«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Սերժ Սարգսյանի դիմադրունակությունը

Սերժ Սարգսյանի դիմադրունակությունը
23.04.2015 | 14:08

Համադրեք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով դիմել է «Աշխարհն՝ առանց ցեղասպանության» հիշատակի երեկոյի մասնակիցներին. «1915-ի Ապրիլի 24-ը վշտալի տարեթիվ է, որը կապված է մարդկության պատմության ամենասարսափելի և ամենադրամատիկ իրադարձություններից մեկի` հայ ժողովրդի Ցեղասպանության հետ»: Նույն օրը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Պուտինի Հայաստան այցի մասին ասել է. «Զանգվածային հանցագործությունների զոհերի հիշատակի հարգումը հարաբերություններ փչացնելու պատճառ չէ: Հաշտության բազմաթիվ օրինակներ կան»: Լավրովը չգիտի՞ ցեղասպանություն բառը: Գիտի, բայց նա նաև գիտի, որ Ռուսաստանը կողմ է «հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացմանը: Դրա համար շատ բան ենք անում, հատկապես ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ: Մենք աշխատում ենք մեր օտարերկրյա գործընկերների հետ, պարբերաբար շփվում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Հույս ունեմ, որ այդ հարցի լուծումը կարագանա»: Որո՞նք են ՌԴ արտգործնախարարի հույսերի հիմքերը:

Ակնհայտորեն 6 տարի առաջ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները: Փաստորեն դիվանագիտական լեզվով՝ ՌԴ արտաքին գործերի նախարարը ասում է, որ ՌԴ նախագահը Երևան գալով ՀՀ նախագահի հետ քննարկելու է հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու հնարավորությունը՝ իբրև «հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման» միջոց: «Հայկական ցունամին»՝ ինչպես Անկարան անվանել է Ցեղասպանության 100-ամյակի իրադարձությունները, տեղում զրոյացնելու փայլուն քայլ: Եվրախորհրդարանի բանաձևում ևս արձանագրությունները վավերացնելու հիշատակում կա՝ հայ-թուրքական հաշտեցմանը նպաստելու նպատակով: Եվ այս կտրվածքով գլխավորը դառնում է՝ ի՞նչ պայմաններում հարցը: Եթե Անկարան պահելու է իր նախապայմանը, ԱԺ-ում արձանագրությունների վավերացումը անհնար է, դա կապիտուլյացիա է, որ վերաբերում է ոչ միայն հայ-թուրքական հարաբերություններին, այլև՝ հայ-ադրբեջանական, որոնց կարգավորումը Անկարայի նախապայմանն է՝ Ղարաբաղի հարցի լուծումը կապելով ազատագրված տարածքները հանձնելու հետ: Երևանը դեռ մարտին իբրև Անկարայի բոլոր փաստարկները չեզոքացնելու քայլ, կարող էր ոչ թե արձանագրությունները ԱԺ օրակարգից հանել, այլ վավերացնել որոշակի վերապահումներով (չճանաչելով հայ-թուրքական սահմանը), բայց հիմա արձանագրությունների վավերացումը նշանակում է Թուրքիայի նախապայմանն ընդունել: Եթե ՌԴ արտգործնախարարը այդպես է պատկերացնում «հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը», որի համար ՌԴ-ն անդուլ աշխատում է, դա ոչ թե հարաբերությունների նորմալացման՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանի բացման հնարավորություն է, այլ՝ Բաքու-Անկարա տանդեմի հաղթանակ՝ առանց կրակոցի զինադադարի համաձայնագրի զրոյացում ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերացում, ինչին համառորեն ձգտում է Ադրբեջանը՝ փորձելով կոնֆլիկտի հաղթահարումը տեղափոխել ՄԱԿ-ի կամ ԵԽԽՎ-ի հարթակներ, որտեղ ունի բացահայտ դիրքային առավելություններ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերը և ԵԽԽՎ-ում թուրք-ադրբեջանական պատվիրակության թվական գերազանցությունը ԱԺ պատվիրակության նկատմամբ, ԵԽԽՎ-ին հատկացված մի քանի միլիոն դոլարը՝ Թուրքիայի պատվիրակությունը մեծացնելու պատրվակով: Եվրախորհրդարանի բանաձևի և ՌԴ արտգործնախարարի՝ հայ-թուրքական հաշտեցման նույն մտադրության մեջ արմատական տարբերություն կա՝ Եվրախորհրդարանը հիմք է ընդունում համաեվրոպական արժեքները, Ռուսաստանը՝ իր շահերը: Իր և Անկարայի՝ Թուրքիան փայլուն հիմք կստանա նորից պնդելու, որ խելակորույս ու սեփական մեղքերի մեջ թաղված Եվրոպան ցեղասպանության ճանաչմամբ խոչընդոտում է հայ-թուրքական հաշտեցմանը, մինչդեռ հակառակը պիտի աներ, իսկ Ռուսաստանը աջակցում է: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր նախագահության բոլոր տարիների համեմատ այս տարի առաջին անգամ ավելի քան պատրաստ էր «գենոցիդ» ասելուն, բայց փոխեց մտադրությունը: Մենք հակված ենք պատճառը տեսնել թուրք-ամերիկյան հարաբերություններին գերակայություն տալու մեջ, բայց այդ հարաբերությունները միշտ են եղել և երեկ չեն ստեղծվել: ՈՒրեմն՝ կա ուրիշ պատճառ, որ Օբամային ստիպեց վերջին անգամ խոստումնազանց լինել: Օբաման գործնականում խաղաց հօգուտ Պուտինի՝ հակառակ ռուս-ամերիկյան վատ հարաբերությունների: Ինչո՞ւ:
«Հայաստանը պատրաստ չէ Թուրքիայի հետ որևէ նախապայմանով հարաբերություններ հաստատել»՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է Reuters գործակալությանը տված հարցազրույցում: «Մենք պետք է ի վերջո հարաբերություններ հաստատենք, և այդ հարաբերությունների հաստատումը պետք է լինի առանց նախապայմանների։ Մենք որևէ նախապայման թուրքերին չենք առաջադրում։ Մենք չենք ասում՝ դուք ճանաչեք ցեղասպանությունը, հարաբերություններ հաստատենք։ Կարծում եմ՝ մեր մոտեցումը արդարացի մոտեցում է, կառուցողական մոտեցում է։ Իսկ Թուրքիայի ղեկավարությունը մշտապես ինչ-որ նախապայմաններ է փորձում առաջադրել։ Մենք որևէ նախապայմանով պատրաստ չենք հարաբերություններ հաստատել։ Սա է ամբողջ խնդիրը: Երբ թուրքերը պատրաստ կլինեն առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, վստահ եմ, որ գործը առաջ կգնա»,- հայտարարել է Սարգսյանը: Հարցին, ի՞նչ է մտածում հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրի մասին, Հայաստանի նախագահը պատասխանել է. «Իմաստ չունի: Ի՞նչ իմաստ ունի տասնամյակներով պահել մի փաստաթուղթ, որը ապացույց է այն բանի, որ պետություններից մեկը հրաժարվում է իր իսկ բանակցած փաստաթղթի դրույթներն իրականացնելուց։ Դա մեզ համար ցանկալի երևույթ է, նկատի ունեմ արձանագրությունների վավերացումը, բայց մեր մեղքը չէ, որ այդ արձանագրությունները մնում են օդում կախված»։ ՈՒ հիմա ամբողջ խնդիրը Սերժ Սարգսյանի դիմադրունակությունն է՝ արձանագրությունների վավերացումը եվրոպական տարբերակով տևական գործընթաց է, բայց կայուն ելքով: Ռուսական տարբերակով՝ արագ և կործանարար: Ի՞նչ կընտրի Սերժ Սարգսյանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ռուսաստանը և Թուրքիան կարող են մինչև 2015 թվականի ավարտը ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրել՝ լրագրողներին ասել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևը` «Թուրք-ռուսական բիզնես-ֆորումի» ավարտին: «Մենք համաձայնագրի նախագիծ ենք պատրաստել ՌԴ-ի և Թուրքիայի միջև ներդրումային և ծառայությունների ոլորտներում ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին: Այժմ սկսում ենք այդ հարցի քննարկումը, որ արդեն այս տարի հասնենք համաձայնագրի ստորագրմանը»,- ընդգծել է նախարարը: Կողմերը քննարկել են նաև ազգային արժույթների կիրառման հարցը: Ռուսաստանը թուրքական կողմին ներդրումների համար նաև առաջարկել է միասնական հիմնադրամ ստեղծել: Հավելեք՝ Ղազախստանը չի ընդունում ԵԱՏՄ-ում միասնական արժույթի անցնելու գաղափարը՝ ասել է էկոնոմիկայի փոխնախարար Թիմուր Ժակսիլիկովը։ Ղազախստանն ունի հստակ ու հետևողական դիրքորոշում, որը բացառում է դաշինքում միասնական արժույթ ունենալը, նշել է պաշտոնյան։ Ղազախստանի ու Ռուսաստանի միջև տնտեսական լարվածությունն աճել է. սպառողների անվտանգությունից ելնելով՝ մարտից Աստանան սահմանափակել է ռուսական արտադրության սննդամթերքի ներմուծումը, Մոսկվան նույն պատճառաբանությամբ արգելել է ղազախական կաթնամթերքի, մրգերի ու բանջարեղենի ներմուծումը։

Դիտվել է՝ 1431

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ