «Ելնելով պատմական պատասխանատվությունից (Ավստրո-Հունգարական միապետությունը Առաջին աշխարհամարտում դաշնակցում էր Օսմանյան կայսրության հետ) մեր պարտականությունն է այս սարսափելի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչել և դատապարտել: Նույնպես և Թուրքիայի պարտականությունն է անկեղծորեն առերեսվել իր անցյալի մութ ու ցավալի դրվագի հետ և Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործված հանցագործությունը որպես ցեղասպանություն ճանաչել»: Հունգարիան, օրինակ, նման ցանկություն չունի և դատելով Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին մասնակցելու փաստից՝ չի էլ ունենալու: Ավստրիացիները նշում են, որ հայտարարության ընդունման խթան է եղել 2015-ի ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած Թուրքիայի և Հայաստանի հաշտեցման վերաբերյալ բանաձևը: Նրանք հարգել են բռնության, սպանդի և տեղահանության ենթարկվածների հիշատակը՝ Օսմանյան կայսրության հպատակ տասնյակ հազարավոր այլ քրիստոնեական ժողովուրդների խմբերին, այդ թվում՝ արամեացիներին, ասորիներին, քաղդեացիներին և Պոնտոսի հույներին:

Թերևս ավստրիացիներն առաջինն են, որ ցեղասպանությունը դատապարտող հայտարարության մեջ հղում են արել ազատ աշխարհի արժեքներին, որոնք պետք է պաշտպանել ողջ աշխարհում մարդկության դեմ իրագործվող բռնարարքներից ու հալածանքներից: Ֆրանցիսկոս պապը հայերի ցեղասպանությունը որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» որակելիս՝ հստակորեն ի ցույց դրեց հիշողության մշակույթի անհրաժեշտությունը՝ դա ևս Ավստրիայի խորհրդարանն արձանագրել է՝ շեշտելով, որ ազատության, խաղաղության և մարդու իրավունքների հանդեպ անբեկանելի արժեքների գիտակցությունն անբաժանելիորեն շաղկապված է բռնության, հալածանքների, տեղահանությունների և զանգվածային սպանդի զոհերի հիշատակին ըստ արժանվույն հարգանքի տուրք մատուցելու հետ:
Ինչո՞ւ Բարաք Օբաման հրաժարվեց ազատ աշխարհի արժեքների պաշտպանությունից: Հակառակ նախագահի թեկնածուի իր խոստումների, հակառակ, որ, բացի 100-ամյակից, այս տարի ի վերջին հնարավորությունն էր՝ իբրև ԱՄՆ-ի նախագահ դատապարտելու գենոցիդը, հակառակ նույնիսկ կուսակից Հիլարի Քլինթոնի համար ԱՄՆ-ի հայ համայնքի աջակցությունն ապահովելու անհրաժեշտության: ԱՄՆ-ի նախագահի նահանջը կապել թուրքական պատվիրակության Վաշինգտոն այցի հետ՝ սխալ է: Նրանք ընդամենը հիմա հնարավորություն ստացան իրենց ազդեցությանը վերագրել Բարաք Օբամայի որոշումը: Օբաման իսկապես տատանվում էր, և այն պահին, երբ հայտարարվեց, որ Հայաստան կգա ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, պարզ էր, որ Վաշինգտոնը պատրաստ է «գենոցիդ» արձանագրելուն: Բայց ավելի ազդեցիկ եղան ներքաղաքական մյուս շահերը և գերակայեցին հայերի բարեկամի տիտղոսի գայթակղությանը: Իհարկե, Վաշինգտոնը կարող է փաստարկել, որ չի ուզում վտանգել հայ-թուրքական երկխոսությունը, ինչպես եղել է անցած տարիներին: Բայց հիմա՝ ստեղծված պայմաններում, հենց այդ երկխոսության կայացման համար էր անհրաժեշտ Վաշինգտոնի աջակցությունը:
Անկարան երբեք առանց ճնշման, կամավոր, ինքնագիտակցաբար չի ընդունելու ցեղասպանությունը, սա ակնհայտ է: Ինչպես ակնհայտ է, որ ամերիկյան հայկական կազմակերպությունները խոր հիասթափություն հայտնելու և ընդմիշտ նեղացածի կերպարի մեջ մտնելու փոխարեն պետք է Վաշինգտոնի այս նահանջը փոխհատուցեն այլ հարցերում հաջողությունների հասնելով: Իսկ «այլ հարցերը» հայկական ավանդական օրակարգում են՝ Լեռնային Ղարաբաղ, Հայաստանի ժողովրդավարացմանն ու տնտեսական հզորացմանն աջակցությունը: Ի վերջո, վաղուց ժամանակն է հայկական օրակարգում հարցերի դասավորությունը վերախմբագրելու: Սփյուռքում հայերն ավելի շատ են, ֆինանսական ու հասարակական ավելի մեծ ռեսուրսներ ունեն, բայց նրանք իրավական հարթության մեջ սուբյեկտ չեն և միայն Հայաստանի Հանրապետությունը կարող է հայ-թուրքական հարաբերություններ հաստատել ու հայ-թուրքական հաշտեցումը կայացնել կամ մերժել: Երկու հարցում էլ սփյուռքի ազդեցությունը շատ մեծ է՝ թե իրենց բնակության պետությունների վրա լոբբիստական ներգործության, թե Հայաստանին աջակցության տեսակետից: Եվ արդեն վաղուց ժամանակն է, որ ձևավորվի միասնական քաղաքական օրակարգ՝ առանց տարակարծությունների ու առաջին կետում Հայաստանի Հանրապետության հզորացումն ունենալով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի որոշումից ամենից շատ պետք է ուրախանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Թերևս սա միակ դեպքն է, որ ռուս-ամերիկյան տեսակետները համընկնում են: Բայց ի տարբերություն Ռուսաստանի՝ ԱՄՆ-ում ոչ միայն չեն արգելվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ցուցապաստառներն ու հիշատակի միջոցառումները, այլև՝ Վաշինգտոնում ապրիլի 24-ը հիշատակի օր է հայտարարվում, բանաձևեր են ներկայացվում օրենսդիրներին, նահանգները ճանաչում են ցեղասպանությունը: Ճիշտ է, Պուտինը, ի տարբերություն Օբամայի, կգա Երևան, բայց հազիվ թե նրա Երևան գալով փոխվեն ռուս-թուրքական ու ռուս-ադրբեջանական հարաբերությունները, ինչպես նաև՝ ռուս-հայկական: Ստացվում է՝ ԱՄՆ-ը ավելի ազնիվ է, համենայն դեպս՝ Ադրբեջանին զենք չի մատակարարում և իր տարածքում բնակվող հայերին դիտում է իբրև ԱՄՆ-ի քաղաքացիներ, այլ ոչ պատանդներ՝ Հայաստանի հետ իր ունեցած հարաբերություններում: ՌԴ Պետդուման այդպես էլ մինչև այսօր հարկ չի համարել որևէ հայտարարությամբ, բանաձևով կամ այլ ձևաչափով անդրադառնալ հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հաստատ պատճառն այն չէ, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը մեկ հարթության մեջ դրեց հայոց ցեղասպանությունը, նացիզմն ու ստալինիզմը: Ոչ էլ ՌԴ-ԵՄ հարաբերություններն են: Տարածաշրջանում Մոսկվան շատ ավելի կարևոր դաշնակիցներ է համարում Անկարային ու Բաքվին, որպեսզի հայոց ցեղասպանության հիշատակմամբ նրանց «նեղացնի», արդեն համարյա սխրանք է համարվում, որ Պուտինը գալու է Երևան՝ հակառակ Անկարայի սպասումների: Իսկ պատկերացնո՞ւմ եք ՌԴ նախագահը ինչպես էր դիտվելու աֆրիկյան ու ասիական պետությունների ղեկավարների հետ նույն շարքում՝ հավելած մի քանի եվրոպացիների, որ միջազգային բոլոր կառույցներում հանդես են գալիս Մոսկվայի դեմ, իհարկե, բացառյալ Ադրբեջանի նախագահին. Իլհամ Հեյդարովիչի հետ շփվելու հնարավորությունը մեծ կորուստ է, որ հազիվ թե փոխհատուցվի Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումով:

Դիտվել է՝ 937

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ