Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ստրասբուրգ. Մարդկության դեմ գործված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն

Ստրասբուրգ. Մարդկության դեմ գործված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն
22.04.2015 | 23:28

Ապրիլի 22-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում ԱԺ պատվիրակության և Հայաստանի ներկայացուցչության համատեղ ձեռնարկումով բացվել է «Հայերը համաշխարհային մամուլի առաջին էջերում 100 տարի առաջ» լուսանկարչական ցուցահանդեսը, որին մասնակցել են ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը, Նախարարների խորհրդի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ Դիդիե Ռեյնոլդսը, բազմաթիվ ազգային պատվիրակությունների ղեկավարներ՝ Ռենե Ռուքեն (Ֆրանսիա), Միշելե Նիկոլետին (Իտալիա), Ռոբերտ ՈՒոլտերը (Մեծ Բրիտանիա), Մերիտել Մաթիեն (Անդորա), ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նախագահ Ստեֆան Շենախը, այլ հանձնաժողովների, քաղաքական խմբերի ղեկավարների, բազմաթիվ պատվիրակությունների՝ Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Սերբիայի, Նորվեգիայի և այլ երկրների, անդամներ, ԵԽԽՎ քարտուղարության, աշխատակազմի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, հայկական համայնքի ներկայացուցիչներ: Ցուցահանդեսի բացմանը ելույթ են ունեցել ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը և ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

ԵԽԽՎ կամարների տակ բացված ցուցահանդեսի և նստաշրջանի երրորդ օրվա աշխատանքների «հայկական» մասի վերաբերյալ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ասաց.


-Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տրամադրած լուսանկարներով 100 տարվա հեռավորությունից ևս մեկ անգամ ներկայացավ ճշմարտությունը դարասկզբի մեծագույն ողբերգության մասին, որը, ինչքան էլ ոմանք ձգտում են բնութագրել այլ բառերով, չօգտագործելով «ցեղասպանություն» բառը, բազմաթիվ երկրներ, միջազգային կազմակերպություններ ունեն քաջություն իրերն իրենց անունով կոչելու: Դա երևաց նաև ԵԽԽՎ 190 անդամների ստորագրած գրավոր հայտարարության մեջ, որի տեքստը այսօր պաշտոնապես հանձնեցինք ԵԽԽՎ գրասենյակ, որը կանոնակարգի համաձայն՝ մշակվելուց հետո կտեղադրվի կայքում և կհրապարակվի: ԵԽԽՎ նախագահն իր խոսքում, ինչպես միշտ, ջանադիր շրջանցում էր ցեղասպանություն բառը, բայց և այնպես բավականին ծանրակշիռ էր գրավոր դեկլարացիան, քանզի ԵԽԽՎ շրջանակներում շատ հազվադեպ կարող է լինել որևէ հարց, որի գրավոր տարբերակի դեպքում ստորագրությունները կամ դահլիճային քվեարկության ժամանակ ձայների քանակը հասնի 200-ի: Շատ կարևոր էր ցուցահանդեսի բացմանը ԵԽ նախարարների խորհրդի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ Դիդիե Ռեյնոլդսի մասնակցությունը, թեև նրան իր աշխատակազմն անընդհատ զգուշացնում էր, որ ուշանում է, նա մնաց, ուշադրությամբ լսեց և ուսումնասիրեց լուսանկարները: Փաստորեն՝ և Եվրախորհրդարանը, և Եվրոպայի խորհուրդը բավականին համերաշխ էին իրենց վերաբերմունքի մեջ հայոց ցեղասպանության նկատմամբ, չնայած թուրքական էական ներկայացուցչությանը, մեծաթիվ պատվիրակությանը և մեծ թվով սատելիտներին, կադրային զգալի ռեսուրսի առկայությանն աշխատակազմերում և ավելացվող ֆինանսական ներարկումներին, որ այս պարագայում օգտակար չեղան: Իսկապես մարդկության դեմ գործված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն»:
Ցուցահանդեսի բացման ժամանակ իր ելույթում ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, դիմելով ԵԽԽՎ նախագահին, ԽՎ ղեկավարությանը և բոլոր նրանց, ովքեր աջակցել են ցուցահանդեսի կազմակերպմանը, ասել է. «Այսօր մենք հավաքվել ենք այստեղ՝ ԵԽԽՎ կամարների տակ, բացելու «Հայերը եվրոպական մամուլի առաջին էջերում» ցուցահանդեսը, բայց ես ուզում եմ հավատալ ու հավատացնել, որ անցյալ դարասկզբի եվրոպական մամուլի հայերին անդրադարձների մասին պատմող այս լուսանկարները սովորական ու հերթական ցուցադրություն չեն դառնալու: Այս լուսանկարներն իրականում ունեն ողբերգական ու պայթուցիկ պատմություն, նրանք 100 տարվա հեռավորությունից ներկայացնում են իմ ժողովրդի ողբերգության պատմությունը՝ երբեմն բացահայտ, երբեմն՝ միջնորդավորված, ողբերգություն, որ առայսօր աշխարհը բաժանում է երկու մասի: Մենք երախտապարտ ենք այն միջազգային կազմակերպություններին ու այն երկրներին, որոնց խորհրդարանները 1894-1923 թթ. Օսմանյան կայսրության տարածքում հայերի ջարդերն ու բռնագաղթը համարձակություն են ունեցել անվանել իրենց իսկական անունով՝ գենոցիդ, և դատապարտել ու դատապարտում են ոչ միայն անցյալ դարում կատարված ցեղասպանությունը, այլև մեր դարում՝ ցեղասպանության ժխտողականության քաղաքականությունը, որի հիմքում նույն ցեղասպանությունն է: Մարդու իրավունքները գերագույն արժեք հռչակած մեր ասամբլեայի անդամներս՝ իրավունք չունենք անտեսել մարդկանց հանրության՝ ազգի ու ժողովրդի բնական իրավունքը՝ կյանքի իրավունքը, որի բռնի խախտումն է ցեղասպանությունը՝ ֆիզիկական ոչնչացումից բացի նաև հայրենազրկումը, ունեզրկումը և ինքնության դեմ ոտնձգությունը:
Ես շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին, որ այսօր այստեղ են՝ Հայաստանի ԱԺ պատվիրակության կողքին, որովհետև ձեր ներկայությունը հաստատում է, որ դուք ոչ միայն ջատագովն եք ԵԽ հռչակած սկզբունքների ու նպատակների, այլև այդ սկզբունքների ու նպատակների իրականացման: Դուք ոչ միայն խոսքով, դուք գործով եք պաշտպանում ձեր տեսակետները: Հարկավ, ես չեմ կարծում, որ 100-ամյա պատմություն ունեցող այս լուսանկարները հեղափոխական ազդեցություն են ունենալու, փոխելու են աշխարհընկալումն ու պատկերացումները նրանց, ովքեր պատմությանը վերաբերում են իբրև իրենց օրընթաց շահերի ու նպատակների հիմնավորման ու հաստատման գործիքի, ովքեր շահարկում ու փոփոխում են պատմությունը՝ հարմարեցնելով իրենց խնդիրներին: Բայց ես հավատում եմ, որ աչքեր ունեցողները և տեսնել ցանկացողները այս լուսանկարներում կտեսնեն իրական պատմությունը և կհասկանան նաև այն, ինչ չկա այս լուսանկարներում:
Մենք շնորհակալ ենք բոլոր այն պետություններին, որ մեր ողբերգության ամենադաժան օրերին մարդասիրական հիմնադրամների, անհատ բարերարների ու պետական պաշտոնյաների մակարդակով մահից, սովից ու թրքացումից փրկել են հայ որբուկներին՝ հայրենիք դառնալով նրանց համար: Մենք շնորհակալ ենք սակավաթիվ, բայց պատմության էջերում իրենց անունները թողած ու չթողած թուրքերին ու քրդերին, որ վտանգելով իրենց կյանքը՝ հակառակ են գնացել իշխանության և կառավարության հրահանգներին ու փրկել են հայերին՝ թաքցնելով ու երկրից փախցնելով: Ցեղասպանության պատմությունը դաժան տարեգրություն է, որի էջերը կարդալու ուժ ու քաղաքական կամք պիտի ունենանք բոլորս: Երբ ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը, գրում և հրատարակում է «1915. Հայոց ցեղասպանություն» անունով գիրք, հույսեր է ներշնչում, որ այս ցուցահանդեսը նաև Թուրքիայում կարող է կայանալ, ու դա արդեն քայլ է դեպի սեփական պատմության իմացություն, որը նախ և առաջ պետք է Թուրքիայի քաղաքացիներին: Այս ցուցահանդեսը ցույց է տալիս, որ անկախ նրանից՝ որքան ժամանակ կանցնի, մենք հիշելու ենք և պահանջելու: Մարդկության դեմ կատարված ոճրագործությունը չի կարող վաղեմության ժամկետ ունենալ»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Սպասենք ԵԽԽՎ հայտարարությանը:

Դիտվել է՝ 746

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ